Պատմություն
«Իսկ Ամասիա [ծոռն Հայկայ] .... շինեալ զհարաւակողմ լերինն ստորոտս՝ զլեառն յիւր անուն Մասիս յորջորջէ, եւ զգաւառն ի ծործորս լերինն՝ Մասեացոտն»։
«Իսկ Ամասիան...., շինարարություն անելով լեռան հարավային ստորոտում, լեռն իր անունով կոչում է Մասիս, իսկ լեռան ծործորներում եղած գավառը՝ Մասյացոտն»։
Հովհաննես Դրասխանակերտցի, Պատմություն հայոց, առաջաբան
Մասյացոտն
Մեծ Հայքի Այրարատյան աշխարհը հանդիսացել է հայ ժողովրդի քաղաքական միավորման, տնտեսական կյանքի առաջընթացի և մշակույթի կենտրոններից մեկը: Հայ մատենագիրները մեծ գովեստով են խոսել Այրարատի մասին՝ այն համարելով «դրախտ», «ամենաբոյս», «ամենաբերրի», «գլուխ Հայոց Մեծաց», «միջնաշխարհ Հայոց» և այլն: Առանձնապես պատկերավոր է Ղազար Փարպեցու նկարագրությունը.
Մեծ Հայքի Այրարատյան աշխարհի գավառներից էր Մասյացոտնը, կամ Ոտն Մասեացը, որը Վարդան Արևելցու XIII դ. «Աշխարհացոյց»-ում հիշատակվում է «Մասեցոտն» ձևով (Աշխարհացոյց Վարդան վարդապետի, քննական հրատարակութիւն Հայկ Պէրպէրեանի, համեմատութեամբ 24 ձեռագրի եւ տպագրի, Բարիզ, 1960, էջ 14):
Ըստ VII դ. «Աշխարհացույցի»՝ Մասյացոտնը եղել է Այրարատյան աշխարհի 12-րդ գավառը և ունեցել է 2 800 քառ. կմ տարածք (Ս. Տ. Երեմյան, Հայաստանը ըստ «Աշխարհացոյց»-ի. փորձ VII դարի հայկական քարտեզի վերակազմության ժամանակակից քարտեզագրական հիմքի վրա, Երևան, 1963, էջ 118): Այն տարածվում էր Մեծ և Փոքր Մասիսների հրաբխային զանգվածների հյուսիսային և արևելյան ստորոտներին: Արևմուտքից այն սահմանակից էր Ճակատք, հարավ-արևելքից՝ Արտազ գավառներին, հարավ-արևմուտքից՝ Հայկական լեռնապարով բաժանվում էր Կոգովիտ գավառից, իսկ հյուսիսից և արևելքից՝ Երասխ գետով սահմանակցվում էր Արագածոտն, Կոտայք, Ոստան և Շարուր գավառներին:
Գավառն իր անունը ստացել է համանուն լեռնագագաթների անունից: Մակերևույթը հիմնականում լեռնադաշտային է, իսկ կլիման՝ ցամաքային և սուր: Մասյացոտնի գետակներից են Սև ջուրը (սկզբնավորվում է Մասիսի հյուսիսային ստորոտից), Տամբատը (սկզբնավորվում է Մասյաց թիկունքից) և Գինոն (սկիզբ է առնում Մասիսի ձյունոտ լանջերից և Ս. Հակոբա աղբյուրից), որոնք միախառնվում են Երասխին:
Մասյացոտնը հռչակված է եղել իր որդան կարմիրով, հարուստ բուսականությամբ, խնձորենու, տանձենու, կեռասենու, ծիրանենու, դեղձենու, ընկուզենու մրգատու ծառերով, բազմազան վայրի հավքերով ու կենդանիներով:
Գավառի տարածքը հնում եղել է արքունի տիրույթ և հայ թագավորների որսատեղի: IX-XI դդ. այն պատկանել է Բագրատունիներին, իսկ XII-XIII դդ.՝ Զաքարյաններին: Մասյացոտնը XVI-XIX դդ. մտել է Երևանի խանության Սուրմալուի (Ս. Մարիամի) մահալի, իսկ 1850 թ.-ից՝ Երևանի նահանգի Սուրմալու գավառի կազմի մեջ: Առաջին համաշխարհային պատերազմից հետո այն անցել է Թուրքիայի տիրապետության տակ:
Մասյացոտնի հնագույն բնակավայրերից հիշատակվում են Ակոռին, Փառախոտը, Ցոլակերտը, Տամբատը, Ոսկիողան, Դաժգույնքը, Վարազկերտը, Կռուակսը, Ուղյացը: Մասյացոտնի գլխավոր քաղաքը Բայազետն էր (Հանրագիտական բառարան բաղկացած երկու հատորից, հատոր I, Ա-Ն., կազմեց Համբարձում Առաքելյան, Թիֆլիս, 1915, էջ 1939)։
