Քարոզներ և հոգևոր զրույցներ



Քարոզում են մեր թեմի հոգևորականները


Քրիստոս՝ յուրաքանչյուր մարդու մեջ

Մենք բոլորս ուղևորներն ենք միևնույն նավի, որը սահում է կյանքի ծովի վրայով: Արդյոք նավաբեկության ժամանակ պատրա՞ստ ենք մեր մակույկն ընդունելու մարդկանց, ովքեր իրենց սեփական փրկօղակը չունեն: Արդյոք պատրա՞ստ ենք, մակույկի ծանրությունից խորտակման վտանգին ենթարկվելով հանդերձ, դեպի ափ գնալու համար ընկերակիցներ վերցնել հետներս:

Ընկերության մասին բաժակաճառեր ենք ասում, բարեկամության մասին գեղեցիկ ներբողներ ենք հնչեցնում, «Սեղանն է առատ»` երգում ենք և բաժակ բաժակի զարնելով` հավերժական ընկերություն խոստանում մեկս մյուսին: Բայց երբ սեղանը առատ չէ, ավելին` բոլորովին դատարկ է, իսկ շուրջը` ընկերոջ փոքրիկ զավակները հաց են նկարում, մենք որտե՞ղ ենք:

Երբ, Աստված մի՛ արասցե, կարիքի ճիրաններում խեղդվելով` հուսահատական մի քայլի գնա մեր մերձավորը, կհայտնվենք նորից ու կասենք. «Ախր ինչո՞ւ այդպես եղավ: Երանի թե մի բան ինձանից կախված լիներ. կանեի ամեն ինչ, միայն թե այս բանը տեղի չունենար»: Կասեինք և գուցե ինքներս էլ կհավատայինք մեր ասածին: Բայց ոչ թե մեկ, այլ շա՛տ բան է կախված մեզանից: Նկատենք ա՛յդ և ճիշտ ժամանակին ճիշտ տեղում լինենք: Լինենք ոչ թե այնքան, որքան հաճելի և հեշտ է մեզ, այլ այնքան, որքան անհրաժեշտ է մեր ընկերոջը:

«Սիրիր ընկերոջդ, ինչպես քո անձը» (Մատթ. 22։39). մեծագույն պատվիրանն է սա: «Ամբողջ մտքով, սրտով, հոգով ու զորությամբ» Աստծուն սիրողներն արդյո՞ք գործնականում կարողանում են ըստ պատշաճի արտահայտել իրենց սերը մարդո՛ւ հանդեպ:

Սերը միայն ժպիտ ու քաղցր խոսքեր չէ: Սերը պատասխանատվություն է և պարտականություն: Սերն աստվածանմանության մեր հատկորոշիչն է: Ի՜նչ հեշտ է սիրել, երբ դիմացինդ համակրելի է և երբևէ խնդիրներ չի ստեղծում քեզ համար: Որքա՜ն լավն է նա, ինչպե՜ս եմ ես սիրում նրան. որովհետև մշտապես, երբ կարիքը ունեմ, կողքիս է: Այդպես սիրել կարող ենք բոլորս: Քչերն են միայն, որ սիրում են ոչ թե հանուն իրենք իրենց, այլ հանուն սիրո առարկայի: Սիրում եմ, որովհետև այդ սերն անհրաժեշտ է քեզ: Որովհետև քո մեջ Քրիստոս է բնակվում: Իմ հացը կուլ չի գնում, երբ գիտեմ, որ Խաչյալ Տերը քաղցած ինձ է նայում: Առողջությունս խաթարվում է խղճի խայթով, երբ Քրիստոս տառապում է անբուժելի ցավից: Որքան էլ տաք հագնված լինեմ, սառը մի շունչ է սողոսկում մարմինս, երբ տեսնում եմ, որ աղքատ մի Ղազարոս ձյունն է կրում իբրև հագուստ: Այսպես ապրո՞ւմ ենք մենք:  «Քաղցած էի, և ինձ ուտելիք տվիք, ծարավ էի, և ինձ ջուր տվիք` խմելու. օտար էի, և ինձ ձեր մեջ առաք, մերկ էի, և ինձ հագցրիք, հիվանդ էի և ինձ տեսնելու եկաք, բանտում էի, և այցի եկաք» (Մատթ., 25:35-36): Քրիստոս ասում է, որ յուրաքանչյուր մարդու հանդեպ հոգատարությունդ խնամք է նախ Իր` Աստծո Որդու հանդեպ:

Անցնում ենք մի մուրացիկի կողքով, հարյուր դրամ ենք դնում նրա գլխարկի մեջ, և, գոհացած մեր ազնիվ արարքից, շարունակում ճանապարհը: Ինչ խոսք, դա բարեպաշտ մարդու արարք է: Բայց բարեպաշտությունը նվազագույն շեմ չի հանդուրժում:

Եթե ամբողջապես լինենք Քրիստոսի ծառան, այդ դեպքում միայն կլինենք մեր անձերի Տերը:

Ծեր մարդ, նկարի հեղինակ՝ Jozef Israëls (1824–1911)

Երբևէ մտածե՞լ ենք՝ ինչո՛ւ է նա` փողոցում կուչ եկած այդ կիսամերկ ծերուկը, այդտեղ անցկացնում իր օրը: Հարյուր դրամ նվիրելով` մեր առաքելությունը նրա կյանքում արդյոք ավարտվե՞ց: Ո՞վ, եթե ոչ մենք, պետք է մեզ աղերսանքով նայող մարդուն ավելին ընծայենք, քան ինքը խնդրում է: Ի՞նչ ունենք դրամից բացի, որ կարող ենք նվիրել նրան` թեկուզ փոքր-ինչ էլ ինքներս մեզ նեղություն պատճառելով: Իհարկե ժամանակ և հոգու ջերմություն: Չէ՞ որ Աստված Հավիտենությունից պոկել և մեզ` մարդկանցս է նվիրել ժամանակի մի երկար ու չընդհատվող շղթա: Այդ խորհրդավոր ու հրաշալի շղթայից մեկ օղակ ինչո՞ւ չտանք նրան, ում համար երբեք ոչ ոք ժամանակ չի ունենում: Նրա համար անտեսված լինելը այնքան սովորական է դարձել, որ երբ մոտենաս և գումարից բացի մեկ այլ օգնություն առաջարկես, գուցե վախենա` կարծելով` ուզում ես վնասել իրեն: Հոգատարություն պարտադրել թերևս պետք չէ, բայց առաջարկելը` պարտադիր է: Շտապում ենք չէ՞, շատ գործեր ունենք: Իսկ ի՞նչ կլիներ, եթե Աստված էլ մեզնից խնայեր հոգատարության իր ժամերը: Այն, ինչ ունենք, պարգև է Տիրոջից: Նոր բան չեմ ասում, և այս արևի տակ որևէ նոր բան էլ չկա ասելու: Եվ այդ ընծաների մի մասը վերադարձնել Աստծուն` ոչ թե մեծ մի բան է, այլ յուրաքանչյուրի պարտականությունը: Ինչ խոսք՝ նեղյալները շատ են, և մենք բոլորին նկատել կամ էլ օգնել չենք կարող: Բայց կարող ենք պահել «մեր բաժին երկինքը» և ոչ թե մեր բաժին երկնքի կեսը կամ դրանից էլ քիչ: Անենք այնքան, որքան առավելագույնս կպատի մեր ուժը:

Նրա՛ ընկերն ենք մենք, ում գահավիժելուց ոչ թե պետք է կանգնենք գլխավերևում ու կարծիքներ հայտնենք ընկնելու պատճառների ու հետևանքների մասին, այլ ձեռք մեկնենք` անգամ եթե նրա անկման ուժը կարող է կորացնել մեր մեջքը կամ ծալել մեր ծնկները:

Ես այսօր էլ չեմ մոռանում այն ծերուկին, որին տեսա տարիներ առաջ. մտավ ճաշարան, որտեղ ես ընթրում էի, և խոհարարից ուտելու բան խնդրեց: Նա երևի հաճախ էր այդպես վարվում` գումար չունենալով պատճառով, իսկ  աշխատակցուհին բարկացավ և փորձեց նրան դուրս հրավիրել: Համառությունը ծերուկին ուղեկցեց դեպի սրահի խորքը, սեղաններից մեկի մոտ նստեց և հրաշքի էր սպասում: Ես շարունակում էի ընթրել, իսկ նա նայում էր. քաղցած մարդը, ում նույնպես, ինչպես ինձ և յուրաքանչյուրին, արարել է մեր Տերը: Եվ եթե ե՛ս չեմ նրա փոխարեն քաղցած ու ցնցոտիավոր, դա իմ արժանիքը չէ, այլ Նրա բարի կամքը, որ ստեղծել է ինձ այնպիսին, ինչպիսին ե՛մ: Այդ պահին մտածում էի` ահա, Քրիստոս է նայում ինձ. հիշեցի ավետարանական հատվածը` «Քաղցած էի և ինձ ուտելիք տվիք»:

Այնուհետև վեր կացա, վճարեցի ընթրիքիս գումարը և… դուրս եկա ճաշարանից:

...Ո՞ւմ էր հարկավոր սուրբգրային այդ տեղիի իմացությունս, եթե ես կյանքի չկոչեցի այն: Ցայսօր այդ մարդու աչքերով ինձ է նայում Քրիստոս, ում քաղցած թողեցի ճաշարանում` բազմատեսակ ուտեստների հարևանությամբ…

Այն դրամը, որով պետք է նրա համար որևէ ուտելիք գնած լինեի, ոզնու նման երկար ժամանակ գլորվում էր խղճիս տափաստանում:

Մաքուր խղճից ավելի մեծ հարստություն մարդը չի կարող ունենալ: Միջոցներ, ժամանակ ու ջանքեր, ինչ խոսք, անսահմանորեն ներդնել չենք կարող: Բայց Աստծուց ստացած մեր պարգևներից առավելագո՛ւյնը պետք է վերադարձնենք Տիրոջը, որին փառք Իր բոլոր բարիքների համար:

Տերը թող օգնի, որ բոլորս զգանք հանդարտ խղճով ապրելու բերկրանքը:


Տ.Եղիշե քհն. Նուրիջանյան

Վերին Արտաշատի Սբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ


Աստված սեր է

Աստված Իր սիրով սովորեցնում է մեզ ճանաչել Իրեն:

Այս մասին գրում է նաև Հովհաննես առաքյալը․ «Սիրենք միմյանց, քանի որ սերն Աստծուց է, և ամեն ոք, ով սիրում է, Աստծուց է ծնված և ճանաչում է Աստծուն։ Իսկ նա, ով չի սիրում, չի ճանաչում Աստծուն, քանի որ Աստված սեր է» (Ա Հովհ․ 4։7-8)։

Սերը սահմանափակ չէ, այն տարբեր դիմագծեր ունի մեր կյանքում, սակայն սուրբ սիրո դրսևորումը, որ իր մեջ բացառում է չարությունը, պետք է կենսահաստատ մնա: Երբ քո հոգում ունենում ես սերը, սիրում ես մերձավորիդ, ապա Տերը բնակվում է այնտեղ, որտեղ դու կաս: Հավատի ու հույսի շղթան գլխավորում է սերը։ Սերը քրիստոնեական առաքինություններից մեծագույնն է: Եվ պատահական չէ, որ Վարդան Այգեկցին սիրո մասին իր խրատում գրում է. «Որդյակնե՛ր, այսուհետև ձեր մեջ սե՛րն ընդունեք, որովհետև սերն Աստծո անունն ու գործն է, քանի որ Նա սիրո պատճառով Իր անձը մահվան մատնեց մեզ համար և նույն սերն էլ հրամայեց մեր մեջ պահել խոնարհությամբ ու առանց նենգության»: Արդարև, բոլոր բարի գործերը Բարձրյալին են հասնում սիրո հաստատուն ներկայության միջոցով, քանզի Քրիստոս ասում է. «Սիրեցե՛ք միմյանց»: Ամեն ինչ սկսվում է սիրուց, որովհետև հենց նրա մեջ են  ամփոփված այն արժեքները, որ մարդ պետք է կրի ամբողջ կյանքի ընթացքում։

