Վարք սրբոց

Շնորհք պտր. Գալուստյան Աստվածաշնչական սուրբեր

Շնորհք պտր. Գալուստյան Համաքրիստոնեական սուրբեր


Շնորհք պտր. Գալուստյան Հայազգի սուրբեր


Հակոբ Մծբնացի (Հակոբ Մծբնա հայրապետ)



Սբ Հակոբի գերեզմանը Մծբինի ասորական եկեղեցում, նկարը՝ Joao Leitao

Սբ Հակոբ Մծբնացին մեկն է Հայոց Եկեղեցու ամենաժողովրդական սրբերից, ում անունով կան նաև եկեղեցիներ: Ապրել է Գ-դ դարերում: Սբ Հակոբը, ըստ հայոց ազգային ավանդության, սբ Գրիգոր Լուսավորչի հորաքրոջ` Խոսրովուհու որդին է, իսկ հեփթաղների ցեղին պատկանող նրա հոր անունն էր Տիրան: Նա ծնվել է Պարսից երկրում, այնուհետև տեղափոխվել Կեսարիա և այնտեղ ուսում առել: Կամենալով ապրել ճգնավորական կյանքով` հեռանում է Միջագետքի անապատները և հաստատվում Մծբինին մոտակա մի վանքում, որի վանահայրն էր սբ Մարուգեն` մի սքանչելագործ և մարգարեական շնորհով օժտված ճգնավոր: Երբ Մաքսիմինոսի օրոք սկսվում են քրիստոնյաների հալածանքները, սբ Հակոբը մեծ օգնություն է մատուցում խոստովանողներին` նրանց այցելելով ու քաջալերելով, սակայն Աստծո նախախնամությամբ նրան որեւէ վնաս չեն հասցնում: Հալածանքների դադարից հետո Հակոբ Մծբնացին իրեն հանձնում է լիակատար առանձնության` լեռներում բացօթյա ապրելով խոտաբուտ կյանքով: Նա ստանում է մարգարեության և հրաշագործության շնորհներ: Լեռից իջնելով Մծբին` իր վանքը` սբ Մարուգեից իմանում է, որ կան մարդիկ, ովքեր չեն հավատում ջրհեղեղի և Նոյան տապանի աստվածաշնչյան պատմությանը, ուստի որոշում է գտնել այդ տապանը: Մտնելով Հայաստան` սբ Հակոբը հասնում է Արարատ լեռանը, սակայն չի բարձրանում, քանի որ երբ ննջած է լինում լեռան ստորոտում, հրեշտակը հայտնվելով` նրան տապանից մի կտոր է տալիս` ասելով, որ կարիք չկա այլևս լեռ բարձրանալու: Հետագայում Արարատ լեռան ստորոտում կառուցվում է սբ Հակոբի անունով եկեղեցի, և այդ տարածքում հոսող մի աղբյուր ևս կոչվում է Սբ Հակոբի անունով: 

Երբ Պարսից Շապուհ արքան զորքով պաշարում է Սծբին քաղաքը, սբ Հակոբի աղոթքներով քաղաքը փրկվում է կործանումից: Երբ Մծբին քաղաքի եպիսկոպոսը վախճանվում է, նրա փոխարեն սբ Հակոբին են ընտրում եպիսկոպոս, ինչպես նախապես մարգարեացել էր Հակոբին նրա ուսուցիչ սբ Մարուգեն: Սբ Հակոբ Մծբնացին և նրա ուսուցիչ Մարուգեն շատ երկար են համագործակցել միմյանց հետ` միասին քարոզել, հրաշքներ գործել` հարազատ լծակիցների նման: Միասին էլ մարգարեանում են Պարսից Մելիտոս եպիսկոպոսի նահատակության մասին, երբ վերջինս գտնվում էր Մծբին քաղաքում: Այս պատճառով էլ Մելիտոս կամ Մելես եպիսկոպոսին մեր Եկեղեցին հիշատակում է երկրորդ անգամ սրբեր Հակոբի և Մարուգեի հետ նույն օրը: Սբ Հակոբը Մծբինում հիմնում է աստվածաբանական դպրոց: Նրա աշակերտներից է սբ Եփրեմ Ասորին: Սբ Հակոբը 325 թ.-ին մասնակցում է Նիկիայի առաջին տիեզերաժողովին: Խաղաղությամբ վախճանվում է շուրջ 338 թ.-ին: 

Վերջին շրջանում հնագետները Մծբին քաղաքում, որն այժմ կոչվում է Նուսայբին եւ գտնվում Թուրքիայի և Իրաքի սահմանին, հայտնաբերել են Մծբինի մեծ եկեղեցին (ասորական) և վերջինիս մեջ` սբ Հակոբի գերեզմանը: Նրա նշխարները հետագայում տարածվել են քրիստոնեական աշխարհի բազմաթիվ վայրերում, ինչպես նաև Հայաստանում: 

Երկար դարեր սբ Հակոբին է վերագրվել հոգեւոր ճառերի «Զգոն» կոչվող ժողովածուն, սակայն գիտությունն արդեն պարզել է, որ դրանց հեղինակն իրականում Ափրաատն է: 

Մծբինի Սբ Հակոբ ասորական եկեղեցու (Դ դար) ներսը։ Այս եկեղեցում է սբ Հակոբի գերեզմանը։ Նկարը՝ Mar Sharb-ի։

Սուրբ Սարգիս զորավար

Հայսմավուրք, Քրիստոսատուր Ծաղկող, Կաֆա, 1713 թ.






