Լուրեր
Նոր տնօրինություն
2025 թ. մարտի 24
Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի տնօրինությամբ՝ կատարվել են եկեղեցականների վերանշանակումներ.
• Տեր Մարտիրոս ավ. քհն. Ավետիսյանը, ազատվելով Նորաբացի Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովվի պաշտոնից, նշանակվել է Դարբնիկ համայնքի հոգևոր հովիվ։
• Տեր Անդրեաս քհն. Թավադյանը, ազատվելով Նորաբացի Սբ. Աստվածածին եկեղեցու օգնական հոգևոր հովվի պաշտոնից, նշանակվել է նույն եկեղեցու հոգևոր հովիվ։
Ⲿնշանակումներ
Նոր տնօրինություն
2025 թ. մարտի 22
Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի տնօրինությամբ՝ Մասյացոտնի թեմում կատարվել են եկեղեցականների վերանշանակումներ՝ ըստ հետևյալի.
1. Տեր Արամ քահանա Թիլիքյանը, ազատվելով Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցու լուսարարապետի պաշտոնից, ծառայության է նշանակվել Այնթապ համայնքում՝ որպես հոգևոր հովիվ։
2. Տեր Արտաշես քահանա Հակոբյանը, ազատվել է Վարդաշատի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովվի և Մոշաղբյուրի Սուրբ Կարապետ վանքի օգնական հոգևոր հովվի պաշտոններից՝ շարունակելով իր ծառայությունը Ոսկետափի Սուրբ Սահակ-Մեսրոպ եկեղեցում՝ որպես հոգևոր հովիվ։
3. Տեր Հարություն քահանա Հակոբյանը, ազատվելով Այնթապ համայնքի հոգևոր հովվի պաշտոնից, ծառայության է նշանակվել Արարատ գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցում՝ որպես հոգևոր հովիվ։
4. Տեր Հովակիմ քահանա Հարությունյանը, ազատվելով Արարատ գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցու հոգևոր հովվի պաշտոնից, ծառայության է նշանակվել Վարդաշատի Սուրբ Աստվածածին եկեղեցում՝ որպես հոգևոր հովիվ, և համատեղությամբ՝ Մոշաղբյուրի Սուրբ Կարապետ վանքում՝ որպես օգնական հոգևոր հովիվ։
Ⲿնշանակումներ
Նոր տնօրինություն
2025 թ. մարտի 13
Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի տնօրինությամբ` Տեր Ղևոնդ քահանա Ղևոնդյանը նշանակվել է Արտաշատ քաղաքի Սուրբ Թուխ Մանուկ մատուռի հոգևոր հովիվ։
Ⲿնշանակումներ
Մասյացոտնի թեմի առաջնորդ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանի ուղերձը կանանց տոնի՝ Մարտի 8-ի առիթով
2025 թ. մարտի 8
Սիրելի մայրեր և քույրեր,
Ջերմորեն շնորհավորում ենք ձեզ Կանանց տոնի՝ մարտի 8-ի առիթով։ Ուրախ ենք արձանագրելու, որ մեր պատմության ընթացքում հայ կինը եղել է ընտանիքի ամուր հենասյունը՝ մեծագույն սիրով և նվիրումով դաստիարակելով սերունդներ, պահելով օջախի ջերմությունն ու ամրությունը։ Այսօր դուք ձեր ջանքերով ու նվիրվածությամբ շարունակում եք ձեր առաքելությունը նաև եկեղեցական, ազգային ու հասարակական կյանքի ոլորտներոմ՝ արձանագրելով նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ։
Մեծ պահքի խորհդավոր այս օրերին մեր աղոթքն է, որ Բարձրյալն Աստված պահապան լինի ձեզ և անսահման սիրով լցնի ընտանեկան ձեր հարկերը։
