Տյառնընդառաջ


Սուրբ Ծննդից 40 օր հետո, համաձայն Մովսիսական օրենքի, որտեղ ասվում էր, թե «Ամեն արու զավակ, որ արգանդ է բացում (այսինքն՝ առաջնեկը), Տիրոջ համար սուրբ պիտի կոչվի» ( Ղուկ.   Բ 23), մանուկ Հիսուսին ծնողները տանում են Երուսաղեմի Տաճար՝ Աստծուն ներկայացնելու համար։ Ըստ Մովսիսական օրենքի` ծննդաբերությունից հետո կանայք որոշ ժամանակ համարվում էին անմաքուր: Եթե նորածինը տղա էր, ապա մաքրության համար սահմանված էր 40 օր, իսկ եթե աղջիկ` 80 օր, այսինքն՝ երկու 40 օր: Այս օրերը լրանալուց հետո նորածնի ծնողները գնում էին Տաճար` իրենց հետ տանելով մեկ տարեկան գառ,   մի զույգ աղավնի կամ տատրակ` մեկը՝ ողջակիզման, իսկ մյուսը` մեղքերի քավության   համար: Աղքատ ընտանիքները, ինչպիսին Հիսուսի ընտանիքն էր, կարող էին ընծայաբերել երկու տատրակ կամ աղավնու երկու ձագ: 

Այստեղ մի պահ կանգ առնենք և փորձենք անդրադառնալ Աստվածաշնչում շուրջ 150 անգամ հանդիպող 40 թվին։ 

Աստվածաշունչն ուսումնասիրողներից ոչ մեկն այս թվի նշանակության համապարփակ պատասխան չի տալիս։ Սակայն եթե ուշադիր հետևելու լինենք այս թվի կիրառումներին, կտեսնենք, որ 40 թիվը, առավելապես ծիսական արարողակարգերում, առկա է համարյա  բոլոր հին ժողովուրդների կյանքի տարբեր շերտերում և հիմնական կրոններում՝ հինդուիզմում, բուդդիզմում, քրիստոնեության մեջ, իսլամում։ 


Դեռևս բաբելոնյան աստղաբաններն այս թիվը կապել են բնական աղետների, օրինակ՝ փոթորիկների կամ նավաբեկության հետ, մանավանդ, երբ նկատում էին, որ աստղաբույլերն անհետացել էին տեսադաշտից։ Այս թիվը կիրառվել է նաև համաճարակների ժամանակ, և պատահական չէ, որ 14-րդ դարում Մարսելում՝ Ֆրանսիայի խոշորագույն նավահանգստային այդ  քաղաքում, կյանքի կոչվեց 40-օրյա կարանտինը (ծագում է իտալերեն quaranta բառից, որը նշանակում է 40) այն նավերի համար, որոնք ժամանել էին համաճարակ ունեցող երկրներից։ 

Չի բացառվում, որ այս թվի գաղտնիքը հայտնի է եղել  մարդկության հեռավոր նախնիներին, և նրա բուն իմաստը հետագայում ստվերվել և կամ մոռացության է մատնվել։ Միայն կարող ենք ասել, որ այսօր գիտությունն ապացուցում է, որ հղիությունից 40 օր հետո է ձևավորվում սաղմը, ծնվելուց 40 օր հետո է նորածինը  սկսում ընկալել շրջապատը, այսինքն՝ նախկին անիմանալի կյանքից տեղափոխվում նոր՝ իմացական   կյանք։ Դարեր շարունակ մեր ժողովուրդը, ինչպես նաև քրիստոնյա այլ ժողովուրդներ ևս սովորություն են ունեցել երեխային  քառասունքից հանելու, հանգուցյալի քառասունքը նշելու (ասում են՝ իբրև մահացածի հոգին 40 օր անցնում է փորձության կայաններով, մինչև կհասնի վերջնական օթևան, որոշ ուսումնասիրողներ էլ պնդում են, որ 40 օր հանգուցյալի մազերն ու եղունգները  շարունակում են աճել և այլն)։

