Տյառնընդառաջ. քրիստոնեակա՞ն տոն, թե հեթանոսություն


Տոնի աստվածաշնչյան ծագումը

Ամեն տարի փետրվարի 14-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Տյառնընդառաջը: Ծնունդից 40 օր հետո, Մովսիսական օրենքի համաձայն, Հովսեփն ու Մարիամը մանուկ Քրիստոսին տանում են Երուսաղեմի տաճար՝ Աստծուն ընծայելու (Ղուկ. Բ 22-38)։ Սրբազան ավանդության համաձայն՝ երբ նրանք մոտենում են տաճարին, արևելյան դուռը, որն Աստծո հրամանով փակ էր, մեծ դղրդյունով բացվում է, որով կատարվում է Եզեկիելի մարգարեությունը (Եզեկ. ԽԴ 1-3)։ Երուսաղեմի բնակիչները ջահերով ու ճրագներով շտապում են տեսնելու Տաճար Եկողին՝ միմյանց ձայն տալով. «Տերն անցավ այս դռնով»։ Տաճարում մանուկ Քրիստոսին ընդառաջ է գալիս Սիմեոն ծերունին և փառք տալիս Աստծուն աշխարհի Փրկչի համար։ Այստեղից էլ առաջացել է տոնի Տյառնընդառաջ անունը՝ Տիրոջն ընդառաջ գնալ։ Սուրբգրային այս պատմության համաձայն՝ այսօր էլ 40 օրական մանուկները եկեղեցի են բերվում՝ օրհնություն ստանալու համար։ 

Տյառնընդառաջը Երուսաղեմի առաջին եպիսկոպոսի՝ Հակոբոս Տեառնեղբոր շնորհիվ դեռևս քրիստոնեության վաղ շրջանում մտել է տերունական տոների կարգի մեջ։ Այն քրիստոնյաների հնագույն ու նշանավոր տոներից մեկն է, որի մասին հիշատակություններ կան Հովհան Ոսկեբերանի, Կյուրեղ Ալեքսանդրացու և Եկեղեցու այլ հայրերի գրվածքներում։ 


Տոնի խորհուրդը 

Տյառնընդառաջի տոնը հրավեր է բոլոր քրիստոնյաներին՝ Տիրոջն ընդառաջ գնալու։ Տիրոջն ընդառաջ գնալը նախևառաջ արտահայտվում է կյանքի ճշմարիտ ընթացքով՝ տերունապատվեր պատգամների ճանապարհով Աստծուն մոտենալու, պատվիրանները կյանքի սկզբունք դարձնելու ու կենսագործելու միջոցով։ 

Տյառնընդառաջի խարույկը

 Փետրվարի 13-ի երեկոյան Տյառնընդառաջի նախատոնակին ու անդաստանին հաջորդող ավանդական խարույկը թյուրըմբռնումների տեղիք է տվել. խարույկավառությունը երբեմն դիտվում է որպես կրակապաշտություն, իսկ Տյառնընդառաջի տոնը՝ Տրնդեզը՝  հեթանոսություն։ Հետևաբար ցանկանում ենք լույս սփռել տոնի հետ կապված թյուրըմբռնումների վրա։ Խարույկ վառելը Տյառնընդառաջի տոնի ժողովրդական ավանդույթներից է, հնագույն ժամանակներից մեզ հասած սովորույթ, որը ծիսակատարություն չէ։ Հեթանոսության մեջ մեծ տեղ էր գրավում կրակի պաշտամունքը։ Հ. Ղևոնդ Ալիշանը, Մաղաքիա արք. Օրմանյանը, Եղիշե պատրիարք Դուրյանը և ուրիշներ հրավառության սկզբնավորությունը կապում են հեթանոսական Տիր չաստծուն նվիրված տոնակատարության հետ։ Հնում հավատում էին, որ կրակի վրայից թռչելը հեռու է պահում հիվանդություններից ու անհաջողություններից, իսկ կրակի ծխի ուղղությամբ պայմանավորված կատարվում էին գուշակություններ։ Ժամանակի ընթացքում Հայոց եկեղեցին պահպանեց և քրիստոնեականացրեց բոլոր այն հին ազգային սովորույթներն ու տոնակատարությունները, որոնք չէին հակասում քրիստոնյայի բարոյական նկարագրին ու քրիստոնեական արժեհամակարգին՝ միաժամանակ մերժելով հեթանոսական անընդունելի սովորույթները (օրինակ՝ 354 թ. Աշտիշատի ժողովում մերժվեց մերձամուսնությունը, հանդերձներ պատռելով ննջեցյալներին հուղարկավորելը, հարբեցողությունը, պոռնկությունը)։ Ուստի, հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները, խարույկ վառելու և նրա վրայով ցատկելու հին սովորույթը ևս վերիմաստավորվեց եկեղեցու կողմից, ինչի շնորհիվ այն շարունակեց ապրել մեր ժողովրդի մեջ և փոխանցվեց սերնդեսերունդ։ Միաժամանակ անընդունելի համարվեց կրակի շուրջ պտտվելիս գուշակություններով ու սնահավատություններով տարվելու, կրակին բժշկող կամ այլ գերբնական զորություն վերագրելու հեթանոսական սովորույթները։ 

