Ձիավոր սրբեր

Սբ Սարգիս և որդին Մարտիրոս, նկարի աղբյուրը՝ art365.am

Ովքե՞ր են ձիավոր սրբերը։ Քրիստոնյա աշխարհում առավել հայտնի են հինգ հեծյալ սրբեր, որոնք հիմնականում պատկերվում են նժույգների վրա նստած։ Դրանք են սբ Սարգիսը, սբ Գևորգը, սբ Թեոդորոսը, սբ Մինասը և սբ Մերկերիոսը, որոնք բոլորն էլ եղել են զինվորականներ։ Պահպանվել են այս սրբերի նահատակության բազում վկայություններ, որտեղ նկարագրված են նրանց չարչարանքները։

Սբ Սարգսին հայերն անվանում են երագահաս կամ արագահաս սուրբ. հավանաբար այս մակդիրի պատճառը կամ պատճառներից մեկը սբ Սարգսի ձիավոր լինելն է՝ այն, որ նա կարողանում է իրեն դիմող մարդկանց ձիով արագ օգնության հասնել։

Առհասարակ, ձիերի մասին խոսելիս պետք է նշենք, որ բնության մեջ դրանք մարմնավորում են իրական ազատությունն ու կենսունակությունը, և երբ ընտելացվում են մարդու կողմից, դառնում են նրանց շատ հավատարիմ ուղեկիցները։ Ոմանք էլ ձիերին համեմատում են հրեշտակների հետ, իսկ շատերի համար էլ ձին երազանքներին և նպատակներին արագորեն հասնելու ընդունված խորհրդանիշ է։

Պատկերներում կարևոր բնորոշիչ է նաև հողը, որի վրա կանգնած է ձին․ այն հիմնականում չոր է, բայց երբեմն էլ հանդիպում են ծաղկած և առատ բուսականությամբ տարբերակներ։ Սբ Գևորգի տոնը մեր Եկեղեցում նշվում է սեպտեմբեր ամսի վերջին շաբաթ օրը, սակայն հայոց հայսմավուրքներում սբ Գևորգը հիշատակվում է գարնանը, և Բյուզանդական ու Կաթոլիկ եկեղեցիներում նրա տոնը նշում են նույնպես գարնանը՝ մի ժամանակ, երբ բնությունը զարթոնք է ապրում։ Այս դեպքում արդեն բնության նմանատիպ պատկերումը տրամաբանական է։ Ի դեպ՝ Գևորգ անունը հունարենից թարգմանաբար նշանակում է երկրագործ, հողագործ։


Արդեն նշվեց, որ ձիավոր սրբերը բոլորն էլ եղել են զինվորականներ, և շատ տրամաբանական է, որ զորականներին պատկերեին հիմնականում ձիու վրա նստած։ Պատկերագրության այս տեսակը համարվում է ամենատարածվածը թե՛ հայկական, թե՛ բյուզանդական սրբանկարչության մեջ։ Կենդանին կարծես պատկերվում է մշտական ընթացքի մեջ։ Ձին պատկերվում է իրեն բնորոշ հնազանդությամբ՝ որպես իր տիրոջը ենթարկվող։ Շատ հաճախ էլ կարծես հենց ինքը քրիստոնյա լինի, որ հնազանդվում է Տիրոջ բոլոր պատվիրաններին։ Թե՛ հայկական, թե՛ բյուզանդական պատկերագրություններում թեև կան որոշակի տարբերություններ, այդուհանդերձ ձիավոր սրբերը այդքան էլ հեռու չեն իրարից։ Որպես տարբերություն կարող ենք նշել բյուզանդական պատկերագրական նմուշներում հանդիպող առավել շքեղ, ոսկեպատ, թանկարժեք ու կիսաթանկարժեք քարերով զարդարված օրինակները, իսկ դրան հակառակ՝ հայկական մանրանկարչության մեջ հանդիպում են պատկերների առավել զուսպ նմուշներ։



Սբ Գևորգ զորավար, նկարի աղբյուրը՝ ter-hambarzum.net
Սբ Թեոդորոս զորավար, նկարի աղբյուրը՝ surbzoravor.am