Այս խորհրդավոր 40-ին առաջին անգամ հանդիպում ենք Ծննդոց գրքում, երբ խոսվում է մեծ ջրհեղեղի մասին. «Երկրի վրա անձրև թափվեց 40 օր ու 40 գիշեր» (Է 12)։ Ապա՝ երբ Մովսեսը սպանեց եգիպտացուն և փախավ Մադիամի երկիր, այնտեղ մնաց 40 տարի (Ելք Բ, Գործք Է 30)։ Մովսեսն Աստծուց օրենքի ու պատվիրանների տախտակը ստանալու համար 40 տարի մնաց Սինա լեռան վրա. «Մովսեսը մտավ ամպերի մեջ և բարձրացավ լեռը։

Մովսեսը լեռան վրա մնաց 40 օր ու 40 գիշեր» (Ելք ԻԴ 18)։ Բ Օր. Թ 18-ում Մովսեսն ասում է. «Առաջինի նման երկրորդ անգամ 40 օր ու 40 գիշեր Տիրոջ առջև աղաչեցի, հաց չկերա, ջուր չխմեցի ձեր գործած բոլոր մեղքերի քավության համար»։ Կրկին Բ Օրինաց գրքում հանդիպում ենք. «Եթե մեղավորը գանահարության է արժանի... ապա նրան թող գանահարեն ըստ նրա մեղավորության. 40 հարված, բայց ոչ ավելի» (ԻԵ 2-3)։ 

Այս գրքից տեղեկանում ենք նաև, որ հրեաներն անապատում անցկացրին փորձության ու հնազանդության 40 տարի, և Տիրոջ հրեշտակն էլ  նրանց հիշեցրեց. «Նա տանջեց քեզ, սովահար արեց, կերակրեց քեզ մանանայով, որին ծանոթ չէիր, և որին ծանոթ չէին նաև քո հայրերը, որպեսզի քեզ ցույց տա, թե մարդը միայն հացով չէ, որ ապրում է, այլ մարդն ապրում է նաև այն ամեն խոսքով, որ ելնում է Աստծո բերանից։ Քո զգեստները չմաշվեցին, քո ոտքերը 40 տարի կոշտուկներով չպատվեցին» (Ը 3-4)։

Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց.  «Մարդիկ ուղարկի՛ր, որ հետախուզեն քանանացիների երկիրը։ Դա ես իսրայելացիներին եմ տալու որպես կալվածք...   Իսրայելացիները երկիրը 40 օր հետախուզելուց հետո վերադարձան» (Թվեր ԺԳ 2, 26)։ Դատավորներ ԺԳ 1-ում կարդում ենք. «Իսրայելացիները շարունակեցին չարիք գործել Տիրոջ առաջ, և Տերը նրանց 40 տարի այլազգիների ձեռքը մատնեց»։

«Այն այլազգին 40 օր, առավոտ կանուխ ու երեկոյան, գալիս արձանացած կանգնում էր իսրայելացիների առաջ» (Ա Թագ. ԺԷ 16)։ 

Եղիան Սինա լեռան վրա «նայեց ու տեսավ իր սնարից կախված նկանակ ու ջրի կուժ... Նա վեր կացավ, կերավ ու խմեց, այդ կերակրի զորությամբ 40 օր ու 40 գիշեր քայլեց մինչև Քորեբ լեռը» (Գ Թագ. ԺԹ 8)։ 


Եզեկիելը, խոսելով Երուսաղեմի պաշարման մասին, ասում է. «Դարձյալ կննջես աջ կողքիդ վրա, և Հուդայի տան անիրավությունները կկրես 40 օր. յուրաքանչյուր տարվա դիմաց մեկ օր էր սահմանել քեզ» (Եզեկ. Դ 6)։

Իսրայելում 40 տարի իշխեց  Դավիթ թագավորը, 40 տարի իշխեց նաև Սողոմոն թագավորը։ 

Հին Կտակարանում բազում անգամ տեղ գտած այս 40 թվին հանդիպում ենք նաև Նոր Կտակարանում։ 

Հիշենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի 40-օրյա փորձությունն անապատում (Մատթ. Դ 2), 40 ամիս քարոզեց, Նրա հրաշափառ հարությունից մինչև համբարձում տևեց 40 օր. «Նա Իր չարչարանքներից հետո Իրեն կենդանի ներկայացրեց նրանց առաջ շատ ապացույցներով՝ 40 օրերի ընթացքում երևալով նրանց և խոսելով Աստծո արքայության մասին» (Գործք Ա 3)։ 

