Քարոզում են մեր թեմի հոգևորականները
Նոր կիրակի կամ Կրկնազատիկ
Այսպես է կոչվում Սուրբ Հարությանը հաջորդող առաջին կիրակին, որը մարդուն և մարդկությանը վերանորոգելու խորհուրդն ունի:
Քրիստոսով՝ նոր մարդ:
Ադամը, Քրիստոսի հրաշափառ հարությամբ լուսավորված, վերադարձի ճանապարհն է բռնում՝ դեպի Եդեմ, դեպի հավիտենական լույս: Վերադարձ, բայց ոչ թե նույն, եկած ճանապարհով, այլ այն ուղով, որը մատնանշեց Տերը՝ պարզելով իր Խաչը: Վերադարձ դեպի դրախտ՝ չտրորված, նոր Ճանապարհով. «Ես եմ Ճանապարհը, Ճշմարտությունը և Կյանքը: Ոչ ոք չի գա Հոր մոտ, եթե ոչ՝ ինձանով» (Հովհ. 14:6):
Շնորհք պատրիարք Գալուստյանը, արևմտյան եկեղեցիների օրինակով, Հինանց շրջանի կիրակիներն անվանել է «գունագեղ»: Յուրաքանչյուր կիրակի՝ իր խորհրդին բնորոշ գույնով: Եվ նորոգության, մաքրագործման խորհուրդն ունեցող այս կիրակին կոչել է նաև Սպիտակ:
Կրկնազատիկ է, որովհետև այս կիրակի վերստին ու նորովի փորձում ենք ամբողջապես յուրացնել հարության, ազատության և փրկության խորհուրդը, փորձում ենք նորից կրկնել այն ուրախությունները, որ ունեցանք Զատկի օրը՝ Փրկչի հարությամբ: Եվ կրկին ապրում ենք Հարության տոնը՝ շարունակելով նորոգել մեր ներքին մարդուն (Ա Կորնթ. Դ 16):
«Մի կողմ նետեք ձեր նախկին կենցաղը, հին մարդուն, որ ապականված է ցանկությամբ ու խաբեությամբ,- ասում է Պողոս առաքյալը Եփեսացիներին ուղղված թղթում:- Նորոգվե՛ք հոգով և մտքով. հագե՛ք նոր մարդուն, որ ըստ Աստծո կամքի՝ արդարությամբ և ճշմարտությամբ է հաստատված» (Եփ. Դ 22-25):
Մեկ այլ տեղ՝ Կողոսացիներին ուղղված թղթի 3-րդ գլխի 10-րդ համարում, առաքյալն ասում, հորդորում և կոչ է անում՝ «Մերկացե՛ք հին մարդուց՝ իր գործերով, և հագե՛ք նոր մարդուն, որ մշտապես նորոգվում է իր Արարչի պատկերով և Նրան ճանաչելով»:
Տիրոջ վարդապետության անկյունաքարը, որ Սերն է, դարձավ «նոր պատվիրան», նոր փոփոխությունների, նորոգման, կատարելագործման ուղենիշ, որը մարդուն պիտի վերադարձնի կորուսյալ Դրախտ:
Այդ ակնկալիքով (դրախտը ժառանգելու) հիսուն օրեր շարունակելու ենք ապրել Հարության խորհուրդը՝ իր զանազան երանգներով:
Տ. Եղիշե քհն. Նուրիջանյան
Հոգևոր զրույցներ
«Վեմ» ռադիո
Խոսնակ՝ Գրիգոր քհն. Հովհաննիսյան (Արգավանդի հոգևոր հովիվ)
Վարող՝ Վարդան սրկ. Ասլանյան
Աբբա՛, մի խոսք ասա ինձ
Հոգևոր զրույց և խորհրդատվություն։ Հոգևոր խոսքի և քրիստոնեական քարոզի ուժը։ Հոգևոր զրույցի նյութը և դրա ուսուցողական կարևորությունը։ Զրուցակիցների միջև վստահության ստեղծումը և դեպի մարդկանց սրտերը տանող բանալին։
Պսակի խորհուրդը
