Խրատանի

Սբ Հովհան Ոսկեբերան


Աղոթելիս՝ կենտրոնացի´ր․․․

Ակունքի ջրերը այդքան ծաղկուն չեն դարձնում այգին, ինչպես արցունքի ակունքը, ոռոգելով աղոթքի ծառը, այն հասցնում է մեծագույն բարձրության և աղոթողին կանգնեցնում Աստծո առջև:

 Հենց ամենից շատ դրանից է կախված մեր ձայնի տեղ հասնելը: Հիրավի, նա, ում մարմինը այն ժամանակ, երբ մեկնված է գետնին և բերանը անիմաստորեն բարբառում է, հոգին թափառում է ամենուր` տանը, հրապարակներում, նա կարո՞ղ է ասել, որ աղոթում է Աստծուն:

 Աստծուն աղոթում է նա, ով իր հոգին կատարելապես կենտրոնացրել է և ոչ մի ընդհանուր բան չունի երկրի հետ, այլ վերաբնակվել է երկնքում և հոգուց արտաքսել մարդկային ցանկացած դիտավորություն: Աղոթողը պետք է աղոթի այնպես, որպեսզի կենտրոնանալով և լարելով միտքը` տրտում հոգով կանչի Աստծուն` չբազմապատկելով բառերը և համառոտելով աղոթքը, այլ քիչ և պարզ բառերով աղոթի, որովհետև ոչ թե բառերի շատությունից, այլ հոգու զգաստությունից է կախված աղոթքի տեղ հասնելը:



Ⲿմատենագրություն

Սբ Հովհան Ոսկեբերան


Աղոթք

Մեծ բարօրություն է աղոթքի մշտականությունը, ինչպես ուսուցանում է մեզ քանանուհու հետ կատարվածը. իրոք, այն ինչին համաձայն չէր Քրիստոս, երբ Նրա առաքյալները խնդրում էին, քանանուհին հաջողեց՝ իր համառությամբ հասնելով խնդրածի իրագործմանը:

Աստված ավելի շատ կամենում է, որ մենք խնդրենք մեր մեղքերի համար, քան ուրիշներն անեն դա մեր փոխարեն: Երբ խնդրում ենք մարդկանց, մեզ հարկ է լինում և’ դրամ ծախսել, և’ ստրկաբար շողոքորթել, և’ շատ անգամ գնալ-գալ, և նեղություններ քաշել, որովհետև հաճախ անհնար և անմատչելի է լինում անմիջապես զրուցել վերևում կանգնածների հետ, այլ նախ անհրաժեշտ է լինում և’ դրամով, և’ զանազան զրույցներով գրավել նրանց ծառաների, կառավարիչների և վստահված անձանց ուշադրությունը և նրանց միջոցով ստանալ խնդրածը:

Իսկ երբ տեսնում է ուժգին և ջանասեր խնդրողին, ապա տալիս է և այն, ինչ նա չի ստացել մեզանից, իսկ երբ տեսնում է ծույլին, ապա Ինքն է հապաղում:

Այդպես են վարվում նաև քնքշորեն սիրող հայրերը. նրանք նույնպես խնդրանքի կատարման հետաձգումով անհոգ երեխաներին ջանասիրության են վարժեցնում:

Լսվո՞ւմ է քո խնդրանքը: Երախտապարտ եղիր, որ լսվել ես: Չի՞ լսվել: Եղիր համառ, որպեսզի լսվես: Դու միջնոդների կարիք չունես ոչ նեղություն քաշելու, ո’չ որևէ մեկին շողոքորթելու, ընդհակառակը, թեկուզև կատարելապես մենակ լինես, թեկուզ չունենաս հովանավոր, դու անպայման կհասնեն քո ուզածին, եթե ինքդ խնդրես Աստծուն:

Սովորաբար այդպիսի ակնածություն չունի Աստված, երբ Նրան մեր փոխարեն խնդրում են ուրիշները, քան երբ ինքներս ենք Նրան խնդրում, թեկուզ և լեցուն լինենք անհամար չարություններով: Թող ինձ լսեն նրանք, ովքեր աղոթում են անփութորեն և տրտնջում խնդրած պարգևի ուշացման համար:

Երբ ես ասում եմ` կանչիր Աստծուն, խնդրիր, աղաչիր Նրան, դու պատասխանում ես` ես խնդրեցի մեկ, երկու, տասը, հարյուր անգամ և չստացա:

Սակայն մի դադարիր, քանի դեռ չես ստացել, երբ կստանաս, այդժամ դադարիր կամ ավելի ճիշտ մնա աղոթքի մեջ: Եթե չես ստացել, ապա աղոթիր, որ ստանաս, եթե ստացել ես, ապա շնորհակալ եղիր, որ ստացել ես:

Դու ինքդ չես լսում քո աղոթքը, ուզում ես, որ Աստված լսի՞: Ծնրադրեցի, ասում ես: Սակայն միտքդ հեռու կողմեր թռավ: Մարմինդ եկեղեցու ներսում էր, իսկ հոգիդ` դրսում, շրթունքներդ աղոթք էին մրմնջում, իսկ ուշք ու միտքդ` տոկոսներ էր հաշվում, պարտավորություններ, առևտրական շրջագայություններ, ձեռքբերումներ, ընկերական հավաքույթներ:

Սատանան լինելով նենգ և իմանալով, որ աղոթելիս մեծ հաջողությունների ենք հասնում, այդ պահին գալիս է մեզ մոտ, չէ՞ որ հաճախ, անհոգորեն մահճակալին պառկած, մենք ոչ մի բանի մասին չենք մտածում, իսկ գալով աղոթքի, հենց այդ պահին մեր գլխին են թափվում բազում մտածումներ, որպեսզի մեզ զրկեն աղոթքի պտուղներից և դրանք կատարելապես ապարդյուն դարձնեն:

Եվ հաճախ է պատահում, որ ավարտելով աղոթքը` մենք հեռանում ենք` չլսելով այն, ինչ ասել ենք:

Այսպիսով, երբ նկատում ենք, որ այդպես է, ապա անմիջապես պետք է կրկնենք աղոթքը, իսկ եթե մեզ հետ նորից պատահում է նույնը, ապա վերստին պետք է աղոթենք երրորդ, չորրորդ անգամ և չդադարեցնենք այնքան ժամանակ, քանի դեռ խնամքով և սթափ հոգով սրտներս Աստծո առջև չենք բացել:



Ⲿմատենագրություն

Սբ Կյուրեղ Երուսաղեմացի


Կուզե՞ս իմանալ ինչքան հզոր է ապաշխարելը

Կուզե՞ս իմանալ փրկության զենքի զորությունը և հասկանալ, թե ի՞նչ զորություն ունի խոստովանանքը։ Եզեկիան խոստովանանքի ուժով փախուստի մատնեց հարյուր ութսունհինգ հազար թշնամու։ Իրոք, այս իմ ասածը մեծ բան է, բայց շատ փոքր է իմ այժմ ասելիքի համեմատ։ Նույն Եզեկիան կարողացավ ապաշխարությամբ ետ կանգնեցնել արդեն կայացած աստվածային որոշումը, որն իրեն հայտնել էր Աստված։ Քանզի, երբ Եզեկիան հիվանդացել էր, Եղիա մարգարեն ասաց նրան․ «Պատվեր տուր տանդ համար, որովհետև մեռնելու ես, չես ապրելու» (Եսայի, ԼԸ 1)։ Ուրեմն ի՞նչ հույս, երբ մարգարեն ասաց՝ «քանզի դու մեռնելու ես, չես ապրելու»։ Բայց Եզեկիան չհրաժարվեց ապաշխարելուց, որովհետև հիշեց Սուրբ Գրքում ասվածը․ «Երբ դարձի գաս և խորը հառաչես, այն ժամանակ կփրկվես» (Եսայի, Լ 15)։ Նա երեսով շրջվեց դեպի պատը և, միտքը մահճից դեպի երկինք բարձրացնելով (քանզի պատերի հաստությունը չի խանգարում, որ երկյուղածությամբ դեպի երկինք ուղղված աղոթքները հասնեն այնտեղ), ասում է « Հիշիր ինձ Տեր։ Քանզի սոսկ քո հիշելն իսկ բավական է, որ ես բուժվեմ։ Ժամանակը չի սահմանում և չի սահմանափակում քո գործողությունները, այլ դու ես կյանքի օրենսդիրը։ Քանզի մեր կյանքը առնչություն չունի աստղերի գոյության և շարժման հետ, ինչպես ոմանք զրախոսում են թևթևամտորեն։ Քանզի դու, Տեր, սահմանում ես և՛ մեր կյանքը, և՛ ապրելու միջոցները»։ Այս խոստովանությունից հետո նրա կյանքը, որ մարգարեի հաղորդման համաձայն, անհուսալի էր, երկարեց ևս տասնհինգ տարի։ Եվ այդ դեպքը, նշանավորվեց՝ արևի դեպի ետ ընթանալով։ Եզեկիայի համար արևը ետընթաց շարժվեց, իսկ Քրիստոսի համար, արևը խավարեց։ Ընթացքը չփոխեց, այլ խավարեց և անհետացավ, և դրանով հայտնեց այդ երկուսի՝ Եզեկիայի և Քրիստոսի տարբերությունը։ Եզեկիան կարողացավ փոխել Աստծու որոշումը․ իսկ Հիսուսը մի՞թե չի կարող մեղքերի թողություն շնորհել։ 

Ապաշխարիր և հառաչիր քո անձի համար, փակիր դուռը և աղոթիր, որպեսզի ներում լինի, որպեսզի հանգեն քեզ պատող այրող բոցերը։ Որովհետև խոստովանանքը կարող է և՛ կրակ հանգցնել, և՛ առյուծներ ընտելացնել։



Ⲿմատենագրություն

Սբ Հովհան Մանդակունի


Գուշակության և անօրեն կախարդների մասին 

Ինչո՞ւ ես թողնում Արարիչ և բժիշկ Աստծուն և պահապան խաչը և ապավինում հիմար կախարդներին և դևերից ապականվածներին։ Լա՛վ տես, թե ինչ է անում չար կախարդը․ կանգնում է մեջտեղում և սկսում է կախարդել, և կախարդելու ժամանակ նրան են մոտենում դևերը, երբ մտնում են նրա մեջ, սկսում է հորանջել․ ձախ կողմում կախարդում է, աջ կողմում՝ թքթքում է, անարգում է խաչը, թշնամաբար անարգում է Քրիստոսին 

և չի հասկանում։

Արդ, եթե ասես, թե նրանք նույնպես քրիստոնյաներ են և Քրիստոսի անվամբ են կախարդություններ անում, նաև որ Եկեղեցու սպասավորներն ու աբեղաներն էլ են գիր գրում, լսի՛ր ավետարանչին․ «Շատ մարգարեներ, ասում է, այն օրը պիտի ասեն, «Տե՛ր, չէ՞ որ Քո անունով մարգարեացանք և Քո անունով դևեր հանեցինք և Քո անունով բազում զորավոր գործեր արեցինք, մեր առջև նույնպես բա՛ց արա»։ Եվ Տերը պիտի ասի «Չե՛մ ճանաչում ձեզ» [տե՛ս Մատթ․ Է 22-23], որովհետև արեցին այն, ինչ Նա չհրամայեց։