Նա 40 օր մնաց գերեզմանում, 40 օր է տևում Մեծ պահքը և այլն։

Թվարկված օրինակները հուշում են, որ 40 թիվն  իմաստային կամ խորհրդապաշտական առումով ամենևին էլ միանշանակ չէ. այն հոգևոր վերելքի, պահքի, փորձության, մաքրության, թափառումի, ապաշխարության և սպասումի շրջան է, պատժիչ գործողությունների քանակ, մի վիճակից մյուսին անցնելու ժամանակահատված և այլն։ Ընդունենք թե չընդունենք՝ թվերը պատահականություններ չեն։ Ողջ տիեզերքի, տիեզերական բոլոր մարմինների՝ համաստեղությունների, մոլորակների ու   արբանյակների, աստղերի ու աստղաբույլերի հիմքում ընկած են մաթեմատիկական կատարյալ հաշվարկներ ու մաթեմատիկական անբեկանելի օրինաչափություններ։

Այնուհանդերձ, այս խորհրդավոր 40 թվի գաղտնիքը թողնելով հետագա ուսումնասիրողներին՝ դառնանք Տյառնընդառաջի  խորհրդին։ 

Եվ այսպես՝ Մարիամն ու Հովսեփը Մանկանը տանում են Տաճար։ Տաճարում նրանց ընդառաջ է գալիս «Սիմեոն անունով մի մարդ... այդ մարդը արդար ու աստվածավախ էր և ակնկալում էր Իսրայելի մխիթարությունը, և Սուրբ Հոգին էր նրա մեջ» (Ղուկ. Բ 25)։ Այս ծերունուն Սուրբ Հոգուց հրամայված էր, որ նա չի մահանալու, մինչև չտեսնի Տիրոջ Օծյալին։ Եվ ահա Սիմեոն ծերունին մանուկ Հիսուսին իր գիրկն է առնում, օրհնում է Աստծուն և ասում. «Այժմ, ո՛վ Տեր, խաղաղությամբ արձակի՛ր Քո ծառային ըստ Քո խոսքի. որովհետև աչքերս տեսան փրկությունը Քո, որ պատրաստեցիր բոլոր ժողովուրդների առաջ. լույս, որ կլինի հայտնություն հեթանոսների համար և փառք՝ Իսրայելի Քո ժողովրդի համար» (Ղուկ. Բ 29)։ Այս խոսքից զարմացած Մարիամին ու Հովսեփին Սիմեոն ծերունին օրհնում է ու Մարիամին դիմելով ասում. «Ահա՛ սա նա է, որ պատճառ է դառնալու Իսրայելի մեջ շատերի անկման ու բարձրացման և նշան հակառակության։ Իսկ քո հոգու միջով էլ սուր պիտի անցնի, որպեսզի բազում սրտերի խորհուրդներ հայտնի դառնան» (Ղուկ. Բ 33-35)։ 

Ղուկաս ավետարանիչը հաղորդում է նաև, որ՝ «....այնտեղ կար մի մարգարեուհի՝ Աննա անունով՝ Փանուելի դուստրը, Ասերի ազգատոհմից. սա տարիքով շատ առաջացած էր և ամուսնու հետ միայն յոթ տարի էր ապրել՝ սկսած իր կուսությունից։ Նա մոտ ութսունչորս տարեկան մի այրի էր, որ չէր հեռանում Տաճարից, այլ ծոմապահությամբ և աղոթքով գիշեր-ցերեկ ծառայում էր Աստծուն։ Սա ևս նույն ժամին վեր կացավ եկավ, գոհություն էր մատուցում Տիրոջը և խոսում էր մանկան մասին բոլոր նրանց հետ, որոնք Երուսաղեմի փրկությանն էին սպասում»։ 


