Մեկնություն Սբ Գրոց


Ուռկանի առակը


Հատված Duccio di Buoninsegna-ի նկարից. աղբյուրը


«Դարձյալ երկնքի արքայությունը նման է ծով նետված ուռկանի, որ ամեն տեսակ բան է հավաքել. երբ լցվել էր, այն ցամաք հանելով և նստելով՝ լավերը մի առ մի հավաքեցին ամանների մեջ, իսկ անպետքը դուրս գցեցին: Այնպես կլինի այս աշխարհի վախճանին: Հրեշտակները կելնեն և չարերին արդարների միջից կբաժանեն ու կգցեն նրանց բոցավառ հնոցի մեջ. այնտեղ կլինի լաց և ատամների կրճտում»։ 

Մատթ. 13:47-50


Մատթեոսի Ավետարանի 13-րդ գլխի 44-50 համարներում Հիսուս պատմում է երեք տարբեր առակներ, որոնցում պատկերվում է երկնքի արքայությունը։ Սրանցից երրորդում ուռկանի օրինակով բացատրվում է, որ Ավետարանի «ցանցը» որսում է բոլորին, բայց դատաստանի օրը կեղծ հավատացյալները զատվում են իրականներից, և քանի որ երկնքի արքայությունն արդեն մոտեցել է (Մատթ. Դ 17), առաքյալներն այդուհետ կանչվում են հռչակելու այդ և պատրաստելու մարդկությանը Մեծ Դատաստանին [1]: Հետաքրքրական է, որ առակը պահպանվել է երկու այլ տարբերակներով ևս, որոնցից առաջինը Թովմասի պարականոն Ավետարանում է, մյուսը՝ Կղեմես Ալեքսանդրացու «Ստրոմատիս» գործում [2]։ Երեքն էլ թե՛ կառուցվածքային և թե՛ աստվածաբանական առումով իրարից նկատելիորեն տարբերվում են [3]։

Ծով նետված ուռկանի թիրախն այս դեպքում մեծ ջրային տարածքն է, քանի որ այն իր մեջ է առնում ամեն տեսակի ձկներ, այնուամենայնիվ հաջողությունը կարող է լինել ոչ այդքան մեծ, որովհետև ուռկանի պարունակությունն իր բնույթով բազմազան է [4]: Այնքան ժամանակ, որքան ուռկանը ծովում է, թե՛ լավ և թե՛ վատ ձկները միասին են. դրանց տեսակավորումը տեղի կունենա, երբ ցամաք հանվեն։ Սա նման է Մատթեոսի Ավետարանի Որոմների առակին (13:24-30), որտեղ ցորենը և որոմը ևս միասին են աճում, իսկ հնձի ժամանակ տեսակավորվում են։ Հերոնիմոսը Մատթեոսի Ավետարանի մեկնության մեջ գրում է. «Երեմիայի մարգարեությունը՝ «Ահավասիկ ես կուղարկեմ բազում ձկնորսների,- ասում է Տերը,- և նրանք կորսան նրանց. այնուհետև կուղարկեմ բազում որսորդների, և նրանք կորսան նրանց բոլոր լեռների վրա, բոլոր բլուրների վրա ու ժայռերի ծերպերից» (Երեմ. ԺԶ 15), իրականացավ։ Ձկնորս առաքյալները Հին և Նոր Կտակարաններից իրենց համար հյուսեցին ավետարանական վարդապետությունների մի ցանց, այն գցեցին այս աշխարհի ծովի մեջ, որը որսում և որսալու է թե՛ լավ, թե՛ վատ ձկները» [5]։ Ծովը խորհրդանշում է Խոսքը (Բանը), իսկ ծովում գտնվող ձկները՝ կենդանի ճշմարտությունները, որոնք պարփակված են Խոսքի մեջ, իսկ ձկնորսներն այն ուսուցիչներն են, որոնք, օգտագործելով իրենց գիտությունն իբրև ցանց, ճշմարտություններ են դուրս բերում Խոսքից և կիրառում դրանք՝ մարդկանց դարձի բերելու համար [6]։ 

Այսպես, ուռկանի ծով նետվելը խորհրդանիշն է նաև առաքյալների կողմից ողջ աշխարհին աշակերտ դարձնելու ծրագրի ավարտի։