Արդ, դու, որ ապավինում ես այն բանին, թե նրանք էլ են քրիստոնյաներ և Եկեղեցու սպասավորներ և Քրիստոսի անունով են գրում ծրարների երդումները, ո՛վ անմիտ, որո՞նք են ընդդեմ դևերի երդումները․ մի՞թե դրանք պահքը և հավատով աղոթքները չեն հաղթող խաչի միջոցով, որից դողում են դևերի բոլոր բնությունները։ 

Ի՞նչ են հրամայում մեզ Աստծու պատվիրանները․ մի՞թե չեն հրամայում մեր բոլոր գործերում պահապան ունենալ խաչը, հիվանդների համար աղոթքն ու յուղով օծումը, սատանայի կեղմից չարչարվողների համար պահքն ու աղոթքը, և նա, ով արհամարհում է այս ամենը և գրերով ու կախարդություններով է շարժվում և ձեռնածու կանանց է տուն բերում, հեռու է պատվիրաններից և քրիստոնեությունից և առաքյալների նզովքի տակ է, որովհետև նրանց կողմից այդ չքարոզվեց, այլ [առաքյալը] նզովք դրեց՝ ասելով «Եթե որևէ մեկը սրանից ավելին ուսուցանի, նզովյա՛լ լինի» [տե՛ս Գազ․ Ա 9]:

Դևերը չունեն նաև ապագայի գիտությունը․ միմիայն մեկն է սրտերը ճանաչողը՝ ամեն բանի Արարիչը, իսկ դևերն ու կախարդներն արարածներ են և ոչ արարիչ, և կյանք ու մահ, առողջություն և հիվանդություն, բժշկություն, հարստություն և աղքատություն Իր արարածներին տալը վայել է միայն Արարչին, այլ ոչ թե դևերին ու կախարդներին, որոնց Իշխանն ու Արարիչը Աստված է։Նրանք ինչպե՞ս են համարձակվում հրամայել այլ արարածներին, որոնց Արարիչը չեն, քանզի արարածներն հնազանդվում են միայն Արարչին, Ով կարող է քանդել և նորոգել, այլ ոչ դևերին ու կախարդներին, որոնք իշխանություն չունեն անգամ իրենց վրա։ 

Արդ, իմանալով, որ միայն Աստված է Արարիչը, ինչո՞ւ ես քեզ դնում վհուկների և հմայողների կապանքների տակ և ամբարշտանում։


Ⲿմատենագրություն

Սբ Կյուրեղ Երուսաղեմացի


ՀԱՏՈՒՑՈՒՄ

Շնորհ արա, ուշադիր եղիր արդարության հարցում և սկսիր քեզանից։ Ասենք, թե դու ունես տարբեր ծառաներ։ Ենթադրենք, թե նրանցից ոմանք լավն են, ոմանք վատը։ Բնական է, որ կհարգես լավերին և կպատժես վատերին։ Եթե լինես դատավորի դիրքում, կգովես բարիներին և կպատժես անօրեններին։ Ուրեմն, դու, որ մահկանացու մարդ ես, արդարություն ես կիրառում, ապա Աստված, որ համայն աշխարհի միակ հավերժական Թագավորն է, մի՞թե արդար չի հատուցելու ամեն մեկի արարքների համար։ Եթե այս մերժես, կընկնես անօրենության մեջ։ Լավ հիշիր իմ խոսքերը։ Շատ մարդասպաններ անպատիժ մահացել են անկողնում, առանց իրենց ոճիրների համար պատիժ կրելու։