Ինչպես գիտենք, Ղուկասը հրեա չէր և երբեք չի էլ ապրել Երուսաղեմում, բայց Աննայի ով լինելու մասին հնարավորինս ամբողջական տվյալներ է հաղորդում, իսկ Սիմեոն ծերունու  մասին, բացի «արդար» և «աստվածավախ» պատվանուններից, ուրիշ ոչինչ չի ասում, այն դեպքում, երբ ծերունու՝ Օծյալի կյանքի մասին գուշակումներն ավելի քան իրական էին և հավաստի, որոնց մասին մենք հետագայում իմանում ենք Տիրոջ կյանքի ու մահվան ընթացքին ծանոթանալով։ Պետք է ենթադրել, որ Աննան Սուրբ Գրքի գիտակ էր, քաջատեղյակ Հին Կտակարանում Օծյալի մասին առկա բոլոր  կանխագուշակումներին։ Այս է պատճառը, որ թե՛ շատ մանրանկարներում և թե՛ Վերածննդի շրջանի՝ Տյառնընդառաջին նվիրված նկարներում Աննան պատկերված է հիմնականում բացված գլանակը ձեռքին։ Իսկ այն, որ Սիմեոնն այն 72 թարգմանիչներից մեկն էր, որոնք Պտղոմեոս Երկրորդի հանձնարարականով թարգմանել էին եբրայերենից հունարեն Հին Կտակարանի գրքերը, ամենայն հավանականությամբ հետագա դարերի ավանդություն է։ Ինչևէ, ավանդույթն ասում է, թե  թարգմանական աշխատանքների ժամանակ Սիմեոնը Եսայու գրքում հանդիպում է «Ահա կույսը պիտի հղանա ու որդի ծնի» (Եսայի Է 14) նախադասությանը և մտածելով, որ դա սխալմունք է,  ջնջում է այն: Սակայն դրա շուրջ երկար մտորելուց և նիրհելուց հետո արթնանում և տեսնում է՝ իր ջնջած տողերը վերականգնված են, այն էլ՝ ասես  ոսկե տառերով: Սիմեոնը փառաբանում է Աստծուն և երանի տալիս նրանց, ովքեր պիտի տեսնեին Օծյալ Մանկանը՝ կենդանի Աստծուն,  և գրկեին Նրան: 

Այսպիսով, համաձայն Եկեղեցու հայրերի, Սիմեոնը և Աննան խորհրդանշում են Փրկչին ընդառաջ դուրս եկած Հին Ուխտի ողջ մարդկությունը: Հետագայում Նոր Ուխտի մարդկության համար տոնը դարձավ Տիրոջն ընդառաջ գնալու հիասքանչ հրավեր։ Եվ ինչպես Աստված   խոնարհվեց ու դեպի մեզ եկավ մեր փրկության համար, այդպես էլ մենք պետք է գնանք Նրա հետ հանդիպման՝ փաստելու մեր սերն ու հավատարմությունը: Եթե Հին Ուխտի մարդկությանը լսելի էր Աստծո լոկ ձայնը, ապա Տաճարում նոր մարդկությունը բախտ ունեցավ ոչ միայն հանդիպելու, տեսնելու իր Աստծուն, այլև ապրելու Նրա հետ մարդկային կյանքով, լսելու նրա քարոզները՝ մարդ արարածի առաքելության, հոգևոր բարձրացումի, փրկագործության, կյանքի ու մահվան խորհրդի, երկրային ժամանակավոր կյանքի ու երկնային հավիտենականության մասին։   

Ուստի ամեն տարի՝ փետրվարի 14-ին, երբ մենք՝ Տիրոջ անունով քրիստոնյա կոչվածներս, գնում ենք տաճար՝ եկեղեցի, գնում ենք հանդիպելու մեր Աստծուն՝ Նրան, Ում կարիքը մենք՝ հայերս այսօր առավել քան երբևէ ենք զգում։ Ցավոք, այսօր ողջ մարդկությունը, ինչպես և մենք, շատ է հեռացել Աստծուց, շատ է դարձել  եսակենտրոն ու ինքնաբավ, առանց հասկանալու, որ երբ հեռանում ես քո Ստեղծչից, հեռանում ես ճշմարիտ Կյանքի կենարար ու կենսատու ակունքներից։ Երանի թե լիներ այնպես, որ ազգովի, ինչպես 301 թվականին, անկեղծորեն դառնայինք դեպի Աստված, ուղղեինք մեր քայլերը դեպի հավիտենական Լույսը։ Գնայինք ի սրտե հանդիպելու  Նրան, Ով այնքան սիրեց մեզ, գնայինք հանդիպելու Նրան ամեն օր, ամեն ժամ, որպեսզի   արժանանայինք այն երանությանը, որի մասին Քրիստոսն Ինքն ասաց. «Երանի՜ է ձեր աչքերին, որ տեսնում են, ու ձեր ականջներին, որ լսում են: Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ շատ մարգարեներ ու արդարներ ցանկացան տեսնել, ինչ որ դուք տեսնում եք, բայց չտեսան» (Մատթ. ԺԳ 13)։


Աստղիկ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆ


Ⲿկրոնական  Ⲿտոներ