Անպտուղ թզենու հիշատակության օր
Մեկնարկեց Ավագ շաբաթը: Մեր Տիրոջ երկրային կյանքի իրադարձությունների կիզակետում ենք: Յուրաքանչյուր օր՝ իրեն բնորոշ խորհրդով և ապրումներով:
Այսօր Ավագ երկուշաբթին է, որը խորհրդանշում է արարչության երկրորդ օրը:
Այսօր նաև «Անպտուղ թզենու» հիշատակության օրն է:
Բեթանիայում գիշերելուց հետո Հիսուս նորից Երուսաղեմ էր գնում: Եվ, ինչպես Մատթեոս ավետարանիչն է փոխանցում, ճանապարհի վրա մի թզենի տեսավ: Մոտենալով՝ նկատեց, որ թզենին դալար ճյուղերից ու տերևներից բացի ուրիշ ոչինչ չունի, անպտուղ է: Եվ թզենուն ասաց. «Այսուհետև քեզանից հավիտյան պտուղ թող չլինի»: Եվ նույն պահին թզենին չորացավ (Մատթ. 20:18-19): Աշակերտները հերթական անգամ իրենց զարմանքն արտահայտեցին Տիրոջ արածի հանդեպ, թե ինչպես խոսքն անմիջապես ներգործեց: Եվ Հիսուս տվեց հավիտենական ևս մի պատվեր և ապրելու ուղենիշ. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե հավատ ունենաք և չերկմտեք, ոչ միայն կանեք այդ թզենուն պատահածը, այլև թեկուզ այդ լերանն ասեք՝ ելի՛ր ու ծո՛վն ընկիր, այն կկատարվի: Եվ ամեն ինչ, որ ուզեք աղոթքի մեջ հավատով, կստանաք»:
Հավատով և ապաշխարությամբ հնարավոր է հասնել հոգևոր բարձունքի կատարելության:
Ով անպտուղ է մնում այն միջավայրում, երբ բոլոր պայմանները կան պտղավորելու համար, չորանում է ի վերջո:
Տերը պտուղներ է ակնկալում:
Ավետարանում Տերը հաճախ է մարդուն համեմատում ծառի, իսկ նրա գործերը՝ պտուղների հետ:
«Բայց ահավասիկ կացինը ծառերի արմատի վրա է. ամեն ծառ, որ բարի պտուղ չի տալիս, կտրվում և կրակն է նետվում» (Ղուկ. 3:7), որովհետև «յուրաքանչյուր ծառ իր պտղից է ճանաչվում: Փշերից թուզ չեն քաղում և ոչ էլ մորենուց՝ խաղող» (Ղուկ. 6:47):
Իսկ քրիստոնյայի պտուղը հավատքն է, աղոթքը և առաքինությամբ զարդարված գործերը:
«Այսուհետև ապաշխարության արժանի պտուղնե՛ր տվեք» (Ղուկ. 3։6),֊ հորդորում և պատվիրում է մեր Տերը:
Եվ, իհարկե, զորացնում է ճշմարիտ ջանքեր գործադրողին:
Տ. Եղիշե քհն. Նուրիջանյան
«Չգիտեք ո՛չ օրը և ո՛չ էլ ժամը» (Մտթ. 25:13)
Ավագ երեքշաբթին ներկայացնում է Տասը կույսերի առակը և հավատացյալներին մղում խորհրդածության՝ Քրիստոսի վերահաս գալստյան, հավատի և վերջինից բխող գործերի, ամեն ժամ արթուն և պատրաստ լինելու անհրաժեշտության շուրջ:
Մատթեոսի Ավետարանի 25-րդ գլուխը սկսվում է իմաստուն և հիմար կույսերի մասին առակով:
«Երկնքի արքայությունը,- ասում է Տերը,- պիտի նմանեցվի տասը կույսերի, որոնք իրենց լապտերներն առած՝ փեսային և հարսին դիմավորելու ելան» (Մտթ. 25:1-2):
Հավատից բխող գործերով մշտապես պետք է վառ պահել սպասման լապտերները, ավելացնել առաքինությունների «ձեթը» և… արթուն մնալ, որովհետև «չգիտեք ո՛չ օրը և ո՛չ էլ ժամը» (Մտթ. 25:13), երբ Փեսան պիտի գա:
Իմաստուն կույսերն այդպես էլ վարվեցին. իրենց հետ վերցրել էին նաև պահեստավորած ձեթ: Թեպետև նիրհել էին, բայց դրսից եկողների ձայնը լսելով՝ վեր կացան, նորոգեցին լապտերներն ու պատրաստ կանգնեցին: Իսկ այն կույսերը, որոնց Տերն անվանում է հիմար, սկսեցին անհանգստանալ, թե ահա հիմա լապտերները կհանգչեն, իսկ իրենց ձեթը վերջանում է: Ձեթի պաշար խնդրեցին իմաստուն ընկերուհիներից, սակայն վերջիններս այս հարցում նույնպես իմաստուն եղան՝ պատասխանելով. եթե հիմա մեզ մոտ եղած պաշարից տանք, «գուցե թե՛ մեզ և թե՛ ձեզ չբավականացնի, ուստի գնացե՛ք վաճառողների մոտ և ձեզ համար գնե՛ք» (Մտթ 25:9):
Երբ նրանք գնացին, որ գնեն, փեսան եկավ, և ովքեր պատրաստ էին, նրա հետ հարսանիքի սրահը մտան, և դուռը փակվեց: Հետո եկան մյուս կույսերն էլ ու ասացին. «Տե՛ր, Տե՛ր, բա՛ց արա»: Նա պատասխան տվեց ու ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզ չեմ ճանաչում» (Մտթ. 25:10-12):
Տերն առակի հենց սկզբից բնորոշում է տալիս այն կույսերին, որոնք թեպետ Փեսայի գալու ժամը չգիտեին, սակայն միայն որոշ ժամանակ լուսավորող լապտեր էին վերցրել հետները: Առակի ընթերցողը կամ ունկնդիրն ի սկզբանե ուզում է հասկանալ, թե որտեղ են սխալվել Տիրոջ բնորոշած հիմար կույսերը, որոնք հանդիմանության են արժանանում, որպեսզի նույն սխալը չկրկնեն:
Իրականում, երկարատև նիրհի մեջ (հոգևոր իմաստով) շատերս ենք ընկնում: Կամ հաճախ ենք մոռանում ու թերանում նորոգել առաքինությունների լապտերը. չենք ավելացնում աստվածահաճո գործերի ձեթը:
Բայց «երանի այն ծառաներին, որոնց արթուն կգտնի Տերը, երբ գա» (Ղուկ. 12:37):
Թեպետև հիմար կույսերը հավատ ունեին առ այն, որ գալու են փեսան ու հարսը, սպասում էին հանդիսավոր այդ գալստյանը, սակայն այդ հավատը նրանց օգտակարություն չբերեց:
Եվ դրա համար է Հակոբոս առաքյալն ազդարարում և սթափեցնում. «Ո՛վ փուչ մարդ, ուզո՞ւմ ես իմանալ. հավատը դատարկ բան է՝ առանց գործերի» (Հակոբ. 2:20):
Եվ երանի նրանց, ովքեր մինչև վերջ կհամբերեն, և որոնց Տերը կհրավիրի՝ ասելով. «Եկե՛ք, իմ Հոր օրհնյալներ, ժառանգեցե՛ք աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստված արքայությունը» (Մտթ. 25:34):
Տ. Եղիշե քհն. Նուրիջանյան
Օծում և մատնության խորհուրդ
«Ամբողջ աշխարհում, ուր էլ այս Ավետարանը քարոզվի, պիտի պատմվի դրա հիշատակին նաև ինչ որ դա արեց» (Մտթ. 26:13):
Այսօր պատմվում և հիշատակվում է մեր Տիրոջ կյանքին վերաբերող այն իրադարձությունը, երբ մի կին Բեթանիայում՝ Սիմոնի տանը, թանկարժեք յուղ լցրեց Հիսուսի գլխին, մինչ նա սեղան էր նստել:
Աշակերտները մի պահ մարդկային տկարություն ցուցաբերեցին՝ Տիրոջը տրված պատիվն ավելորդ համարելով, և ասացին. «Ինչի՞ համար է անուշահոտ յուղի այդ վատնումը, քանի որ կարելի էր մեծ գնով վաճառել այդ և տալ աղքատներին» (Մտթ. 26:9):
