Պատմական Հորթուն գյուղատեղին
Մասյացոտնի թեմի (այժմյան Արարատի մարզը) ներկայիս տարածքն իր մեջ ընդգրկում է պատմական Այրարատ նահանգի Ոստան Հայոց, Ուրց, մասամբ էլ` Արած և Մազազ գավառները: Այս տարածաշրջանն իր աշխարհագրական դիրքի շնորհիվ նշանակալի դերակատարում է ունեցել հայոց պատմության մեջ` որպես քաղաքական, տնտեսական և հոգևոր-մշակութային կյանքի կենտրոնատեղի:
Ոստան Հայոց գավառում են գտնվել Հին Հայաստանի երկու մայրաքաղաքները` Արտաշատը և Դվինը:
480-927 թթ. Դվինը եղել է նաև Ամենայն հայոց կաթողիկոսի նստավայրը. մինչև Ժ դարի առաջին կեսը այստեղ են գումարվել հայոց եկեղեցական ժողովները: Միջնադարյան Հայաստանում Դվինը ոչ միայն երկրի տարբեր շրջաններն է իրար կապել, այլև Վրաստանը, Աղվանքը, Ատրպատականը և հեռավոր Արևելքը՝ իբրև միջազգային առևտրի տարանցիկ ուղի:
Պատմական գյուղաքաղաքներով և գյուղատեղիներով նույնպես հարուստ է ներկայիս Արարատի մարզը: Տարածաշրջանի հոգևոր ժառանգության հետ մեր ծանոթությունը կսկսենք պատմական Հորթուն գյուղատեղիից:
Արարատի մարզը Վայոց Ձորից բաժանում է հայ մեծանուն բանաստեղծ Պարույր Սևակի ծննդավայրը` Զանգակատուն գյուղը, որը նախկինում հայտնի էր Չանախչի անվամբ:
Ըստ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարանի»՝ Հորթուն գյուղատեղին ընկած է Զանգակատուն գյուղից 4 կմ դեպի հյուսիս, «Չանախչի գետակի վերին հոսանքում, ձորակի մեջ, որի երկու կողերը կազմում են ուղղաձիգ ժայռեր»: Հորթուն անվան վերաբերյալ տեղացիները պահպանել են հետևյալ ավանդությունը։ 1820-ականներին, երբ Սալմաստի Հավթվան գյուղից որոշ հայ ընտանիքներ բնակություն հաստատեցին Հորթունում, ժամանակի ընթացքում երիտասարդ կազմավորվող ընտանիքները տեղափոխվեցին ոչ հեռու գտնվող ներկայիս Զանգակատուն գյուղի տարածք այստեղի ավելի մեղմ կլիմայական պայմանների պատճառով: Պատմում են, որ երիտասարդներն իրենց ծնողներին այցելելիս «գնանք հոր տուն» արտահայտությունն են կիրառել, որը հետագայում խոսակցական լեզվում դարձել է «հորթուն»:
hushardzan.am կայքից տեղեկանում ենք, որ «միջնադարում Հորթունը համարվել է գավառի վարչամշակութային կենտրոններից մեկը», իսկ ոմանք կարծում են, որ Հորթունը տարածաշրջանի «հնագույն բնակավայրերից է, թերևս՝ ամենահինը»: Համաձայն ՀՀ կառավարության՝ Արարատի մարզի պատմության և անշարժ հուշարձանների պետական ցուցակի՝ Հորթուն գյուղատեղիի կենտրոնում՝ քարաժայռի վրա, գտնվում է կիսավեր Սպիտակ վանքը (պետ. ցուցիչ`3.43.2.2.), որը հայտնի է նաև թուրքերեն «Աղքիլիսա» (Սպիտակ վանք) անվանումով: Կիսավեր վանքի տեսքից կարելի է ենթադրել, որ այն միանավ բազիլիկ շինություն է՝ կառուցված տեղական սպիտակ քարով. կանգուն է միայն հյուսիսային պատը: Գյուղատեղիի տարածքում պահպանվել է նաև պատմական գերեզմանոց, ուր կարելի է գտնել տարբեր մեծության և ժամանակների խաչքարեր և տապանաքարեր: Ըստ «Հայաստանի Հանրապետություն. պատմական հանրագիտարանի» հաղորդման՝ ամենահին խաչքարը (876 թ.) հայտնաբերվել է Հորթունի գերեզմանոցում:
Հորթուն գյուղատեղիից 1 կմ արևմուտք՝ բարձրադիր բլրի վրա է տեղակայված Սպիտակ վանքը (պետ. ցուցիչ` 3.43.3.): ԺԳ դարի վանական համալիրի ավերակները դեռևս տեսանելի են:
Ամենայն հավանականությամբ սույն վանական համալիրի մաս է կազմել նաև պատմական կարևոր արժեք ներկայացնող, ցավոք, նաև մոռացության մատնված «Հորթուն գյուղատեղիից մոտ երեք կիլոմետր հյուսիս-արևելք գետակի աջ կողմի ժայռոտ լանջին» գտնվող ժայռափոր վանքը՝ իր գավիթով և խցերով։ Այս վանքը ժողովուրդը կապել է սբ Սարգսի անվան հետ: Չկա որևէ ստույգ տեղեկություն, որ այն սբ Սարգսին է նվիրված: Ժողովրդական մեկ այլ զրույցի համաձայն՝ այստեղ ժամանակին ճգնել է Սարգիս անունով մեկը, որի անվան հետ հետագայում կապվել է սրբատեղին: Այս հարցը, բնականաբար, հավելյալ հնագիտական ուսումնասիրություն է պահանջում:
Վանք կարելի է մտնել շարժական սանդուղքով. հնարավոր է, որ մշտապես էլ այդ միջոցով է տեղի ունեցել վանականների կամ ուխտավորների մուտքը վանք:
Ժայռափոր վանքի ավանդույթը հատուկ է տարածաշրջանին. ասվածի լավագույն ապացույցը Խոսրովի արգելոցում հանդիպող բազմաթիվ վանքերը, խցերն ու ճգնարաններն են, որոնք թվագրվում են 12-13-րդ դդ.:
Հավանական է, որ Հորթունի ժայռափոր վանքը նույնպես այդ ժամանակաշրջանի ծնունդ է:
Սբ Սարգիս ժայռափոր վանքը, ըստ տեղացիների պատմածի, ներկայիս Զանգակատուն գյուղի հիմնադրումից ի վեր եղել է բնակիչների և տարածաշրջանում ապրողների համար ուխտատեղի: Գյուղացիներն այսօր էլ ուխտի են գնում այս սրբավայրը՝ հիմնականում գարնան վերջին և աշնան սկզբին: Սա թերևս պետք է բացատրել հիշյալ եղանակներին հատուկ բարենպաստ կլիմայական պայմաններով: Չկա հատուկ եկեղեցական հիշատակման օր:
Բնակչության մեջ տարածված զրույցի համաձայն՝ ժայռափոր վանքը հայ-թուրքական բախումների ժամանակ ծառայել է նաև որպես դիտակետ՝ հարձակումներից պաշտպանվելու համար:
Ժայռափոր վանքն այսօր հայտնի է հիմնականում տեղացիներին: Վերջին շրջանում, սակայն, արշավասերներն են իրենց գրառումներով և լուսաբանություններով փորձել ուշադրություն հրավիրել պատմական այս հատվածի վրա: Մեր համոզմամբ՝ ավելին իմանալու, այլև եղածը փրկելու համար խիստ անհրաժեշտ է տեղանքում պեղման և մաքրման աշխատանքներ իրականացնել: Հակառակ դեպքում կարճ ժամանակ անց հայրենիքի այս հատվածի հիշողությունը ևս կանհետանա:
Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյան
Առաջնորդ Մասյացոտնի թեմի
Ⲿպատմություն