Ցանցը, որ գրավել է թե՛ լավ, թե՛ վատ ձկները, ի վերջո դուրս է բերվելու ափ. ափ դուրս բերվելը խորհրդանշում է ժամանակների լրումը: Շատերն այդ ընթացքում պատռում են ցանցերը և հեռանում՝ պատճառաբանելով, թե չեն համակերպվում վատ ձկների հետ, բայց հետզհետե սրանք դառնում են ավելի չար, քան նրանք, որոնց իրենք չէին կարողանում տանել [7]: Նկատելի է, որ ավետարանական այս հատվածում ձկնորսության պատկերն օգտագործվում է վախճանաբանական համատեքստում՝ մատնանշելու վերջին ժամանակները, երբ պիտի առանձնացվեն իրարից լավն ու վատը։ Ուստի կարող ենք եզրակացնել, որ ձուկը և ձկնորսությունը զուգորդվում են նաև մահվան գաղափարի հետ, որին, սակայն, հաջորդելու է նոր կյանքը։ Այս գաղափարը հետագայում տեղ կգտնի նաև քրիստոնյա հեղինակների տարբեր գրվածքներում, որտեղ ձկները պիտի համեմատվեն քրիստոնյաների հետ, ձկնորսությունը՝ մկրտության հետ, որը ևս խորհրդանշում է նոր ծնունդ և նոր կյանք. ինչպես Քրիստոս մահացավ և հարություն առավ, նույն կերպ և քրիստոնյաները պիտի մահանան որսվելուց հետո և ապա հարություն առնեն [8]։


---------------------------------------------

Ծանոթագրություններ

[1]  Տե՛ս Gary H. Everett, The Gospel of Matthew, Bellingham, 2011, p. 558.

[2]  Տե՛ս Christina M. Kreinecker, Of Fish and Men: Comparative, Text-Critical and Papyrological Remarks on Matthew 13:47--50 and the Gospel of Thomas 8, (Studies on the Text of the New Testament and Early Christianity, Chapter 7, pages 151-177), Leiden, 2015, p. 1.

[3]  Առավել մանրամասն տե՛ս նույն տեղում, էջ 26։

[4]  Տե՛ս Charles H. Spurgeon, Commentary on Matthew: The Gospel of the Kingdom, London, 1983, p. 124.

[5]  Տե՛ս Thomas P. Halton, The Fathers of the Church, St. Jerome, Commentary on Matthew, Washington, 2008, p. 164.

[6]  Տե՛ս Rev. William Bruce, Commentary on the Gospel According to St. Matthew, Brookline, 1986, p. 226.

[7]  Տե՛ս Laurence Harold Kant May, The Interpretation of Religious Symbols in the Graeco-Roman World: A Case Study of Early Christian Fish Symbolism, Chicago, 1993, p. 683.

[8]  Տե՛ս Laurence Harold Kant May, The Interpretation of Religious Symbols in the Graeco-Roman World: A Case Study of Early Christian Fish Symbolism, Chicago, 1993, pages 430-436.


Գագիկ սրկ. Առաքելյան


Ձկան որսի հրաշքը


Նկարի աղբյուրը՝ The MET


«Սիմոն Պետրոսը նավակ մտավ և ցամաք քաշեց ուռկանը, որ լիքն էր հարյուր հիսուներեք մեծ-մեծ ձկներով: Թեև այնչափ բան կար, բայց ուռկանը չպատռվեց»։ 

Հովհ. 21:11-12

Հիսուս Քրիստոս հարությունից հետո երրորդ անգամ հայտնվում է Իր առաքյալներին: Հերթական այս հայտնությամբ Նա ցույց է տալիս Իր կենդանի և իրական ներկայությունը աշակերտների կյանքում, ծանր և դժվարին պահերին Իր շարունակական միջամտությունը և այս ամենն անում է հրաշքի միջոցով: Հիսուս վերագործարկում է ամեն բան՝ վերստին կոչելով նրանց քարոզչական առաքելության, ինչպես որ արեց առաքյալների առաջին կանչի ժամանակ. «Եվ նրանց ասաց. «Իմ հետևից եկեք, և ես ձեզ մարդկանց որսորդներ պիտի դարձնեմ» (Մատթ. 4:19) [1]: Առաքյալների գործունեության կարևորագույն առանցքը պետք է լինի Հիսուս, առանց որի չկա որևէ իրական հաջողություն, ինչպես որ ավետարաններում չկան ձկնորսությանը վերաբերող դրվագներ, որտեղ առաքյալները ձուկ են որսում առանց Հիսուսի օգնության [2]:

Հովհ. 21-ում ձկների որսն անմիջականորեն աղերսվում է մարդկանց որսին, որոնք առաքյալների քարոզչության միջոցով հավատքի են գալիս. ավետարանիչը ձկնորսության այս հրաշքը կապում է ձկանը եփելու գործընթացի հետ (Հովհ. 21:9), որը փոխաբերաբար խորհրդանշում է մարդկանց «եփելը/պատրաստելը» նոր կյանք և նոր իրականություն մուտք գործելու համար [3]: Ձկնորսությունը դառնում է անմահության խորհրդանիշ, հետևապես առաքյալների՝ մարդկանց ուղղված կոչը՝ հետևել Հիսուսին, դառնում է ինքնին անմահության կոչ Աստծո գալիք արքայության լույսի ներքո: 

Երբ առաքյալները ցամաք են ելնում,  Հիսուս կարգադրում է նրանց բերել նաև իրենց որսած ձկներից, որոնք 153 հատ էին: Հարց է առաջանում, թե ինչ կարող է խորհրդանշել այս թիվը: Պարզ բացատրությամբ այն կարող է լինել որսված ձկների իրական թիվը, և հեղինակը, հստակ թիվ նշելով, առավել հաստատուն է դարձնում տեքստի ճշմարտացիությունը և հավաստում տեղի ունեցած հրաշքի իրական լինելը [4]: Ձկնորսական ուռկանն այստեղ խորհրդանշում է քրիստոնեական եկեղեցին. ինչպես ուռկանն այս դեպքում չի պատռվում ձկների առատությունից՝ մնալով մեկ ամբողջություն, նույնպես և Քրիստոսի Եկեղեցին մեկ ամբողջական միություն է՝ հավատացյալների իր մեծ բազմությամբ հանդերձ [5]:

Եզեկիելի մարգարեության 47:1-10 համարներում մեզ ներկայանում է մի պատկեր, որտեղ Երուսաղեմից կենդանի ջուր է դուրս գալիս, հոսում դեպի Մեռյալ ծով, ինչի արդյունքում առաջանում է ձկնառատ մի վայր, որտեղ պիտի կանգնեն ձկնորսներ Ենգադիից մինչև Ենգադիմ: Այս երկու հետաքրքրական անունների եբրայերեն համարժեքների (Էյն-Գեդի և Էյն-Էգլայիմ) երկրորդ բաղադրիչներն ունեն իրենց թվային արժեքները՝ համապատասխանաբար 17 և 153: 153-ը համարվում է եռանկյուն թիվ և կարող է ներկայանալ 1-ից մինչև 17-ն ընկած թվերի գումարով: Չի բացառվում, որ Ավետարանի հեղինակը նկատած լինի այս փաստը, նաև այն, որ այս թվերը մաթեմատիկորեն ևս կապվում են իրար հետ: Ստացվում է, որ որսված ձկների թիվը մեզ տանում է այնտեղ, որտեղ առկա է դրանց բազմազանությունը և որտեղ պետք է կանգնեն ձկնորս առաքյալները:

Եբրայերեն «բնեյ հա-Էլոհիմ» (Աստծո որդիներ) արտահայտությունը և «էգլայիմ» բառն ունեն միևնույն թվային արժեքը՝ 153: Եթե համարենք, որ Հովհ. 21:11-ում նշվող 153 ձկներն առնչվում են «էգլայիմ» բառին, ապա կարող ենք «էգլայիմ»-ը հասկանալ նաև  «Աստծո որդիներ» ձևով: Եվ եթե հեղինակը կիրառել է այս մեթոդը «էգլայիմ» բառի համար, ապա պետք է նույնն արած լինի նաև «գեդի» բառի դեպքում, որը ևս ունի իր թվային զույգը՝ «զեվախ» (զոհաբերություն) բառը: 