Հիսուս, իմանալով աշակերտների մտածումը, որոնք թերևս նաև նկատողություն էին արել կնոջը՝ «ավելորդ վատնումի համար», սաստում է նրանց. «Ինչո՞ւ եք նեղություն տալիս այդ կնոջը, նա իմ հանդեպ մի բարի գործ կատարեց. աղքատներին ամեն ժամ ձեզ հետ ունեք, բայց Ինձ միշտ ձեզ հետ չեք ունենա: Իմ մարմնի վրա այդ յուղը թափելով՝ նա Իմ թաղվելը կանխանշեց» (Մտթ. 26:10-12):
Այս իրադարձության հիշատակությունը հրավիրում է խորհրդածության այն մասին, որ Տիրոջ ներկայությունը մեր կողքին ունենալը, Տիրոջ ներկայության մեջ ապրելը և հանուն դրա ոչինչ չխնայելը ամեն բանից վեր պետք է համարենք:
Եվ ընթերցվում է ավետարանական դրվագը ի հիշատակ նաև այն բանի, որ շուտով մասնակիցն ենք լինելու մեր Տիրոջ թաղման խորհրդին:
Այս օրն էր նաև, որ Իսկարիովտացի Հուդան խոստացավ Աստվածորդուն մարդկանց ձեռքը մատնել. 30 արծաթ արժեցող խոստում, որով սկսվեցին մեր Տիրոջ երկրային կյանքի վերջին օրերը՝ լի տագնապներով ու տառապանքով:
«Ի՞նչ կկամենաք ինձ տալ,- ասաց քահանայապետներին,- որ ես նրան ձեզ մատնեմ»: Եվ նրանք երեսուն արծաթ դրամ խոստացան: Դրանից հետո նա առիթ էր որոնում, որ Նրան մատնի նրանց…» (Մտթ. 26:14-16):
Այսպես կատարվեց Զաքարիայի այն մարգարեությունը, ըստ որի՝ «Ես նրանց ասացի. «Եթե ձեր աչքին հաճելի է թվում, ապա տվեք իմ վարձը: …Եվ նրանք կշռեցին իմ վարձը՝ երեսուն արծաթ» (Զաք. 11:14):
Իսկ փողասիրության, արծաթպաշտության մասին Հակոբոս առաքյալն է զգուշացնում. «Նրանց (արծաթի և ոսկու) ժանգը ձեր դեմ որպես վկայություն պիտի լինի և պիտի ուտի ձեր մարմինը ինչպես կրակը. վերջին օրերի՛ համար գանձեր դիզեցեք» (Հակ. 5:3):
Տ. Եղիշե քհն. Նուրիջանյան
ԱՊԱՇԽԱՐՈՂԱՑ ԿԱՐԳ
Եկեղեցական արարողություններով ամենահագեցած օրն է Ավագ հինգշաբթին, երբ առավոտից մինչև ուշ գիշեր հավատացյալները մասնակից են լինում խորհրդաշատ ծեսերի, որոնցով վերապրում են Տիրոջ երկրային վերջին օրերի իրադարձությունները:
Առավոտյան ժամերգությունից հետո Ապաշխարողաց կարգն է կատարվում: Նրանք, ովքեր պահեցողության մեջ են, արձակում են ստանում և իրավունք՝ մոտենալու սուրբ Հաղորդությանը:
ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ. ՀԱՂՈՐԴՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՍՏԱՏՈՒՄ
Հաղորդությունը բաշխվում է սուրբ և անմահ Պատարագի ընթացքում, որը մատուցվում է ի հիշատակ Խորհրդավոր ընթրիքի և Տիրոջ կողմից Հաղորդության խորհրդի հաստատման:
«Եվ մինչ նրանք դեռ ուտում էին, Հիսուս հաց վերցրեց, օրհնեց ու կտրեց, տվեց աշակերտներին ու ասաց. «Առե՛ք, կերե՛ք, այս է Իմ մարմինը»:
Եվ բաժակ վերցնելով՝ գոհություն հայտնեց, տվեց նրանց ու ասաց. «Խմեցե՛ք դրանից բոլորդ, որովհետև այդ է նոր ուխտի Իմ արյունը, որ թափվում է շատերի համար՝ իրենց մեղքերի թողության համար» (Մտթ. 26:26-28):
ՈՏՆԼՎԱ
