Լուրեր

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայրապետի նշխարների գյուտի տոնը Մասյացոտնի թեմում


2023 թ. հունիսի 24


Ս․թ․ հունիսի 24-ին, Հայ Առաքելական Եկեղեցին տոնում է սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայրապետի նշխարների գյուտի օրը. այս օրը Բյուրավանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ուխտի օրն է: 

Ընդառաջ Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպս Սարոյանի դիմումի՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Բյուրավանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի էր բերվել  սրբի մասունքը։​

Սրբազան  հոր հանդիսապետությամբ և օրհնությամբ՝ մատուցվեց սուրբ Պատարագ, որին մասնակցեցին թեմի հոգևոր դասը և հավատացյալներ թեմի բոլոր համայնքներից։

Պատարագիչն էր Արգավանդի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանը։

Հավարտ Պատարագի կատարվեցին մատաղի օրհնության կարգ և հյուրասիրություն։

Թող սրբի բարեխոսությունը լինի ամենքիս հետ։


տոներ


Շաբաթօրյակ Բուրաստանի Սուրբ Հակոբ եկեղեցում


2023 թ. հունիսի 17


Ս․թ․ հունիսի 17-ին, Մասյացոտնի թեմի առաջնորդ Տ. Գևորգ եպս Սարոյանի օրհնությամբ, կազմակերպվեց շաբաթօրյակ Բուրաստանի Սուրբ Հակոբ եկեղեցում։ Շաբաթօրյակին մասնակցեցին տեղի հավատացյալները, ինչպես նաև Մասիս և Բուրաստան համայնքների երիտասարդները։

Ավարտին Գևորգ Սրբազանի կողմից կատարվեց մատաղի օրհնության կարգ և հյուրասիրություն։



Ⲿմիջոցառումներ


Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայրապետի նշխարների գյուտի հիշատակության օրը Բյուրավանում 


2023 թ. հունիսի 17


Սիրելի հայորդիներ,

Այս տարի սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայրապետի նշխարների գյուտի հիշատակության օրը նշվելու է հունիսի 24-ին։ Այդ օրը Մասյացոտնի թեմի Բյուրավանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ուխտի օրն է։ Այդ առիթով ժամը 11։00-ին եկեղեցում կմատուցվի սուրբ Պատարագ։​

Ընդառաջ Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի դիմումի՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Բյուրավանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի կբերվի սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքը։​

Սիրով հրավիրում ենք ամենքիդ՝ աղոթակից լինելու մեզ։



Ⲿհայտարարություն


Օծվեց Մարմարաշենի Սբ Գևորգ եկեղեցու նորաձույլ զանգը


2023 թ. հունիսի 15


Ս․թ․ հունիսի 15-ին Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպս Սարոյանի ձեռամբ օծվեց Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցու նորաձույլ զանգը։

Արարողությանը ներկա էին թեմի հոգևոր դասը, Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը, Մարմարաշեն բնակավայրի վարչական ղեկավար Տիգրան Զաքարյանը և հավատացյալներ տարբեր համայնքներից։ 

Ավարտին կատարվեցին մատաղի օրհնության կարգ և հյուրասիրություն։

Շնորհակալ ենք զանգի բարերար Լուսինե Պողոսյանին եկեղեցանվեր գործի համար։



Զանգի օծման արարողություն Մարմարաշենում


2023 թ. հունիսի 14


Սիրելի հավատացյալներ, տեղեկացնում ենք, որ հինգշաբթի` հունիսի 15֊ին, ժամը 18:00-ին Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում, Մասյացոտնի թեմի առաջնորդ Տ. Գևորգ եպս Սարոյանի ձեռամբ կատարվելու է զանգի օծման արարողություն։

Բոլորիդ սիրով հրավիրում ենք ձեր աղոթական մասնակցությունը բերելու այս հիշարժան արարողությանը։




Ⲿհայտարարություն


Սբ Կարապետի վանքում նշվեց Հովհաննես Մկրտչի և Աթանագինես եպիսկոպոսի հիշատակության օրը