Այս սրբերի պատկերագրության մեջ մյուս կարևոր բաղադրիչը նրանց զենքերն են․ ամենաշատը հանդիպում է երկար նիզակը կամ տեգը, որն ամենակարևոր ատրիբուտն է, քանի որ հենց դրանով է սուրբը կատարում իր սխրագործությունը։ Կան պատկերագրական տարբերակներ էլ, որտեղ նիզակի վերին մասում մենք տեսնում ենք խաչ, որը և կարող է լինել տարբեր տեսակի ու մեծության։ Սա խոսում է այն մասին, որ սրբերը ցանկացած գործողություն, որ կատարում էին զենքով, անում էին հանուն Քրիստոսի։ Սբ Գևորգն, օրինակ, պատկերվում է նիզակով հենց վիշապին խոցելու պահին։ Վիշապը մարմնավորում է չարիքը, և սուրբը ազատագրում է մարդկությանը հենց այդ չարիքից։ Կան պատկերներ, որտեղ վիշապը պատկերվում է տարբեր մեծությամբ և չափսերով, երախն ամբողջապես բաց, որի միջով անցնում է նիզակը, որով ցույց է տրվում չարի ամբողջական պարտությունը։ Հայտնի միստիկ փիլիսոփա և մտածող Ռուդոլֆ Շտայներն ասում էր․ ‹‹Ինչպես Միքայել հրեշտակապետն է երկնային զորքերի առաջնորդ, այնպես էլ սուրբ Գևորգը՝ երկրային զորքերի››։ Աղթամարի Սուրբ Խաչ վանքի պատկերաքանդակներում կարող ենք հանդիպել և՛ սբ Սարգսին, և՛ սբ Թեոդորոսին, ինչպես նաև սբ Գևորգին, որն էլ սպանում է Դիոկղետիանոս կայսերը՝ մարդու կերպավորում ստացած չարին, որ դարձել էր շատ ու շատ քրիստոնյաների հալածանքների և նահատակության պատճառ։

Խոսելով նրանց արտաքին տեսքի մասին՝ պիտի նշենք, որ ձիավոր սրբերը մշտապես պատկերվում են առանձնահատուկ գեղեցկությամբ։ Շատ տրամաբանական է, որ նա, ով զինվորական էր կամ զբաղվում էր զինական գործով, պիտի լիներ թիկնեղ, հաղթանդամ, առնական և խիզախ։ Գրեթե բոլոր պատկերներում մենք նրանց տեսնում ենք բացառապես համաչափ դեմքերով, գեղեցկադեմ և շատ ներկայանալի, մի խոսքով՝ այնպես, ինչպես ուզում են տեսնել իրական զինվորականին։ Կան տարբերակներ, որտեղ սրբերն ունեն շատ երիտասարդ տեսք և պատկերված են խիտ մորուքով՝ շեշտելով նրանց առնականությունը, արժանապատվությունը, քաջությունն ու իմաստությունը։ Հանդիպում են նաև այնպիսի օրինակներ, որտեղ սրբերը պատկերված են կանգնած դիրքով։ Թե՛ հայկական և թե՛ բյուզանդական պատկերագրություններում ձիավոր սրբերն իրենց գլխին ունեն լուսապսակ։

Կարևոր է անդրադարձ կատարել նաև նրանց հագուստներին, ի մասնավորի թիկնոցներին՝ որպես Աստծո հովանավորչության նշանի։ Դրանք շատ շքեղ տեսք ունեն, երկարավուն, ամրացված ճարմանդներով։ Կախված այն հանգամանքից, թե որ ժամանակաշրջանին է պատկանում տվյալ պատկերը, կարելի է ենթադրել նաև, թե տվյալ ժամանակաշրջանում զինվորական հագուստների որ տեսակներն են ավելի արդի ու նորաձև եղել։ Այստեղ է, որ առավել նկատելի են հայկական և բյուզանդական պատկերագրությունների տարբերությունները։

Սբ Մերկերիոս, 1778 թ., հեղինակ՝ Յուհաննա Ալ-Արմանի (Հովհաննես Հայ), Կահիրե, ղպտական եկեղեցի, նկարի աղբյուրը
Սբ Մինաս, Սբ Մինասի կուսանաց վանք, Կիպրոս, նկարի աղբյուրը՝ ippo.ru




Կան երկրներ, որոնք սուրբ Գևորգին իրենց հովանավորն են համարում, ուստի նրա անունով հայտնի խաչը որպես խորհրդանիշ պատկերում իրենց դրոշների վրա։ Այդ երկրներից է Անգլիան, որի պետական դրոշին պատկերված է Սբ Գևորգի խաչը։ Այն կա նաև ռուսական նավատորմի դրոշի վրա, ինչպես նաև Վրաստանի պետական դրոշի։

Հայ Եկեղեցու հայրերը ձիավոր սրբերին ձոնել են շարականներ, որոնցից առավելապես հայտնի է սուրբ Գևորգ զորավարին նվիրված գեղեցիկ շարականը։

Թագ պարծանաց մարտիրոսաց,

Զօրեղ զինաւոր անմահ արքային,

Սուրբդ Գէորգ, յաղթող զօրապետ,

Բարեխօ՛ս լեր առ Քրիստոս

Վասն անձանց մերոց։


Կատարինե Հովսեփյան

ԳՀՃ դասախոս, Արվեստի ինստիտուտի հայցորդ

Ⲿարվեստ Ⲿկրոնական