Տոնի սովորույթները հիմնականում պահպանեցին արտաքին ձևը, սակայն ստացան նոր խորհուրդ և իմաստ։ Այն, որ կրակը ժամանակագրական առումով ավելի վաղ շրջանում է կիրառություն ունեցել հեթանոսության մեջ, չի նշանակում, որ այն կարելի է սահմանափակել միայն հեթանոսական կրոնի հավատալիքների շրջանակներում։ Ավելին, քրիստոնեության մեջ կրակը կարևոր խորհրդաբանություն ունի՝ մաքրագործելու և սրբագործելու իմաստով։ Հին Կտակարանում Տիրոջ հրեշտակը երևաց Մովսեսին մորենու միջից կրակի բոցով (Ելք Գ 2-4), Եգիպտոսից դուրս գալուց հետո Աստված գիշերը  իսրայելացիներին առաջնորդում էր հրեղեն ամպով (Ելք ԺԳ 21), Սոդոմի ու Գոմորի մեղքը մաքրվեց կրակի միջոցով (Ծնն. ԺԹ 24-25)։ Նոր Կտակարանում Քրիստոս Իրեն նմանեցնում է լույսին (Հովհ. Ը 12), Սուրբ Հոգին հրեղեն լեզուներով է իջնում առաքյալների վրա (Գործք  Բ 3)։ 



Մասյացոտնի թեմի Դաշտավանի Սբ Աստվածածին եկեղեցու համայնքի անդամները նշում են Տյառնընդառաջը

Պատմության մեջ հիշատակություն չկա Գրիգոր Լուսավորչի կողմից Տյառնընդառաջի տոնակատարության հաստատման մասին, ուստի ենթադրվում է, որ այն տոնացույցի մեջ անցած պետք է լինի Սահակ-մեսրոպյան շրջանում։ Բայց այն, որ Հայոց Եկեղեցում տոնը մեծ հանդիսավորությամբ կատարվել է դեռևս վաղ շրջանում, վկայում է ս. Սահակ Պարթևի Խ կանոնը։ Ինչպես արդեն նշեցինք, Տյառնընդառաջի տոնի խարույկը քրիստոնյաների համար այլ իմաստ ունի։ Ըստ Գրիգոր Տաթևացու՝ ջահեր վառելը խորհրդանշում է Երուսաղեմի բնակիչների՝ 40 օրական Հիսուսին ջահերով ու ճրագներով ընդառաջ գալը, որի օրինակով էլ քրիստոնյաներն են ջահեր ու մոմեր վառում։ Իսկ Սբ Եփրեմ Ասորին Տյառնընդառաջին նվիրված իր ճառում գրում է. «...Կրակի վրայից թռչելով այն ոտնատակ ենք տալիս, թե դու Աստված չես, այլ Նա է Աստված, Ով քառասուն օրական եկավ տաճար»։ Ուրեմն, կրակ պաշտելն ու կրակն օգտագործելը միանգամայն տարբեր երևույթներ են։ Ի տարբերություն հեթանոսների՝ քրիստոնյաները կրակը չեն պաշտում, որովհետև կրակապաշտները կրակը բարձր ու պատվավոր տեղում են պահում, իսկ քրիստոնյաները ցատկում և անցնում են նրա վրայով՝ երբեմն ոտնակոխ անելով։ 

