Թեմի մասին

Մասյացոտնի թեմը հիմնադրվել է 2021 թ․ հունվարի 11–ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական կոնդակով։ Թեմի առաջնորդն է Գերաշնորհ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը։ Մասյացոտնի թեմն ընդգրկում է Հայաստանի Հանրապետության Արարատի մարզը՝ Արտաշատ, Արարատ, Վեդի, Մասիս խոշորացված համայնքներով, որոնք նախկինում ներառված էին Արարատյան Հայրապետական թեմում։

Թեմում գործում է 23 համայնքային եկեղեցի։ Առաջնորդանիստն է Արտաշատի Սուրբ Հովհաննես Ավետարանիչ եկեղեցին։ Թեմի պատմական սրբավայրերից ամենահայտնին Մոշաղբյուրի Սուրբ Կարապետ վանքն է, որի վերազարթոնքին ուղղված բազմաթիվ ծրագրերի շնորհիվ վանք են այցելում մեծ թվով ուխտավորներ և զբոսաշրջիկներ։ 

Թեմում մշտական հոգևոր սպասավորության են կոչված մեկ վարդապետ, քսաներկու քահանա, մեկ այցելու քահանա և երկու սարկավագ։



Տ. Գևորգ եպս ՍարոյանՄասյացոտնի թեմի առաջնորդ


Թեմի բոլոր համայնքներում իրականացվում են հոգևոր-քարոզչական, սոցիալ-կրթական ծրագրեր։ Առանձնակի ուշադրություն է դարձվում սահմանամերձ բնակավայրերին՝ Արմաշ, Սուրենավան, Երասխ, Պարույր Սևակ, Տիգրանաշեն և Զանգակատուն համայնքներին։ Եկեղեցական ծրագրերում ներգրավված են  երիտասարդաց և տիկնանց միությունների անդամները։ Թեմի գրեթե բոլոր համայնքներում գործում են կիրակնօրյա դպրոցներ։ Հոգևոր, կրթական, սոցիալական ծրագրերի շրջանակում ակտիվ համագործակցություն է ձևավորվել մի շարք եկեղեցական, հասարակական, բարեգործական կառույցների հետ։ Թեմում գործում է նաև «Սուրբ Հակոբ Մծբնա Հայրապետ» ուխտագնացությունների գրասենյակը, որ ուխտագնացություններ է կազմակերպում սրբատեղիներ, մասնավորապես՝ Սուրբ Երկիր։

Կարևոր ձեռքբերումներ են արձանագրվում եկեղեցաշինության ոլորտում։ Շուրջ 22 բնակավայրերում՝ Այգեզարդ, Քաղցրաշեն, Մարմարաշեն, Նոր Կյուրին, Արևաբույր, Նոր Խարբերդ, Ջրահովիտ, Ոսկետափ, Մրգանուշ, Այգեստան, Նշավան, Լանջազատ, Բարձրաշեն, Ջրաշեն, Աբովյան, Հովտաշեն, Նոր Կյանք, Դարբնիկ, Ղուկասավան, Բաղրամյան, Ազատավան, Գետազատ, նախագծվում, կառուցվում և վերակառուցվում են եկեղեցիներ։ Երկու խոնարհված եկեղեցի արդեն վերակառուցման փուլում են։ Խոնարհված հինգ եկեղեցիներում կատարվում են պեղումներ՝ ապագայում վերակառուցելու նպատակով։ Եկեղեցիների բակերում տեղադրվում են խաչքարեր, կառուցվում  գրատներ։ 

Թեմում իրականացվում են նաև հրատարակչական աշխատանքներ։


Սբ Կարապետի վանք