16֊րդ դարի սրբապատկեր

Քրիստոսի մեծ վկա սուրբ Սարգիսը Գամիրքից էր, ազգությամբ՝ հռոմեացի: Նա իր քաջասիրտ արիության համար մեծն Կոստանդիանոս կայսեր կողմից Կապադովկիայի փառավոր իշխան ու կառավարիչ էր կարգվել: Սուրբ Սարգիսը, որ աչքի էր ընկնում իր քրիստոնեական բարեպաշտությամբ, կործանում էր չաստվածների մեհյաններն ու եկեղեցիներ էր կառուցում, խորտակում էր կուռքերի զոհարաններն ու տերունական Խաչն էր կանգնեցնում: Նա առավել բազմաքանակ էր դարձնում քահանաների ու Քրիստոսին ծառայողների դասը, ողորմություն էր տալիս և իր ունեցվածքից առատապես բաշխում էր աղքատներին ու կարիքավորներին: Սակայն բարեպաշտ Կոստանդիանոս կայսեր և նրա որդիների թագավորելուց հետո գահ է բարձրանում մեծն Կոստանդիանոսի եղբորորդի Հուլիանոս Ուրացողը, և այս պիղծ գահակալի թագավորության ժամանակ Քրիստոս երևում է սուրբ Սարգսին ու ասում նրան. «Ժամանակն է, Սարգի՛ս, որ ելնես քո երկրից ու ժողովրդից, ինչպես նախկինում Աբրահամը, և գնաս ա՛յն երկիրը, որը Ես քեզ ցույց կտամ»:

Եվ սուրբը, իր անշարժ ու շարժական ողջ հարստությունը բաշխելով աղքատներին, վերցնում է մորից որբացած իր որդի Մարտիրոսին ու գնում դեպի Արևելք՝ հայոց Տիրան արքայի մոտ: Սակայն Տիրանը սուրբ Սարգսին ապաստանելու վայր չի հատկացնում՝ վախենալով, որ գուցե այդ պատճառով Հուլիանոսն ավերի հայոց երկիրը: Ուստի սուրբ Սարգիսը գնում է Խորասան՝ պարսից Շապուհ արքայի մոտ, ում դեմ մեծ զորքով պատրաստվում էր պատերազմ մղել նույն Հուլիանոս կայսրը, որի զորքի թիվը երեք հարյուր վաթսուն հինգ հազար էր: Հուլիանոսը իր զորքում եղող քրիստոնյա զորականներին հրամայում է հետ դառնալ, որպեսզի, ինչպես ինքն էր ասում, չաստվածները չբարկանային իր վրա: Մինչդեռ մնացյալ զորքի կազմի մեջ էին մտնում անգամ վաճառականներն ու բեռնակիրները՝ թվով քառասուն չորս հազար հոգի, մինչև իսկ որոնց, բացառությամբ կերակուր պատրաստողների ու մատուցողների, Հուլիանոսը կարգադրել էր զենք վերցնել ու կռվել: Իսկ ինչ վերաբերում է սուրբ Խաչափայտի նշանին, որը մինչ այդ, ընդունված սովորության համաձայն, տանում էին զորքի առջևից, ապա Հուլիանոսը կարգադրում է, որ այն հետ չդարձնեն, այլ շարունակեն նույն սովորությունը, այն պատճառաբանությամբ, որ, ինչպես ինքն է ասում, «ո՞վ գիտի, գուցե իրենք պարտվեն պարսից զորքի կողմից, և այդժամ կրած պարտությունը կվերագրվի Խաչյալին ու Նրա Խաչափայտին»:

Այսպիսով Հուլիանոսը, Տիզբոն հասնելով, ավերեց այն, և Շապուհը այնտեղից ելավ ու գնաց Խորասան: Այստեղ էլ, տեսնելով Սարգսին, Շապուհը շատ ուրախացավ ու մեծարեց նրան՝ բարձր պատվի արժանացնելով: Եվ բազում զորքի զորագլուխ կարգելով սրբին՝ ուղարկեց նրան Տաճկաստանի կողմերը՝ Հուլիանոսի զորքերից այդ տարածքները պաշտպանելու նպատակով: Իսկ սուրբ Սարգիսը խոհեմագույն իմաստությամբ քարոզում էր Քրիստոսին՝ ամբողջ զորքը Քրիստոսի հավատին դարձնելով: Այդպիսով պարսից զորքը միաբանվեց սուրբ Սարգիս զորավարի քարոզած բարի հավատի միջոցով ու դուրս եկավ հույների զորքի դեմ....

Վարքն ամբողջությամբ կարող եք կարդալ աղբյուր կայքում՝ surbzoravor.am-ում։