Մշակույթ


Հովհաննես Այվազովսկին և նրա հայկական ու քրիստոնեական կտավները


Մասյացոտնի թեմի կայքը զարդարող ազդերիզի նկարը՝ Հ. Այվազովսկու «Նոյը իջնում է Արարատից» (1889 թ.) աստվածաշնչյան թեմայով ստեղծված մեծադիր (130 x 215) կտավը, հետաքրքիր ճանապարհ է անցել։ Կատարման թվականից մեկ տարի անց՝ 1890 թ., ցուցադրվել է Փարիզում։ Տարիներ հետո Այվազովսկին այս կտավը նվիրում է Նոր Նախիջևանի հայկական դպրոցին, որտեղ ժամանակին ուսանել է հայ ազգային կերպարվեստի ռահվիրան՝ Մարտիրոս Սարյանը։ 1917 թ. Ռուսաստանում սկսված քաղաքական պատերազմի ընթացքում դպրոցը վերածվում է զորանոցի, իսկ նկարը՝ դառնում շենքի անհարմարությունները քողարկող,  պատերազմական գործողությունների հետևանքով առաջացած անցքերը փակող միջոց։ 1921 թ., երբ Սարյանը տեղափոխվում է Հայաստան, իր հետ Երևան է բերում նաև այս նկարը և մի շարք գործերի հետ նվիրում Հայաստանի պետական նորաստեղծ (1921 թ.) թանգարանին։ Թանգարանի առաջին տնօրենի պատիվը տրվել էր հենց  Սարյանին։ Սակայն այստեղ ևս այս փառահեղ գործին բախտ չվիճակվեց դառնալու ցուցադրության պատվավոր ցուցանմուշը։ Երկրում սկսվում է հակակրոնական մոլի քարոզարշավ։ Ցուցադրությունից հանվում են շատ գործեր, որոնց թվում նաև «Նոյը իջնում է Արարատից» նկարը։ Շուրջ 40 տարի հանճարեղ նկարչի այս կտավը հանգրվանում է վերոհիշյալ  թանգարանի, ապա Հայաստանի պետական պատկերասրահի նկուղներում։ Միայն 60-ական թվականների սկզբներին նկարը դուրս է բերվում պահոցից։  Այսօր այն պատկերասրահի՝ Այվազովսկու ստեղծագործությունների ցուցասրահի ցուցադրության մշտական  գլուխգործոցներից մեկն է։

Հ. Այվազովսկին  ողջ աշխարհում հայտնի է որպես ռուս մեծ ծովանկարիչ։ Դեռևս  իր ժամանակի ռուս առաջադեմ մտավորականները, ովքեր առնչվում և բարեկամություն էին անում նրա հետ, Այվազովսկուն ճանաչում էին որպես հայ, որպես ճշմարիտ հայրենասեր հայ, որը «... միշտ պատրաստ է օգնել նաև ուրիշներին՝ անկախ հավատքից և ազգությունից»։ Արվեստի պատմության մեջ ոչ մի նկարիչ իր կենդանության օրոք չի ունեցել այնքան փառք ու պատիվ, որքան Այվազովսկին։ Նրա աստվածատուր տաղանդի և մարդկային շռայլաշեն արժանիքների համար նրան սիրում, գնահատում և նրա առաքինություններից օգտվում էին ոչ միայն ռոմանտիզմով, նոր ու վսեմ գաղափարներով տարված մտավորականությունն ու արվեստասերները, այլև պետական, քաղաքական ու ռազմական իշխանությունները։ Նրա եզակի, առ այսօր  չկրկնվող,  ծովի տարերքները  «սանձող» հանճարը բացում էր բոլոր դռները, բոլորի սրտերից ու հոգուց ներս  մտնում։ Այդ առումով նա բացառիկ երջանիկ մարդ էր։ Որպես մեծ ու հանրահայտ նկարիչ արժանացել էր բազում մրցանակների, շքանշանների, պարգևների ու տիտղոսների, եվրոպական շատ երկրների և Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիաների անդամ էր, ցարի հրամանագրով նշանակվել էր ծովային նավատորմի գլխավոր շտաբի նկարիչ, նրան շնորհվել էր գաղտնի խորհրդականի կոչում, որը հավասարազոր էր գեներալի կամ ծովակալի կոչմանը։ Չնայած այս ամենին՝ Այվազովսկին մնացել էր զարմանալի վեհանձն ու  մեծ մարդասեր, ճշմարիտ հայ քրիստոնյա, որի համար մարդը, ով էլ որ լիներ, գերագույն արժեք էր և արժանի սիրո ու կարեկցանքի։ 