Պատմական Ակոռի գյուղը գտնվում էր Մեծ Մասիսի հյուսիս-արևմտյան լանջին՝ վիհի եզրին: Այն հետջրհեղեղյան ժամանակաշրջանի աշխարհի ամենահին գյուղն է (Հ. Ս. Էփրիկեան, Պատկերազարդ բնաշխարհիկ բառարան, հատոր առաջին, Վենետիկ - Ս. Ղազար, 1903, 905, էջ 85): Ըստ հայկական ավանդության՝ համաշխարհային ջրհեղեղից հետո Նոյ Նահապետն այդ վայրում տնկել է ուռենի, որտեղից էլ առաջացել է Արկուռի-Ակուռի անվանումը: Մեկ այլ ավանդազրույցի համաձայն՝ Նոյն Ակոռիում կառուցել է խորան և այնտեղ զոհ մատուցել՝ ջրհեղեղից փրկվելու համար (Х. Ф. Б. Линч, Арменiя, путевые очерки и этюды, переводь съ английскаго Елизаветы Джунковской, въ двухъ томахъ, томъ I, Русскiя провинцiи, Тифлисъ, 1910, с. 239): Վահանանց 481-484 թթ. ժողովրդաազատագրական երկրորդ պատերազմի ժամանակ հայկական 400 հոգանոց ջոկատը Ակոռիում ջախջախիչ պարտության է մատնել պարսկական 7000-անոց զորագնդին: 703 թ. Ակոռիից ոչ այնքան հեռու գտնվող Մասյացոտն գավառի Վարդանակերտ գյուղի մոտ հայ ապստամբական ուժերը փայլուն հաղթանակ են տարել արաբների դեմ: Իսկ 938 թ., երբ արաբները հարձակվեցին Աբաս Բագրատունու վրա, Գագիկ Արծրունին, որն իր զորքով բանակել էր այս կողմերում՝ «առ լերամբ Գինոյ կոչեցեալ բլեր», հաղթեց թշնամու 13 հազ. բանակին, որը 8000 զոհ տալով՝ նահանջեց (Թովմա Արծրունի և Անանուն, Պատմություն Արծրունյաց տան, Երևան, 1978, էջ 303-304):
Ակոռին ունեցել է 300 տուն բնակչություն (Հանրագիտական բառարան բաղկացած երկու հատորից, հատոր I, Ա-Ն., կազմեց Համբարձում Առաքելյան, էջ 63): Միջին դարերում այն եղել է Խոր Վիրապի եպիսկոպոսական թեմի կենտրոնը, իսկ XVII դ., Զաքարիա Քանաքեռցու վկայությամբ, այնտեղ արդեն նստում էր այլազգի կառավարիչ՝ «սուլթան» տիտղոսով:
VII դ. Անաստաս Ա Ակոռեցի կաթողիկոսը (661-667) Ակոռիում կառուցել է Ս. Առաքելոց ոչ մեծ գմբեթավոր եկեղեցին:
Մեծ Մասիսի հյուսիս-արևելյան ստորոտին էին գտնվում խաչաձև հորինվածքով Ս. Հակոբի փոքր եկեղեցին և միաբանների կացարանները: Վանքի տարածքում գտնված և XIII-XIV դդ. թվագրված արձանագրությունների մի մասը հրատարակել է Դյուբուա դը Մոնպերյոն:
Պատմական Ակոռին և նրա տարածքում գտնվող հուշարձանները հիմնովին կործանվեցին 1840 թ. հունիսի 20-ի (ն. տ. հուլիսի 2-ի) երեկոյան տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով և թաղվեցին քարաբեկորների հաստ շերտի տակ: Երկրաշարժից առաջ գյուղն ունեցել է 2200 բնակիչ, որից 1600-ը հայեր էին: Գյուղի բնակիչները զբաղվել են հիմնականում այգեգործությամբ: Ակոռիում եղել է երկու վարժարան: Արարատի գագաթ բարձրանալու ճանապարհին Ակոռիում են եղել ճանապարհորդներ Ֆ. Դյուբուա դ Մոնպերյոն, Բ. լը Գուզը, Ֆ. Պարրոտը և Հ. Աբիխը: Ներկայումս նրա գտնված տեղից ոչ հեռու գոյություն ունի մեկ այլ գյուղ, որը ևս կոչվում է Ակոռի, բայց ի տարբերություն Հին Ակոռու այն անվանակոչվել է Նոր Ակոռի: XIX դ. վերջին Նոր Ակոռին ուներ 50 տուն բնակչություն, եկեղեցի և ռուսական ամրոցաձև պահակատուն:
XX դարասկզբին Մասյացոտնում կար ավելի քան 30 բնակատեղի, որոնցից նշանավոր էին Մուսա-Կետիկը, Նոր Ակոռին, Օրկովը, Դաշբուռունը (Քարակիրթ) և այլն:
Ավետիս ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Պատմ. գիտ. թեկնածու, պրոֆեսոր
Ⲿպատմություն
