Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու

 նվիրապետությունը և գիտական ու պատվո աստիճանները





Հայ Եկեղեցու նվիրապետության գլուխը կաթողիկոսն է, որ ստանալով Սուրբ Հոգու շնորհները՝ բաշխում է եպիսկոպոսներին, որոնք էլ իրենց հերթին այդ շնորհները բաշխում են քահանաներին, քահանաներն էլ՝ ժողովրդին։

Այսպիսով՝ Հայ Եկեղեցու նվիրապետության մեջ գործում են երեք հիմնական աստիճաններ, որոնք տրվում են ենթակային ձեռնադրության և օծումի միջոցով։


1. Քահանայություն

Քահանայությունը Եկեղեցու նվիրապետական կարգի կարևոր, էական ու հիմնական աստիճանն է։ Քահանայի պարտականությունն է հովվել իրեն վստահված հոտը, կրթել, դաստիարակել ու հոգ տանել իր ծուխի անդամների հոգևոր ու բարոյական կենցաղավարության մասին, կատարել Մկրտության, Դրոշմի, Ապաշխարության, Հաղորդության և Պսակի խորհուրդները, ինչպես նաև ծիսական այլ արարողություններ։ Ս. Գրիգոր Տաթևացին հետևյալ բառերով է բնութագրում քահանայի գործը. «Կրկին է գործ քահանայից. նախ զմեղս սրբել ի մարդոյ և ապա զմարդն ընծայել Աստուծոյ» (Ամարան, էջ 443)։

Քահանան իր իշխանությունը ստանում է եպիսկոպոսից՝ ձեռնադրությամբ ու օծումով։ Թեկնածուն պետք է ունենա համապատասխան կրթություն, անձնվիրություն, չափահաս տարիք, սրբություն, սեր աստվածպաշտության նկատմամբ, սարկավագական աստիճան և պետք է զերծ լինի մարմնական թերություններից։

Հայ Եկեղեցու քահանաները լինում են թե՛ ամուսնացյալ և թե՛ կուսակրոն։ Հայ Եկեղեցու օրենքների համաձայն՝ ամուսնացյալը պետք է ամուսնացած լինի ձեռնադրությունից առնվազն մեկ տարի առաջ և ունենա զավակ։ Այրիացած քահանան կա՛մ կարող է անցնել կուսակրոնության շարքերը և կա՛մ երկրորդ անգամ ամուսնանալ (Գևորգ Ե կաթողիկոսի կարգադրությամբ)։

Ամեն եկեղեցի սովորաբար ունենում է իր ավագ քահանան՝ տվյալ եկեղեցու ծիսական ու հոգևոր բարեպաշտական գործունեության անմիջական պատասխանատուն։ Ամուսնացյալ քահանան կարող է վարել նաև որևէ թեմի առաջնորդական տեղապահի պաշտոն։

Կուսակրոն քահանան՝ աբեղան, քահանայական ձեռնադրություն և օծում ստանալու օրվա երեկոյան տաճարում կատարում է կուսակրոնության ուխտ և եպիսկոպոսից օրհնությամբ ստանում աշխարհից հրաժարումը խորհրդանշող վեղարը։ Կուսակրոն քահանայի հիմնական պարտականությունն է ապրել վանական և ուսումնական կյանքով։


2. Եպիսկոպոսություն

Ընդհանրական Եկեղեցու մեջ եպիսկոպոսությունը նվիրապետական կարգի բարձրագույն իշխանությունն է, որ մարմնավորում է Եկեղեցու միությունը։ Եպիսկոպոսը աշխարհագրական ու վարչական մի միավորի (գավառ, նահանգ կամ երկիր)՝ թեմի, եկեղեցիների վերատեսուչն է, տվյալ թեմի ժողովրդի առաջնորդն ու Սուրբ Հոգու շնորհները բաշխողը։ Եպիսկոպոսի իրավասությանն է պատկանում քահանաների ձեռնադրությունը, եկեղեցի օծելը։

Հայ Եկեղեցում եպիսկոպոսը ձեռնադրվում և օծվում է միայն կաթողիկոսի կողմից։ Հնում եպիսկոպոսները սովորաբար ընտրվում էին ամուսնացյալ քահանաներից։ Միջին դարերում և այսօր եպիսկոպոսության թեկնածուները ընտրվում են այն կուսակրոն քահանաներից, որոնք ունեն վարդապետական գիտական աստիճան։

 

3. Կաթողիկոսություն

Ի տարբերություն մյուս Եկեղեցիների՝ Հայ Եկեղեցու կաթողիկոսը մի կարգ բարձր է եպիսկոպոսությունից, քանի որ նա, ընտրվելով եպիսկոպոսներից, ստանում է կաթողիկոսական ձեռնադրություն և օծում։