Թող Տիրոջ օրհնությունն ուղեկցի ձեզ՝ պարգևելով խաղաղ ու երջանիկ կյանքի երկար տարիներ և բյուր բարիք։
Ⲿուղերձ
Բուն բարեկենդանն առաջնորդանիստ եկեղեցում
2025 թ. մարտի 1
Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի օրհնությամբ՝ Արտաշատի Սուրբ Հովհաննես Ավետարանիչ առաջնորդանիստ եկեղեցում նշվեց Բուն բարեկենդանի տոնը։
Սուրբ Պատարագից հետո եկեղեցու բակում Արտաշատ քաղաքի դպրոցների սաները հանդես եկան գեղարվեստական ծրագրով՝ ներկայացնելով Բարեկենդանին նվիրված ազգային սովորություններ ժողովրդական երգեր ու խաղեր։ Տոնական մթնոլորտն ավելի ջերմացավ ազգային ուտեստների հյուրասիրությամբ և համերգային ուրախ կատարումներով։
Միջոցառումն իրականացվեց Արտաշատի համայնքապետարանի աջակցությամբ և եկեղեցու երիտասարդաց միության անդամների նախաձեռնությամբ։
Շնորհակալություն ենք հայտնում Արտաշատի համայնքապետարանին, դպրոցների տնօրինություններին, եկեղեցասեր երիտասարդներին և միջոցառման բոլոր մասնակիցներին՝ ազգային-եկեղեցական այս տոնը համատեղ նշելու համար։
Ⲿտոներ Ⲿմիջոցառումներ
Մասիսի Սբ Թադեոս եկեղեցու սպասավորների և համայնքի այլ անդամների հանդիպումը թեմակալ առաջնորդի հետ
2025 թ. փետրվարի 9
Այսօր՝ փետրվարի 9-ին, Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը հյուրընկալեց Մասիսի Սբ Թադեոս եկեղեցու երգչախմբի անդամներին, խորանի սպասավորներին և Սպիտակ վանքի պեղումներին մասնակցած երիտասարդներին։
Հանդիպման ընթացքում ներկաները հնարավորություն ունեցան ուղղելու իրենց հուզող հարցերը, ստանալու Սրբազան Հոր օրհնությունն ու խորհուրդները։
Հանդիպումն անցավ ջերմ և ուրախ մթնոլորտում։ Հրաժեշտից առաջ առաջնորդ Սրբազանը ներկաներին հանձնեց նվերներ՝ մաղթելով, որ նրանք շարունակեն իրենց նվիրյալ ծառայությունը՝ նպաստելով մեր Սուրբ Եկեղեցու զորացմանը և հոգևոր արժեքների պահպանմանը։
Ⲿհանդիպումներ
Այցելություն Արարատի Սբ Ամենափրկիչ
2025 թ. փետրվարի 2
Այսօր Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանն այցելեց Արարատի Սբ Ամենափրկիչ եկեղեցի։ Սուրբ Պատարագի ավարտին Սրբազան Հայրը հանդիպեց եկեղեցու երգչախմբի անդամների, խորանի սպասավորների՝ և Սպիտակ վանքի պեղումներին մասնակցած երիտասարդների հետ։
Հանդիպման ընթացքում ներկաները հնարավորություն ունեցան ուղղելու իրենց հուզող հարցերը, ստանալու Սրբազան Հոր օրհնությունն ու խորհուրդները։
Այսօր նաև Սբ Ամենափրկիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արծրուն քահանա Միքայելյանի քահանայական օծման 9-րդ տարեդարձն է։ Այս առիթով առաջնորդ Սրբազանն իր գնահատանքը փոխանցեց Տեր Արծրունին նրա արդյունաշատ ծառայության համար՝ մաղթելով անսպառ ուժ և կորով՝ շարունակելու իր նվիրական առաքելությունը։