Իսկ որտե՞ղ է Աստծու արդարությունը։ Հաճախ, հիսուն սպանություն կատարած ոճրագործը մեկ անգամ է գլխատվում։ Որտե՞ղ նա պիտի պատժվի իր մյուս քառասուն և ինը սպանությունների համար։ Եթե ասես, թե հանդերձյալ կյանքում չկա դատաստան և հատուցում , Աստծուն կմեղադրես անիրավության մեջ։ Բայց մի զարմացիր դատաստանի հետաձգման վրա։ Ամեն մրցող մրցումից հետո կա՛մ պսակվում է, կա՛մ խայտառակվում։ Երբեք մրցավարը մրցողներին չի պսակում, քանի դեռ չի ավարտվել մրցումը։ Նա սպասում է, որ բոլոր մրցողները հատեն վերջնագիծը, որից հետո միայն  հաղթողներին պսակում է և հանձնում մրցանակները։ Այդպես էլ Աստված։ Քանի դեռ շարունակվում է մրցավազքը այս կյանքում, Նա առայժմ մասամբ օգնում է արդարներին։ Հետագայում Նա վարձը կհատուցի ամբողջությամբ։


Ⲿմատենագրություն

Մրգավանի Սբ Հակոբ եկեղեցի


Առաքել Սյունեցի


Ինչո՞ւ է ասում՝ «Ոչ ոք բնությամբ չար չէ»։

Որովհետև ամեն ինչ բնությամբ Աստծու կողմից է արարվել, և ըստ վկայության՝ Աստծուց ստեղծվածները բարի են. «Աստուած տեսավ, որ այն ամենը, ինչ ստեղծել էր,շատ բարի է» (Ծննդ. Ա 31): Ապա ուրեմն ոչ ոք բնությամբ չար չէ։

Դարձյալ բնությունն առաջնային է կամքի հանդեպ, իսկ կամքը երկրորդն է։ Եվ կամքն է հնազանդվում բնությանը և ոչ թե բնությունը՝ կամքին։ Եվ այն ամենը, ինչ կամքին է հնազանդվում, բնությունից չէ, այլ եկամուտ (ներմուծված, օտար, այլասեռ) է։ Արդ, բնությունը բարի է ստեղծվել, և կամքը երկրորդն է բնությունից հետո, իսկ չարը, որը եկամուտ է՝ բնության նկատմամբ երրորդն է և հաջորդում է կամքին։ Եվ տե՛ս, որ միջնորդով հեռու է չարը բնությունից, որովհետև կամքը երկուսի մեջտեղում է։ Ապա ուրեմն ոչ ոք ըստ բնության չար չէ։ Նրա համար է չարագործը պատժվում, որ իր կամքով թողել է իր հարակից բարի ստեղծված բնությանը ու հետևել օտար, եկամուտ չարին։


Ⲿմատենագրություն

Դալարի Սբ Աստվածածին եկեղեցի


Սբ Կյուրեղ Երուսաղեմացի

Ինչպես տեսնում ես, ձմռան եղանակ է։ Ծառերն այժմ ասես մեռած են։ Որտե՞ղ են թզենու տերևները, որտե՞ղ են խաղողի ողկույզները։ Ձմռանը դրանք մեռյալ են, իսկ գարնանը՝ ընձյուղած, և երբ գալիս է հարմար ժամանակը, մեռյալ վիճակից ասես վերակենդանանում են։ Ուստի Աստված, իմանալով քո անհավատությունը, ամեն տարի այս տեսանելի իրերի միջոցով պատկերում է հարությունը, որպեսզի տեսնելով այն, ինչ կատարվում է անշունչ իրերի հետ, հավատաս, որ  շնչավոր և բանավոր արարածների հետ կատարվում է նույնը։ Ապա, ճանճերն ու մեղուները շատ անգամ ընկնում են ջուրը և խեղդվում, բայց փոքր անց վերակենդանանում են։ Կա նաև կրծողների մի տեսակ, որ ձմեռը քուն է մտնում, իսկ ամռանը վերազարթնում է։ Տեսնո՞ւմ ես, որ քեզ օրինակներ եմ բերում քո հասկացողության չափերով, որ դու կարողանաս հեշտ հասկանալ։ Մահացած անբաններին իսկ կյանք տվողը մի՞թե չի կարող գերբնականորեն կյանք պարգևել նրանց, ում համար է այդ ամենը ստեղծվել։