Նվիրապետական կարգի ողջ իշխանությունը կենտրոնացած է կաթողիկոսի մեջ, որը 12 եպիսկոպոսների ձեռնադրությամբ և օծումով ստանում է Ս. Հոգու շնորհները և, իբրև Քրիստոսի առաքելական փոխանորդ, բաշխում դրանք եպիսկոպոսներին։

Հայ Եկեղեցում կաթողիկոսը գերագույն դատավորն է, օրենսդրական մարմնի գլուխը։ Նրա իրավասության սահմանների մեջ են մտնում եպիսկոպոս ձեռնադրելը, մեռոնօրհնությունը, տոներ սահմանելը, ազգային-եկեղեցական ժողովներ հրավիրելն ու արձակելը, Եկեղեցու կառավարության վերաբերյալ կարգադրություններ և նոր օրենքներ սահմանելը և այլն։

Կաթողիկոսն ընտրվում է ազգային -եկեղեցական ժողովի կողմից։

Կաթողիկոսի իշխանությունը ցմահ է։


Նվիրապետական ցածր աստիճաններ


Նվիրապետական հիմնական աստիճաններից բացի՝ Հայ Եկեղեցին ունի նաև նվիրապետական ցածր աստիճաններ, որոնք իշխանություն ստանում են միայն ձեռնադրությամբ։ Նրանց պարտականությունն է սպասարկել քահանաներին, եպիսկոպոսներին և կաթողիկոսին։

Այդ աստիճաններն են.


1. Դպրություն

Այս կարգն իր մեջ ամփոփում է հնում գոյություն ունեցող սաղմոսերգության, ավելածության, դռնապանության, ընթերցողության, երդմնեցուցչության և ջահընկալության աստիճանները։

2. Սարկավագություն

Սարկավագն ընտրվում է դպիրներից։ Նրա պարտականությունը ծիսակատարությունների ժամանակ խնկարկել և քարոզներ կարդալն է, Պատարագներին Ավետարան կարդալն ու Վերաբերում անելը։ Թե՛ դպիրներն ու թե՛ սարկավագները կարող են լինել թե՛ ամուսնացյալ և թե՛ կուսակրոն։ Նրանք կարող են զբաղվել նաև աշխարհիկ այլ աշխատանքներով։



Սարկավագական ձեռնադրություն (նկարի աղբյուրը)
Վարդապետական գավազանի տվչություն (նկարի աղբյուրը)

Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու գիտական աստիճանները

 

Հայ Եկեղեցում կա գիտական երկու աստիճան՝ մասնավոր վարդապետություն, որ համապատասխանում է աշխարհիկ «գիտությունների թեկնածու» կոչումին, և ծայրագույն վարդապետություն, որ համապատասխանում է աշխարհիկ «գիտությունների դոկտոր» կոչումին։ Հնում՝ ընդհուպ մինչև 11-րդ դարի սկիզբը, այս աստիճանները տրվել են թե՛ ամուսնացյալ և թե՛ կուսակրոն քահանաներին, իսկ այսօր տրվում են միայն կուսակրոններին՝ համապատասխան գիտական ուսումնասիրություն պատրաստելուց և պաշտպանելուց հետո։ Վարդապետական աստիճանները տրվում են եկեղեցական արարողությամբ։ Ծայրագույն վարդապետական աստիճանի տվչությամբ ենթական ստանում է իմաստություն խորհրդանշող օձագլուխ գավազան, ինչն իրավունք է տալիս քարոզելու և ուսուցանելու։


Հայաստանյայց Եկեղեցու պատվո աստիճանները և պարգևատրումները

 

Նվիրապետության և գիտական աստիճաններից բացի՝ Հայ Եկեղեցում կան նաև պատվո աստիճաններ և պարգևատրումներ։


1. Պատվո աստիճաններ

Ավագություն - տրվում է վաստակաշատ ամուսնացյալ քահանաներին, որոնք այդուհետ անվանվում են ավագ քահանա։

Արքություն - տրվում է վաստակաշատ եպիսկոպոսներին, որոնք այդուհետ անվանվում են արքեպիսկոպոս։


2. Պարգևատրումներ

Խաչակրություն - լանջախաչ կրելու իրավունք, որ տրվում է թե՛ վաստակաշատ ամուսնացյալ քահանաներին (պղնձե կամ ոսկեզօծ) և թե՛ վարդապետներին (արծաթե, ոսկեզօծ, ակնակուռ)։

Ծաղկյա սև փիլոն - տրվում է վաստակաշատ ամուսնացյալ քահանաներին և վարդապետներին։

Ծաղկյա մանուշակագույն փիլոն - տրվում է ծայրագույն վարդապետներին, եպիսկոպոսներին և բացառիկ դեպքերում նաև ամուսնացյալ քահանաներին։ Այն կրում է նաև կաթողիկոսը։


Պատվո աստիճանները և պարգևատրումները տրվում են առանց եկեղեցական արարողության, կաթողիկոսական կոնդակով կամ թեմակալ եպիսկոպոսի գրությամբ։


Ⲿկրոնական



լանջախաչ