Վերափոխում

Թեպետ Ավետարանները շատ քիչ տեղեկություններ են հաղորդում սուրբ Մարիամ Աստվածածնի կյանքից, սակայն Եկեղեցու սրբազան ավանդությունը՝ հիմնված առաքյալների և ժամանակակիցների բանավոր խոսքերի վրա, պատմությանն է փոխանցել Ամենամոր մի կերպար, որի բազմօղակ լուսապսակի ճաճանչները դարերի մեջ ոչ թե խամրել, այլ առավել լուսաշող են դարձել, դարձել են լուսատու ու ջահ՝ մեզ ուղեկցելով դեպի Ճշմարտություն։ Եթե նույնիսկ սրբազան ավանդությունն էլ չլիներ, մեր մտքում ու հոգիներում անպայման կստեղծեինք մոր այդ կատարելատիպը, կատարելատիպ, քանզի նա մայրն էր Կատարյալի, մայրն էր Կենդանի Աստծո։

Ուստի պատահական չէ, որ Եկեղեցու բազում սրբերի շարքում Տիրամայրն անկրկնելի ու անհամադրելի է, որովհետև, ինչպես Կյուրեղ Ալեքսանդրացին է ասում. «Ով հավատում է, որ Էմանուելը  ճշմարիտ Աստված է, ապա պիտի հավատա, որ սբ Կույսն էլ Աստվածամայր է, քանզի նա՛ ծնեց մարդեղացած Աստծուն»։ Իսկ մեր Եկեղեցու հայրերից Զաքարիա Ձագեցին և Մովսես Քերթողն էլ հավելում են. «Ս. Կույսն ավելի վեր է, քան մարգարեները, նախահարերը, մարտիրոսներն ու վարդապետները,  վեր, քան իշխանություններն ու պետությունները, սերովբեներն ու քերովբեները։  Նա  ավելի վեր է բարձրացել, քան երկնային բոլոր զորքերը»:

Մարդկության պատմության մեջ, Փրկչից բացի, չի ծնվել ուրիշ մեկը, որ ունենար Ամենամոր առաքինությունների չափն ու որակը, հոգևոր ու բարոյական կատարելությունը։ Փառաբանելով և երկրպագելով սուրբ Կույսին՝ քրիստոնյան պետք է հիշի, որ Տիրամայրը կրում է մարդկային առաքինությունների բոլոր պսակները։ Պսակները կուսության ու մաքրության, քանզի նա օրհնյալ է բոլոր կանանց մեջ և օրհնյալ է նրա որովայնի Պտուղը. պսակը մարտիրոսի, քանզի վերապրեց բոլոր այն չարչարանքները, հալածանքներն ու տառապանքը, որ մարդկության անթիվ մեղքերի համար կրում էր Որդին, և ասես յոթ նետեր անցան նրա մայրական փխրուն սրտի միջով՝ յոթ անբուժելի վերք թողնելով այնտեղ. պսակը մարգարեների, քանզի ճշմարտապես կանխագուշակեց, որ բոլոր սերունդներն իրեն երանի պիտի տան. պսակը առաքյալների, քանզի նա բոլոր առաքյալներից առավել էր ճանաչում իր Որդուն՝ որպես գորովագութ ու սիրասուն մայր. պսակը խոստովանողի, որովհետև վստահորեն խոստովանեց, «Իմ անձը կփառավորի Տիրոջը... որովհետև ամենազոր Աստված մեծամեծ գործեր արեց ինձ համար». պսակը խոնարհների, քանզի բոլոր խոնարհներից խոնարհն էր, երբ ավետաբար հրեշտակին ասաց. «Ահավասի՛կ ես մնում եմ Տիրոջ աղախինը», և Աստված հիրավի բոլորից վեր բարձրացրեց նրան. պսակը  ծոմապահների, քանզի չի եղել որևէ կին, որի մարմինն իր մաքրությամբ այդպես գրավեր Սուրբ Հոգուն. պսակը սրբերի՝ արդարների, քանզի նա իր հոգին ավանդեց անմիջապես իր Որդու՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի  ձեռքը. պսակը արդարամիտների, քանզի նա Եկեղեցու ամենաանաչառ բարեխոսն է, և Տիրոջից հետո հավատացյալն առաջինն իր աղոթքներում նրան է դիմում՝ վստահ լինելով, որ իր Աստծո մայրը նաև իր մայրն է՝ Ամենամայրը, և նրա իրավունքները Որդու մոտ առավել հարգելի են։ Եվ վերջապես՝ սուրբ Կույսը   «դեպի արևելք նայող այն դուռն է, որով Փառքի Տերը մտավ և դուրս եկավ (Եզեկ. ԽԴ  2)։ Հետևաբար նա նաև մեր Կյանքի և Փրկության մշտաբաց դուռն է։

Հայ Առաքելական Եկեղեցին  սահմանել է սբ Կույսին օրհնաբանելու մի շարք տոներ, որոնցից մեծագույնը Վերափոխման տոնն է՝  հինգ տաղավար տոներից մեկը։ Այն տոնում ենք օգոստոսի 15-ի մոտակա կիրակի օրը (այս տարի՝ օգոստոսի 14-ին): 

Եկեղեցում ընդունված է  Աստվածամոր մահը նինջ անվանել, որովհետև մարդկային ընկալմամբ մահ կոչվածն արդեն իսկ պարտվել էր Տիրոջ եռօրյա մահվան ընթացքում, և մանավանդ Տիրամոր պարագայում այն իսպառ  կորցրել էր իր իշխանությունը, քանզի նրա մարմինը ևս կուսական էր, անապական, և ինչպես Երգ երգոցում է ասվում. «ոչ մի արատ չկա քո մեջ» (Դ 7)։ 

