Թեմի եկեղեցիները


Սեղմեք քարտեզի վերնագրի ձախ կողմում եղած ուղղանկյունաձև նշանի վրա՝ ցանկից օգտվելու համար։ Բոլոր բնակավայրերը տեսանելի դարձնելու համար քարտեզն ընդարձակեք։ Որևէ բնակավայրի եկեղեցու ճշգրիտ դիրքը գտնելու համար այդ բնակավայրի տարածքն ընդարձակելուց հետո որոնեք եկեղեցի նշանակող խաչանիշ երկնագույն պատկերակը (ոչ թե կարմիր)։


Առաջնորդանիստ Սբ Հովհաննես Ավետարանիչ եկեղեցի, Արտաշատ

Մասյացոտնի թեմի Սբ Հովհաննես Ավետարանիչ  առաջնորդանիստ եկեղեցին կառուցվել է 2015 թվականին: Մինչ այդ Արտաշատ քաղաքի բնակիչների համար  աղոթատեղի են ծառայել քաղաքի մի քանի մատուռները: Այդ մատուռներից ամենահայտնին եկեղեցուց ոչ հեռու՝ լճի մոտակայքում գտնվող Թուխ Մանուկն է, որի դռները չեն փակվել անգամ խորհրդային աստվածմերժության տարիներին: Սուրբ Պատարագի, սուրբ Մկրտության ու սուրբ Պսակի արարողություններին մասնակցելու համար քաղաքի բնակիչներն այցելել են հիմնականում Մրգավան գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցի կամ Խոր Վիրապի վանք: 

Սուրբ Հովհաննես Ավետարանիչ եկեղեցու հիմնօրհնեքը կատարվել է 2002 թ.: Եկեղեցու տարածքը եղել է ճահճային, ինչի պատճառով եկեղեցու կառուցումը երկար է տևել: 

Եկեղեցին կառուցվել է Հովիկ Աբրահամյանի և Աբրահամյան ընտանիքի հովանավորությամբ: Եկեղեցու օծումը կատարվել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ 2015 թվականի մայիսի 31-ին:  Ճարտարապետներն են Արտակ Ղուլյանը և Էմմա Ֆահրադյանը: 

Իր կառուցվածքով Սուրբ Հովհաննես Ավետարանիչ եկեղեցին նման է յոթերորդ դարի հայկական սրբավայրերին: Խաչաձև հիմքով կենտրոնագմբեթ տաճարի գմբեթը, զանգակատունը, գլխավոր, հյուսիսային և հարավային մուտքերն ու ելքերը հարուստ են զարդաքանդակներով: Եկեղեցին հարուստ է նաև սրբապատկերներով, որոնք հիմնականում Հովնաթանյանների ստեղծագործությունների կրնօրինակներն են: 

Եկեղեցու աջ և ձախ կողմերում տեղադրվել են երեք խաչքարեր՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի, Ապրիլյան քառօրյա և Արցախյան 44-օրյա պատերազմների նահատակ հերոսների հիշատակին: 

Եկեղեցական համայնքի վարչական շրջանը  Արտաշատ քաղաքն է։

Եկեղեցական համայնքում գործում են տիկնանց և երիտասարդաց  միություններ, «Շողակաթ» կիրակնօրյա դպրոցը։ Ամռան ընթացքում կազմակերպվում է բակային հոգևոր ճամբար: Շաբաթվա մեջ մեկ օր եկեղեցում կատարվում է Աստվածաշնչի սերտողություն։

Եկեղեցում ամեն կիրակի և տոն օրերին մատուցվում է սբ Պատարագ,   ամեն օր կատարվում են առավոտյան, ճաշու, երեկոյան ժամերգություններ։

Սուրբ Ավետարանիչների տոնը սահմանված է որպես եկեղեցու ուխտի օր:

Սուրբ Հովհաննես Ավետարանիչ առաջնորդանիստ եկեղեցու հոգևոր հովիվն է Տ. Երվանդ քհն. Բաբայանը, իսկ լուսարարապետը՝ Տ. Պողոս քհն. Միքայելյանը։

Եկեղեցու ֆեյսբուքյան էջը՝    https://www.facebook.com/StHovhannes/

Տ․ Պողոս քհն․ Միքայելյան
Տ․ Երվանդ քհն․ Բաբայան

Վեդիի Սբ Աստվածածին եկեղեցի

Մասյացոտնի թեմի Վեդիի Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 2001 թվականին հին, կիսաքանդ մի մատուռի տեղում և օծվել է Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արք. Կճոյանի կողմից: Եկեղեցու կառուցման բարերարներն են Էդգար և Կոլյա Շաբոյանները։

Եկեղեցու բակում կա չորս խաչքար, մեկը՝ 7-րդ դարի, մեկն էլ նվիրված է Արցախյան բոլոր պատերազմներում նահատակված հերոսների հիշատակին։ 

Եկեղեցական համայնքի վարչական շրջանն ընդգրկում է Վեդի խոշորացված համայնքը։ Կառուցման ընթացքի մեջ են Նոր Կյանք և Ոսկետափ բնակավայրերի եկեղեցիները։

Եկեղեցական համայնքում գործում են Տիկնանց  եւ երիտասարդաց միությունները եւ կիրակնօրյա դպրոցը։ Յուրաքանչյուր  կիրակի օր եկեղեցում անցկացվում են Սուրբ Գրքի սերտողություն, ինչպես նաև կիրակնօրյա դպրոցի սաների դասընթացներ։ Ամեն կիրակի և եկեղեցական կարևոր տոներին մատուցվում է  սուրբ Պատարագ։ 

Եկեղեցու հոգևոր հովիվն է Տ. Հովսեփ քհն. Սարգսյանը։

Եկեղեցու ֆեյսբուքյան էջը՝  https://www.facebook.com/profile.php?id=100069742071661

Արարատի Սբ Ամենափրկիչ եկեղեցի

Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին Մասյացոտնի թեմի նորակառույց եկեղեցիներից է։ Կառուցումը սկսվել է 2011 թվականին, եկեղեցին օծվել է 2022 թ. հունիսի 11-ին՝ ձեռամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գեորգ եպիսկոպոս Սարոյանի։ Եկեղեցին կառուցվել է Արթուր Խաչատրյանի բարերարությամբ։ 

 Եկեղեցական համայնքի վարչական շրջանի մեջ են մտնում  Արարատ քաղաքը, Զանկագատուն, Վարդաշատ, Ուրցալանջ, Լանջառ, Պարույր Սևակ, Տիգրանաշեն համայնքները:

Աշխատանքներ են տարվում նորաստեղծ համայնքում երիտասարդաց, տիկնանց միություններ ձևավորելու, կիրակնօրյա դպրոց բացելու ուղղությամբ։

Ամեն օր եկեղեցում կատարվում են առավոտյան և երեկոյան  ժամերգություններ։

Սուրբ Պատարագ է մատուցվում ամեն կիրակի և եկեղեցական կարևոր տոներին: 

Եկեղեցու հոգևոր հովիվն է Տ. Արծրուն քհն. Միքայելյանը։

Եկեղեցու ֆեյսբուքյան էջը՝  https://www.facebook.com/saintamenaprkichchurch/

Տ. Արծրուն քհն. Միքայելյան