Ամուսնության աստվածային օրհնությունը․ Ադամ և Եվա, Կանայի հարսանիքը։ Ամուսնության հիմքը սերն է։ Հոգևոր ամուսնության անխզելիությունը։ Առաքելական պատգամներ ամուսիններին։ Ընտանիքի նահապետական մոդելի ճգնաժամը արդի հասարակության մեջ։ Ամուսնական միությանը սպառնացող վտանգները, ամուսնալուծություն։ Պատրաստություն սբ Պսակին։
Պատրաստություն սբ Հաղորդությանը
Հաղորդության խորհրդի հաստատումը․ Վերջին ընթրիք և պատարագ։ Հացի և գինու փոխակերպումը Տիրոջ Մարմնի և Արյան։ Սբ Հաղորդության ընդունման հաճախականությունը։ Հոգևոր և մարմնավոր պատրաստություն։ Հաղորդությունն իբրև հոգևոր սնունդ և զորավոր պաշտպանություն։ Համայնքի ընդհանրական հաղորդությունն իբրև սբ Պատարագի բուն խորհուրդ․ ընդհանրական և մասնավոր խոստովանություն։
Բարի և չար
Բարի Արարիչ, բարի արարչագործություն, որտեղի՞ց ուրեմն չարը։ Չարի և բարու միջև ընկած աստիճանները, կա՞ արդյոք բացարձակ չարիք։ Չարի և մեղքի սահմանումը։ Չարն իբրև ազատ կամքի սխալ գործածման և սեփական էությանը հակառակ գործելու արդյունք։ Ինչու է Աստված հանդուրժում չարը։ Արդյոք չարը վերացվելո՞ւ է աշխարհից։
Հպարտություն
Հպարտությունն իբրև մահացու մեղք և դրանից ծագող մեղքերը։ Հպարտության ի հայտ գալու պատճառները։ Կա՞ արդյոք հպարտության անվնաս չափաբաժին։ «Տերը հակառակ է ամբարտավաններին, Նա շնորհ է տալիս խոնարհներին» (Առակ. Գ 34): Սերն իբրև հպարտության բալասան։
Սուտ և ստախոսություն
«Սուտ վկայություն մի՛ տուր» (Ելք Ի 16). ստախոսության և դրա դրսևորումների արգելքը: Ստի մուտքն աշխարհ. քաղցր սուտ, ճերմակ սուտ, ճշմարտանման սուտ։ «Ճշմարտությունը կազատի ձեզ» (Հովհ. Ը 32):«Եթե մեկը խոսքով չի մեղանչում, ուրեմն կատարյալ մարդ է, ունակ սանձահարելու իր ողջ մարմինը» (Հակ. Գ 2):
Օգնություն մերձավորին
Նյութական, հոգևոր և հոգեբանական աջակցություն։ Եկեղեցու դերը սոցիալական ծառայության և հավասարության հաստատման գործում։ Բարի սամարացու առակը, հոգևոր և մարմնավոր ցավերի ամոքում, հիվանդախնամություն։
Խնդրեցեք, և Աստծուց կտրվի ձեզ
Ինչ ենք մենք հաճախ խնդրում Տիրոջից, և ինչպիսին կարող են լինել մեր խնդրանքների արձագանքները։ Աղոթքներում հնչող խնդրվածքները։ Հավատի շնորհիվ ելք ամեն մի դժվարին իրադրությունից։
Կարգ խոստովանության
Մեղքը խոստովանելու հոգեբանական դժվարությունն ու դատապարտության վախը։ Խոստովանահոր ընտրության խնդիրը։ Սահմանված ապաշխարություն և հոգևոր խրատներ։
Այլ զրույցներ Գրիգոր քհն. Հովհաննիսյանի հետ
(«Վեմ» ռադիոյի արխիվ, 2003-2004 թթ.)
Եկեղեցու խորհուրդներին մասնակցելու մասին
Համբարձում և Երկրորդ Ծաղկազարդ
Ձեռնադրություն կամ կարգ քահանայության