Հավատք
Թեմակալ առաջնորդի ողջույնի խոսքը
Ողջունում և ամենախնամ Տիրոջ օրհնությունն ենք փոխանցում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մասյացոտնի թեմի կայքի այցելուներին: Կայքը ստեղծվել է Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ: Այն նպատակ ունի եկեղեցու քարոզչական առաքելությունն առավել արդյունավետ կազմակերպել մասնավորապես մեր թեմական կյանքից ներս:
Սիրելի՛ ընթերցող, մեր ցանկությունն է էլեկտրոնային այս հարթակի միջոցով հնարավորություն ընձեռել յուրաքանչյուր հայորդու ի մոտո ծանոթանալու Հայոց Եկեղեցու հավատին և ավանդությանը, կրթել և լրացնել քրիստոնեական գիտելիքների այն բացը, որն անհրաժեշտ է հոգևոր կյանքով ապրելու համար:
Այն կօգնի քեզ ի մասնավորի ճանաչելու Հայոց Եկեղեցին և հասկանալու Պողոս առաքյալի խոսքը. «Արդ, դուք Քրիստոսի մարմինն եք և անդամները՝ առանձնաբար» (Ա Կոր. ԺԲ 27):
Հասարակագետների կարծիքով այսօրվա աշխարհում տեղի ունեցող փոխակերպումներն իրենց բնույթով այնքան խորքային են, որ թույլ են տալիս խոսել նոր քաղաքակրթության ծնունդի մասին, որը բնութագրվում է որպես տեղեկատվական հասարակություն: Իսկ ի՞նչ տեղ է զբաղեցնում Քրիստոսի մասին «տեղեկատվությունը» արմատապես նոր տիպի հասարակության կյանքում: Որքանո՞վ է այն հասանելի նոր ձևավորվող արժեքային համակարգերում, հասարակական հարաբերությունների նոր կաղապարներում ու վարքաձևերում:
Պատմության մեջ քրիստոնեությունն ու մշակույթը հաճախ են իրար հակադիր ուժեր դիտվել: Այս հակադրությունը, սակայն, լավագույնս բացատրում է, թե ինչու է եկեղեցին առաքված աշխարհ: Ինչպես քրիստոնեության պատմության բոլոր ժամանակներում, այսօր էլ, փոփոխության և կոնֆլիկտի մեր դարաշրջանում, եկեղեցու առաքելությունը նույնն է՝ քարոզել «խաչված Քրիստոսին»:
Եկեղեցին չի պարտադրում աշխարհին այդ քարոզը, եկեղեցին հրավիրում է մեզ լսելու և իմանալու, որ «Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ Իր միածին Որդուն տվեց, որպեսզի ով Նրան հավատում է, չկորչի, այլ ընդունի հավիտենական կյանքը…» (Հովհ. Գ. 16):
Ավետարանիչը շեշտում է՝ «ով հավատում է…»։ Եվ իրապես, եկեղեցու առաքելությունը մեծ հաշվով հիշյալ հավատի հետ գործ ունի: «Ով հավատում է…» առաքյալի ձևակերպումից ակնհայտ է, որ մարդու ազատ կամքին և ընտրությանն է թողնված այդ հավատքը: «Ով հավատում է…»։
Աստվածաբանական մտածողության մեջ «հավատք» բառն անմիջականորեն աղերսվում է հստակ կրոնական համոզումների հետ, երբ հավատում ենք, որ ճշմարիտ է հաստատումների որոշակի շարքը. լինի այն սուրբգրային ուսուցում կամ թե դավանանքի վարդապետություն:
Սակայն այս պարագային Ավետարանի հեղինակը չի ծանրաբեռնում իր ընթերցողի միտքը բարդ աստվածաբանական ձևակերպումներով ու բանաձևերով: Նա հին եկեղեցում ընդունված լեզվով է խոսում իր ունկնդիրների հետ, պարզ ու անպաճույճ լեզվով. «Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ իր միածին Որդուն տվեց…»:
Ահավասիկ եկեղեցին առաքված է աշխարհ մեզ պատմելու Աստծու սիրո մասին: Ասել է թե՝ հավատքի մեր առարկան այդ սիրո պատմությունն է, քո և նրա հանդեպ այդ հավերժական սիրո զրույցը: Եվ ամենակարևորը: Այդ պատմության գլխավոր հերոսը դու ես, քո շուրջ է զարգանում այդ պատմությունը:
Տ. Գևորգ եպս Սարոյան
Առաջնորդ Մասյացոտնի թեմի
Օգտակար հղումներ
հայերեն և այլալեզու բնագրերի ու մեկնությունների հավաքածուով և բառերի որոնման հնարավորությամբ