Քրիստոնյաները կրակի շուրջ պտտվելով գուշակություններ չեն կատարում, սնոտիապաշտությամբ կրակին բժշկելու և հաջողություն բերելու զորություն չեն վերագրում։ Հավանաբար հեթանոսական այս սովորույթները արգելելու նպատակով էլ Սիմեոն Երևանցի կաթողիկոսը իր կազմած տոնացույցում կրակի շուրջ պտտվելու արգելք է դնում։ Հնավանդ սովորության համաձայն՝ Տյառնընդառաջի տոնին՝ եկեղեցական արարողություններից հետո, եկեղեցիների բակերում կրակ է վառվել։ Այդ մասին վկայություն կա Քաջբերունու հրատարակած «Հայկական սովորություններ» գրքում (1903 թ., Թիֆլիս)։ Նորապսակ երիտասարդները, վառված մոմերը ձեռքում, կանգնում էին դեզի առաջ։ Երբ քահանան իր մոմով առաջինը վառում էր դեզը, նույնը անում էին նաև նորապսակները։ Իսկ Վանում քահանայի հրավերով նորապսակները եկեղեցում շապիկ էին հագնում, մոմ բռնած մասնակցում ժամերգությանը։ Աղոթքից հետո եկեղեցու բակում խարույկ էր վառվում, իսկ նորապսակները ցատկում էին կրակի վրայով: 

Մովսեսը Սինա լեռան վրա. նկարի հեղինակ՝ Jean-Leon Gerome, 1895 թ., աղբյուրը՝ bybibleing.com

Կրակի բովից անցկացնելու աստվածաշնչյան արգելքը

 Տյառնընդառաջի տոնակատարության հետ կապված մյուս թյուրըմբռնումն էլ այն է, որ աստվածաշնչյան «Ձեր մեջ թող չգտնվի այնպիսի մեկը, որն իր տղային կամ աղջկան կրակի բովից անցկացնի... » (Բ Օրենք ԺԸ 10-12) պատվիրանն ընկալվում է որպես խարույկ վառելու ու նրա վրայով ցատկելու արգելք: Արդյոք այս մեջբերումը Տյառնընդառաջի կրակի՞ համար է ասված, թե՞ խոսքը միանգամայն այլ՝ մեղսալի երևույթի մասին է։ Ուսումնասիրելով կրակի բովով անցկացնելու մասին աստվածաշնչյան մյուս հիշատակումները (Բ Օրենք ԺԲ 31, Դ Թագավորություններ ԺԶ 3, ԻԱ 6, Եսայի ԾԷ 4-5, Եզեկիել ԺԶ 20-21, Ի 30-31, Երեմիայի ԺԹ 5, ԼԲ 35...)՝ պարզ է դառնում, որ աստվածաշնչյան այս արգելքը ոչ միայն բացարձակապես կապ չունի Տյառնընդառաջի տոնակատարությունների հետ, այլ խոսում է կրակի վրա հեթանոսական կուռքերին մատուցված մանուկների ողջակիզման երևույթի մասին, ինչն այդ ժամանակներում տարածված է եղել։ Զոհաբերության՝ ողջակիզման երևույթը Ս. Գրքում ներկայացվում է «կրակի բովով անցկացնել» բառերով՝ որպես քանանական ծիսակարգ։ Հետևաբար, անգիտություն է կրակի բովով անցկացնելու՝ ողջակիզելու երևույթը նույնացնել Տյառնընդառաջի խարույկավառությանը։ 

Հավատավոր ժողովուրդը Տյառնընդառաջի նախորդ օրը երեկոյան գալիս է եկեղեցի, մասնակցում նախատոնակին, աղոթում, լսում տոնի պատգամը և այնուհետև եկեղեցու բակում խարույկի շուրջ հոգևոր երգերով, ազգային երգ ու պարով մասնակցում ուրախ տոնախմբության։ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևորականները տոնակատարության ժամանակ ներկայացնում են տոնի խորհուրդը և հորդորում հեռու մնալ սնոտիապաշտություններին տրվելուց։ 


Տյառնընդառաջը՝  Նորապսակների օրհնության օր

Տյառնընդառաջը Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ հռչակվել է նորապսակների օրհնության օր, քանի որ տոնի հինավուրց ժողովրդական սովորույթները կապված են եղել նորապսակների հետ։ Հայ քրիստոնյա ընտանիքն ամուր է իր հոգևոր արժեքներով և քրիստոնեավայել կենսակերպով։ Հետևաբար օրհնության արարողությունը հրավեր է նորապսակներին ոչ միայն Աստծո օրհնությունը ստանալու, այլև ընտանիքում հոգևոր արժեքների կարևորության գիտակցությունն ամրապնդելու։


Տ. Հովսեփ քհն. Սարգսյան

Արևշատի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ



Ⲿկրոնական  Ⲿտոներ