2023 թ. հունիսի 8


Հունիսի 8-ին սուրբ Հովհաննես Կարապետի և Աթանագինես եպիսկոպոսի հիշատակության օրը մեծ հանդիսավորությամբ տոնախմբվեց Մասյացոտնի թեմի Մոշաղբյուրի Սուրբ Կարապետ վանքում:

Մասյացոտնի թեմի առաջնորդ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանի դիմումին ի պատասխան, Վեհափառ Հայրապետի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից վանք էր բերվել սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքը՝ հավատացյալների երգրպագության համար:

Տոնի առիթով թեմի բոլոր համայնքներից հավատացյալներ, հոգևոր հայրերի առաջնորդությամբ, ուխտավորաբար եղան Մոշաղբյուրի Ս. Կարապետ վանքում և մասնակցեցին տոնական սուրբ Պատարագին։

Ս. Պատարագի ավարտից հետո մատուցվեց մատաղ, այնուհետև վանքի բակում ազգային երգ ու պարով հանդես եկան Ուրցաձորի և Վեդու մշակույթի տների սաները։        

Վանք էին այցելել նաև Վեդու գեղարվեստի տան սաները, ովքեր վանքի շրջակայքը գեղեցկացրին իրենց աշխատանքներով։                              

Ներկա էին նաև Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը և Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը։

Թող սուրբ Հովհաննես Կարապետի բարեխոսությունը մշտապես ուղեկից լինի հավատավոր մեր ժողովրդին:


Ⲿտոներ 


Սբ Հովհաննես Մկրտչի մասունքը՝ Սբ Կարապետում


2023 թ. մայիսի 30


Սիրելի՛ հայորդիներ, հունիսի 8-ին, Հայ Առաքելական եկեղեցու տոնացույցի համաձայն, սուրբ Հովհաննես Կարապետի և Աթանագինե եպիսկոպոսի հիշատակության օրն է։ Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի օրհնությամբ Սբ Կարապետ կբերվի սրբի մասունքը։ Սուրբ և անմահ պատարագը կմատուցվի ժամը 11:00-ին։

Սիրով սպասում ենք ամենքիդ։


Ⲿտոներ Ⲿհայտարարություն


Նոր նշանակում


2023 թ. մայիսի 26


Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի տնօրինությամբ՝ Արարատ քաղաքի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հովվությունից առանձնացվել են Զանգակատուն, Վարդաշատ, Ուրցալանջ, Լանջառ և Պարույր Սևակ բնակավայրերը և ստեղծվել է Վարդաշատի Սուրբ Աստվածածին եկեղեցու հովվությունը՝ ներառելով վերոնշյալ բնակավայրերը։ 

Վարդաշատի Սուրբ Աստվածածին եկեղեցու հովվության հոգևոր հովիվ է նշանակվել Տեր Արտաշես քահանա Հակոբյանը՝ համատեղությամբ շարունակելով իր ծառայությունը Մոշաղբյուրի Սուրբ Կարապետ վանքում՝ որպես օգնական հոգևոր հովիվ։


Ⲿնշանակումներ

Նոր նշանակում


2023 թ. մայիսի 21


Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի տնօրինությամբ՝ Արտաշատի Սուրբ Հովհաննես Ավետարանիչ առաջնորդանիստ մայր եկեղեցու օգնական հոգևոր հովիվ Տեր Երվանդ քահանա Բաբայանը ս.թ. մայիսի 20-ից նշանակվել է նույն եկեղեցու հոգևոր հովիվ։


Ⲿնշանակումներ

Նոր նշանակումներ


2023 թ. մայիսի 19


Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի տնօրինությամբ՝ Մասյացոտնի թեմում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ և հովվական շրջանների վերաբաշխումներ՝ ըստ հետևյալի. 