Եզեկ. 47-րդ գլխում հիշվող գետը, որը պիտի դառնա նոր կյանքի աղբյուր և մարդկանց դարձնի Աստծո որդիներ, սկիզբ է առնում տաճարից՝ զոհաբերության տեղից, իսկ Հիսուս իբրև նոր «Զատկի գառ» և նոր «Տաճար» սկիզբ է տալիս մի նոր կյանքի, և հետևաբար ամեն բան սկիզբ է առնելու հենց Նրանից [6]:

Հունարեն տեքստում Հովհ. 20:30-31 համարներում առկա են բանալի բառեր՝ նշան, հավատք, Քրիստոս, կյանք, որոնք հանդիպում են ողջ Ավետարանում համապատասխանաբար 17, 98, 19, 36 անգամ: Նշանները (17) տրվել են, որպեսզի մարդիկ հավատան (98) Քրիստոսին (19) և հավիտենական կյանքն (36) ունենան (98+19+36=153) [7]:  Այս ամենը ցույց է տալիս նաև, թե ինչու պետք չէ Հովհ. 21:1-23-ը ընթերցել իբրև անսպասելի մի վերջաբան։ Քանի որ 20:30-31-ը եզրափակում է «նշանների» պատմությունը, իսկ 21:1-23-ը՝ պատկերում դրանց ունեցած ազդեցությունն ու կարևորությունը Եկեղեցու հետագա առաքելության մեջ: 

Հովհաննեսի Ավետարանի այս հրաշքի և առհասարակ 21-րդ գլխի հիմնական նպատակն է խորհրդանշական կերպով ներկայացնել քրիստոնեական Եկեղեցու կարևորագույն առաքելությունը՝ Հիսուսի անունով հավատքի բերելը մարդկանց՝ նոր կյանքի համար, և այստեղ կարևոր դերակատարում ունեն հատկապես երկու աշակերտներ՝ Պետրոսն ու Հովհաննեսը: Առաջինի դերը Հիսուսի կողմից իրեն հանձնված հոտը հովվելն է, իսկ երկրորդինը՝ Հիսուսին վկայելը, ինչը և անում է Հովհաննեսը՝ գրելով իր Ավետարանը: Մարդկանց ձկնորս դարձած առաքյալները արված որսը պետք է ներկայացնեն իրենց Ուսուցչին, որովհետև ամեն հաջողություն հենց Նրանից է կախված, իսկ Ավետարանի ցանցով մարդորսությունից հետո նրանք միայն Տիրոջ օգնությամբ կարող են ափ հանել արված որսը [8]: Ձկներով լի չպատռվող ցանցն այստեղ խորհրդանշում է առաքյալների գալիք հաջողությունները՝ բոլոր ազգերին քարոզելու գործում, իսկ 153 մեծ ձկներն արտացոլում են տարբեր տեղերից Եկեղեցում համախմբվող հավատացյալների բազմությունը։ Սա է մարդկանց որսորդ դառնալու արդյունք-հետևանքը, որն առաքյալների պարագայում ուղեկցվում է Աստծո խոսքին վստահությամբ և կատարյալ հնազանդությամբ:


-----------------------------------------------

Ծանոթագրություններ

[1]  Տե՛ս David E. Pratte, Commentary on the Gospel of John, Charleston, 2013, p. 353.

[2]  Տե՛ս Andrew Farrugia, The Pericopes of the Miraculous Catch of Fish in Luke 5 and John 21: Contrast and Functions, Msida, 2020, p. 30.

[3]  Տե՛ս Peter A. Reynolds, Recasting a Fish Story: Miracle and Mission in Luke 5:1-11, Michigan, 2016, pages 146-147.

[4]  Տե՛ս Крейг Кинер, Библейский культурно--исторический комментарий - Часть 2 Новый Завет, Санкт-Петербург, 2005, c. 266. 

[5]  Տե՛ս W. Hall Harris, The Gospel of John, Helsinki, 2001, p. 228.

[6]  Տե՛ս Richard Bauckham, The 153 Fish and the Unity of the Fourth Gospel, (Neotestamentica 36 (1-2), pages 77-88) Potchefstroom, 2002, p. 83.

[7]  Տե՛ս նույն տեղում, էջ 84:

[8]  Տե՛ս Мэтью Генри, Толкование На Книги Нового Завета, Санкт-Петербург, 2002, c. 464.


Գագիկ սրկ. Առաքելյան