Աստվածամայրը Հիսուս Քրիստոսի խաչելությունից հետո շուրջ 2 տարի ապրեց  Հովհաննես առաքյալի տանը՝ օրերն անցկացնելով  պահքի ու աղոթքի մեջ (Հովհ. ԺԹ 26-27)։ 

Գողգոթա կատարած իր այցելություններից մեկի ժամանակ Աստվածամոր առջև հայտնվում է Գաբրիել հրեշտակապետն  ու ավետում սբ Աստվածածնի՝ երկրային աշխարհից դեպի վերին՝ երկնային Երուսաղեմ վերափոխվելու մասին։ Երբ մոտենում է պահը, առաքյալները շրջապատում են այն զարդարված մահիճը, ուր ընկողմանել էր Աստվածամայրը։

Հանկարծ չտեսնված մի լույս է շողում։ Ներկաները սարսափ են ապրում, երբ սենյակի վերևում՝ ճառագայթների ներքո, հայտնվում է Հիսուս Քրիստոսը՝ հրեշտակների ու սրբերի ուղեկցությամբ։

Տեսնելով իր Որդուն հրեշտակների զորքով շրջապատված՝ Աստվածամայրը թեթևորեն բարձրանում է մահճից, խոնարհվում Տիրոջը և հանգիստ, ասես քնի մեջ,  ավանդում հոգին իր Միածին Որդու ձեռքը։

Երբ հանդիսավոր թափորը, սուրբ առաքյալների ու մյուս հավատացյալների ուղեկցությամբ, մահիճը տանում է դեպի Գեթսեմանի, հանկարծ երկնքում մի ընդարձակ, լուսափայլ ու պսակաձև ամպ է գոյանում և սկսում ուղեկցել թափորը։

Երուսաղեմի անհավատ բնակիչները թաղման թափորի անսովոր փառահեղությամբ զարմացած և հատկապես Հիսուսի մորը տրված մեծարանքի հանդեպ չարացած՝ այդ ամենի մասին հայտնում են հրեա քահանայապետներին ու դպիրներին։ Վերջիններս անմիջապես իրենց ծառաներին ու զինվորներին ուղարկում են ցրելու թափորն ուղեկցողներին։

Հուզված ու գրգռված ժողովուրդը և զինվորները նետվում են քրիստոնյաների կողմը, բայց այդ պահին պսակաձև մի ամպ իջնում է ներքև ու կարծես պատնեշի նման շրջապատում թափորը։ Չնայած հետապնդողներին լսելի էին երգերն ու քայլերի ձայները, բայց ոչինչ տեսանելի չէր, և նրանցից շատերը կուրանում են։ Կուրացածներն Աստվածամոր մահճին զղջումով դիպչելուց հետո վերստանում են իրենց մարմնավոր տեսողությունը։

Մի հրեա քահանա  ևս նետվում է մահճի վրա՝ այն գետնին տապալելու դիտավորությամբ։ Սակայն հազիվ էր դիպել ձեռքերով, երբ հանկարծ հրեշտակն աննյութեղեն թրով հատում է նրա երկու ձեռքերը։ Կտրված մասերը մնում են մահճին կպած, իսկ ինքն աղաղակով գետնին տապալվում՝ խորապես զղջալով իր  գործածի համար։ Ուստի Պետրոս առաքյալը կարգադրում է նրան մոտենալ կտրված ձեռքերին։ Բժշկվելուց հետո նա ևս միանում է թափորին, իսկ հետագայում դառնում Քրիստոսի հետևորդներից մեկը։

Այսպես Գեթսեմանի հասնելով՝ սբ Կույսի մարմինն ամփոփում են քարայրում և մուտքը մի հսկա քարով ծածկում։ Երրորդ օրը Գեթսեմանի է գալիս Բարթողոմեոս առաքյալը և սկսում հուսակտուր ողբալ ու լաց լինել, որ չարժանացավ սուրբ Աստվածածնին վերջին հրաժեշտը տալուն և նրանից օրհնություն ստանալուն։ Առաքյալները որոշում են բացել քարայրի մուտքը, որպեսզի նա կարողանա վերջին հրաժեշտը տալ։ Բայց մուտքից քարը հեռացնելուց հետո բոլորը տեսնում են և հաստատում, որ Աստվածամոր մարմինն այնտեղ չկա, նա վերափոխվել էր:

Բարթողոմեոս առաքյալին էր վիճակված Աստծու իմաստուն նախախնամությամբ միջոց դառնալ Աստվածամոր վերափոխումը բացահայտելուն։ Քարայրում միայն սբ Կույսի հանդերձանքն էր։

Ըստ ավանդության՝ ի մխիթարություն Բարթողոմեոսի՝ նրան հանձնեցին այն կենդանագիր պատկերը, որը սբ Կույսը տվել էր Հովհաննես ավետարանչին։ Մովսես Խորենացու վկայությամբ՝ Բարթողոմեոսն այն Հայաստան բերեց և զետեղեց Անձևացյաց գավառի Դարբնոցքար կոչված տեղում, ուր հետագայում, ի պատիվ Տիրամոր պատկերի, կուսանոց հիմնվեց։ 

Աստղիկ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆ

Նյութը վերցված է «Քրիստոնյա Հայաստան» երկշաբաթաթերթից


Ⲿկրոնական Ⲿտոներ