Այնքան մեծ ու անպարփակ էր նրա համբավը, որ կարող էր ապրել ուզածդ երկրում, Ռուսաստանի ուզածդ քաղաքում, սակայն նրա համար իր ծննդավայր Թեոդոսիան մինչև կյանքի վերջ մնաց անփոխարինելի։ Չգայթակղվելը մեծագույն շնորհ է, ինչպես և երախտագիտությունն ու հավատարմությունը։ Նա շնորհակալ էր իր ծննդավայրին. այնտեղ էր նա ծնվել ու մկրտվել որպես Հայ Առաքելական Եկեղեցու զավակ, այնտեղ էր նա առաջին անգամ ածուխ, մատիտ ու վրձին առել ձեռքը, այնտեղ էր նա զգացել ծովի անըմբռնելի տարերքը։  Նա որպես երախտապարտ զավակ լիովին վարձահատույց եղավ։ Ինչեր ասես չարեց հարազատ Թեոդոսիայի համար։ Նրա նյութական ծախսերով քաղաքում անցկացվեցին ջրագիծ ու երկաթուղի,  կառուցվեցին շատրվաններ ու թանգարաններ, կատարվեցին նորոգչական զանազան աշխատանքներ։ Նա հոգում  էր իր  կարիքավոր համաքաղաքացիների բուժման, մկրտության, հարսանիքների, օժիտների, հուղարկավորությունների ծախսերը։  

Մարդկային այդ բարձր արժանիքների մասին է խոսում նաև այն, որ նա մինչև վերջ մնաց նաև ճշմարիտ ու երդվյալ հայ՝ այն որպես ի վերուստ տրված պարգև համարելով։ Նա երբեք չկտրվեց իր արմատներից, իր լեզվից, իր Եկեղեցուց։ Հայ ժողովրդի հետ կատարված լավն ու վատը անցնում էր նրա հոգու խորխորատներով, թողնում անանց ցավ ու կարոտ։ Փաստեր չկան, որ նա երբևէ եղել է Հայաստանում, թեպետ, ցավոք, նման հասկացություն էլ իրականում չկար. պատմական Հայաստանի տարածքը Թուրքիա էր և է, կար հայ անունը կրող մի ժողովուրդ՝ շաղ եկած աշխարհով մեկ։ Եվ դրանցից մեկն էլ հենց ինքը՝ Այվազովսկին էր։ Բայց նա իր հոգում անթեղած պահում-պահպանում էր նախնյաց հիշատակները, հեքիաթները, առասպելներն ու ասքերը, որոնք էլ հավանաբար օգնում էին, որ հայկական թեմաներով ստեղծեր հարյուրի չափ գործեր։ 

Այվազովսկին առաջին հայ նկարիչն էր, որ իր վրձինը հանեց կապույտ ծովի անսահմանությունից և նկարեց հայկական  բնապատկերներ, որոնց շարքում Արարատին նվիրված  սքանչելի կտավներն են, Սևանա լիճը, պատմական կարևոր դրվագները («Արարատ. Քարավան» (1868), «Արաքս գետը և Արարատը» (1875), «Արարատ լեռան հովիտը» (1882), «Արարատ» (1885), «Սևանա լիճը. Արևածագ». (1869) և այլն)։  Հայաստանը ծով չունի և չի էլ ունեցել իրապես։ Հայաստանինը ծով լեռներն են, քարերն ու ժայռերը, սառնորակ գետերն ու լճերը։ Այվազովսկու՝ ծովերին սովոր  վրձինը ասես հաճույք է ստանում աստվածաշնչյան լեռան աստվածաշնչյան անդորրից։

Նրա հայկական թեմաներով գործերի մեջ ոչ պակաս հիասքանչ է Խրիմյան Հայրիկին պատկերող կտավը։

Նայեք, թե որքան սեր, որքան գորովանք ու որդիական  ակնածանք է դրել նկարիչը Մկրտիչ Ա Վանեցի Հայրապետի պատկերում («Խրիմյան Հայրիկը Էջմիածնի մերձակայքում» (1895))։  Հայոց Հայրապետը նրա համար Հայաստանի խորհրդապատկերն է, իր ժողովրդի հավաքականությունը, իր ժողովրդի «Բարի հովիվը», հայոց լինելիության գրավականը։ Պետականություն չունեցող հայ մարդու համար իր Եկեղեցին իր պետությունն էր, Մայր Աթոռի Գահակալը՝ ժողովրդի Տիրակալը։ 

Տիրոջ խաչի առջև ծնրադիր է ի մահ կանգնյալ հայոց քաջարի զորավարը, որի համար ճշմարիտ մահը ուրացումն է,  հայի տեսակից հրաժարումը («Երդում. Վարդան Մամիկոնյան»)։ Այդ զգացումն ու մտայնությունը խիստ ծանոթ ու հարազատ էր նաև Այվազովսկուն։ Նույն զգացումով է վրձնել նաև իր «Հայ ժողովրդի մկրտությունը» (1892) կտավը։