Մասյացոտն (գրաբար՝ Ոտն Մասեաց, թարգմանություն՝ «Մասիսների ստորոտ»)՝ գավառ Մեծ Հայքի Այրարատ նահանգում, իր անունն ստացել է համանուն լեռնագագաթների անունից, տարածվում էր Մեծ և Փոքր Մասիսների հրաբխային զանգվածների շրջանում, խիստ լեռնային գավառ է, ունի սուր կլիմա։ Մասյացոտնի պատմական վայրերից նշանավոր է Ակոռի գյուղը, որտեղ Սասանյան Պարսկաստանի դեմ ծավալված երկրորդ ապստամբության ժամանակ (481-484 թթ.) հայկական մի փոքրիկ զորամաս փայլուն հաղթանակ տարավ թշնամու մի քանի հազար զինվորներից բաղկացած խոշոր զորագնդի դեմ։ Հենց այդ կարևոր դեպքով էլ Ակոռի անշուք գյուղը նշանավորվեց հայ ժողովրդի պատմության մեջ։ Ակոռի գյուղը գտնվում է Մեծ Մասսի հյուսիսարևմտյան լանջին։ Նա հիմնովին կործանվեց 1840 թվականին Մասսի շրջանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով։ Ներկայումս նրա գտնված տեղից ոչ հեռու գոյություն ունի մի այլ գյուղ, որը ևս կոչվում է Ակոռի։ Պատմական Ակոռի գյուղը վերջինից տարբերելու համար ընդունված է կոչել Հին Ակոռի։
Թ. Խ. Հակոբյան, Հայաստանի պատմական աշխարհագրություն (Ուրվագծեր), Երևան, 2007, էջ 139-140
Երբ Խոսրով թագավորը այս աշխարհից փոխվեց, Մեծ Հայք աշխարհի թագավորական իշխանությունը առավ Խոսրովի որդին՝ Տիրանը: Նույնպես և մանուկ սուրբ Հուսիկը հաջորդեց ու գրավեց Հայոց հայրապետների տեղը: Տիրան թագավորը, սովորության համաձայն, նրա հետ գումարեց մեծ նախարարներին... Այս բոլորին հրամայեց Վաղարշ մեծ հազարապետի հետ գնալ, երանելի Հուսիկին արքունական կառք նստեցնել, առնել տանել սահմանակից Գամիրքի Կեսարիա մայրաքաղաքը` մանուկ Հուսիկին հայրապետների առաքելական աթոռը բարձրացնելու համար: Նրանք ելան գնացին ու հասան Կեսարացոց քաղաքը և կաթողիկոս ձեռնադրել տվին Հուսիկին, Վրթանեսի որդուն, նրան նստեցրին Թադեոս առաքյալի և իր պապի՝ մեծն Գրիգորի աթոռը, և մեծ խնդությամբ ետ դարձան ողջ-առողջ և առողջությամբ եկան հասան Այրարատյան աշխարհը: Եվ իրանցից առաջ ավետավորներ ուղարկեցին երկու Ծոփքերի երկու իշխաններին: Այս լսելով՝ ինքը թագավորն անձամբ բոլոր բանակի բազմության հետ նրան ընդառաջ էր գնում դաշտերով մինչև Տափերի կամուրջի այն կողմը: Ապա միմյանց ցանկալի ողջույն տալով՝ անցնում էին Տափերի կամուրջը, մտնում էին մեծ Արտաշատ քաղաքը, դիմում եկեղեցին, ցանկալի մանուկ Հուսիկին նստեցնում էին հայրապետական աթոռը։
Փավստոս Բուզանդ, Հայոց պատմություն, Երևան, 1987, էջ 50-51
Եվ ապա մեր նախարարներից ոմանք, խաբվելով չարի կողմից, ուրացան քրիստոնեական հավատքը՝ հնազանդվելով հեթանոսական կրոնին: Իսկ նրանցից ավագ երկու անձ՝ Շավասպ Արծրունին և Վնդոն, որ Դվին քաղաքից էր, հրամայում են շինել Որմզդական մեհյան ու կրակապաշտության տաճար: Շերոյին կարգում է քրմապետ և պարսկական մատյանով բազում անհնարին ու չար գործերի կարգ է սահմանում՝ խավար ու նսեմ պիղծ կրոնական օրենքով լի: Քաջ Վարդանը՝ մեծն Սահակի թոռը, լսելով, որ մարեց եկեղեցու բարեկարգությունը, և տարեկան տոները պատմության վերածեցին, հանկարծակի զորք գումարելով և հանդուգն հարձակմամբ վրա հասնելով՝ անօրեն Շավասպին կարծես շանթահար սրով սպանում է և Մշկան մարզպանին էլ փախուստի մատնում: Ձերբակալելով պիղծ Վնդոյին՝ այրում է Դվինում նրա շինած ատրուշանի վրա, իսկ նրա որդի Շերոյին էլ մեհյանի փայտից կախում: Եվ մեհյանի տեղում էլ կառուցում է մի մեծ եկեղեցի՝ Սուրբ Գրիգոր անվանակոչմամբ՝ այնտեղ տեղափոխելով Հայրապետական աթոռը: Եվ հաստատում ու դրան է նստեցնում Գյուտ մեծ հայրապետին:
Հովհաննես Դրասխանակերտցի, Հայոց պատմություն, Երևան, 1996, էջ 62-63