Նախ և առաջ քրիստոնյան պետք է սիրի Աստծո ստեղծած աշխարհն ու իրեն շրջապատող մարդկանց։ Մարդասիրությունը չափազանց կարևոր է, հատկապես երբ սիրում ես չդատելով, քանզի միակ դատավորը Բարձրյալն է։ Աստված մեզ սիրում է ոչ թե նրա համար, որ մենք բարի ենք, օրինապահ կամ առաքինի, այլ̀ հենց այնպես, պարզապես սիրում է: Սերը հենց դա է, որ կա. հենց այնպես, առանց պատճառի, այլ ոչ թե ի պատասխան դիմացինի սիրո: Սերը ինչ-որ բանի հետևանք չէ, այն ամեն ինչի իմաստն է…


1619 թ., մանրանկարը՝ Մեսրոպ դպիր Խիզանցու. աղբյուրը

Սիրո անմնացորդ նվիրումից, հավատարմությունից, վստահությունից, քնքշությունից, ապահովությունից բացի կա մեկ այլ՝ շատ ավելի կարևոր հատկանիշ, որով սերն առանձնանում է․ սերը զոհաբերվող է։

Աստվածաշունչը մեզ սովորեցնում է, որ «․․․Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ Իր միածին Որդուն տվեց, որպեսզի ով Նրան հավատում է, չկորչի, այլ ընդունի հավիտենական կյանքը» (Հովհ․ 3։16)։ Քրիստոս այնքան սիրեց եկեղեցին՝ ժողովրդին, մարդկությանը, որ Իր կյանքը զոհաբերեց՝ հանուն նույն այդ մարդկության փրկության։ Եվ ուրեմն քրիստոնեական ընկալման համաձայն` կատարյալ սերն առանց զոհաբերության չի կարող լինել։ Քրիստոս Ինքն էլ ուսուցանում և ասում է․  «Ավելի մեծ սեր ոչ ոք չունի, քան այն, որ մեկն իր կյանքը տա իր բարեկամների համար» (Հովհ․ 15։13)։


Սիրող մարդիկ հավասարապես պարտավոր են գնալ զոհաբերությունների՝ հանուն իրենց սիրո։ «Սերը համբերող է, քաղցրաբարո է. սերը չի նախանձում, չի ամբարտավանանում, չի գոռոզանում, անվայել վարմունք չի ունենում, իրենը չի փնտրում, բարկությամբ չի գրգռվում, չար բան չի խորհում, անիրավության վրա չի ուրախանում, այլ ուրախանում է ճշմարտության վրա. ամեն բանի դիմանում է, ամեն բանի հավատում է, մշտապես հույս է տածում, ամեն բանի համբերում» (Ա Կոր. 13։4-7):

Եկե՛ք սիրելով ճանաչենք Աստծուն, հավատանք, հաստատ մնանք մեր դավանանքի մեջ, որովհետև՝ «Արդ, մնում են այս երեքը՝ հավատ, հույս, սեր, և սրանցից մեծագույնը Սերն է» (Ա Կոր. 13։13)։ 


Տ. Հովակիմ քհն. Հարությունյան

Վեդու Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ

Հրաշքներ


Իրական հրաշքն այն կլիներ, եթե մարդկությունը հրաշքի ակնկալությամբ չապրեր 

«Գնա՛, և ինչպես հավատացիր, այնպես թող լինի քեզ» 

(Մատթ. Ը 13)


Հիսուս Քրիստոս մարդկության փրկագործության առաքելության ընթացքում բազմաթիվ հրաշքներ գործեց: Այդ հրաշքներն անկյալ տիեզերքի աստվածադիր օրենքների խախտում չէին, այլ Աստծո սիրո, զորության ու նախախնամության դրսևորում: Դրանք այն զորեղ ու գերբնական երևույթներն էին, որոնց հաղորդակիցն ու մասնակիցն էր դառնում հենց ինքը՝ մարդը՝ հանդիսանալով այդ հրաշքների առանցքն ու կրողը: Անցնելով մարդկային մտքի, տրամաբանության ու ըմբռնման սահմանագիծը՝ հրաշքներն աստվածհայտնության ու աստվածային փրկագործության  յուրահատուկ դրսևորումներ էին: Հիսուս Քրիստոսի` շուրջ 2000 և ավելի տարիներ առաջ մարդկության մեջ կատարած հրաշքներն այսօր էլ աշխարհին ասելիք ունեն: Մարդկությունը շարունակում է իր կյանքն ապրել աչքերի համար տեսանելի հրաշքներ փնտրելով։ Մեր Տիրոջ զարմանահրաշ գործերը, սակայն, մարդկային բնությանը բնորոշ հետաքրքրասիրությունը բավարարելու նպատակ չէին հետապնդում: Հիսուս Քրիստոսի յուրաքանչյուր արարքի հետևում փրկագործական խորիմաստ ու հեռատես ծրագիր էր թաքնված: Մարդկային սահմանափակ միտքն անընդունակ է չափելու Աստծո սիրո և ողորմության խորությունն ու անհունությունը, այդուհանդերձ հրաշքները՝ որպես աստվածային սիրո և ողորմության դրսևորում, բոլորի վրա չէին տարածվում. հրաշագործությունները պատահական ողորմության արարքներ չէին: Հիսուս Քրիստոս աստվածային իմաստությամբ հրաշքներին մասնակից էր դարձնում նրանց, որոնց համար դրանք նոր՝ ճշմարիտ կյանքի սկիզբն էին ազդարարելու: Դրանով հրաշքները գալիս էին ծառայելու Տիրոջ փրկագործական ծրագրին: Աստվածային ամենատեսությամբ մարդկության պատմության մեծագույն Ուսուցիչը շատ լավ գիտեր, որ մարդկային հետաքրքրությունը բավարարող հրաշքը չպիտի արժևորվեր և ծառայեր իր նպատակին, քանզի հրաշքների վրա հիմնված հավատքը նորանոր հրաշքներ էր պահանջելու՝ մնալով անհաստատ ու անկայուն: Այս ճանապարհով Աստված մարդուն հեռու էր պահում հրաշքների կախյալ անհրաժեշտությունից, որպեսզի նա հրաշքներ տեսնելու մշտատև ակնկալությամբ չապրեր:

Քրիստոնեության պատմությունը լի է զարմանահրաշ սքանչելիքներով ու մեծամեծ հրաշքներով, որոնք տրվել են քրիստոնյաներին որպես հավատքի վկայություններ, որպես Աստծո զորավոր ներկայություն նրանց կյանքում: Հրաշքները եղել են, կան և կլինեն որպես աստվածահաճո ընթացքի վարձատրություն: Բայց Տերն աշխարհ է եկել ոչ թե ամենուր հրաշքներ գործելու, այլ մարդուն ցույց տալու դրանց արժանանալու ճանապարհը։ Հիսուս Քրիստոսի հրաշքների, մասնավորապես՝ հրաշք-բժշկությունների առանցքը մարդու մեծագույն թուլությունը՝ մեղքը մատնացույց անելն էր: Հաճախ հենց մեղքերի ներումով էր մարդը հրաշքով բժշկվում։ Մարդու ուշադրությունը սևեռելով ու կենտրոնացնելով մեղքի գիտակցության վրա՝ Հիսուս Քրիստոս բացահայտում էր հրաշքի էության ընկալման աներևակայելի գաղտնիքը՝ մեծագույն հրաշքն այն կլիներ, որ հրաշք գործելու անհրաժեշտություն չլիներ:

                                                                       

Տ. Հովսեփ քհն. Սարգսյան

Արևշատի Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ


Մանրանկարը՝ Թորոս Ռոսլինի

Ինչ է նախանձը

James Ward, «Անգիտությունը, Նախանձը և Խանդը», 1837 թ., աղբյուրը

Երբ կը խօսինք նախանձի մասին, կը մտաբերենք այն հանգամանքը, թէ ինչպէ՛ս մարդիկ իրենց նախանձի պատճառով շատ սխալներ կը գործեն ու կ'իյնան սատանային լարած թակարդին մէջ։

Նախանձ բառը երբ կը ստուգաբանենք, կը նկատենք, որ բառի մէջ շեշտը կը դրուի նախ անձը դասելուն վրայ։ Ուրեմն, մարդ երբ իր անձը կը համարէ առաջնային ու կարեւորագոյն, ինքնաբերաբար կը սկսի արհամարհել ու անարգել Աստուծոյ պատկերով ու նմանութեամբ ստեղծուած մարդ արարածը։

Նախանձը նախ եւ առաջ կը վնասէ նոյնինքն նախանձող մարդը, որովհետեւ իր եսասիրութիւնը թոյլ չի տար իրեն տեսնելու իր շուրջը եւ գնահատելու ու արժեւորելու զինք շրջապատող մարդիկը։ Այս եսասիրութիւնը մարդուն մէջ կը սերմանուի սատանային կողմէ, որովհետեւ այդ սերմին ճամբով կրնայ նաեւ մարդուն մէջ աճեցնել այլ հունտեր, որոնք յետագային կը դառնան այդ մարդուն կործանման պատճառը, եւ այդ կորուստը երբեմն կ'ըլլայ անդառնալի ու յաւիտենական։

Նախանձը եթէ նայինք նաեւ քրիստոնէական պրիսմակէն, պիտի նշմարենք, որ նախանձը նաեւ կը համարուի Հայ Առաքելական Եկեղեցւոյ եօթը մահացու մեղքերէն մէկը։ Մահացու կը կոչուի, որովհետեւ մարդը կ'առաջնորդէ մահուան։ Մահացու, որովհետեւ մարդը իր մէջ գոյութիւն ունեցող թունաւոր մաղձը կը թափէ այլ մարդու վրայ, որուն կործանման ու երբեմն ալ մահուան պատճառ կ'ըլլայ, զուտ այն առումով, որ նախանձող մարդը անգիտակցաբար կը գործէ մեղքեր, որոնք ո՛չ թէ աններելի են Աստուծոյ համար, այլ անդառնալի եւ անսրբագրելի են ի՛ր իսկ անձին համար։

Իւրաքանչիւր մեղքի վարձատրութիւնը մահ է (հմմտ. Հռոմ. 6:23), իսկ այս եւ այլ մեղքեր եկեղեցւոյ կողմէ դասուեր են մահացու մեղքերու շարքին, պարզ այն պատճառով, որ միւս՝ ոչ մահացու մեղքերը մարդ կը գործէ իր տկար բնութիւն ունենալուն պատճառով, իսկ նախանձով լեցուած մարդը նոյնիսկ կ'ուրանայ զԱստուած եւ Արուսեակ հրեշտակապետի նման կը յանդգնի Աստուծոյ փառքն ու պատիւը խլել եւ երբ իր նպատակին չի հասնիր, կը գործէ տարատեսակ ու բազմապիսի մեղքեր, որոնց հետեւանքը կ'ըլլայ ո՛չ թէ պարզապէս իր նմանին վնասներ պատճառելը, այլեւ ու մանաւանդ՝ ի՛ր իսկ անձը յաւիտենական գեհենի դատապարտելը։

Նախանձը մարդուն գործած բազմաթիւ ու վնասաբեր մեղքերուն ելակէտը կը հանդիսանայ շատ անգամ։ Հետեւաբար, հեռու մնանք նախանձին վնասաբեր հետեւանքներէն՝ մեր անձը պահելով չարէն ու չարիքէն, նախանձէն ու ատելութենէն, ոխէն ու քինախնդրութենէն, որպէսզի մենք մեզ կատարելապէս մաքրենք՝ Աստուծոյ երկիւղովը ապրելով։


Տ. Պարգեւ քհն. Պալգէորգեան



ՄԵԾ ՊԱՀՔ

Տեսանյութեր


Արտաքսման կիրակի, Եզնիկ քհն. Մարդիրյան

Անառակի կիրակի, Մխիթար քհն. Ալոյան

Տնտեսի կիրակի, Աբրահամ քհն․ Մարտիրոսյան

Անիրավ դատավորի կիրակի, Մխիթար քհն․ Ալոյան

Դատավորի կիրակի-2022.mp4

Գալստյան կիրակի, Ղազար քհն․ Թորոսյան

Ծաղկազարդ, Գևորգ եպս Սարոյան

Արտաքսման կիրակի


Տիեզերքի կենտրոնում մենք ենք` մարդիկս՝ Աստծո արարչագործության թագն ու պսակը:

Մեր կյանքը, կյանքի յուրաքանչյուր վայրկյանը պարգևն է մեր Երկնային հոր, որի պատկերով ու նմանությամբ ենք արարված:

Եդեմական երանությունից արտաքսված` մեր կյանքը վերադարձի մի ճանապարհ է դեպի Ավետյաց երկիր:

Մեծ պահքի երկրորդ կիրակին ունի Ադամի և Եվայի` դրախտից արտաքսվելու խորհուրդը:

Մեր կյանքի ամեն օրը արտաքսման և վերադարձի անվերջ մի ճանապարհ է:

Օձը հրապուրեց Եվային` ճաշակել տալով բարու և չարի գիտության պտղից: Մինչ այդ նախաստեղծ մարդը ապրում էր դրախտային երանության և անսահման բարու տարածքում:

Եվ գիտության պտղով նա ճանաչեց նաև չարը:

Ապրում էր բարության այգում, և քանի որ չկար համեմատության գայթակղությունը, ուստի մարդը վայելում էր, ապրում էր, զգում Աստծո ներկայությունը`առանց ընտելանալու երանավետ վիճակին, իր մեջ չկրելով ձանձրույթ կոչվող ախտը:

Եվ եկավ ինքը` գայթակղությունը` օձի կերպարանքով` ասելու, որ կա մեկ այլ բան, քան այն ամենը, ինչ տեսնում են և ինչ ունեն Ադամը և նրա կողակիցը:

Կյանքի կերպի այլընտրանքը, նոր իրողություն ճանաչելու ցանկությունը խախտեցին մարդկանց խաղաղ առօրյան:

Չարը դարձավ ճանաչելի: Եվ Երկիր մոլորակի առաջին բնակիչները, իրացնելով իրենց անձնիշխանությունը, հակվեցին դեպի չարը: Ազատ կամքն ինքնին դեռևս չարիք չէ: Չարիք է, երբ այդ կամքը գործադրվում է սատանային ծառայակից լինելու համար:

«Դրանից չուտեք և չմոտենաք, որպեսզի չմեռնեք» (Ծննդ. 2։17),- պատվիրել էր Աստված: Բայց աստվածային պատգամը վիճարկվեց: Պտուղը ճաշակեց նաև Ադամը` հետևելով կողակցի հորդորին:

Եվ մահը Ադամով մտավ աշխարհ:

Երբ Ադամի և Եվայի տեսադաշտում չարի գիտությունն էլ բարու կողքին հայտնվեց, նրանք սկսեցին նկատել իրենց մերկությունը:

Եվ փորձեցին թաքնվել Աստծուց:

Այդպես է անում նաև այսօր մեզանից յուրաքանչյուրը. անտեսելով Աստծո պատվերները և պատասխանատվությունից խուսափելու համար փորձում ենք թաքնվել Աստծուց:

«Ո՞ւր ես»,- կանչում է Աստված (Ծննդ. 3։9): Սա մեզ դեպի հետ` դեպի դրախտային խաղաղությունը կանչող ձայնն է, որի դեմ փակում ենք մեր ականջները: Փակում ենք, որովհետև չարի որոգայթները գայթակղիչ են, իսկ մենք այդ թակարդներում դեռ մի քիչ էլ ենք ուզում մնալ…

«Ո՞ւր ես»,- ձայն է տալիս Աստված, իսկ մենք Ադամի նման պատասխանում ենք Նրան. «Նա՛ տվեց ինձ այդ պտուղը, և հասկացա, որ մերկ եմ. դրա համար թաքնվել եմ»: Իսկ «նա», ում մեղավոր ենք համարում մեր սայթաքումների համար, իր հերթին ի՛ր արդարացումն ունի. «Օ՛ձը խաբեց ինձ» (հմմտ. Ծննդ. 3։12-13):

Մեզանից շատերը, որ մեղադրում են առաջին մարդկանց` դրախտային կյանքը կորցնելու համար, այսօր ոչնչով չեն տարբերվում Ադամից ու Եվայից:

Մեղանչում ենք և մեր արարքն արդարացնող պատճառներ փնտրում, հեռանում ենք Աստծուց և փորձում թաքնվել Ամենատեսի աչքից. ինքներս մեզ արտաքսում ենք Աստծո ներկայության այգուց:

Այնուհետև աղոթքով և ապաշխարանքով դեպի Աստված վերադառնալու փոխարեն սկսում ենք շողոքորթել Բարձրյալին:


«Ո՞ւր ես»,- ազդու ձայնով ողջ մարդկությանը և յուրաքանչյուր մարդու մի վերջին անգամ կանչեց Աստված: Այդ ձայնը, այդ փրկչական խոսքը կոչվում է Հիսուս Քրիստոս:

Եթե Ադամով մեղքը, մեղքով էլ` մահը աշխարհ մտավ, Քրիստոսով մենք ազատագրվեցինք մահվան ճիրաններից` մեղքերից մաքրվելու ճանապարհով:

Բացվեցին Եդեմական պարտեզի դարպասները, և մարդկությունը նորից ճանապարհ ընկավ դեպի Կորուսյալ դրախտ:

«Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը,- ասաց Հիսուս,- այլ կերպ չեք կարող մտնել Երկնքի արքայություն, եթե ոչ ինձանով» (Հովհ. 14։6):

Եվ մենք` մարդիկս, դարձանք հավիտենության արարածներ: Հավիտենությունը այստեղ է` մեր մեջ: Հավիտենական արքայությունը կարող ենք վայելել հիմա, այս վայրկյանից սկսած զգալ Աստծո, Քրիստոսի ներկայությունը, Սուրբ Հոգու ներգործությունը:

Զգալ անմահության բերկրանքը: Իսկ դրա համար անհրաժեշտ է ապրել մաքուր խղճմտանքով` Քրիստոսի պատվերների կատարմամբ:

«Իսկական տոնը մաքուր խղճմտանքն է»,- ասում է սուրբ Հովհան Ոսկեբերանը: Իսկական տոնը Աստծո ներկայությունը վայելելն է:

Հավատը մշտական պայքարն է կասկածի հետ: Այդ պայքարում թող թրծվի մեր հավատը: Լինենք խոնարհ, ճիշտ տնօրինենք կյանքի` մեզ բաժին ընկած ժամանակը, Աստծուց մեզ տրված շնորհներին հաղորդակից դարձնենք մեզ շրջապատողներին:

Լինենք խոնա՛րհ, այլապես Աստված Ինքը կխոնարհեցնի մեզ մարդկանց առջև:

Եվ չշեղվենք ճանապարհից, որը տանում է դեպի Ավետյաց երկիր, դեպի կորցրած դրախտը: Ճանապարհ, որը մատնանշել է մեզ մեր Տերը` Հիսուս Քրիստոս:


Տ. Եղիշե քհն. Նուրիջանյան

Վերին Արտաշատի Սբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ

Զղջում և թողություն


Զղջումը պետք է ունենա սկիզբ և ավարտ:

Այսինքն՝ նույն սխալի համար զղջման ապրումը չպետք է ողջ կյանքում հետներս տանենք: Չէ՞ որ, ի վերջո, դա միակ սխալը չէ մեր կյանքում:

Եթե զղջում ենք, ուրեմն անցնենք նաև հաջորդ փուլերով. թողության արժանանանք և գործված սխալի այդ պատմության էջը փակենք:

Չարն ուրախանում է, երբ տեսնում է, որ սխալի համար զղջում ենք, սակայն չգիտենք ինչպես վարվել այդ զղջման հետ:

Երբ անկեղծ զղջումից ու թողություն ստանալուց հետո նորից երկմտում ենք` տեսնես Աստված ինձ ներե՞ց, այդ ժամանակ նեղացնում ենք Փրկչին:

Այդ ժամանակ կարծես ասելիս լինենք Քրիստոսին` իզուր էլ այդքան չարչարվեցիր և արյուն թափեցիր:

Արդ, պիտի վստահենք Աստծուն ու հավատանք, որ ներեց:

Ուրեմն՝ զղջումը վերցրած` պետք է անցնել խոստովանության, քավության և թողության հանգրվաններով:

Ի դեպ, պատկերավոր եթե ասենք, քավությունն այն է, երբ մեր մեղքը պարզում ենք դեպի Աստված: Իսկ թողությունն այն է, երբ Աստված վերցնում է այդ մեղքը և իսպառ ջնջում:

Միջնորդը օծյալ հոգևորականն է:

«Ինչ որ կապեք երկրի վրա, կապված կլինի երկնքում։ Եվ ինչ որ արձակեք երկրի վրա, արձակված կլինի երկնքում» (Մտթ. 18:18)։

Երբ արժանանանք թողության, այլևս չպետք է սակարկենք Աստծո Որդու թափած արյունը կամ արյան գինը:

Երբ ստանանք թողությունը, վեր կենանք, փառք տանք ամենաողորմած Տիրոջը և թեթևացած գնանք առաջ։

«Գնա՛ և այսուհետև մի՛ մեղանչիր» (Հովհ. 8:11)։

Ամենևին չհուսահատվե՛նք, որովհետև Աստված սիրում է մեզ:


Տ. Եղիշե քհն. Նուրիջանյան

Վերին Արտաշատի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ


Անառակի կիրակի. երջանկության աղբյուրը առաքինությունն է


Ռեմբրանդտ, «Անառակ որդու վերադարձը», լուսանկարը՝ Lluís Ribes Mateu

Մեր կյանքում լինում են օրեր, նույնիսկ ամիսներ կամ տարիներ, որոնց ընթացքում չենք համարձակվում երկնքին նայել:

Գիտե՛նք աղոթել, ճանաչում ենք մեր աղերսանքների հասցեատիրոջը և հավատում Նրա զորությանն ու բարեգթությանը, սակայն… զգում ենք, որ համատեղելի չեն մեր ներկա բարքն ու Տիրոջից ներում ստանալու ակնկալիքը:

Դեպի լույսը գնալու համար նախ պետք է դուրս գալ խավարից:

Ավելի պարզ ասած՝ եթե մի վատ արարքի համար ներողամտություն ենք հայցում, պետք է ավելացնենք նաև` «Էլ չեմ անի...»:

«Աստվա՛ծ, ների՛ր ինձ, ես մոլորված եմ»:

Այս խոսքը չենք կարողանում համարձակորեն արտաբերել, որովհետև վախենում ենք լույսից…

Որովհետև գիտենք, որ երբ մեր խնդրանքին ի պատասխան Տերը ասի` «ներս համեցիր», մենք հետ ենք շրջվելու ու նորից փախչելու  դեպի մեղքի գինետուն, դեպի խավարը, որտեղ, մեր կարծիքով, Տերը չի տեսնում մեր խոտելի վարքը:

Բայց Աստված ամենատես է: Նա Ինքը «լույս է, և Նրա մեջ խավար չկա, բոլորովի՛ն չկա» (Ա Հովհ. Ա 5)

Մեծ պահքի երրորդ կիրակին հայտնի է «կորած և գտնված» Անառակ որդու առակով:

Այս առակն իրավամբ համարվում է «Ոսկե Ավետարան» կամ «Ավետարան Ավետարանի մեջ»: Պատմություն, որին կարելի է տարբեր կողմերից մոտենալ և յուրաքանչյուր եզրից էլ քաղել ճիշտ ապրելակերպի մատչելի ու հավիտենական դասեր:

Տվյալ պարագայում մենք ելակետ չենք ընդունում «Ոսկե Ավետարանի» այն մեկնությունը, ըստ որի` ավագ որդին օրինապաշտ հրեան է, իսկ կրտսերը` դեպի քրիստոնեություն դարձող հեթանոսը:

Այլ փորձում ենք պատմությունը ներկայացնել յուրաքանչյուրիս հավատքի դեգերումների, Աստծուց խուսափելու և կրկին դեպի Աստված դարձի լուսարձակների ներքո:


…«Մի մարդ երկու որդի ուներ»:

Կրտսերը հորից խնդրում է իր բաժին ունեցվածքը, փողի վերածում և օտար աշխարհներում վատնում ամեն ինչ, որովհետև անառակ կյանքով էր ապրում:

Մենք էլ Աստծուց մեզ տրված շնորհների հանդեպ ենք շատ հաճախ լինում անփույթ, մինչև որ դրանք մեզ փոխ տվողը` Ամենակալը, նորից հետ է վերցնում մեզնից…:

Ի վերջո, աշխարհային կյանքի փոթորիկներից քշված` հասկանում ենք, որ հայրական հարկի խաղաղությունն է իրական երջանկությունը:

Եվ կրտսեր որդու նման, կորցրած ամեն ինչ, նորից ապավինում ենք Աստծուն:

«Հա՛յր, մեղանչեցի երկնքի դեմ ու քո առաջ և այլևս արժանի չեմ քո որդին կոչվելու. ինձ վերցրո՛ւ իբրև քո աշխատավորներից մեկը» (Ղուկ. ԺԵ 18-19):

Երբ օտարացած որդին այս խոսքն արտաբերում է, հայրը գրկաբաց ընդունում է նրան և մեծ ուրախություն սարքում:

Որդին գտնվել էր իրապե՛ս, որովհետև նրա որոշումը վերջնական էր և անփոփոխ` մնալ և հաստատվել հայրական հարկի տակ:

Իսկ ավագ որդին, որ ագարակից էր գալիս, տնից ուրախության ձայներ լսելով և իմանալով եղելությունը, բարկանում է և մնում դրսում կանգնած:

Հայրը նրան աղաչում է, որ ներս մտնի…

«Ինձ երբեք մի ուլ չտվիր, որ բարեկամներիս հետ ուրախություն անեի,- ասում է հորը: - Իսկ երբ եկավ քո այդ որդին… պարարտ եզը նրա համար մորթեցիր» (տե՛ս ԺԵ 29-30):

Հայրը ավագ որդուն ասում է. «Որդյա՛կ, դու միշտ ինձ հետ ես, և ամեն ինչ, որ իմն է, քոնն է. բայց պետք էր ուրախ լինել և ցնծալ, որովհետև քո այս եղբայրը մեռած էր և կենդանացավ, կորած էր և գտնվեց» (ԺԵ 31-32):

Մենք էլ երբեմն տրվում ենք աշխարհի պատրանքներին. մեզ թյուրիմացաբար թվում է, թե Աստված կաշկանդում է մեր ապրելը, զգալը, ուրախանալը, վայելելը… Աստծո հայացքի ներքո ապրելը մեզանից ոմանց սրտնեղություն է պատճառում: Մինչև որ գալիս է ժամանակը, և հասկանում ենք` լավագույնը, որ ունեինք, այն ժամանակ էր, երբ Տիրոջ հավատարիմ զավակն էինք:

Սրբապատկերի լուսանկարը՝ Ted-ի
Bartolomé Esteban Murillo-ի «Անառակ որդու վերադարձը». լուսանկարը՝ Jorge Elías

Իսկական վայելքը հոգու անդորրն է:

Սրտի խաղաղություն, հավասարակշռություն, սթափություն, հավիտենականության բույրն զգալու բերկրանք, հոգեկան մեծ ուժ. մի խոսքով` երջանկություն:

Սա է քրիստոնյայի վարձն այստեղ՝ երկրի վրա:

Իրավ է ասված. «Եթե Աստված մեզ հետ է, ապա տարբերություն չկա, թե ով է մեր դեմ»:

Իսկ Աստծուն մեզ աջակից ունենալու ամենահուսալի ճանապարհը սերն է. սեր յուրաքանչյուր մարդու հանդեպ, սեր` պարտավորեցնող և շրջապատը լուսավորող:

Իսկական երջանկության աղբյուրը առաքինի կյանքն է, որը, ավաղ, շատերս ստիպված ենք լինում հասկանալ «օտար երկրների» փորձառությունից հետո:

Ապրել քրիստոնեավայել` կատարելով աստվածային պատվերները, խնամք տանել ինչպես մարմնին, այնպես էլ հոգուն, բազմապատկել ունեցած շնորհները, սեր տարածել, հարստանալ` բաշխելով և գոհանալ ունեցածով. սրանցից է կազմված քրիստոնյայի և, ընդհանրապես, մարդու իրական ուրախության ծաղկեփունջը:

Ուրախություն, որը մերն է, քանի դեռ ապրում և արարում ենք հայրական հարկի ներքո:

Մնանք հայրական տանը և ի տարբերություն ավագ որդու` գրկաբա՛ց ընդունենք ցոփ կյանքից դեպի քրիստոնեական երջանկություն վերադարձող մեր կրտսեր եղբորը: … Եթե, իհարկե, մե՛նք չենք կրտսերը…

«Ով ասում է, թե ինքը լույսի մեջ է, բայց ատում է իր եղբորը, սուտ է և խավարի մեջ է տակավին»,- ասում է Հովհաննես Ավետարանիչը (Ա Հովհ. Բ 9):

Մենք էլ, հետևելով նույն ավետարանչի հորդորին, մնանք լույսի մեջ` սիրելով իրար ոչ թե միայն խոսքով, այլև «գործով ու ճշմարտությամբ» (Ա Հովհ. Գ 18-19):


Տ. Եղիշե քհն. Նուրիջանյան

Վերին Արտաշատի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ

Տնտեսի կիրակի. անիրավ մամոնայից՝ բարեկամներ


Նկարի աղբյուրը

Գտնվել եկեղեցու ծոցում և քայլել Քրիստոսի խոսքի շավիղներով՝ նշանակում է խոստացված արքայությունն ու հավիտենական երանությունը վայելել այսօր, այս պահին և հիմա: Յուրաքանչյուր օրը պայքար է` նորոգելու սեփական հոգին, որ չվտարվենք Աստծո տնտեսության սպասավորությունից:

Մեծահարուստի և նրա տնտեսի մասին ավետարանական առակը պատմվում է բոլոր եկեղեցիներում: Առակը հետևյալն է. մեծահարուստը, լսելով, որ տնտեսը վատնում է իր ունեցվածքը, որոշում է ազատել նրան զբաղեցրած պաշտոնից: Տնտեսը, ստեղծված իրավիճակից ելք գտնելու և ապագայում էլ կենսական հենակետերը չկորցնելու համար, իր մոտ է կանչում տիրոջ պարտապաններին և զեղչում նրանց պարտամուրհակները:

Նպատակը մեկն էր. պաշտոնից ազատվելուց հետո ապաստան գտնելու հույս ունենալ իր հանդեպ երախտագիտությամբ լցված այս կամ այն ընկերոջ տանը և սեփական ապրուստը հոգալ: Մեծահարուստը, որքան էլ առաջին հայացքից զարմանալի է թվում, գովում է տնտեսին հնարամիտ քայլի համար:

«Այս աշխարհի որդիներն ավելի հնարամիտ են իրենց երկրային գործերը հաջողեցնելու համար, քան «լույսի որդիները՝ իրենց սերնդի մեջ» (Ղուկաս ԺԶ 8): Հիսուսի այս արտահայտությունն է անիրավ տնտեսի առակը հասկանալու բանալին: Փրկչի պատվերն է` աստվածային հրահանգների կատարման մեջ լինել նույնքան ջանասեր, որքան տնտեսը և նրա նմանները՝ իրենց այս աշխարհային գործերը կարգավորելիս:

«Չեք կարող և՛ Աստծուն ծառայել, և՛ մամոնային» (Ղուկ. ԺԶ 13),- ասում է Հիսուս, ապա պատվիրում. «Անիրավ մամոնայից ձեզ համար բարեկամներ արեք, որպեսզի, երբ այն պակասի, հավիտենական հարկերի տակ ընդունեն ձեզ» (Ղուկ. ԺԶ 9):

Իսկ ի՞նչ է մամոնան: Մամոնան նյութն է: Գերի ենք մամոնային, երբ անհրաժեշտից ավելի ենք հոգում սեփական մարմնի պարարտացման մասին: Մեզ տրված նյութական բարիքներից պահ չենք տալիս արքայության ամբարներում` աղքատի և տնանկի, որբի և հիվանդի միջոցով:

Մերկ, քաղցած ու ծարավ է մնում Քրիստոս, մինչդեռ մենք մեկի փոխարեն բազմաթիվ շապիկներ ունենք, ուտում ենք հարկ եղածից ավելին: Խմում ենք աստվածաբուխ աղբյուրներից, իսկ Աստծուն ծարավ ենք թողնում. մեկ բաժակ ջուր չենք տալիս Հավիտենության արքային, Ով մեզ է նայում տնանկ և անուժ որբի կամ ծերունու աչքերով:


«Եղբայրասիրությունը թող հաստատ մնա ձեր մեջ»,— ասում է Պողոս առաքյալը:— «Մի՛ մոռացեք օտարասիրությունը, որովհետև դրա շնորհիվ ոմանք հրեշտակների հյուրընկալեցին առանց իմանալու: Հիշեցե՛ք բանտարկյալներին, որպես թե դուք բանտարկված լինեք նրանց հետ. հիշեցե՛ք նաև չարչարվածներին, քանի որ դուք էլ մարմնավոր եք» (Եբր. ԺԳ 1-4):

«Գանձեր դիզեք երկնքում». Աստվածորդու պատվերն է: Այս աշխարհում արդարորեն վաստակած մեր իրական դրամը կարող ենք կուտակել երկնքում` որպես վճար հավիտենության: Տնանկի ձեռքո՞ւմ է մեր փրկությունը, որբի աչքերո՞ւմ, երբ նրանց դեմքին ժպիտ ենք առաջացնում, հիվանդի սրտո՞ւմ, երբ մեր ժամանակն ու միջոցներն ենք ներդնում հանուն նրա ապաքինման:

Պարծենանք Տիրոջ երկյուղով, խնդրենք Նրանից հավիտենական կյանքը, և այս աշխարհում անհրաժեշտը ավելիով կտրվի մեզ: Եվ Հիսուսի խոսքի համաձայն` անիրավ մամոնային մեզ բարեկամ դարձնենք, որպեսզի «երբ այն պակասի, մեզ հավիտենական հարկերի տակ ընդունեն» (Ղուկ. ԺԶ 9):


Տ. Եղիշե քհն. Նուրիջանյան

Վերին Արտաշատի Սբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ


Դատավորի կիրակի. աղոթքը ուժ է


Նկարի հեղինակ՝ John Everett Millais, աղբյուրը

Տե՛ր Աստված, տո՛ւր ինձ համարձակություն` երկնքին նայելու և մեղավոր շուրթերովս փառավորելու քո անունը»:

Մեր կյանքը Աստծու անուրանալի պարգևն է, Տիրոջ անսահման սիրո արտահայտությունը:

Կյանքը տրվում է մեզ` ապրելու ցանկության հետ միաժամանակ:

Պահանջմունքների բավարարման ձգտումն է կյանքի շարժիչը, իսկ յուրաքանչյուր հագեցած ցանկություն մի նոր ցանկություն է ծնում:

Եվ տարիներով իմաստնացած` Սողոմոն Իմաստունի պես մի օր մենք էլ ենք ասում. «Ունայնություն է ունայնությանց»:

Նայում ենք մեր շուրջը և մտածում. «Ահա ճաշակեցի երկրային այս բարիքները, ունեցա ինձ անհրաժեշտը, և ի՞նչ»:

Պատասխանը չի ուշանում:

…Գալիս է երկնքին նայելու ժամանակը:

Ժամանակը` հասկանալու, որ կյանքը շատ ավելին է, քան պարզապես մեր հողանյութ անձը, որ ապրելու աղբյուրը ապրեցնելու ցանկությունն է:

Երջանկության բանաձևը քրիստոնյայի համար դառնում է հետևյալը` սիրել, սիրվել, արարել և չկորցնել Աստծու պատկերը:

Իսկ Աստծուն տեսնում ենք ամեն օր` լուսաբացից մինչ լուսաբաց` ճանաչելով ու սիրելով Նրա ստեղծած աշխարհը:

Աստված շատ ավելին է, քան պարզապես բարին: Աստված այն քաղցրաբուխ աղբյուրն է, որի յուրաքանչյուր «կումից» հետո ավելի ենք ծարավում: Եվ պահանջմունքը` խոսել Աստծո հետ, դառնում է կյանքի ամենահուսալի հենակետը, որը երբևէ չի խարխլվում:

Իսկ Աստծո հետ խոսելու լեզուն աղոթքն է:

Կյանքի իմաստը միայն իմաստ որոնելու մեջ չէ: Կյանքն իսկապես իմաստ ունի, և այն Աստված է:

Մենք չպետք է մոռանանք, որ հավիտենական արարածներ ենք: Ու պիտի ապրենք` երկնքում գանձեր կուտակելով, մտածելով վաղվա մասին, ոչ թե երկրային իմաստով, այլ` հավիտենակա՛ն վաղվա:

Աղոթքի կանգնելիս չշատախոսենք, այլ խնդրենք Տիրոջից հավիտենական արքայությունը, իսկ այս երկրում մեզ անհրաժեշտը կտրվի ձրիաբար:

Աղոթքը հոգու լոգանքն է: Շարունակ մաքրենք մեր հոգին, որպեսզի Սուրբ Հոգին Իր շնորհներով չխորշի բնակություն հաստատել մեր անձերում:

«Մոտեցեք Աստծուն, և Նա կմոտենա ձեզ»,- ասում է Հակոբոս առաքյալը:

«Աղոթքի կանգնեցեք, որ փորձության մեջ չընկնեք»,- ասում է Ղուկաս ավետարանիչը (Ղուկ. 22:40):

Մի վանականի հարցնում են. «Ի՞նչ եք անում այնտեղ` վանքում»: Նա պատասխանում է. «Ընկնում ենք ու վեր կենում, ընկնում ու վեր կենում, ընկնում ու նորից վեր կենում» (Տիտո Քոլիանդեր):

Քրիստոնյայի կյանքը մի անվերջ ճանապարհ է` անկախ նրա ֆիզիկական տեղաշարժումներից:

Մեր կյանքը շարունակ վեր կենալու արվեստ է:

Աստված, Ով Իր Միածին Որդու միջոցով ազատագրեց մեզ Օրենքի իշխանությունից և շնորհի արժանացրեց, մեզանից ողջակեզներ չի ցանկանում, այլ ուզում է միայն մեր սրտի «ողջակեզը»` անկեղծ աղոթքի «զոհասեղանին»:

«Աստծուն ավելի հաճելի է մեր աղոթքը, քան զոհ մատուցելը» (Առակ. 15:5):

Աղոթքի մասին մեր այս մտորումները պայմանավորված են օրվա խորհրդով: Մեծ պահքի հինգերորդ` Դատավորի կիրակին է:

…«Ամեն ժամ պետք է աղոթել ու չձանձրանալ»,- հորդորում է Հիսուս Իր շուրջը հավաքվածներին և այնուհետև պատմում անիրավ դատավորի ու այրի կնոջ առակը:

Դատավորը, ով «ոչ Աստծուց էր վախենում և ոչ էլ մարդկանցից ամաչում», ի վերջո տեղի տվեց անիրավված այրի կնոջ խնդրանքներին և տեսավ նրա դատը: «Որպեսզի անընդհատ չգա և ինձ չձանձրացնի»,- իր մտքում ասում էր դատավորը:

Եվ եթե դատավորը, ով պարզապես մի մարդ էր, ընդ որում` անիրավ մարդ, լսեց այրի կնոջ խնդրանքը և կատարեց, «Աստված արդարություն չի՞ անի Իր այն ծառաներին, որոնք գիշեր և ցերեկ աղաղակում են. և նրանց հանդեպ միայն համբերատա՞ր կլինի» (Ղուկ. 18:7-8):

Աղոթքով մենք մեր ներկայությունն ենք հաստատում Աստծո առջև:

Աղոթքով երբեմն կարողանում ենք Աստծուն մասնակից դարձնել մեր ազատ կամքի կիրարկմանը:

Աստված թեպետև գիտի, թե մեզ ինչ է անհրաժեշտ, այդուհանդերձ այս հանգամանքը չի նվազեցնում աղոթքի կարևորությունը, որովհետև Տերը գիտի նաև, որ մեզ անհրաժեշտ է աղոթել:

Մեր կյանքի ամենաամուր հենարանն է աղոթքը:

Աղոթելու կարողությունը շնորհ է` տրված Աստծուց:

«Մինչև հիմա Իմ անունով ոչինչ չխնդրեցիք. խնդրեցե՛ք և պիտի ստանաք, որպեսզի ձեր ուրախությունը լիակատար լինի»,- Իրեն հավատացողներին ասում է Հիսուս:

Աղոթքը հոգևոր սնունդ է, որով սնվում է նաև մեր մարմինը:

Աղոթքը ուժ է, որը պետք է գտնենք ինքներս մեր մեջ ու դրանով զորանանք:

Աղոթքի ձևերը տարբեր են` առանձնական կամ ընդհանրական, բայց պայմանը մեկն է` սրտաբուխ խոսք:

Աղոթք է, երբ ամեն լուսաբացին աչքներս բացելիս փառք ենք տալիս Տիրոջը, ապա նոր անցնում մեր գործին:

Ինքնին աղոթք է ազնիվ աշխատանքը:

Աղոթքը ուղիղ ճանապարհն է դեպի Աստված:

Աղոթելիս խոսում է մեր սիրտը, և եթե անգամ շուրթերը չշարժվեն, Աստված լսում է մեզ:

Եվ երբեմն էլ Տերն Իր ողորմածությունը մեր կյանքում արտահայտում է պարզապես չկատարելով մեր խնդրանքը:

Աղոթքն այն շաղախն է, որով ամրանում է մեր հավատի շենքը:

Իսկ հավատալ նշանակում է հասկանալ:

Հակառակ ճանապարհով գնալիս կմոլորվենք:

«Հասկանամ, որ հավատամ»-ը Աստծուն մերձենալու ամենաքարքարոտ ճանապարհն է:

Աղոթենք հավատով: Աղոթենք պարզապես Աստծո ներկայությունից չզրկվելու համար և կունենանք բոլոր բարիքները ինչպես այս, այնպես էլ խոստացված աշխարհում:



Տ. Եղիշե քհն. Նուրիջանյան

Վերին Արտաշատի Սբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ


Գալստյան կիրակի. կյանքը մահվանը նախապատրաստվելու միակ միջոցն է 


Քրիստոսի երկրորդ գալուստը. մանրանկարը՝ Թորոս Ռոսլինի

Հիշի՛ր մահվան մասին, բայց մի՛ մոռացիր,որ անմահ ես:

Մենք հիմա կյանքի գավթում ենք գտնվում. իսկ մահը այն դուռն է, որի շեմին խաչակնքվելով՝ կարող ենք մտնել հավիտենության տաճարը:

Հիսուս եկավ և կյանք խոստացավ և պիտի գա վերստին, որ արժանավորները ժառանգեն խոստումը:

Քրիստոս «մարմնացավ, մարդացավ, ծնավ կատարելապես» և Իր գալստյամբ մատնանշեց փրկության ճանապարհը:

Տիրոջ «քաղցր լուծը» և «թեթև բեռը» կրողները քայլում են ճշմարտության ուղով՝ հույսով լի հայացքները դեպի հավիտենություն:

…«Եվ սրանով երևաց Աստծու սերը մեր հանդեպ. այն, որ Աստված իր Միածին Որդուն աշխարհ ուղարկեց, որպեսզի նրանով կենդանի լինենք» (Ա Հովհ. 4:9):

Խաչյալ և հարուցյալ Քրիստոսը նորից գալու է նույն մարմնով և Հոր փառքով՝ դատելու բոլորին, և Նրա թագավորությանը վախճան չի լինելու:

Մեծ պահքի 6-րդ եւ վերջին կիրակին Քրիստոսի գալստյան խորհուրդն ունի:

Եթե առաջին գալստյամբ Տերը բացահայտեց անշեղելի ճշմարտությունը, այսինքն՝ Ինքն Իրեն, ապա երկրորդ անգամ՝ Դատաստանի օրը, երկիր իջնելով, պիտի փրկի նրանց, որոնք ապրեցին ճշմարտությամբ և «մինչև վերջ համբերեցին» (Մատթ. 24.13):

Վախճանի օրը գալու է ինչպես գողը գիշերով, ուստի առաքինությունների լուսամփոփով հսկենք մեր հոգու դռները, որ առանց խուճապի մատնվելու ներս հրավիրենք Տիրոջը:

Լույսի պտուղներն են բարությունը, արդարությունը, ճշմարտությունը (Եփես. 5:9):

Հիսուս պատվիրեց սիրել Աստծուն ամբողջ էությամբ ու զորությամբ, սիրել միմյանց, ինչպես սեփական անձը, բարիք գործել, «երանիներ» ու «վայեր» տվեց եւ հորդորեց ապրել ու պատրաստ սպասել:

«Զգո՛ւյշ եղեք, գուցե մեկը ձեզ խաբի, որովհետև շատերը կգան իմ անունով ու կասեն, թե՝ ես եմ Քրիստոսը. և շատերին կմոլորեցնեն: Լսելու եք պատերազմների ձայներ և պատերազմների լուրեր… Ազգ ազգի դեմ պիտի ելնի, և թագավորություն՝ թագավորության դեմ, և պիտի լինեն սով, համաճարակ ու տեղ-տեղ երկրաշարժներ: Սակայն այս ամենը սկիզբն է երկանց: …Եվ բազում սուտ մարգարեներ պիտի ելնեն ու շատերին պիտի մոլորեցնեն: Եվ անօրինության շատանալուց՝ շատերի սերը պիտի ցամաքի: Բայց ով մինչև վերջ համբերեց, նա պիտի փրկվի» (Մատթ. 24:4-13):

Երկրորդ գալստյան նախանշանները կարծես թե տեսանելի են այսօր: Այսպիսի նշաններ եղել են հազարավոր տարիներ ի վեր ու թերևս կլինեն ապագա շատ դարերի ընթացքում նույնպես: Պետք է ընդունել պարզապես, որ ոչ միայն վախճանի, այլև նախանշանների և բուն վախճանի միջև ընկած ժամանակի մասին ոչ ոք ոչինչ չգիտի, «ո՛չ երկնքի հրեշտակները և ո՛չ էլ Որդին»: «Աշխարհի կործանման» մասին որևէ հաշվարկի հավատալ պետք չէ, որովհետեւ Ավետարանը հստակ ասում է, որ այդ օրվա մասին «գիտի միայն Հայրը» (Մատթ. 24:36):

Բայց երբ գա օրը, բոլորը կտեսնեն ու կիմանան Որդու Գալուստը, որովհետև դա լինելու է «ինչպէս փայլակը, որ ելնում է արևելքից և երևում է մինչև արևմուտք» (Մատթ. 24:27):

«…Արեգակը պիտի խավարի, և լուսինը իր լույսը չպիտի տա, և աստղերը երկնքից պիտի ընկնեն, ու երկնքի զորություններ պիտի շարժվեն։ Եվ ապա երկնքի վրա մարդու Որդու նշանը պիտի երևա, ու այդ ժամանակ երկրի բոլոր ազգերը լացուկոծ պիտի անեն և պիտի տեսնեն Մարդու Որդուն, որ գալիս է երկնքի ամպերի վրայով՝ զօրությամբ և բազում փառքով։ Եվ նա պիտի ուղարկի Իր հրեշտակներին մեծ շեփորով, ու պիտի հավաքեն Նրա ընտրյալներին չորս կողմերից՝ երկնքի ծագերից մինչև մյուս ծագերը» (Մատթ. 24:3-31)։

Իսկ ընտրյալները նրանք են, ովքեր լսում ու կատարում են Խոսքը: Հավատալ նշանակում է կատարել: «Ով հավատում է Ինձ, թեկուզև մեռնի, կապրի. և ով կենդանի է ու Ինձ հավատում է, հավիտյան չի մեռնի» (Հովհ. 11:25):

Եթե տատասկ է կամ ապառաժ, պարարտ հողի վերածենք մեր հոգու տարածքը, որպեսզի խոսքի սերմը այնտեղ ընկնելիս պտուղ տա «մեկի դիմաց հարյուր, մեկի դիմաց՝ վաթսուն և մեկի դիմաց՝ երեսուն» (Մատթ. 13:23):

