Սրբապատկեր

Սբ Դաստառակի պատկերը

Համաշխարհային մշակույթի պատմության մեջ իր բացառիկ ու անկրկնելի տեղն ունի քրիստոնեական արվեստը, մանավանդ՝ պաշտամունքի ու ծեսի կարևորագույն գործոն հանդիսացող սրբապատկերը։

Առաջին քրիստոնյաներն իրենց մշակութային արժեքները ստեղծելիս բնականաբար օգտվել  են հեթանոսական արվեստի՝ դարավոր ուղի անցած, արդեն իսկ  հիմնովին կայացած ձևաբանական ու ոճական  համակարգից, սակայն բովանդակությամբ, նշանակությամբ, իրենց առջև դրված խնդրի մարմնավորման իմաստով ու  նպատակով միանգամայն  այլ մոտեցմամբ։ Սրբապատկերը  քրիստոնեական Եկեղեցու նվիրական սրբություններից  է, եկեղեցական ծեսի  խորհրդաբանական ու նաև զգայական ոլորտի կարևորագույն արտահայտիչը։ Այն Եկեղեցու աստվածպաշտական համակարգի կերպավորված բաղադրիչ է։

Հավատացյալի՝ սրբապատկերների միջոցով  ծանոթությունն  աստվածաշնչյան պատմություններին դառնում է առավել պատկերավոր ու զգայական,  Եկեղեցու փրկագործող  խորհուրդներին, վարդապետությանը, ծիսական և դավանական սկզբունքներին հաղորդ դառնալը՝  առավել ըմբռնելի։


Սրբապատկերն աստվածճանաչողության կարևոր միջոցներից  մեկն է։ 

Սա է պատճառը, որ սրբապատկերները  գոյություն են ունեցել դեռևս քրիստոնեության վաղ շրջանում  և Եկեղեցու վարդապետության տարածմանը զուգընթաց  բերել  իրենց  զգալի  ներգործությունը։ Ըստ Եկեղեցու Սրբազան Ավանդության՝  քրիստոնեական առաջին սրբապատկերները  Հիսուս Քրիստոսի  Դաստառակն է և  Հովհաննես Ավետարանչի նկարած Աստվածամոր պատկերը։ 

Սրբապատկերի վաղագույն օրինակներից է Սիրիայում գտնվող Դուրա-Եվրոպոս (արամեերեն՝ Եվրոպոսի  բերդ) կատակոմբում պահպանված Աստվածամոր պատկերը։ Այդ խճանկարը թվագրվել է 2-րդ դարի սկզբով։ 

Սրբապատկերը, լինելով քրիստոնեական արվեստի և գեղարվեստական մտածողության կարևորագույն ժանրերից  մեկը, զարգացել ու ձևավորվել է պաշտամունքային կանոններին զուգընթաց՝ իր մեջ խորապես ներառելով Եկեղեցու  վարդապետական և դավանաբանական հիմնանիշերը։

Այն աստվածպաշտական կարևորագույն առարկա է, որի աստվածաբանական հիմնավորումը ձևակերպում ստացավ   787 թ. տեղի ունեցած 7-րդ տիեզերական ժողովում, թեպետ նրա՝  մարդու ներքին աղոթական վիճակի, բարոյական կատարելագործման հետ  կապված անհրաժեշտությունը  գիտակցվել և հորդորվել է  դեռևս  Ընդհանրական Եկեղեցու հայրերի կողմից։ Սուրբ հայրերը խորապես վկայում են այն օգուտի մասին, որ տալիս են սրբապատկերները։ Դրանք խրատում, հորդորում,  լուսավորում ու հուսադրում են  հավատացյալին։ Ս. Բարսեղ Կեսարացու հաստատմամբ՝ սրբապատկերի զորությունը ավանդական է և օրհնված է Հիսուս Քրիստոսի առաքյալների կողմից։   Սրբապատկերը  նաև հատկություն ունի պատկերավոր կերպով  օգնելու քարոզչին՝  լրացնելու իր խոսքը, դարձնելու այն ավելի տպավորիչ։

Իսկ  ահա Հովհան Ոսկեբերանը գտնում է, որ նման պատկերները տալիս են մարդուն հոգևոր մխիթարություն, քաջալերություն։

 Գրիգոր Աստվածաբանն էլ  կարևորում է սրբապատկերի  խրատող և հորդորող  նշանակությունը։


Հովնաթան Հովնաթանյան, Մոգերի երկրպագությունը
Սևանի Աստվածամայրը

Սուրբ հայրերը նշում են նաև սրբապատկերի ուսուցանող  հատկության մասին։  Օրինակ՝ կարդալ  չիմացող մարդուն  նա պատկերավոր լեզվով և տեսանելի կերպով  փոխանցում է Սուրբ Գրքի պատմություններն ու պատգամները։ 

Սրբապատկեր կերտելիս նրա  աստվածաբանական ուղղվածությունն էր  թելադրում  ոչ միայն պատկերի կատարման ու արտահայտման ձևը, այլ նաև նրա ներքին խորհրդաբանական բովանդակությունը, ներգործման կերպը։ Այս վերջինիս համար Եկեղեցին, հիմնվելով իր դարավոր փորձառության վրա, մշակեց պատկերագրության որոշակի և հատուկ սկզբունքներ։ 

Սրբապատկերը կոչված է նաև վերափոխելու մարդու կեցությունը. չէ՞ որ  նրա վրա պատկերվածը զերծ է մեղքի ներգործությունից և  իր վրա կրում է աստվածային մաքրագործող շնորհներ։ 

Սրբապատկերը  խնդիր ունի մարդուն հրավիրելու դեպի սրբություն, դեպի աստվածային նորոգություն։

Այսպիսով՝ սրբապատկերը Աստծո խոսքն է, որը պատկերների միջոցով  մարդկանց համար բացահայտում է մաքուր, մտահայեցողությամբ հասանելի աստվածային իրականության խորհուրդները։ 

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ունի բազում նվիրական սրբություններ,  որոնք դարեր ի վեր հայ քրիստոնյայի համար եղել և մնում են առանձնակի մեծարանքի առարկաներ: Սուրբ Գեղարդը,  սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջը,  Խոտակերաց Սուրբ Նշանի և Սկևռայի մասնատուփերը, Շրիշկանի Ավետարանը և այլ նշանավոր սրբություններ մեր ժողովրդի կյանքում մեծապես կարևորվել են նախ և առաջ իրենց հրաշագործ զորությամբ՝ պայմանավորված քրիստոնյայի ճշմարիտ ու անկեղծ հավատով և այդ օծված սրբությունների աստվածային ներգործությամբ: 

 Այստեղ արժե հիշատակել, որ այս  սրբությունների կողքին՝ 17-րդ դարից սկսած, հայ հավատացյալի կյանքում իր եզակի տեղն է ունեցել նաև «Սևանի Աստվածամայրը» սրբապատկերը: 


Ⲿկրոնական Ⲿարվեստ