Երբ դեռ ընթրիքը չէր ավարտվել, Քրիստոս վեր կացավ սեղանից, «մի կողմ դրեց զգեստները և մի սրբիչ վերցնելով՝ մեջքին կապեց: Եվ ապա ջուր վերցնելով՝ ածեց կոնքի մեջ և սկսեց Իր աշակերտների ոտքերը լվանալ և սրբել մեջքին կապած սրբիչով» (Հովհ. 13:4-5): Ի հիշատակ այս իրադարձության՝ եկեղեցիներում կատարվում է Ոտնլվայի կարգը, որի ժամանակ հոգևորականը լվանում է 12 տղաների ոտքերը՝ օծելով օրհնված յուղով:
«Եթե ոտքերդ չլվանամ, ինձ հետ մաս չունես»(Հովհ. 13:8)- ասում է Տերն ի պատասխան Պետրոսի զարմանքի, թե՝ «Տե՛ր, Դո՞ւ ես իմ ոտքերը լվանում» (Հովհ. 13:6):
Այնուհետև հորդորում է աշակերտներին նույն կերպ վարվել. «Արդ, եթե Ես՝ Տերս և Վարդապետս, լվացի ձեր ոտքերը, դուք պարտավոր եք միմյանց ոտքեր լվանալ: Ես ձեզ մի օրինակ տվեցի, որպեսզի դուք էլ միմյանց անեք այն, ինչ Ես արեցի ձեզ» (Հովհ. 13:14-15):
Խոնարհության անձնական օրինակ ու հավիտենական ևս մեկ դաս ու պատգամ:
ԽԱՎԱՐՄԱՆ ԿԱՐԳ
Երբ երեկոյանում է, և ծիսական օրը փոխված է լինում, սկսվում է Խավարման կարգը՝ Քրիստոսի մատնության և չարչարանքների հիշատակը, որն արդեն վերաբերում է Ավագ ուրբաթ օրվան. օրացուցային օրը հինգշաբթի է, ծիսական օրը՝ ուրբաթ, որովհետև երեկոյան ժամերգությունից հետո ծիսական օրը փոխվում է:
12 մոմեր են Խորանին՝ փակ վարագույրի առջև շարված: Բոլորը վառվում են՝ բացի մեկից. սա խորհրդանշում է մատնիչ Հուդային: Մեջտեղում Քրիստոսին խորհրդանշող մի մոմ է դրվում: Ավետարանական դրվագներից, սաղմոսներից ու շարականներից հետո մեկ առ մեկ հանգցվում են մոմերը, և վերջում եկեղեցին մնում է մթության մեջ՝ լուսավորված միայն Քրիստոսին խորհրդանշող մոմով: Այս ամենն ի ցույց է դնում այն, թե ինչպես տագնապների խառնարանում Տերը լքված մնաց բոլորի կողմից և միայնակ գնաց դեպի չարչարանք ու խաչելություն: «Կտակ»-ի ընթերցումից, «Տեր ողորմյա»-ից, «Ուր ես, մայր իմ»-ից ու «Փառք ի բարձունս»-ից հետո եկեղեցին լուսավորվում է, և բոլորը կարծես խոր շունչ են քաշում… այն ամենը, ինչ կատարվեց՝ մատնություն, տառապանք ու խաչելություն, եղավ, որպեսզի գա մեր փրկությունը Հարուցյալ Քրիստոսի միջոցով:
Տ. Եղիշե քհն. Նուրիջանյան
Մեր Տիրոջ չարչարանքների, խաչելության և թաղման հիշատակություն
Այսօր մեր Տիրոջ չարչարանքների, խաչելության և թաղման հիշատակության օրն է: Եկեղեցիներում առավոտյան կատարվում է Խաչելության կարգը, ընթերցվում են ավետարանական դրվագները, որոնք ներկայացնում են Քրիստոսի՝ Պիղատոսի մոտ տարվելը, դրան հաջորդող իրադարձությունները՝ խաչելությունը, մահն ու Տիրոջ մարմինը խաչից իջեցնելը:
«Եվ այնտեղ քացախով լի մի աման կար. զինվորները լեղախառն քացախով մի սպունգ թրջեցին և այն դրին եղեգի ծայրին ու մոտեցրին Նրա բերանին: Երբ Հիսուսը լեղախառն քացախը բերանն առավ, ասաց. «Ամեն ինչ կատարված է»: Եվ գլուխը կախելով՝ հոգին ավանդեց» (Հովհ. 19:30-32):
Ամեն ինչ կատարված է: Մեծարում ենք խաչելությունը, որովհետև գիտենք Հարությունը:
Եվ Խաչը մահապատժի գործիքից քրիստոնյաներիս համար դառնում է փրկության միջոց: Եվ դրա համար է, որ Պողոս առաքյալը Գաղատացիներին ուղղված թղթի 6:14 համարում պարծենում է մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչով, «որով աշխարհը խաչված է ինձ համար, ես էլ՝ աշխարհի համար»:
Եվ ըստ առաքյալի խոսքի՝ յուրաքանչյուր քրիստոնյա այսուհետև խաչն է հանում իր մարմինը՝ «կրքերով և ցանկություններով հանդերձ» (Գաղ. 5:24), որպեսզի պտղավորի հոգին այս բարիքներով՝ «սեր, խնդություն, խաղաղություն, համբերություն, քաղցրություն, բարություն, հավատարմություն, հեզություն, ժուժկալություն» (Գաղ. 5:22-23):
Քրիստոսի խաչելությունից հետո Հովսեփ Արեմաթացին իրավունք է ստանում խաչից իջեցնելու Տիրոջ անշնչացած մարմինը:
«Եվ Հովսեփը կտավ գնեց ու նրան (Տիրոջը) իջեցնելով՝ պատեց այդ կտավով ու դրեց մի գերեզմանի մեջ, որ փորված էր ժայռի մեջ: Եվ քար գլորեց գերեզմանի դռան առաջ: Իսկ Մարիամ Մագդաղենացին և Հակոբոսի ու Հովսեի մայր Մարիամը տեսան այն տեղը, ուր Նա դրվեց» (Մարկ. 15:46-47):
Այսպես ժայռափոր քարայրում ամփոփվեց Տիրոջ մարմինը: Այս իրադարձության հիշատակությունն է Ավագ ուրբաթ երեկոյան՝ ժամերգությունից հետո, նախատոնակի ընթացքում կատարվում եկեղեցիներում. Քրիստոսի խորհրդանշական գերեզմանը՝ ծաղիկներով ու ծառի ճյուղերով պատված, պտտում են եկեղեցու շուրջ, իսկ հավատացյալ ժողովուրդը հետևում է թափորին:
Տիրոջ թաղումից հետո, այնուամենայնիվ, բոլոր քրիստոնյաները գիտեն, որ շուտով գերեզմանը թափուր են գտնելու…
Եվ այդ սպասումով ընդառաջ ենք գնում Սուրբ Հարության հրաշափառ տոնին:
Տ. Եղիշե քհն. Նուրիջանյան
Ճրագալույց
Սուրբ Հարության ակնկալիքով և սպասումով մտնում ենք Ավագ շաբաթվա վերջին օրը:
Պատրաստվում ենք Սուրբ Հարության նախատոնակին՝ Ճրագալույցի սուրբ Պատարագին:
Ճրագ լուցանել, այսինքն՝ ճրագ վառել, այս արտահայտությունն է ընկած «ճրագալույց» բառի հիմքում: Շատերը, հավանաբար ի նկատի ունենալով այն հանգամանքը, որ Պատարագի ավարտին ճրագներ կամ լույսեր են տանում տուն, թյուրիմացաբար «ճրագալույս» են կոչում օրվա գլխավոր հոգևոր իրադարձությունը:
Ճիշտ է ՃՐԱԳԱԼՈՒՅՑ-ը, որը կատարվում է ինչպես Սուրբ Ծննդյան, այնպես էլ Սուրբ Հարության նախորդ օրը երեկոյան:
Ուրեմն՝ ճրագները՝ որպես Քրիստոսի Հարության և ընդհանրապես Տիրոջ բոլոր տնօրինությունների խորհրդանիշ, լուցանելով կամ վառելով, ազդարարում ենք՝
ՔՐԻՍՏՈՍ ՀԱՐՅԱ՜Վ Ի ՄԵՌԵԼՈՑ:
Ինչպես որ «ճրագը վառելով կաթսայի տակ չեն դնում, այլ աշտանակի վրա, և նա լույս է տալիս բոլոր նրանց, որ տան մեջ են» (Մտթ. 5:15), այդպես էլ, ըստ Տիրոջ պատվերի, պիտի փայլի քրիստոնյայի լույսը, որպեսզի «տեսնեն ձեր բարի գործերն ու փառավորեն ձեր Հորը, որ երկնքում է» (Մտթ. 5:16):
Տ. Եղիշե քհն. Նուրիջանյան
ՔՐԻՍՏՈՍ ՀԱՐՅԱՎ Ի ՄԵՌԵԼՈՑ.
