Պեղումներ մեր թեմի տարածքում
Լանջանիստի Սբ Աստվածածին (Սպիտակավոր) եկեղեցի (Սպիտակ վանք)
2021 թ. օգոստոսին թեմակալ առաջնորդի օրհնությամբ մեկնարկեցին Լանջանիստ համայնքի մոտակայքում գտնվող Սբ Աստվածածին Սպիտակավոր (Ախքիլիսա) եկեղեցու (ԺԴ դար) պեղումների աշխատանքները՝ նպատակ ունենալով հնամենի սրբավայրի վերակառուցումը:
Պեղումներն իրականացվեցին հնագետներ Լևոն Մկրտչյանի և Արտակ Գնունու կողմից: Հնագետներին կամավորաբար միացան նաև թեմի հոգևոր հայրերը, ինչպես նաև համայնքի անդամները:
Աշնանն իրականացվեցին նաև դեպի Սպիտակավոր տանող ճանապարհի բացման ու բարեկարգման աշխատանքներ:
2024 թ. ամռանը վերսկսվել են պեղումների աշխատանքները, որոնք իրականացնում է Հնագիտության և ազգագրության ինստիտուտի արշավախումբը՝ հնագետներ Դիանա Միրիջանյանի եւ Տիգրան Ալեքսանյանի ղեկավարությամբ։ Վանական համալիրի ամրակայման և վերականգնման նպատակով առավել մեծածավալ պեղումների անհրաժեշտություն կա: Այս անգամ ևս պեղումներին մասնակցում են թեմի թե՛ հոգևորականները, ներառյալ թեմակալ առաջնորդ Գևորգ եպս Սարոյանը, թե՛ հավատացյալներ։
Սպիտակ վանքի համալիրը բաղկացած է Սբ Աստվածածին եկեղեցուց և կից օժանդակ կառույցներից, որոնց գործառական նշանակությունը պարզ կդառնա պեղումների ավարտին:
Սպիտակ վանքի պեղումների մասին առավել մանրամասն կարդացեք հետևյալ հոդվածներում և դիտեք ներքևում տրված տեսանյութերը։
2021 թ.
2024 թ.
2024 թ. վերսկսված պեղումների նոր բացահայտումները Լանջանիստում
Մրգանուշի Սբ Աստվածածին (կամ Սբ Թադեոս) եկեղեցի
Մասյացոտնի թեմի առաջնորդ Տ. Գևորգ եպս Սարոյանի նախաձեռնությամբ 2021 թ. ամռանը մեկնարկեցին Մրգանուշ համայնքի Սուրբ Աստվածածին խոնարհված եկեղեցու պեղումների աշխատանքները, որոնք իրականացվում են հնագետներ Լևոն Մկրտչյանի («Պատմական միջավայրի և արգելոց թանգարանների պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հուշարձանների պահպանության բաժնի գլխավոր մասնագետ) և Արտակ Գնունու (ԵՊՀ հնագիտության և ազգագրության ամբիոնի դոցենտ) կողմից։ Պեղումների արդյունքում գտնվեցին եկեղեցու չորս սյուներից երեքը, ինչպես նաև խեցեղենի մնացորդներ: Առանձնակի ուշադրության է արժանի հատկապես եկեղեցու քարե արձանագրության հայտնաբերումը, ըստ որի՝ եկեղեցին կոչվել է սուրբ Թադեոս առաքյալի անունով:
Ղուկասավանի Սբ Աստվածածին եկեղեցի
2021 թ. մայիսին Մասյացոտնի թեմի առաջնորդ Տ. Գևորգ եպս Սարոյանի օրհնությամբ մեկնարկեցին Ղուկասավան համայնքի Սբ Աստվածածին եկեղեցու պեղումների աշխատանքները՝ նպատակ ունենալով հնամենի սրբավայրի վերակառուցումը:
Պեղումներն իրականացվում են հնագետներ Լևոն Մկրտչյանի («Պատմական միջավայրի և արգելոց թանգարանների պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հուշարձանների պահպանության բաժնի գլխավոր մասնագետ) և Արտակ Գնունու (ԵՊՀ հնագիտության և ազգագրության ամբիոնի դոցենտ) կողմից:
Եկեղեցու վերակառուցման նախագծի հեղինակն է ճարտարապետ Գարեգին Կնյազյանը: Սրբավայրը վերակառուցվում է Վաչե Թոփուզյանի և ղուկասավանցիների նախաձեռնությամբ։
Լուսաշողի Սբ Հովհաննես եկեղեցի
2021 թ. աշնանը դարձյալ Մասյացոտնի թեմի առաջնորդի նախաձեռնությամբ մեկնարկեցին նաև Լուսաշող համայնքի Սուրբ Հովհաննես խոնարհված եկեղեցու պեղումների աշխատանքները:
Աշխատանքներն իրականացվում են հնագետներ Լևոն Մկրտչյանի և Արտակ Գնունու կողմից և Կարո սարկավագ Ղարիբյանի (ԱՄՆ, Ֆիլադելֆիա) աջակցությամբ:
Եկեղեցու պեղումներն ու հետագայում վերակառուցման ծրագիրը մեծ ոգևորություն են առաջացրել համայնքի բնակիչների շրջանում:
Աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են խեցեղեն, երկկողմանի խաչապատկեր (ենթադրաբար Օրբելյանների ժամանակաշրջանին վերաբերող), ութաթև աստղի պատկեր, ճրագաման, մատանի և այլն։
Ⲿպեղումներ Ⲿսրբատեղի Ⲿպատմություն