Հանդիպումն անցավ ջերմ և ուրախ մթնոլորտում։ Հրաժեշտից առաջ առաջնորդ Սրբազանը մասնակիցներին հանձնեց նվերներ՝ մաղթելով, որ նրանք շարունակեն իրենց նվիրյալ ծառայությունը՝ նպաստելով մեր սուրբ Եկեղեցու զորացմանը և հոգևոր արժեքների պահպանմանը։
Ⲿհանդիպումներ
Մասյացոտնի թեմակալ առաջնորդի ուղերձը Հայոց բանակի օրվա առթիվ
2025 թ. հունվարի 28
Սիրելի՛ հայորդիներ,
Հայոց բանակի տոնի այս նշանակալի օրը սրտանց շնորհավորում ենք բոլորիդ, հատկապես՝ ՀՀ Զինված ուժերի զինվորներին, սպաներին, ողջ անձնակազմին և նրանց ընտանիքներին։
Բոլոր ժամանակներում մեր ժողովրդի համար հայրենիքի պաշտպանները եղել են նվիրական ու առանցքային կերպարները, քանզի նրանց անձնվեր ծառայության ներքո է ամրապնդվել մեր հայրենիքը, և իրականություն են դարձել մեր ազգային իղձերն ու նպատակները։
Սուրբ Գիրքն ասում է. «Տերն իմ լույսն է ու կյանքը, ումի՞ց վախենամ. Տերն իմ կյանքի ապավենն է, ումի՞ց ես դողամ» (Սաղմոս 26.1):
Սիրելի՛ զինվորներ, սուրբգրային այս խոսքերը թող լինեն ձեր հավատի ու քաջալերության աղբյուրը, որպեսզի Տիրոջ պահպանության ներքո հաստատուն մնաք ձեր նվիրական առաքելության մեջ՝ հանուն հայրենիքի խաղաղության և մեր ժողովրդի ապահով կյանքի։
Երախտագետ սրտով աղոթում ենք մեր բանակի զորացման, մեր հայրենիքի խաղաղության ու բարօրության համար։ Թող Տեր Աստված պահապան լինի մեր հայրենիքին, զորացնի մեր բանակն ու օրհնի մեր զինվորներին։
Ⲿուղերձ
Համերգ Մասիսում «Գրիգոր Լուսավորիչ» երգչախմբի մասնակցությամբ
2025 թ. հունվարի 27
Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի օրհնությամբ՝ հունվարի 25-ին թեմի առաջնորդարանը և Մասիսի համայնքապետարանը համատեղ կազմակերպեցին համերգային ծրագիր՝ «Գրիգոր Լուսավորիչ» երգչախմբի մասնակցությամբ (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ ՀՀ վաստակավոր արտիստ, «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշանակիր Կարեն Սարգսյան)։
Համերգը տեղի ունեցավ Մասիս քաղաքի Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական դպրոցում։ Միջոցառմանը ներկա էին թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը՝ թեմի հոգևորականների ուղեկցությամբ, Մասիսի համայնքապետարանի ներկայացուցիչներ, հյուրեր և բնակիչներ։
Հատուկ շնորհակալություն ենք հայտնում Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր տեսուչ Տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանին, ում աջակցությամբ և օրհնությամբ եկեղեցու երգչախումբը հանդես եկավ այս համերգային ծրագրով։
Ⲿմիջոցառումներ
Սբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնը Սբ Հովհաննես Ավետարանիչ եկեղեցում
2025 թ. հունվարի 6
Այսօր՝ հունվարի 6-ին, Արտաշատի Սբ Հովհաննես Ավետարանիչ առաջնորդանիստ մայր եկեղեցում Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առիթով մատուցվեց սբ Պատարագ՝ ձեռամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի։