Ամբարենք ստացված բարիքը հավիտենության շտեմարաններում, որպեսզի Երկրորդ գալստյան օրը Տերը մեզ առաջնորդի այնտեղ, որտեղ որ մեր գանձերը կլինեն:


Տ. Եղիշե քհն. Նուրիջանյան

Վերին Արտաշատի Սբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ


Ծաղկազարդ


«Օրհնությո՜ւն Դավթի Որդուն, օրհնյա՜լ է նա, որ գալիս է Տիրոջ անունով, օրհնությո՜ւն բարձունքներում» (Մատթ. 21:9):

Այս բացականչություններով ժողովուրդը դիմավորեց Տիրոջ մուտքը Երուսաղեմ: Ձիթենու և արմավենու ճյուղեր էին սփռում ճանապարհին, ցնծությունը մեծ էր:

Քաղաք էր մտնում խոնարհ Արքան՝ Փրկիչը, ըստ մարգարեի այն խոսքի, որն ասում է. «Ասացե՛ք Սիոնի դստերը. ահա քեզ է գալիս քո թագավորը՝ հեզ և նստած էշի ու  էշի քուռակի վրա» (Մատթ. 21:8):

Այս իրադարձության հիշատակությունն է, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Մեծ պահքի վերջին կիրակի օրը: Այս տարի  ապրիլի 2-ին է Ծաղկազարդը, որի ընթացքում կատարվում է նաև մանուկների օրհնություն:

Ցնծության բացականչությունների ներքո Տիրոջն ընդունեցին մի քաղաքում, որտեղ պիտի տեղի ունենային Աստվածորդու երկրային կյանքի վերջին և առանցքային իրադարձությունները: 

…Հարցումներ, որոնց պատասխանները հավիտենական թևեր ունեն, առակներ ու կանխասացություններ, օծում, մատնություն, Վերջին ընթրիք, Հաղորդության խորհրդի հաստատում, չարչարանք, խաչելություն, թաղում և… լուսավոր, խաղաղեցնող, տագնապները վանող ու հրաշափառ Հարություն: 

Հարությամբ իմաստավորվեցին նախընթաց բոլոր իրադարձությունները Երուսաղեմում և, ընդհանրապես, մեր Տիրոջ՝ երկրի վրա անցկացրած յուրաքանչյուր քայլափոխում: 

Ծաղկազարդի տոնի նախօրեին՝ շաբաթ երեկոյան, կատարվում է նախատոնակ, բացվում են խորանների վարագույրները, իսկ տոնի օրը՝ ժամերգությունից հետո, մատուցվում է սուրբ և անմահ Պատարագ: Օրհնվում են ուռենու ճյուղեր, որոնք բաժանվում են հավատացյալներին:

Սա (ճյուղերի օրհնությունը) հիշեցումն  է այն իրադարձության, երբ ցնծացող բազմությունը դալար ճյուղեր էր սփռում Քրիստոսի ոտքերի տակ: Ճյուղերի, ինչպես նաև՝ հանդերձների՝ գետնին նետելը, ըստ եկեղեցական հայրերի, խորհրդանշում է մարդկանց՝ մեղքերից հրաժարվելը:  

1619 թ., մանրանկարը՝ Մեսրոպ դպիր Խիզանցու. աղբյուրը
Աղբյուր՝ Ֆրանսիայի ազգային գրադարան (gallica.bnf.fr), ձեռ. Syr. 344

Մեր Տերը Երուսաղեմ էր գնում՝ մասնակցելու զատկական տոներին: Եվ, փաստորեն, Ինքը եղավ զատկական Գառը. «Քրիստոս՝ մեր զատիկը, մորթվեց» (Ա Կոր. 5:7):

 Ծաղկազարդը, ազդարարելով Մեծ պահքի շրջանի ավարտը, միևնույն ժամանակ սկիզբն է Ավագ շաբաթվա: Այդ օրը պահքը չի ընդհատվում, այլ Ծաղկազարդի կիրակիի օղակով շղթայվում է շաբաթապահքին:  

Մեր սրտերն էլ՝ որպես փոքրիկ մի Երուսաղեմ, հաճախ ցնծությամբ և ոգևորության աղաղակներով բաց ենք անում Տիրոջ առջև: Սակայն կասկածներով լի հարցապնդումներով, երբեմն մատնությամբ, երբեմն հալածանքով, երբեմն խաչելությամբ և նույնիսկ թաղմամբ թույլ ենք տալիս, որ Տերը տառապի: Մինչև որ վերջնականապես Աստված հառնում և մշտական Իր ներկայությունն է ունենում մեր կյանքում:

Իսկ Աստծո Որդին իրականո՛ւմ արդեն տեսել ու ապրել է ամեն բան: Վճարել է մեր մեղքերի գինը՝ իր կյանքով: «Իմացե՛ք, որ ապականացու արծաթեղենով ու ոսկեղենով չէ, որ փրկվեցիք…, այլ՝ թանկագին արյամբ Քրիստոսի, որ անբիծ և անարատ է…» (Ա Պետ. 1:18-19)։

Մեզ մնում է միայն ցնծությամբ դիմավորել ու բացականչել. «Օրհնությո՜ւն Դավթի Որդուն, օրհնյա՜լ է նա, որ գալիս է Տիրոջ անունով, օրհնությո՜ւն բարձունքներում» (Մատթ. 21:9):

Եվ ապրել Տիրոջը՝ մեր սրտում բնակեցրած: Ապրել՝ Տիրոջ ներկայության մեջ հաստատված: Որպեսզի ցնծության ձայնը չմարի, մշտապես «Նրան հաճելի լինել կամեցողների սիրտը ուրախ լինի» (Ա Մն. 16:10):

Ծաղկազարդի տոնի երեկոյան կատարվում է դռնբացեքի հոգեթով արարողությունը, որի ընթացքում երգվում է «Բաց մեզ, Տէր» շարականը: Խորանի փակ վարագույրը Արքայության դարպասն է կարծես: Հոգևորականը խնդրում է, որ բացվի դուռը և արդարներն ու ապաշխարությամբ մաքրվածները ներս մտնեն…


Տ. Եղիշե քհն. Նուրիջանյան

Վերին Արտաշատի Սբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ


ԱՎԱԳ ՇԱԲԱԹ


Ավագ երկուշաբթի

Անպտուղ թզենու հիշատակության օր


Մեկնարկեց Ավագ շաբաթը: Մեր Տիրոջ երկրային կյանքի իրադարձությունների կիզակետում ենք: Յուրաքանչյուր օր՝ իրեն բնորոշ խորհրդով և ապրումներով:

Այսօր Ավագ երկուշաբթին է, որը խորհրդանշում է արարչության երկրորդ օրը:

Այսօր նաև «Անպտուղ թզենու» հիշատակության օրն է:

Բեթանիայում գիշերելուց հետո Հիսուս նորից Երուսաղեմ էր գնում: Եվ,  ինչպես Մատթեոս ավետարանիչն է փոխանցում, ճանապարհի վրա մի թզենի տեսավ: Մոտենալով՝ նկատեց, որ թզենին  դալար ճյուղերից ու տերևներից բացի ուրիշ ոչինչ չունի, անպտուղ է: Եվ թզենուն ասաց. «Այսուհետև քեզանից հավիտյան պտուղ թող չլինի»: Եվ նույն պահին թզենին չորացավ (Մատթ. 20:18-19): Աշակերտները հերթական անգամ իրենց զարմանքն արտահայտեցին Տիրոջ արածի հանդեպ, թե ինչպես խոսքն անմիջապես ներգործեց: Եվ Հիսուս տվեց հավիտենական ևս մի պատվեր և ապրելու ուղենիշ. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե հավատ ունենաք և չերկմտեք, ոչ միայն կանեք այդ թզենուն պատահածը, այլև թեկուզ այդ լերանն ասեք՝ ելի՛ր ու ծո՛վն ընկիր, այն կկատարվի: Եվ ամեն ինչ, որ ուզեք աղոթքի մեջ հավատով, կստանաք»:

Հավատով և ապաշխարությամբ հնարավոր է հասնել հոգևոր բարձունքի կատարելության:

Ով անպտուղ է մնում այն միջավայրում, երբ բոլոր պայմանները կան պտղավորելու համար, չորանում է ի վերջո:

Տերը պտուղներ է ակնկալում:

Ավետարանում Տերը հաճախ է մարդուն համեմատում ծառի, իսկ նրա գործերը՝ պտուղների հետ:

«Բայց  ահավասիկ կացինը ծառերի արմատի վրա է. ամեն ծառ, որ բարի պտուղ չի տալիս, կտրվում և կրակն է նետվում» (Ղուկ. 3:7), որովհետև «յուրաքանչյուր ծառ իր պտղից է ճանաչվում: Փշերից թուզ  չեն քաղում և ոչ էլ մորենուց՝ խաղող» (Ղուկ. 6:47):

Իսկ քրիստոնյայի պտուղը հավատքն է, աղոթքը և առաքինությամբ զարդարված գործերը:

«Այսուհետև ապաշխարության արժանի պտուղնե՛ր տվեք» (Ղուկ. 3։6),֊ հորդորում և պատվիրում է մեր Տերը:

Եվ, իհարկե, զորացնում է ճշմարիտ ջանքեր գործադրողին:


Տ. Եղիշե քհն. Նուրիջանյան


17-րդ դարի արաբերեն Ավետարանից. նկարի աղբյուրը

Ավագ երեքշաբթի 

«Չգիտեք ո՛չ օրը և ո՛չ էլ ժամը» (Մտթ. 25:13)


Տասը կույսերի մանրանկարը՝ Թորոս Ռոսլինի

Ավագ երեքշաբթին ներկայացնում է Տասը կույսերի առակը և հավատացյալներին մղում խորհրդածության՝ Քրիստոսի վերահաս գալստյան, հավատի և վերջինից բխող գործերի, ամեն ժամ արթուն և պատրաստ լինելու անհրաժեշտության շուրջ:

Մատթեոսի Ավետարանի 25-րդ գլուխը սկսվում է իմաստուն և հիմար կույսերի մասին առակով:

«Երկնքի արքայությունը,- ասում է Տերը,- պիտի նմանեցվի տասը կույսերի, որոնք իրենց լապտերներն առած՝ փեսային և հարսին դիմավորելու ելան» (Մտթ. 25:1-2):

Հավատից բխող գործերով մշտապես պետք է վառ պահել սպասման լապտերները, ավելացնել առաքինությունների «ձեթը» և… արթուն մնալ, որովհետև «չգիտեք ո՛չ օրը և ո՛չ էլ ժամը» (Մտթ. 25:13), երբ Փեսան պիտի գա:

Իմաստուն կույսերն այդպես էլ վարվեցին. իրենց հետ վերցրել էին նաև պահեստավորած ձեթ: Թեպետև նիրհել էին, բայց դրսից եկողների ձայնը լսելով՝ վեր կացան, նորոգեցին լապտերներն ու պատրաստ կանգնեցին: Իսկ այն կույսերը, որոնց Տերն անվանում է հիմար, սկսեցին անհանգստանալ, թե ահա հիմա լապտերները կհանգչեն, իսկ իրենց ձեթը վերջանում է: Ձեթի պաշար խնդրեցին իմաստուն ընկերուհիներից, սակայն վերջիններս այս հարցում նույնպես իմաստուն եղան՝ պատասխանելով. եթե հիմա մեզ մոտ եղած պաշարից տանք, «գուցե թե՛ մեզ և թե՛ ձեզ չբավականացնի, ուստի գնացե՛ք վաճառողների մոտ և ձեզ համար գնե՛ք» (Մտթ 25:9):

Երբ նրանք գնացին, որ գնեն, փեսան եկավ, և ովքեր պատրաստ էին, նրա հետ հարսանիքի սրահը մտան, և դուռը փակվեց: Հետո եկան մյուս կույսերն  էլ ու ասացին. «Տե՛ր, Տե՛ր, բա՛ց արա»: Նա պատասխան տվեց ու ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզ չեմ ճանաչում» (Մտթ. 25:10-12): 