1895 թ. Թուրքիայում հայերի կոտորածների մասին լուրերը անասելի ցավ են պատճառել նկարչին։ Նա փորձել է ամեն ինչով աջակցել իր տառապյալ ազգակիցներին։  Ամենայն Հայոց Հայրապետը Այվազովսկուն խնդրել էր, Ռուսաստանի սահմաններին հասած հայերին նյութական օգնություն ցուցաբերելուց բացի, վրձնով էլ բերի իր օգնությունը։ 

Եվ Այվազովսկին պատասխանում է. «Վեհափառ Տէր, ի վաղուց սրտիս փափագն է այցելութիւն անել Մայր Աթոռոյդ եւ դորա վեհափառ գահակալիդ եւ կցանկանամ, որ Տէրը յաջողէ միջոց գտնելու փափագս կատարելու։ Ձեր օծութիւնը շատ զգայուն եւ գեղեցիկ առաջարկութիւն կանէք ինձ նկարել կարմիր գունով հայոց կոտորածի պատկեր, արեան դաշտեր եւ լեռներ եւ վշտահար Հայոց Հայրիկին աւերակաց վերայ։ Եթե Տէրը կհաճի ինձ դեռ եւս կեանք պարգեւել, կուգա օր, որ կկատարեմ այդ սրտաշարժ առաջարկութիւնը…» (1886)։

Հայ ժողովրդի օրհասական վիճակը ոչ միայն հոգեպես ու ֆիզիկապես հանգիստ չի տալիս հայկյան տոհմի հանճարեղ զավակին, այլև մղում է նրան ավելի սթափ գործելու։ Նա աճուրդի է հանում իր նկարներից և ստացված գումարներով   հիմնում  12 մանկատուն՝ հայ որբուկների կյանքը փրկելու համար: Նման առաջնահերթ խնդիրները լուծելուց հետո նկարիչը ձեռնամուխ է լինում նաև կաթողիկոսի առաջարկի իրականացմանը։ Ստեղծվեցին մի շարք գործեր հայկական ջարդերի թեմաներով («Հայերի կոտորածը Տրապիզոնում» (1895-97), «Գիշեր. Ողբերգություն Մարմարա ծովում» (1897), «Խաղաղ գիշեր. Հայերին նետում են ծովը» (1897) և այլն)։

Այվազովսկու 6000-ի հասնող գործերի մեջ քիչ չեն նաև աստվածաշնչյան թեմաներով կտավները («Խորհրդավոր ընթրիք», «Պայծառակերպություն», «Գեթսեմանիի աղոթքը», «Քաոս. արարչություն», «Ջրերի վրայով քայլելը»), որոնց թվարկումն այս հոդվածի համար անհնարին է. դրանք զգալի թիվ են կազմում։ 

Բայց այստեղ չեմ կարող չանդրադառնալ նրա «Տիրամայրը Մանկան հետ» (1891) սրբապատկերին։ Նկարի կոմպոզիցիոն լուծումները, գունային նրբերանգները, դիմագծերը խոսում են այն մասին, որ նկարիչը քաջատեղյակ էր հայ եկեղեցական արվեստին, տեսել ու զգացել էր հայկական Տիրամայրերի պատկերումների մեջ հայ կնոջ ներքին  վեհությունն ու խոնարհությունը ընդգծող  ողջ  շունչն ու շնչառությունը։ Նկարչի Տիրամայրը հաստատապես հայ նկարչի վրձնի գործ է։ Մի՞թե նույն զգացումը չենք ունենում, երբ դիտում ենք հայկական թեմաներով ստեղծված մյուս գործերը։ 

Այո՛, ճակատագրի բերմամբ Այվազովսկին ապրել է Ռուսաստանում, բայց նրա ամբողջ կյանքն ու գործունեությունը սերտորեն կապված են եղել հայ ժողովրդի հետ։


Աստղիկ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆ


Ⲿարվեստ
Նոյն իջնում է Արարատից (հին տարբերակ), 1870

Հ․ Այվազովսկու նամակը Խրիմյան Հայրիկին

Մկրտություն, 1890

Արաքս գետը և Արարատը, 1875

Ջրի վրայով քայլելը, 1888

Հայ ժողովրդի մկրտությունը, 1892

Համաշխարհային ջրհեղեղ, 1864

Տիրամայրը մանկան հետ, 1891
Գիշեր․ ողբերգություն Մարմարա ծովում, 1897

Երդում. Վարդան Մամիկոնյան, 1892
Գեթսեմանիի աղոթքը, 1897

Սևանա լիճը. արևածագ, 1869
Խորհրդավոր ընթրիք, 1890
Խրիմյան Հայրիկը Էջմիածնի մերձակայքում, 1895
Քաոս, Արարչություն, 1841
Արարատ լեռը, 1882