Սուրբ Պատարագի ընթացքում պատարագիչ Սրբազան Հայրը ներկաներին փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ Սուրբ Ծննդյան տոնի պատգամը։
Հավարտ սբ Պատարագի՝ Գևորգ սրբազանի հանդիսապետությամբ կատարվեց Ջրօրհնեքի կարգ։ Առաջնորդանիստ եկեղեցու Ջրօրհնեքի խաչի կնքահայր դարձավ Արտաշատ համայնքի ղեկավար տիար Կառլեն Մկրտչյանը։
Սրբազան արարողության ավարտին եկեղեցու «Շողակաթ» կիրակնօրյա դպրոցի սաները հանդես եկան փոքրիկ միջոցառմամբ՝ ներկայացնելով սբ Ծննդյան պատմությունը և տոնի խորհուրդը։
Ⲿտոներ
Գևորգ եպս Սարոյանի պատգամը Սբ Ծննդյան տոնի առիթով
2025 թ. հունվարի 5
Սիրելի բարեպաշտ քույրեր և եղբայրներ,
Այսօր Հայաստանյայց Առաքելական Սբ Եկեղեցին ի Հայաստան և ի սփյուռս աշխարհի վերստին իր զավակներին է փոխանցում մեր Տիրոջ և Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության հրաշալի ավետիսը՝ «Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ»:
Հիրավի քրիստոնյաներիս համար չկա ավելի կարևոր տոն, քան սբ Ծնունդն է, քանզի այս նշանակալից իրադարձությամբ է մեր փրկության պատմության սկիզբը դրվել և նրանով է մեկնարկում եկեղեցական օրացույցն առհասարակ: Ամեն տարի այս օրը իբրև եկեղեցի կրկին սկսում ենք մեր հոգևոր ճամփորդությունը՝ վերհիշելով մեր Տիրոջ փրկագործական խորհուրդը, ձգտելով ապրել մեր կյանքն այդ խորհրդի համաձայն:
Սիրելի բարեպաշտ հայորդիներ, Սբ Ծննդյան տոները մեր կյանքում սովորաբար ուղեկցվում են դրական սպասումներով՝ անկախ այն բանից, թե ինչ դժվարություններ ենք թողնում մեր հետևում և ինչ մարտահրավերներ են սպասում մեզ ապագայում: Այս օրը, սակայն, քրիստոնյաներիս համար յուրահատուկ է հատկապես նաև նրանով, որ առիթ է ընծայում յուրաքանչյուրիս քննելու մեր հավատքը և հասկանալու, թե որքան լրջորեն ենք վերաբերվում Աստվածորդու մարդեղության խորհրդին, իրապե՞ս Քրիստոսին մեզ Տեր և Փրկիչ ենք ընդունում: Եթե այո, ապա ինչպես է դա արտահայտվում մեր կյանքում և մանավանդ ինչպես է այդ հավատքը ներգործում մեր շրջապատի վրա:
Սիրելի քույրեր և եղբայրներ, արդի հասարակությանը հատուկ են հարմարավետության ձգտումը, եսասիրությունն ու եսակենտրոնությունը: Նկատելի է, որ հարմարավետություն ենք փնտրում նաև հավատքի հարցերում, ընտրողաբար ենք մոտենում թե՛ Ավետարանի խոսքին և թե՛ եկեղեցու ուսուցումներին: Այլ խոսքով՝ անում ենք հատկապես այն, ինչ մեզ հարմար է, ինչ համընկնում է մեր ցանկությունների, շահերի և փառասիրության հետ, ինչ մեզ ավելորդ նեղություն չի պատճառում, չի խախտում մեր ծրագրերն ու հաշվարկները: Այս և նման դրսևորումները ոչ միայն չունեն որևէ աղերս սուրբ Ծննդյան պատմության հետ, այլև արմատապես մերժում են այն: Աստվածորդու մարդեղության պատմությունը՝ պատմություն է անպայմանական սիրո մասին, երբ հանուն դիմացինի հանձն է առնվում ամեն տեսակի նեղություն, անհարմարություն, և զոհաբերվում է անգամ ամենաթանկը՝ կյանքը:
Սիրելի հայորդիներ, ո՛չ եկեղեցին և ո՛չ էլ որևէ մեկը մեզ չի պարտադրում լինել քրիստոնյա, մեր ազատ կամքով ենք որոշում ինչ լինել: Հետևաբար, երբ հաստատում ենք անում, որ Քրիստոսի Ավետարանը կարևոր է մեզ համար, որ Հայոց Եկեղեցու հետևորդ ենք, դա բարոյապես պարտավորեցնում է մեզ հավատարիմ մնալ մեր հաստատմանը: Կարճ ասած՝ մեր խոսքն ու գործը պիտի համընկնեն: Հակառակ դեպքում կնմանվենք նրանց, ովքեր Պողոս առաքյալի իսկ բնորոշմամբ «ունեն աստվածպաշտության կերպարանք, սակայն ուրացել են նրա զորությունը» (Բ Տիմ. 3:1-5): «Մենք այն ենք, ինչ անում ենք»,— ասել է հայտնի փիլիսոփաներից մեկը դեռևս քրիստոնեությունից առաջ: Արդ՝ իրական քրիստոնյան նա է, ով հետևում է Քրիստոսին միշտ և ամենուր: Քրիստոսի սբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնը, այսօր, վերստին աստվածային անսահման սիրո և ողորմության մասին մտորելու ամենալավ առիթն է ընծայում մեզ. բաց չթողնենք այս նվիրական պահը, թույլ չտանք, որ Սուրբ Ծննդյան հրաշքն անցնի մեր կողքով…
Արդ՝ իմ մաղթանքն է, որ բեթղեհեմյան «աստղը մշտնջենական» (հմմտ. T. S. Eliot, The Hollow Men) մոգերի նմանողությամբ առաջնորդի մեզ Տիրոջ մսուր՝ մանուկ Հիսուսի հետ հանդիպման: Եվ թող որ այդ հանդիպումով ազգային-հոգևոր մեր վերհառնումի սկիզբն ազդարարվի, որպեսզի ինչպես Պողոս առաքյալն է ասում, «քայլենք նորոգված կյանքով»՝ մեզ մեռած համարելով մեղքի համար և կենդանի՝ Աստծու համար (հմմտ. Հռոմ. 6:4-11) այժմ և հավիտյանս: Ամեն:
Ⲿքարոզ
Նռնօրհնեքի արարողություն Տարեմուտի գիշերը առաջնորդանիստ Սբ Հովհաննես Ավետարանիչ եկեղեցում
2025 թ. հունվարի 1
Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի հանդիսապետությամբ` տարեմուտի գիշերը` ժամը 24:00-ին, Արտաշատի Սուրբ Հովհաննես Ավետարանիչ առաջնորդանիստ մայր եկեղեցում կատարվեց Նռնօրհնեքի արարողություն:
Թող Աստված խաղաղության մեջ պահի մեր ժողովրդին և հայրենիքը և օրհնյալ տարի շնորհի ամենքիս:
Մասյացոտնի թեմի առաջնորդ Տ. Գևորգ եպս Սարոյանի ուղերձը Ամանորի և Սբ Ծննդյան առիթով
2025 թ. հունվարի 1
Սիրելի հայորդիներ,
Ջերմորեն շնորհավորում ենք ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան ու Աստվածհայտնության տոների բերկրալի առիթով:
Նոր տարվա սեմին մեր աղոթքն է, որ փրկչական 2025 թվականը մեր ժողովրդի և հայրենի մեր երկրի համար լինի անվրդով խաղաղության, ձեռքբերումների և բարի սպասումների իրականացման տարի։
Փրկչի Ծննդյան հուսառատ տոնի խորհրդով զորացած՝ հայցում ենք Տիրոջ զորակցությունը ամենքիդ և մաղթում, որ Մանուկ Հիսուս Իր լուսաբեր շնորհներն առատացնի ընտանեկան ձեր հարկերում և պարգևի ամենքիդ անստվեր երջանկություն, քաջառողջ կյանքի երկար օրեր և բյուր բարիք։
ՔՐԻՍՏՈՍ ԾՆԱՒ ԵՒ ՅԱՅՏՆԵՑԱՒ,
ՁԵԶ ԵՒ ՄԵԶ ՄԵԾ ԱՒԵՏԻՍ:
Օրհնությամբ՝
ԳԵՎՈՐԳ ԵՊԻՍԿՈՊՈՍ ՍԱՐՈՅԱՆ
ՄԱՍՅԱՑՈՏՆԻ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴ
Ⲿուղերձ