Ⲿմատենագրություն

Սբ Հովհան Մանդակունի

Եթե փարավոնը խրատվեր առաջին պատժով, մյուս տասը հարվածները չէր ճաշակի։ Եթե Ամովս մարգարեի [օրերին] ժողովուրդը ապաշխարեր առաջին պատժով, ատամնացավը, դալկությունը, մարախը, կարկուտը, սաստիկ երաշտը, սոսկալի սովը, չարաչար հարվածներն ու տարաժամ մահերը չէր ճաշակի։ Այդ պատճառով էլ հարկ է, որ յուրաքանչյուր ոք զգուշանա չար ճանապարհից, որպեսզի ուրիշ չարաչար պատուհասների բազմություններ չավելանան իր վրա։ Որովհետև երբ ավելանում են մեր անօրինությունները, այն ժամանակ էլ պատիժներն են թափվում մեզ վրա։ Բայց Աստծու նախախնամությունն այդ ամենը նույնպես մեզ վրա բերում է [մեզ նախա]խնամելով։ Քանզի երբ մոռանում ենք Աստծու երկյուղը և ավելացնում ենք մեր չարիքները, Նա չի կամենում հենց այդ ժամանակ, մեղքի մեջ առանց ապաշխարելու [հնարավորություն տալու] կորստյան մատնել որևէ մեկին, այլ ապաշխարության ժամանակ է շնորհում։ Եթե չենք ապաշխարում, կրկին խնայում է մեզ, որպեսզի դառնանք [մեղքերից], և կարկուտով, մորեխով և կամ այլ տեսակի պատուհասներով հարվածում է մեր անդաստաններին, որպեսզի մենք ճանաչենք մեր մեղքերը և ապաշխարենք։ 

Ինչպես Պողոսն է ասում․ «Դրա համար ձեր մեջ բազում հիվանդներ ու ցավագարներ կան, և շատերն էլ անժամանակ մեռան» [Ա Կորնթ․ ԺԱ 30]: Ուստի և հարկ է, որ դուք պատուհասների պատճառով դառնաք և ապաշխարեք և չընդունեք բազում և սոսկալի պատիժների հույլերը, դրանցից հետո էլ՝ անշեջ հուրն ու հավիտենից տանջանքները։ 


Ⲿմատենագրություն

Սբ Կյուրեղ Երուսաղեմացի

Հավատա և Աստվածորդուն, Մեկին և Միակին, մեր Տեր Հիսուս Քրիստոսին. Աստծուց ծնված Աստծուն, Կյանքից ծնված կյանքին, Լույսից ծնված Լույսին, ըստ ամենայնի իրեն ծնածին նման եղողին։ Նրան, ով էությունը չի ստացել ժամանակի որևէ հատվածում, այլ ծնվել է Հայր Աստծուց հավերժականից էլ առաջ, հավիտյան, անըմբռնելի կերպով։ Հավատա Աստծու անխախտ իմաստությանը և զորությանն ու արդարությանը։ Նրան, Ով հավերժից էլ առաջ նստած է Աստծու աջ կողմը, և ոչ թե, ինչպես ոմանք կարծեցին, որ նստեց Աստծու աջ կողմը այն բանից հետո, երբ Նա ստացավ չարչարանաց պսակը և որպես հատուցում, չարչարանքը համբերատար կրած լինելու համար, արժանացավ աջակողմյան գահին։ Նրա թագավորական պատիվը ծնունդով է, քանի որ Նա ծնվել է Հայր Աստծուց հավիտենությունից էլ առաջ։ Եվ, ինչպես ասել ենք, Քրիստոսը, լինելով Աստված, Աստծուն գահակից է, և՛ Իմաստություն, և՛ Զորություն։ Նա թագավորակից է Հայր Աստծուն և արարչակից երևելի և աներևույթ ստեղծագործության։ Աստվածայնության առումով Նա ոչնչով պակաս չէ, ճանաչում է Իրեն ծնողին և ճանաչվում է Նրանցից։ Կարճ ասած, հիշիր թե ի՞նչ է գրված Ավետարանում. «Ոչ ոք չի ճանաչում Որդուն, եթե ոչ՝ Հայրը, և ոչ ոք չի ճանաչում Հորը, եթե ոչ ՝ Որդին» (Մատթ. ԺԱ 27)։