Տերն առակի հենց սկզբից բնորոշում է տալիս այն կույսերին, որոնք թեպետ Փեսայի գալու ժամը չգիտեին, սակայն միայն որոշ ժամանակ լուսավորող լապտեր էին վերցրել հետները: Առակի ընթերցողը կամ ունկնդիրն ի սկզբանե ուզում է հասկանալ, թե որտեղ են սխալվել Տիրոջ բնորոշած հիմար կույսերը, որոնք հանդիմանության են արժանանում, որպեսզի նույն սխալը չկրկնեն:

Իրականում, երկարատև նիրհի մեջ (հոգևոր իմաստով) շատերս ենք ընկնում: Կամ հաճախ ենք մոռանում ու թերանում նորոգել առաքինությունների լապտերը. չենք ավելացնում աստվածահաճո գործերի ձեթը:

Բայց «երանի այն ծառաներին, որոնց արթուն կգտնի Տերը, երբ գա» (Ղուկ. 12:37):

Թեպետև հիմար կույսերը հավատ ունեին առ այն, որ գալու են փեսան ու հարսը, սպասում էին հանդիսավոր այդ գալստյանը, սակայն այդ հավատը նրանց օգտակարություն չբերեց:

Եվ դրա համար է Հակոբոս առաքյալն ազդարարում և սթափեցնում. «Ո՛վ փուչ մարդ, ուզո՞ւմ ես իմանալ. հավատը դատարկ բան է՝ առանց գործերի» (Հակոբ. 2:20):

Եվ երանի նրանց, ովքեր մինչև վերջ կհամբերեն, և որոնց Տերը կհրավիրի՝ ասելով. «Եկե՛ք, իմ Հոր օրհնյալներ, ժառանգեցե՛ք աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստված արքայությունը» (Մտթ. 25:34):


Տ. Եղիշե քհն. Նուրիջանյան


Ավագ չորեքշաբթի

Օծում և մատնության խորհուրդ


Բարձրաքանդակ Փարիզի Սբ Մարիամ Մագդաղենացի եկեղեցում, հեղինակ՝ Carlo Marochetti. նկարի աղբյուր՝ victorianweb.org

«Ամբողջ աշխարհում, ուր էլ այս Ավետարանը քարոզվի, պիտի պատմվի դրա հիշատակին նաև ինչ որ դա արեց» (Մտթ. 26:13):

Այսօր պատմվում և հիշատակվում է մեր Տիրոջ կյանքին վերաբերող այն իրադարձությունը, երբ մի կին Բեթանիայում՝ Սիմոնի տանը, թանկարժեք յուղ լցրեց Հիսուսի գլխին, մինչ նա սեղան էր  նստել:

Աշակերտները մի պահ  մարդկային տկարություն ցուցաբերեցին՝ Տիրոջը տրված պատիվն ավելորդ համարելով, և ասացին. «Ինչի՞ համար է անուշահոտ յուղի այդ վատնումը, քանի որ կարելի էր մեծ գնով վաճառել այդ և տալ աղքատներին» (Մտթ. 26:9):

Հիսուս, իմանալով աշակերտների մտածումը, որոնք թերևս նաև նկատողություն էին արել կնոջը՝ «ավելորդ վատնումի համար», սաստում է նրանց. «Ինչո՞ւ եք նեղություն տալիս այդ կնոջը, նա իմ հանդեպ մի բարի գործ կատարեց. աղքատներին ամեն ժամ ձեզ հետ ունեք, բայց Ինձ միշտ ձեզ հետ չեք ունենա: Իմ մարմնի վրա այդ յուղը թափելով՝ նա Իմ թաղվելը  կանխանշեց» (Մտթ. 26:10-12):

Այս իրադարձության հիշատակությունը հրավիրում է խորհրդածության այն մասին, որ  Տիրոջ ներկայությունը մեր կողքին ունենալը, Տիրոջ ներկայության մեջ ապրելը և հանուն դրա ոչինչ չխնայելը ամեն բանից վեր պետք է համարենք:

Եվ ընթերցվում է ավետարանական դրվագը ի հիշատակ նաև այն բանի, որ շուտով մասնակիցն ենք լինելու մեր Տիրոջ թաղման խորհրդին:

Այս օրն էր նաև, որ Իսկարիովտացի Հուդան խոստացավ Աստվածորդուն մարդկանց ձեռքը մատնել. 30 արծաթ արժեցող խոստում,  որով սկսվեցին մեր Տիրոջ երկրային կյանքի վերջին օրերը՝ լի տագնապներով ու տառապանքով:

«Ի՞նչ կկամենաք ինձ տալ,- ասաց քահանայապետներին,- որ ես նրան ձեզ մատնեմ»: Եվ նրանք երեսուն արծաթ դրամ խոստացան: Դրանից հետո նա առիթ էր որոնում, որ Նրան մատնի նրանց…» (Մտթ. 26:14-16):

Այսպես կատարվեց Զաքարիայի այն մարգարեությունը, ըստ որի՝ «Ես նրանց ասացի. «Եթե ձեր աչքին հաճելի է թվում, ապա տվեք իմ վարձը: …Եվ նրանք կշռեցին իմ վարձը՝ երեսուն արծաթ» (Զաք. 11:14):

Իսկ փողասիրության, արծաթպաշտության մասին Հակոբոս առաքյալն է զգուշացնում. «Նրանց (արծաթի և ոսկու) ժանգը ձեր դեմ որպես վկայություն պիտի լինի և պիտի ուտի ձեր մարմինը ինչպես կրակը. վերջին օրերի՛ համար գանձեր դիզեցեք» (Հակ. 5:3):


Տ. Եղիշե քհն. Նուրիջանյան


Ավագ հինգշաբթի


ԱՊԱՇԽԱՐՈՂԱՑ ԿԱՐԳ

Եկեղեցական արարողություններով ամենահագեցած օրն է Ավագ հինգշաբթին, երբ առավոտից մինչև ուշ գիշեր հավատացյալները մասնակից են լինում խորհրդաշատ ծեսերի, որոնցով վերապրում են Տիրոջ երկրային վերջին օրերի իրադարձությունները:

Առավոտյան ժամերգությունից հետո Ապաշխարողաց կարգն է կատարվում: Նրանք, ովքեր պահեցողության մեջ են, արձակում են ստանում և իրավունք՝ մոտենալու սուրբ Հաղորդությանը:


ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ. ՀԱՂՈՐԴՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՍՏԱՏՈՒՄ

Հաղորդությունը բաշխվում է սուրբ և անմահ Պատարագի ընթացքում, որը մատուցվում է ի հիշատակ Խորհրդավոր ընթրիքի  և Տիրոջ կողմից Հաղորդության խորհրդի հաստատման:

«Եվ մինչ նրանք դեռ ուտում էին, Հիսուս հաց վերցրեց, օրհնեց ու կտրեց, տվեց աշակերտներին ու ասաց. «Առե՛ք, կերե՛ք, այս է Իմ մարմինը»:

Եվ բաժակ վերցնելով՝ գոհություն հայտնեց, տվեց նրանց ու ասաց. «Խմեցե՛ք դրանից բոլորդ, որովհետև այդ է նոր ուխտի Իմ արյունը, որ թափվում է շատերի համար՝ իրենց մեղքերի թողության համար» (Մտթ. 26:26-28):


ՈՏՆԼՎԱ

Երբ դեռ ընթրիքը չէր ավարտվել, Քրիստոս վեր կացավ սեղանից, «մի կողմ դրեց զգեստները և մի սրբիչ վերցնելով՝ մեջքին կապեց: Եվ ապա ջուր վերցնելով՝ ածեց կոնքի մեջ և սկսեց Իր աշակերտների ոտքերը լվանալ և սրբել մեջքին կապած սրբիչով» (Հովհ. 13:4-5): Ի հիշատակ այս իրադարձության՝ եկեղեցիներում կատարվում է Ոտնլվայի կարգը, որի ժամանակ հոգևորականը լվանում է 12 տղաների ոտքերը՝ օծելով օրհնված յուղով:

«Եթե ոտքերդ չլվանամ, ինձ հետ մաս չունես»(Հովհ. 13:8)- ասում է Տերն ի պատասխան Պետրոսի զարմանքի, թե՝ «Տե՛ր, Դո՞ւ ես իմ ոտքերը լվանում» (Հովհ. 13:6):

Այնուհետև հորդորում է աշակերտներին նույն կերպ վարվել. «Արդ, եթե Ես՝ Տերս և Վարդապետս, լվացի ձեր ոտքերը, դուք պարտավոր եք միմյանց ոտքեր լվանալ: Ես ձեզ մի օրինակ տվեցի, որպեսզի դուք էլ միմյանց անեք այն, ինչ Ես արեցի ձեզ» (Հովհ. 13:14-15):

Խոնարհության անձնական օրինակ ու հավիտենական ևս մեկ դաս ու պատգամ:


ԽԱՎԱՐՄԱՆ ԿԱՐԳ

Երբ երեկոյանում է, և ծիսական օրը փոխված է լինում, սկսվում է Խավարման կարգը՝ Քրիստոսի մատնության և չարչարանքների հիշատակը, որն արդեն վերաբերում է Ավագ ուրբաթ օրվան. օրացուցային օրը հինգշաբթի է, ծիսական օրը՝ ուրբաթ, որովհետև երեկոյան ժամերգությունից հետո ծիսական օրը փոխվում է:

12 մոմեր են Խորանին՝ փակ վարագույրի առջև շարված: Բոլորը վառվում են՝ բացի մեկից. սա խորհրդանշում է մատնիչ Հուդային: Մեջտեղում Քրիստոսին խորհրդանշող մի մոմ է դրվում: Ավետարանական դրվագներից, սաղմոսներից ու շարականներից հետո մեկ առ մեկ հանգցվում են մոմերը, և վերջում եկեղեցին մնում է մթության մեջ՝ լուսավորված միայն Քրիստոսին խորհրդանշող մոմով: Այս ամենն ի ցույց է դնում այն, թե ինչպես տագնապների խառնարանում Տերը լքված մնաց բոլորի կողմից և միայնակ գնաց դեպի չարչարանք ու խաչելություն: «Կտակ»-ի ընթերցումից, «Տեր ողորմյա»-ից, «Ուր ես, մայր իմ»-ից ու «Փառք ի բարձունս»-ից հետո եկեղեցին լուսավորվում է, և բոլորը կարծես խոր շունչ են քաշում…  այն ամենը, ինչ կատարվեց՝ մատնություն, տառապանք ու խաչելություն, եղավ, որպեսզի գա մեր փրկությունը Հարուցյալ Քրիստոսի միջոցով:


Տ. Եղիշե քհն. Նուրիջանյան


Նկարի աղբյուրը՝ armenianstudies.csufresno.edu

Ավագ ուրբաթ

Մեր Տիրոջ չարչարանքների, խաչելության և թաղման հիշատակություն


Այսօր մեր Տիրոջ չարչարանքների, խաչելության և թաղման հիշատակության օրն է: Եկեղեցիներում առավոտյան կատարվում է Խաչելության կարգը, ընթերցվում են ավետարանական դրվագները, որոնք ներկայացնում են Քրիստոսի՝ Պիղատոսի մոտ տարվելը, դրան հաջորդող իրադարձությունները՝ խաչելությունը, մահն ու Տիրոջ մարմինը խաչից իջեցնելը:

«Եվ այնտեղ քացախով լի մի աման կար. զինվորները լեղախառն քացախով մի սպունգ թրջեցին և այն դրին եղեգի ծայրին ու մոտեցրին Նրա բերանին: Երբ Հիսուսը լեղախառն քացախը բերանն առավ, ասաց. «Ամեն ինչ կատարված է»: Եվ գլուխը կախելով՝ հոգին ավանդեց» (Հովհ. 19:30-32):

Ամեն ինչ կատարված է: Մեծարում ենք խաչելությունը, որովհետև գիտենք Հարությունը:

Եվ Խաչը մահապատժի գործիքից քրիստոնյաներիս համար դառնում է փրկության միջոց: Եվ դրա համար է, որ Պողոս առաքյալը Գաղատացիներին ուղղված թղթի 6:14 համարում պարծենում է մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչով, «որով աշխարհը խաչված է ինձ համար, ես էլ՝ աշխարհի համար»:

Եվ ըստ առաքյալի խոսքի՝ յուրաքանչյուր քրիստոնյա այսուհետև խաչն է հանում իր մարմինը՝ «կրքերով և ցանկություններով հանդերձ» (Գաղ. 5:24), որպեսզի պտղավորի հոգին այս բարիքներով՝ «սեր, խնդություն, խաղաղություն, համբերություն, քաղցրություն, բարություն, հավատարմություն, հեզություն, ժուժկալություն» (Գաղ. 5:22-23):

Քրիստոսի խաչելությունից հետո Հովսեփ Արեմաթացին իրավունք է ստանում խաչից իջեցնելու Տիրոջ անշնչացած մարմինը:

«Եվ Հովսեփը կտավ գնեց ու նրան (Տիրոջը) իջեցնելով՝ պատեց այդ կտավով ու դրեց մի գերեզմանի մեջ, որ փորված էր ժայռի մեջ: Եվ քար գլորեց գերեզմանի դռան առաջ: Իսկ Մարիամ Մագդաղենացին և Հակոբոսի ու Հովսեի մայր Մարիամը տեսան այն տեղը, ուր Նա դրվեց» (Մարկ. 15:46-47):

Այսպես ժայռափոր քարայրում ամփոփվեց Տիրոջ մարմինը: Այս իրադարձության հիշատակությունն է Ավագ ուրբաթ երեկոյան՝ ժամերգությունից հետո, նախատոնակի ընթացքում կատարվում եկեղեցիներում. Քրիստոսի խորհրդանշական գերեզմանը՝ ծաղիկներով ու ծառի ճյուղերով պատված, պտտում են եկեղեցու շուրջ, իսկ հավատացյալ ժողովուրդը հետևում է թափորին:

Տիրոջ թաղումից հետո, այնուամենայնիվ, բոլոր քրիստոնյաները գիտեն, որ շուտով գերեզմանը թափուր են գտնելու…

Եվ այդ սպասումով ընդառաջ ենք գնում Սուրբ Հարության հրաշափառ տոնին:


Տ. Եղիշե քհն. Նուրիջանյան

Հովսեփ Արեմաթացի և Պիղատոս. մանրանկարը՝ Թորոս Ռոսլինի

Ավագ շաբաթ

Ճրագալույց


1619 թ., մանրանկարը՝ Մեսրոպ դպիր Խիզանցու. աղբյուրը

Սուրբ Հարության ակնկալիքով և սպասումով մտնում ենք Ավագ շաբաթվա վերջին օրը:

Պատրաստվում ենք Սուրբ Հարության նախատոնակին՝ Ճրագալույցի սուրբ Պատարագին:

Ճրագ լուցանել, այսինքն՝ ճրագ վառել, այս արտահայտությունն է ընկած «ճրագալույց» բառի հիմքում: Շատերը, հավանաբար ի նկատի ունենալով այն հանգամանքը, որ Պատարագի ավարտին ճրագներ կամ լույսեր են տանում տուն, թյուրիմացաբար «ճրագալույս» են կոչում օրվա գլխավոր հոգևոր իրադարձությունը:

Ճիշտ է ՃՐԱԳԱԼՈՒՅՑ-ը, որը կատարվում է ինչպես Սուրբ Ծննդյան, այնպես էլ Սուրբ Հարության նախորդ օրը երեկոյան:

Ուրեմն՝ ճրագները՝ որպես Քրիստոսի Հարության և ընդհանրապես Տիրոջ բոլոր տնօրինությունների խորհրդանիշ, լուցանելով կամ վառելով, ազդարարում ենք՝


ՔՐԻՍՏՈՍ ՀԱՐՅԱ՜Վ Ի ՄԵՌԵԼՈՑ:


Ինչպես որ «ճրագը վառելով կաթսայի տակ չեն դնում, այլ աշտանակի վրա, և նա լույս է տալիս բոլոր նրանց, որ տան մեջ են» (Մտթ. 5:15), այդպես էլ, ըստ Տիրոջ պատվերի, պիտի փայլի քրիստոնյայի լույսը, որպեսզի «տեսնեն ձեր բարի գործերն ու փառավորեն ձեր Հորը, որ երկնքում է» (Մտթ. 5:16):



Տ. Եղիշե քհն. Նուրիջանյան


ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

ՔՐԻՍՏՈՍ ՀԱՐՅԱՎ Ի ՄԵՌԵԼՈՑ.

ՕՐՀՆՅԱԼ Է ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՔՐԻՍՏՈՍԻ


«Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ հարություն առավ» (Ղուկ. 24:5-6):

Ավետիս, որ փոխեց մարդկային կյանքի պատմության հունը: Բարի լուր, որ խաղաղություն իջեցրեց մարդկանց հոգիներին, հույս ներշնչեց, հավատը կնքեց ու ամրագրեց: Քրիստոսի Հարության իրողության հանդեպ հավատը դարձավ այն խարիսխը, որն այս աշխարհի ալեկոծությունների մեջ անվտանգ է պահում մեր կյանքի նավը: Դատարկ գերեզմանը նոր հույսով լցրեց այցելած կանանց, որոնք գնացել էին անուշաբույր յուղով օծելու Տիրոջ մարմինը:

Եվ հրեշտակը, ընդառաջ ելնելով Մարիամ Մագդաղենացուն, Հակոբի մայր Մարիամին և Սողոմեին, ասաց. «Այստեղ չէ, այլ հարություն առավ»:

Բարի լուրը փոխանցվեց շուրթից շուրթ և հոգուց հոգի: Հարուցյալ Քրիստոս երևաց Իր աշակերտներին, խոսեց նրանց հետ և այլևս չէր ասում՝ այս իրողության մասին ոչ ոքի չպատմեք (ինչպես որ հաճախ անում էր Իր երկրային կյանքի տնօրինություններից հետո), այլ պատվիրեց. «Գնացե՛ք ուրեմն, աշակերտ դարձրեք բոլոր ազգերին, նրանց մկրտե՛ք Հոր և Որդու և Սուրբ Հոգու անունով: Ուսուցանե՛ք նրանց պահել այն բոլորը, ինչ Ես պատվիրեցի: Եվ ահա Ես ձեզ հետ եմ բոլոր օրերում՝ մինչև աշխարհի վախճանը» (Մտթ. 28:20-21):

Եվ Ավետարանի քարոզությունը, հիմքում ունենալով Քրիստոսի սուրբ Հարությունը, նոր թևեր ստացավ: Այն առաքյալները, որոնք երբեմն մարդկային տկարություն էին ցուցաբերում՝ ուրանալով կամ լքելով Տիրոջը, հարության փաստին ականատես լինելուց հետո դարձան համարձակ քարոզիչներ՝ արհամարհելով յուրաքանչյուր վտանգ կամ հալածանք, իրենց կյանքից թանկ համարեցին խոսել և պատմել Քրիստոսի հրաշափառ Հարության մասին:

Քրիստոս հարություն է առել:

Եվ, հետևաբար, հարություն պիտի առնեն Քրիստոսով ննջածները: Պողոս առաքյալը  Կորնթացիներին գրված առաջին նամակում ի պատասխան այն մարդկանց, որոնք ասում են, թե մահացածների հարություն չկա, ասում է. «Եթե մեռելների հարություն չկա, ապա և Քրիստոս հարություն չի առել: Եվ եթե Քրիստոս հարություն չի առել, իզուր է մեր քարոզությունը, իզուր է և ձեր հավատը» (Ա Կոր. 15:13-14):

«Մնացե՛ք Իմ մեջ,- պատվիրում է Տերը,- և Ես՝ ձեր մեջ. ինչպես որ ճյուղը, որ ինքն իրեն չի կարող պտուղ տալ, եթե որթատունկի վրա հաստատված չլինի, նույնպես և դուք, եթե Ինձ վրա հաստատված չլինեք» (Հովհ. 15:4):

Սուրբ Հարությունը, որ կոչվում է նաև «Զատիկ» (մեղքերից զատվելու, անջատվելու և դեպի Աստված վերադառնալու իմաստով), տոնվում է հիսուն օր: Ծիսական տարվա ընթացքում երկրորդ տաղավար տոնն է. նշվում է մինչև Հոգեգալուստ: Տոնական այս ընթացքը կոչվում է «հինունք» կամ «հինանց շրջան», որի կիրակիներից յուրաքանչյուրը նույնպես (ինչպես որ Մեծ պահքի կիրակիներն էին) ունի իր խորհուրդը՝ հարության միտքն ավելի արմատավորող: Հինանց շրջանի քառասուն օրերը վերաբերում են հարուցյալ Տիրոջ երկրային տնօրինություններին, իսկ մնացած տասը օրերը՝ Համբարձմանը:


Տ. Եղիշե քհն. Նուրիջանյան


Նոր կիրակի կամ Կրկնազատիկ


Հետհարութենական դրվագներ, ծաղկող՝ Ավագ, 1314 թ., աղբյուրը՝ armenica.org

Այսպես է կոչվում Սուրբ Հարությանը հաջորդող առաջին կիրակին, որը մարդուն և մարդկությանը վերանորոգելու խորհուրդն ունի:

Քրիստոսով՝ նոր մարդ:

Ադամը, Քրիստոսի հրաշափառ հարությամբ լուսավորված, վերադարձի ճանապարհն է բռնում՝ դեպի Եդեմ, դեպի հավիտենական լույս: Վերադարձ, բայց ոչ թե նույն, եկած ճանապարհով, այլ այն ուղով, որը մատնանշեց Տերը՝ պարզելով իր Խաչը: Վերադարձ դեպի դրախտ՝ չտրորված, նոր Ճանապարհով. «Ես եմ Ճանապարհը, Ճշմարտությունը և Կյանքը: Ոչ ոք չի գա Հոր մոտ, եթե ոչ՝ ինձանով» (Հովհ. 14:6):

Շնորհք պատրիարք Գալուստյանը, արևմտյան եկեղեցիների օրինակով, Հինանց շրջանի կիրակիներն անվանել է «գունագեղ»: Յուրաքանչյուր կիրակի՝ իր խորհրդին բնորոշ գույնով: Եվ նորոգության, մաքրագործման խորհուրդն ունեցող այս կիրակին կոչել է նաև Սպիտակ:

Կրկնազատիկ է, որովհետև այս կիրակի վերստին ու նորովի փորձում ենք ամբողջապես յուրացնել հարության, ազատության և փրկության խորհուրդը, փորձում ենք նորից կրկնել այն ուրախությունները, որ ունեցանք Զատկի օրը՝ Փրկչի հարությամբ: Եվ կրկին ապրում ենք Հարության տոնը՝ շարունակելով նորոգել մեր ներքին մարդուն (Ա Կորնթ. Դ 16):

«Մի կողմ նետեք ձեր նախկին կենցաղը, հին մարդուն, որ ապականված է ցանկությամբ ու խաբեությամբ,- ասում է Պողոս առաքյալը Եփեսացիներին ուղղված թղթում:-  Նորոգվե՛ք հոգով և մտքով. հագե՛ք նոր մարդուն, որ ըստ Աստծո կամքի՝ արդարությամբ և ճշմարտությամբ է հաստատված» (Եփ. Դ 22-25):

Մեկ այլ տեղ՝ Կողոսացիներին ուղղված թղթի 3-րդ գլխի 10-րդ համարում, առաքյալն ասում, հորդորում և կոչ է անում՝ «Մերկացե՛ք հին մարդուց՝ իր գործերով, և հագե՛ք նոր մարդուն, որ մշտապես նորոգվում է իր Արարչի պատկերով և Նրան ճանաչելով»:                                                                           

Տիրոջ վարդապետության անկյունաքարը, որ Սերն է, դարձավ «նոր պատվիրան», նոր փոփոխությունների, նորոգման, կատարելագործման ուղենիշ, որը մարդուն պիտի վերադարձնի կորուսյալ Դրախտ:

Այդ ակնկալիքով (դրախտը ժառանգելու) հիսուն օրեր շարունակելու ենք ապրել Հարության խորհուրդը՝ իր զանազան երանգներով:


Տ. Եղիշե քհն. Նուրիջանյան





Ⲿքարոզ Ⲿկրոնական Ⲿտոներ