Հայրենասիրություն, ազգասիրություն և քրիստոնեություն


Քրիստոնյան ինչո՛ւ պիտի լինի հայրենասեր կամ ազգասեր, Տերունական պատվիրանները կամ աստվածաշնչյան պատգամներն ի՛նչ են ասում այս մասին, եթե գիտենք, որ ուղղակիորեն այս մասին ոչինչ չի պատվիրել մեզ մեր Տերը, բայց պատվիրել է փնտրել երկնքի՛ արքայությունը և մեր մտքի ու հոգու աչքերը հառել տվել երկնքին ու երկնային իրողություններին։  Փորձենք պատասխանել այս հարցերին՝ գտնելու համար ազգասիրության ու հայրենասիրության տեղն ու դերը քրիստոնեության մեջ։

Թեև մարդն ունի ազատ կամք՝ ընտրելու չարի և բարու միջև, սակայն իր ազատ կամքով ու ընտրությամբ չէ՛, որ լույս աշխարհ է գալիս։ Մարդը չի ընտրում ո՛չ իր ծնվելը, ո՛չ ծնողին, ո՛չ ազգությունը, ո՛չ էլ այն վայրը, որում ծնվում է։ Եթե մեկը հավատում է, որ ինքը ոչ թե պատահականության ծնունդ է, այլ աստվածային ստեղծագործություն, և որ իր ծնունդն էլ կատարվում է Արարչի կամքով ու նախախնամությամբ, ուրեմն մարդու ծննդյանն առնչվող ամեն բան Աստծուց մարդուն տրված ավանդ է այս կյանքում։  Աստված է մեզ տալիս մեր արտաքինն ու առողջությունը, որոնց համար պիտի շնորհակալ լինենք, մեր ծնողներին ու ազգը, որին պատկանում ենք, մեր տունն ու մեր հայրենիքը՝ մեր մե՛ծ տունը, որում ապրում ենք երկրի վրա մեր պանդխտական ու ժամանակավոր կյանքը մինչև երկնային հայրենիք տեղափոխվելը։ Աստվածային նախախնամությամբ մեզ տրված ամեն ինչ, որ մեր ընտրության արդյունքը չէ, որ դրա լավն ու վատը, չարն ու բարին քննենք ու ընտրություն կատարենք՝ ինչ-որ բան ընդունելով, ինչ-որ բան էլ մերժելով, քրիստոնյան ընդունում է շնորհակալության զգացումով՝ վստահելով Աստծո ընտրությանը և համարելով, որ Աստծո ընտրածն ու որոշածը լավագույնն է մարդու համար։ Բայց Աստծուց շնորհակալությամբ ու խոնարհությամբ ընդունվածը նաև խնամքի, պահպանության ու գուրգուրանքի կարիք ունի։ Աստծուց տրվածը մերժելը, արհամարհելը, դրա դեմ թշնամանալը կամ դրա հանդեպ անբարեխղճությունը հավասարազոր են Աստծո և Նրա կամքի դեմ ապստամբության, թշնամության և արհամարհանքի։

Տեր Հիսուսը գլխավոր պատվիրաններն ամփոփեց սիրո երկու՝ իրար լրացնող պատվիրաններում․ «Պիտի սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով, քո ամբողջ զորությամբ ու քո ամբողջ մտքով և քո մերձավորին, ինչպես քո անձը» (Ղուկ. Ժ 27)։ Սեր Աստծո և մերձավորի հանդեպ։ Թե՛ Աստծո, թե՛ մերձավորի հանդեպ սերը ներառում է սեր նաև սեփական մեծ ընտանիքի՝ ազգի հանդեպ։ Աստծուց մեզ տրվածը, մեզ բաժին հանվածը սիրելն ու պահպանելը, դրա հանդեպ հավատարմության զգացում ունենալը բխում են աստվածասիրությունից, իսկ մեր ազգակից մերձավորներից կազմված հանրությանը սիրելն ու պաշտպանելն էլ բխում են մերձավորի հանդեպ սիրուց։ Ուրեմն այս երկու կարևոր պատվիրաններն էլ հուշում են, որ մարդը պիտի սիրի ու հավատարմության զգացում ունենա սեփական ազգի ու հայրենիքի հանդեպ։ 

Երկրային հայրենիքն այն հողակտոր դրախտն է, որ Աստված է մեզ համար բաժին հանել, որ դրանում մենք անհատապես և մեր մեծ ընտանիքն ընդհանրաբար ապրենք և այդ դրախտը խնամենք-պահպանենք, ինչպես որ Ադամին տրված դրախտ-բնակավայրն էլ Ադամին տրվել էր թե՛ բնակության և թե՛ խնամքի ու պահպանության համար։ «Եվ Տեր Աստված Իր ստեղծած մարդուն վերցրեց դրեց փափկալից դրախտում՝ այն մշակելու և պահպանելու համար» (Ծն. Բ 15)։ «Մշակելու և պահպանելու համար». ուրեմն՝ երբ Աստված մարդուն հայրենիք-դրախտ է տալիս, այն տալիս է, որ մարդը ոչ միայն դրանից օգտվի, դրանում անբան կենդանու պես ապրի ու բազմանա, զանազան հաճույքներ վայելի կամ պարզապես իր գոյությունը քաշ տա, այլև և առաջին հերթին՝ որ այն «մշակի և պահպանի»։ 