***

Աստված մարդասեր է. նույնիսկ շատ մարդասեր։ Մի՛ ասա ՝ պոռնկացել եմ, անառակացել եմ, չարիք եմ գործել, նույնիսկ ոչ թե մեկ անգամ, այլ բացմիցս։ Աստված արդյո՞ք կների ինձ, արդյոք կմոռանա՞ իմ մեղքերը։ Լսիր, թե ինչ է ասում սաղմոսերգուն. «Որքան շատ է քո ողորմության քաղցրությունը, Տեր» (Սաղմ., Լ 20)։ Քո բոլոր մեղքերը միասին չեն գերազանցի Աստծու բարեգթության մեծությունը։ Վերքերը չեն հաղթի բժշկապետի հմտությանը։ Միայն թե հավատքով քո անձը հանձնիր Նրան։ Հանձնիր Բժշկին քո հիվանդությունը։ Դու ևս Դավթի նման ասա. «Մեղքերս քեզ ցույց կտամ և անօրենությունս քեզնից չեմ ծածկի, և դու թողություն կտաս իմ մեղքերի ամբողջ ամբարշտությանը» (Սաղմ., ԼԱ 5):


Ⲿմատենագրություն

Սբ Հովհան Մանդակունի

Մանավանդ հարկ է, որ պահքի օրերին որովայնիցդ զրկելով՝ աղքատներին տաս այն, որպեսզի դու քաղցես, իսկ քաղցողը կշտանա, և քո մեղքը քավվի։ Ա՜յս է սուրբ և Աստծո կամքին համապատասխան պահքը, և սրանո՛վ են ընդունելի լինում վշտամբերությունն ու ճգնությունը, որոնք բժշկում են մեղքերով վիրավորվածին, փրկում են սատանայից գերվածներին, կանգնեցնում են անօրինությամբ կործանվածին, վեր են բարձրացնում ամբարշտությամբ հիվանդացածին, սրբում են պղծություններով աղտոտվածին, լուսավորում են մոլորությամբ խավարածին…

Առակ թիթեռնիկի և մրջյունի մասին

Մի անգամ թիթեռն ու մրջյունը հանդիպում են իրար։ Թիթեռն ասում է.

- Գիտե՞ս, մենք շատ երջանիկ ենք ապրում. կարողանում ենք մի ծաղկից մյուսը թռչել՝ գեղեցկացնելով ծաղիկներին։ Մենք էլ ծաղիկների շնորհիվ ենք գեղեցկանում։ Իսկ դուք ամբողջ օրը աշխատում եք։

- Դո՞ւք եք երջանիկ։ Այդ մենք ենք երջանիկ. ամբողջ ամառ պաշար ենք հավաքում ու ձմռանը վայելում, իսկ դուք ընդամենը մեկ օրվա կյանք ունեք։

- Մեկ օրվա՞։ Մենք այնքան երկար ենք ապրում, որ անգամ հոգնում ենք:

Մրջյունը, ափսոսելով իր ժամանակը, դժվարությամբ վերցնում է արևածաղկի սերմը և շարունակում ճանապարհը։

Թեև կյանքը կարճ է, բայց մարդիկ կան, որոնք կարողանում են այն գնահատել ու երջանիկ լինել:

Եվ մարդիկ էլ կան, որ միշտ անտրտունջ աշխատում են, բայց դա ոչ թե դժվարություն, այլ երջանիկ ապրելու միջոց են համարում:

Աշոտ սրկ. Սարոյան