481 թ. Ակոռիի ճակատամարտը
481 թ. Սասանյան Պարսկաստանը պարտություն է կրում միջինասիական հեփթաղական ցեղերի դեմ մղած պատերազմում և ծանր պայմանագիր կնքելով՝ պարտավորվում է նրանց հսկայական ռազմատուգանք վճարել:
Օգտվելով պարսիկների կրած այդ պարտությունից՝ նույն թվականին վրացիները, Վախթանգ Գորգասար թագավորի գլխավորությամբ, ապստամբում են Սասանյան տիրապետության դեմ և անկախության դրոշ պարզում: Նրանք սպանում են քրիստոնեությունը ուրացած Տիզբոնի գործակալ Վազգեն բդեշխին և պարսկական զորաջոկատները դուրս քշում երկրից: Վախթանգը դեսպան է ուղարկում Հայաստան և խնդրում որպեսզի հայերը օգնեն իրենց և պատերազմ սկսեն պարսիկների դեմ: Նա հավաստիացնում է, որ հոները ևս իրենց կօգնեն և հաջողության դեպքում իրականություն կդառնա Սասանյան գերիշխանությունից անդրկովկասյան երկրների ազատագրումը:
Հայկական այն զորագունդը, որը պարսկական բանակի կազմում կռվել էր հեփթաղների դեմ, Հայաստան վերադառնալուց հետո հաստատվել էր Շիրակ գավառում: 481 թ. աշնանը Տիզբոնի արքունիքը կարգադրում է, որպեսզի այդ զորաբանակը շարժվի դեպի Վրաստան և ճնշի վրացիների ապստամբությունը: Սակայն զինվորները, ինչպես նաև նրանց միացած հայ նախարարների մեծ մասը և ժողովուրդը, ոգևորված Վրաստանում ծավալված իրադարձություններից, որոշում են չենթարկվել պարսից արքունիքի հրամանին և ապստամբել:
Թեև պարսկամետ իշխանները դեմ էին Պարսկաստանի դեմ պատերազմին, սակայն պատերազմական գործողությունները սկսելու համար 481 թ. աշնանը Շիրակում հրավիրվում է գաղտնի խորհրդակցություն: Հաջողության հասնելու համար նախարարները մեծ հույսեր էին կապում Պարսկաստանում պատանդության մեջ գտնվող Վահան Մամիկոնյանի հետ, որը Վարդան Մամիկոնյանի եղբոր՝ Հմայակի որդին էր և հաջողության դեպքում կարող էր դառնալ երկրորդ Վարդան Մամիկոնյան: Այդ պատճառով նրանք, նախքան պարսիկների դեմ ռազմական գործողություններ ծավալելը, իրենց մտադրության մասին հայտնում են նրան: Սակայն Վահանը, թեև մեծ սիրով է ընդունում իշխանների ապստամբելու մասին որոշումը, սակայն միտումնաբար հայտնում է, թե ինքը չի կարող մասնակից դառնալ այդ գործին, որովհետև. առաջին՝ ռազմական առումով Սասանյան Պարսկաստանը հզոր երկիր է, իսկ վրաց ապստամբական ուժերը թույլ են և անկազմակերպ, երկրորդ՝ որ հույս դնել չի կարելի Բյուզանդիայի վրա, քանզի Հայաստանի նկատմամբ վարում է խարդախ և խորամանկ քաղաքականություն, երրորդ՝ հոների արշավանքները դեռևս չեն սկսվել և չորրորդ՝ որ վստահություն չունի որոշ հայ նախարարների նկատմամբ:
Վահանը աշխատում էր փորձել հայ նախարարներին, թե արդյոք նրանք հաստատակամ են իրենց որոշման մեջ, թե՛ ոչ: Սակայն նախարարները հավաստիացնում են, որ իրենք պատրաստակամ են մինչև վերջ կռվել թշնամու դեմ՝ առաջին հերթին հույսը դնելով իրենց սեփական ուժերի վրա: Այդ հուսադրող պատասխանից հետո նոր միայն Վահանը որոշում է գլխավորել ապստամբությունը:
Նախարարները, սովորության համաձայն, իրենց որոշումն ավելի վճռական դարձնելու համար, Բջնիի Աթիկ քահանայի ներկայությամբ երդվում են Ավետարանի վրա, որ չեն դավաճանի իրենց ուխտին և այդ որոշումն ուղարկում են Վաղարշապատ՝ Հովհան Մանդակունի կաթողիկոսին: Այսպիսով՝ 481 թվականի աշնանը Շիրակում կազմակերպվում է հայ ժողովրդի երկրորդ մեծ՝ իր բնույթով ժողովրդական-ազատագրական պատերազմը՝ պարսկական տիրապետությունը թոթափելու և ազգային ինքնավարությունը վերականգնելու համար:
Շիրակի՝ գաղտնի խորհրդակցության որոշումը՝ պատերազմի մասին, Վարազշապուհ Ամատունին հայտնում է Հայաստանի պարսիկ մարզպան Ատրվշնասպին և հազարապետ Վեհվեհնամին, որոնք նույնպես գտնվում էին Շիրակում: Տեղեկանալով հայերի կայացրած որոշման մասին՝ նրանք իրենց քաղաքականությանը հետևող հայ իշխանների հետ միասին ամրանում են Շիրակի Անի ամրոցում, ապա, այնտեղից փախչելով, ապաստանում են Արտաշատի բերդում: Շիրակի հայկական զորագունդը՝ Վահանի գլխավորությամբ, անմիջապես հետապնդում է պարսիկներին և հասնելով նրանց՝ պաշարում է Արտաշատը: Մարզպանն ու հազարապետը՝ իրենց թիկնապահական գնդով, գիշերով փախչում են Ատրպատական: Հայ ռազմիկները, հետապնդելով պարսիկներին, փախուստի ճանապարհին բռնում են դավաճան նախարարներից մեկին՝ Գադիշտ Խոռխոռունուն, և սպանում նրան, որից հետո դավաճան պարսկամետ նախարարների առաջնորդ է հանդես գալիս Սյունյաց Գդիհոն իշխանը:
Ապստամբական ուժերը, Վահան Մամիկոնյանի և Հայաստանի մարզպան Սահակ Բագրատունու գլխավորությամբ, պարսիկներին և դավաճան հայ նախարարներին Հայաստանից դուրս քշելուց հետո՝ թողնում են Արտաշատը և տեղափոխվում Դվին, որը ռազմական տեսանկյունից Արտաշատից ավելի ապահով էր: Երկիրը կառավարելու և պատերազմական գործողությունները գլխավորելու համար Սահակ Բագրատունին նշանակվում է տանուտեր-մարզպան, իսկ Վահան Մամիկոնյանը՝ սպարապետ: Ապստամբ հայերը թեև Դվին քաղաքը համարում էին իրենց երկրի վարչական կենտրոնը, սակայն ռազմական առումով մեծ կարևորություն էին տալիս Տայք նահանգի լեռնային ամրություններին, որոնք շատ մոտ էին Բյուզանդական կայսրության սահմաններին:
Դավաճան հայ իշխանները, որոնք պարսիկների հետ փախել էին Ատրպատական և սերտորեն կապված էին Տիզբոնի արքունիքի հետ, Ատրվշնասպ մարզպանին խորհուրդ են տալիս, որ քանի դեռ հայերը հույներից և հոներից օգնություն չեն ստացել, անհրաժեշտ է շուտափույթ ճնշել նրանց ապստամբությունը:
Ակոռիում պահպանված խաչքար․ նկարի աղբյուրը՝ Սպուտնիկ Արմենիա
481 թվականի աշնանը Ատրվշնասպն իր յոթ հազարանոց զորքով Ատրպատականի կողմից ներխուժում է Հայաստան՝ փորձելով գրավել երկիրը:
Հայկական 400 հոգուց բաղկացած փոքրիկ զորագունդը Վահանի եղբայր Վասակ Մամիկոնյանի գլխավորությամբ՝ Դվինից շարժվում է դեպի Նախիջևան՝ պարսիկների առաջխաղացումը կանխելու համար, իսկ Սահակ Բագրատունին և Վահան Մամիկոնյանը մնում են Դվինում՝ ժողովրդին խրախուսելու և հայրենասիրական ուժերին համախմբելու նպատակով: Վասակի գլխավորած հայկական զորքը, իմանալով, որ թշնամին արդեն անցել է Արաքս գետը, բանակ է դնում Նախիջևանի մոտ գտնվող Վարազկերտ գյուղում և առաջապահ մի գնդով շարժվում է Կռուակք գյուղը՝ պարսկական զորաբանակի մասին տեղեկություններ հավաքելու նպատակով: Սակայն պարզվում է, որ իր զորքով այնտեղ էր հասել նաև Ատրվշնասպը: Վասակ Մամիկոնյանը, իմանալով, որ ընկել են ծուղակի մեջ և կարող են գերի ընկնել թշնամու ձեռքը, դիմում է հնարամտության: Նախ՝ կասկածներ չհարուցելու համար նա իր զորքին հրամայում է, որ երկու-երեք հոգուց բաղկացած խմբերով դուրս գան գյուղից և վերադառնան Վարազկերտ, որից հետո ինքը Ատրվշնասպ մարզպանին ներկայանում է որպես դեսպան և հայերի կողմից նրան դիմում խաղաղության առաջարկով: Մարզպանը մի կողմից ուրախանում է, որ կրկին անգամ պիտի իշխի Հայաստանի վրա և դրանով կազատվի Պերոզի նախատինքներից, մյուս կողմից՝ մերժում է Վասակի առաջարկը, ասելով, որ մի ապստամբ երկիր չի կարող խաղաղության առաջարկ անել, քանի որ նա պետություն չունի:
Այն բանից հետո, երբ Վասակն իր զորքերն ապահով դուրս է բերում գյուղից, պարսիկ դեսպանին հետ է վերադարձնում և մարզպանին տեղեկացնում, որ «ինձնով ոչ ոք ոչ մի պատգամ էլ չի հղել ձեզ»:
Վասակ Մամիկոնյանը վերադառնալով Վարազկերտ և իր զորավարների հետ խորհրդակցելուց հետո որոշում է պարսիկների դեմ բաց դաշտում ճակատամարտ չտալ, այլ շարժվել Մասիսի լանջին գտնվող Ակոռի գյուղը, որպեսզի հարկ եղած դեպքում կարողանան ամրանալ լեռան անառիկ մասերում և կազմակերպել դիմադրություն մինչև նոր օգնական զորքերի հասնելը: Միաժամանակ նա հայտնում է, որ պարսկական բանակը թեև մեծաքանակ էր, բայց այնքան էլ մարտունակ չէր:
481 թ. Ակոռիի մոտ տեղի է ունենում վճռական ճակատամարտ, որը հայ զինական արվեստի փայլուն դրսևորումներից մեկն է։ Հայկական 400 հոգուց բաղկացած զորաջոկատը կատարյալ հաղթանակ է տանում պարսկական 7000 զինվոր ունացող բանակի նկատմամբ: Ճակատամարտի նախօրյակին հայկական զորքը բաժանվում է չորս մասի. ձախ թև, որի հրամանատարությունը ստանձնում է Գարջույլ մախազը, աջ թև, որը ղեկավարում էր Ատոմ Գնունին: Այս երկու թևերի միջև տեղակայվում է օժանդակ մի զորամաս՝ Ներսեհի և Հրահատ Կամսարական եղբայրների գլխավորությամբ, որպեսզի հարկ եղած դեպքում օգնություն ցուցաբերվեր աջ և ձախ թևերին: Իսկ կենտրոնը, որն իր վրա պետք է վերցներ կռվի ողջ ծանրությունը, հանձնվում է Վասակ Մամիկոնյանին և Բաբգեն Սյունուն:
Հատկանշական է, որ հայ զինականները ճակատամարտի նախօրյակին փառք տալով դիմում են Աստծուն. «Օգնի՛ր մեզ, մեր Փրկիչ Աստված, հանուն և ի փառս քո անվան: Թող հեթանոսները չհամարձակվեն հարցնել, թե հապա ու՞ր է նրանց Աստվածը»:
Պարսիկներն իմանալով, որ հայերի ռազմական ուժը շատ թույլ է, մտածում են, որ նրանք, որպես խելացնորված կամավորներ եկել են մեռնելու, առանց դիրքեր գրավելու՝ անմիջապես հարձակվում են նրանց վրա: Սկսվում է կատաղի մի կռիվ, որի ընթացքում հայ զորավարներից Գարջույլը դավաճանում է և իր հարյուրյակով անցնում թշնամու կողմը: Բայց դրանից հայկական զորքը չի հուսահատվում և ընկճվում, այլ հերոսաբար շարունակում է իր դիմադրությունը թշնամու գերազանց ուժերի դեմ: Ճակատամարտի ամենաեռուն պահին հայկական զորքերի հարվածներից կոտորվում և դիաթավալ են լինում բազմաթիվ պարսիկներ, այդ թվում՝ Ատրվշնասպ մարզպանը: Ջախջախվում է նաև կատեշների զորագունդը, որը, դավաճան Գարջույլի գլխավորությամբ, թիկունքից հարձակվել էր Կամսարականների օժանդակ զորքի վրա։ Ներսեհ Կամսարականը սպանում է նաև կատեշների հրամանատարին:
Ակոռիի ճակատամարտը վերջանում է հայերի լիակատար հաղթանակով և պարսիկների կատարյալ պարտությամբ, իսկ հայերի՝ Վահանանց ազատագրական պատերազմը չեզոքացնելու պարսիկների առաջին փորձը մատնվում է անհաջողության: Հակառակորդի զորագլուխներից ազատվում է միայն դավաճան Գդիհոն Սյունին, որը պարսկական ջարդված բանակի մնացորդների հետ դիմում է փախուստի՝ հայերի ձեռքը թողնելով մեծ քանակությամբ ավար, ձիեր և գերիներ:
Թեև պարսկական զորքը լուրջ պարտություն էր կրել, բայց և այնպես դավաճան երկու հայ իշխաններ՝ Վառգոշ Գնթունին և Վասակ Սահառունին, որոնք Գարջույլի հետ անցել էին պարսիկների կողմը, հայերի մեջ խուճապ առաջացնելու նպատակով, բոլորից շուտ հասնում են Դվին և գուժում, որ հայկական զորքը պարտվել է ու դիակնացել: Սակայն, այդ լուրը դեռ չէր տարածվել քաղաքում, երբ Դվին է ժամանում Առաստոմ Գնունին և ավետում հայ զորքի տարած փայլուն հաղթանակի մասին, թե՝ «հաղթեց սուրբ Խաչի զորությունը, որ միշտ է հաղթում»:
Լրաբերից հետո Դվին է գալիս հայկական զորքը՝ իր հետ բերելով մեծ քանակությամբ ռազմական ավար: Քաղաքի բնակչությունը ցնծալից ուրախությամբ է ընդունում հայրենիքի համար պայքարողներին: Դվինում տեղի են ունենում մեծամեծ հանդիսություններ և խնճույքներ ի պատիվ հայ զորքի և նրա հրամանատարների, որոնք պարտության էին մատնել թշնամու գերազանց ուժին և փրկել երկիրը վերահաս վտանգից:
Ակոռիի հերոսական ճակատամարտն է՛լ ավելի է մեծացնում հավատը ազատագրության համար պայքարող հայերի մեջ՝ սեփական ուժերով և աստծու զորությամբ նրանց մղելով նոր հաղթանակների:
Ավետիս ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Պատմական գիտ. թեկնածու, դոցենտ,
Գևորգյան հոգևոր ճեմարանի դասախոս
Ⲿպատմություն