ՕՐՀՆՅԱԼ Է ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՔՐԻՍՏՈՍԻ
«Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ հարություն առավ» (Ղուկ. 24:5-6):
Ավետիս, որ փոխեց մարդկային կյանքի պատմության հունը: Բարի լուր, որ խաղաղություն իջեցրեց մարդկանց հոգիներին, հույս ներշնչեց, հավատը կնքեց ու ամրագրեց: Քրիստոսի Հարության իրողության հանդեպ հավատը դարձավ այն խարիսխը, որն այս աշխարհի ալեկոծությունների մեջ անվտանգ է պահում մեր կյանքի նավը: Դատարկ գերեզմանը նոր հույսով լցրեց այցելած կանանց, որոնք գնացել էին անուշաբույր յուղով օծելու Տիրոջ մարմինը:
Եվ հրեշտակը, ընդառաջ ելնելով Մարիամ Մագդաղենացուն, Հակոբի մայր Մարիամին և Սողոմեին, ասաց. «Այստեղ չէ, այլ հարություն առավ»:
Բարի լուրը փոխանցվեց շուրթից շուրթ և հոգուց հոգի: Հարուցյալ Քրիստոս երևաց Իր աշակերտներին, խոսեց նրանց հետ և այլևս չէր ասում՝ այս իրողության մասին ոչ ոքի չպատմեք (ինչպես որ հաճախ անում էր Իր երկրային կյանքի տնօրինություններից հետո), այլ պատվիրեց. «Գնացե՛ք ուրեմն, աշակերտ դարձրեք բոլոր ազգերին, նրանց մկրտե՛ք Հոր և Որդու և Սուրբ Հոգու անունով: Ուսուցանե՛ք նրանց պահել այն բոլորը, ինչ Ես պատվիրեցի: Եվ ահա Ես ձեզ հետ եմ բոլոր օրերում՝ մինչև աշխարհի վախճանը» (Մտթ. 28:20-21):
Եվ Ավետարանի քարոզությունը, հիմքում ունենալով Քրիստոսի սուրբ Հարությունը, նոր թևեր ստացավ: Այն առաքյալները, որոնք երբեմն մարդկային տկարություն էին ցուցաբերում՝ ուրանալով կամ լքելով Տիրոջը, հարության փաստին ականատես լինելուց հետո դարձան համարձակ քարոզիչներ՝ արհամարհելով յուրաքանչյուր վտանգ կամ հալածանք, իրենց կյանքից թանկ համարեցին խոսել և պատմել Քրիստոսի հրաշափառ Հարության մասին:
Քրիստոս հարություն է առել:
Եվ, հետևաբար, հարություն պիտի առնեն Քրիստոսով ննջածները: Պողոս առաքյալը Կորնթացիներին գրված առաջին նամակում ի պատասխան այն մարդկանց, որոնք ասում են, թե մահացածների հարություն չկա, ասում է. «Եթե մեռելների հարություն չկա, ապա և Քրիստոս հարություն չի առել: Եվ եթե Քրիստոս հարություն չի առել, իզուր է մեր քարոզությունը, իզուր է և ձեր հավատը» (Ա Կոր. 15:13-14):
«Մնացե՛ք Իմ մեջ,- պատվիրում է Տերը,- և Ես՝ ձեր մեջ. ինչպես որ ճյուղը, որ ինքն իրեն չի կարող պտուղ տալ, եթե որթատունկի վրա հաստատված չլինի, նույնպես և դուք, եթե Ինձ վրա հաստատված չլինեք» (Հովհ. 15:4):