Աթենացիներին ուղղված իր խոսքում Պողոս առաքյալն ասում է հետևյալը. «Մեկ արյունից ստեղծեց մարդկանց բոլոր ազգերը, որ բնակվեն ամբողջ երկրի վրա, հաստատեց նախակարգված ժամանակները և դրեց նրանց բնակության սահմանները» (Գործք ԺԷ 26)։ «Դրեց բնակության սահմանները». ուրեմն՝ ամեն ազգի բնակության սահմաններն էլ է Աստված դնում և Ինքն էլ թույլ տալիս, որ անարժաններից վերցվեն դրանք, եթե Իր տված դրախտը «մշակել ու պահպանել» չեն կարողանում կամ չեն ուզում։

Ահա թե որքա՛ն կարևոր է Աստծուց մեզ տրված հայրենիք-բնակավայրը «մշակելն ու պահպանելը», եթե չենք ուզում որպես պատիժ դրանից արտաքսվել մի օր։ Մեր հայրենիքը նաև մեր մերձավորների՝ մեր մեծ ընտանիքի՝ Աստծուց մեզ տրված և ոչ թե մեր ընտրած մեր ազգի, բնակավայրն է՝ Աստծուց տրված այն ամենալավ վայրն աշխարհում, որում մեր մեծ ընտանիքը կարող է լավագույնս ապրել ու ծառայել Աստծուն այս կյանքում։ «Եթե մեկը յուրայիններին և մանավանդ ընտանիքին խնամք չի տանում, հավատն ուրացել է և ավելի չար է, քան անհավատը» (Ա Տիմ. Ե 8)։ Ուստի մեր «ընտանիքը», «մերձավորներին» ու «բարեկամներին» սիրելով՝ չենք կարող նույնիսկ մեր կյանքի գնով չպաշտպանել նրանց և այն տունը, որում նրանք ապրում են. «Ավելի մեծ սեր չունի ոչ ոք, քան նա, ով իր կյանքն է տալիս բարեկամների համար» (Հովհ. ԺԵ 13)։ 

Ահա սա է պատճառը, որ հայրենիքի ու ազգի համար նահատակվածներին մեր Եկեղեցին արժանացրել է այն նույն պատվին, որն ունեն Քրիստոսի անվան համար նահատակվածները։ Գրիգոր Լուսավորչի որդի, հայոց կաթողիկոս սբ Վրթանեսը առաջինն էր, որ սահմանեց հանուն հայրենիքի զոհվածներին՝ Վաչե Մամիկոնյան սպարապետին և նրա զինակիցներին, եկեղեցական հիշատակության արժանացնել որպես նահատակների։ Վրթանես կաթողիկոսի սահմանած Վաչեյանց տոնը հետագայում ստվերվեց-փոխարինվեց հայրենիքի և հավատի համար զոհված Վարդան Մամիկոնյանի և նրա զինակիցների՝ Վարդանանց տոնով, որը ցայսօր նշվում է մեր Եկեղեցում։

Հավիտենական կյանքին, մի օր Քրիստոսի և սրբերի հետ արքայության մեջ ապրելուն հավատացող ու ձգտող քրիստոնյան գիտի, որ այս երկրի վրա պանդուխտ է (Ա Պետ. Ա 17, Բ 11), որ այս երկիրն իր ամեն ինչով անցողիկ է ու ժամանակավոր, և մեր քաղաքացիությունը երկնքում է (Փլպ. Գ 20), իսկ մեր կյանքն այս երկրի վրա՝ փորձություն (Հոբ Է 1)։ Բայց պանդխտության և փորձությունների այս ժամանակն ըստ Աստծո կամքի անցկացնելն է գրավականը մի օր երկնային հայրենիքը ժառանգելու։ Իսկ ըստ Աստծո կամքի անցկացնելն էլ նշանակում է Աստծուց այս ժամանակավոր կյանքի համար տրված դրախտ-բնակավայրը «մշակելն ու պահպանելը», Աստծո և մերձավորի հանդեպ սիրո պատվիրանի կատարումը և քչի ու ժամանակավորի մեջ հավատարիմ լինելը՝ շատին ու հավիտենականին արժանանալու համար (Ղուկ. ԺԶ 10-12)։


Ս. Ս.


կրոնական