Սուրբ Հարությունը, որ կոչվում է նաև «Զատիկ» (մեղքերից զատվելու, անջատվելու և դեպի Աստված վերադառնալու իմաստով), տոնվում է հիսուն օր: Ծիսական տարվա ընթացքում երկրորդ տաղավար տոնն է. նշվում է մինչև Հոգեգալուստ: Տոնական այս ընթացքը կոչվում է «հինունք» կամ «հինանց շրջան», որի կիրակիներից յուրաքանչյուրը նույնպես (ինչպես որ Մեծ պահքի կիրակիներն էին) ունի իր խորհուրդը՝ հարության միտքն ավելի արմատավորող: Հինանց շրջանի քառասուն օրերը վերաբերում են հարուցյալ Տիրոջ երկրային տնօրինություններին, իսկ մնացած տասը օրերը՝ Համբարձմանը:
Տ. Եղիշե քհն. Նուրիջանյան
Հետհարութենական դրվագներ, ծաղկող՝ Ավագ, 1314 թ., աղբյուրը՝ armenica.org
Այսպես է կոչվում Սուրբ Հարությանը հաջորդող առաջին կիրակին, որը մարդուն և մարդկությանը վերանորոգելու խորհուրդն ունի:
Քրիստոսով՝ նոր մարդ:
Ադամը, Քրիստոսի հրաշափառ հարությամբ լուսավորված, վերադարձի ճանապարհն է բռնում՝ դեպի Եդեմ, դեպի հավիտենական լույս: Վերադարձ, բայց ոչ թե նույն, եկած ճանապարհով, այլ այն ուղով, որը մատնանշեց Տերը՝ պարզելով իր Խաչը: Վերադարձ դեպի դրախտ՝ չտրորված, նոր Ճանապարհով. «Ես եմ Ճանապարհը, Ճշմարտությունը և Կյանքը: Ոչ ոք չի գա Հոր մոտ, եթե ոչ՝ ինձանով» (Հովհ. 14:6):
Շնորհք պատրիարք Գալուստյանը, արևմտյան եկեղեցիների օրինակով, Հինանց շրջանի կիրակիներն անվանել է «գունագեղ»: Յուրաքանչյուր կիրակի՝ իր խորհրդին բնորոշ գույնով: Եվ նորոգության, մաքրագործման խորհուրդն ունեցող այս կիրակին կոչել է նաև Սպիտակ:
Կրկնազատիկ է, որովհետև այս կիրակի վերստին ու նորովի փորձում ենք ամբողջապես յուրացնել հարության, ազատության և փրկության խորհուրդը, փորձում ենք նորից կրկնել այն ուրախությունները, որ ունեցանք Զատկի օրը՝ Փրկչի հարությամբ: Եվ կրկին ապրում ենք Հարության տոնը՝ շարունակելով նորոգել մեր ներքին մարդուն (Ա Կորնթ. Դ 16):
«Մի կողմ նետեք ձեր նախկին կենցաղը, հին մարդուն, որ ապականված է ցանկությամբ ու խաբեությամբ,- ասում է Պողոս առաքյալը Եփեսացիներին ուղղված թղթում:- Նորոգվե՛ք հոգով և մտքով. հագե՛ք նոր մարդուն, որ ըստ Աստծո կամքի՝ արդարությամբ և ճշմարտությամբ է հաստատված» (Եփ. Դ 22-25):
Մեկ այլ տեղ՝ Կողոսացիներին ուղղված թղթի 3-րդ գլխի 10-րդ համարում, առաքյալն ասում, հորդորում և կոչ է անում՝ «Մերկացե՛ք հին մարդուց՝ իր գործերով, և հագե՛ք նոր մարդուն, որ մշտապես նորոգվում է իր Արարչի պատկերով և Նրան ճանաչելով»:
Տիրոջ վարդապետության անկյունաքարը, որ Սերն է, դարձավ «նոր պատվիրան», նոր փոփոխությունների, նորոգման, կատարելագործման ուղենիշ, որը մարդուն պիտի վերադարձնի կորուսյալ Դրախտ:
Այդ ակնկալիքով (դրախտը ժառանգելու) հիսուն օրեր շարունակելու ենք ապրել Հարության խորհուրդը՝ իր զանազան երանգներով:
Տ. Եղիշե քհն. Նուրիջանյան