1. Տեր Թաթուլ քահանա Գասպարյանը, ազատվելով Արտաշատի Սուրբ Հովհաննես Ավետարանիչ առաջնորդանիստ մայր եկեղեցու հոգևոր հովվի պաշտոնից, նշանակվել է Մասիսի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր տեսուչ։  

2. Մխչյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հովվությունից առանձնացվել է Հովտաշեն բնակավայրը։ 

3. Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցու հովվությունից առանձնացվել է Մասիս Կայարանը։ 

4. Տեր Մխիթար քահանա Ալոյանն ազատվել է Սիս, Ռանչպար և Նորամարգ բնակավայրերի հոգևոր հովվի պաշտոնից՝ շարունակելով իր ծառայությունը Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցում՝ որպես հոգևոր հովիվ։ 

5. Ստեղծվել է Մասիս Կայարանի հովվություն, որին միավորվել է Սիս, Ռանչպար, Նորամարգ և Հովտաշեն բնակավայրերի հովվությունը։  

6. Տեր Թաթուլ քահանա Գասպարյանը, համատեղությամբ, նշանակվել է նաև Մասիս Կայարանի հովվության հոգևոր հովիվ։ 

7. Տեր Եզնիկ քահանա Մարդիրյանը, ազատվել է Մասիսի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր տեսուչի պաշտոնից՝ շարունակելով իր ծառայությունը Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցում՝ որպես օգնական հոգևոր հովիվ։ 

Վերոնշյալ որոշումներն ուժի մեջ են մտել ս.թ. մայիսի 18-ից։  

 

Ս.թ. հունիսի 1-ից ուժի մեջ կմտնեն հետևյալ որոշումները. 

8. Այնթապ բնակավայրը ներառել Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցու հովվության ներքո։  

9. Տեր Հարություն քահանա Հակոբյանին ազատել Այնթապի հոգևոր հովվի պաշտոնից՝ պահպանելով Կանաչուտի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովվի պաշտոնը։   

10. Տեր Եզնիկ քահանա Մարդիրյանին, համատեղությամբ, նշանակել Այնթապի հոգևոր հովիվ։


Ⲿնշանակումներ

Պատանեկան մտախաղ


2023 թ. մայիսի 6


Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի օրհնությամբ հուլիսի 28-ին տեղի կունենա «ԵՍ ԵՄ, ՄԻ ՎԱԽԵՑԵՔ» հոգևոր մտախաղի ամառային փուլը։

Մրցույթի հարցերը լինելու են «Գործք առաքելոց»-ից (15-28-րդ գլուխներ) և Հայաստանի ազգային հերոսներ Մոնթե Մելքոնյանի, Ջիվան Աբրահամյանի և Վիտյա  Այվազյանի կյանքից ու գործունեությունից:

Մասնակցության հայտերն ընդունվում են մինչև հուլիսի 10-ը, գրանցվելու համար կարող եք դիմել Եղիշե քահանա Նուրիջանյանին։ 

Խաղի անցկացման վայրի մասին կտեղեկացնենք լրացուցիչ:


Ⲿհայտարարություն

Նոր նշանակում 


2023 թ. մայիսի 4


Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի տնօրինությամբ՝ սույն թվականի մայիսի 5-ից Վերին Արտաշատի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Եղիշե քահանա Նուրիջանյանը համատեղությամբ ծառայության է կոչվում Դվինի Սուրբ Հարություն եկեղեցում՝ որպես հոգևոր հովիվ։



Ⲿնշանակումներ

Նոր նշանակումներ 


2023 թ. մայիսի 2


Այսու տնօրինությամբ ս.թ. մայիսի 1-ից Տեր Արտաշես քահանա Հակոբյանը ազատվում է Վեդիի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր  հովվի օգնականի պաշտոնից և ծառայության է կոչվում Մոշաղբյուրի Սուրբ Կարապետ վանքում որպես օգնական հովիվ:

Ս.թ. մայիսի 1-ից Տեր Դավիթ քահանա Կյուրեղյանը ծառայության է նշանակվում Վեդիի Սուրբ Աստվածածին եկեղեցում որպես օգնական հովիվ։


Ⲿնշանակումներ

Սբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու վերաօծման 11-ամյակը և  սրբի գլխատման հիշատակը 


2023 թ. ապրիլի 15


Սույն թվականի ապրիլի 15-ին, Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Գևորգ եպս Սարոյանի օրհնությամբ և հանդիսապետությամբ, Մխչյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում նշվեցին եկեղեցու վերաօծման 11-ամյակը և սրբի գլխատման հիշատակը։

Տոնի առթիվ, Սրբազան Հոր խնդրանքին ընդառաջ և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ, Մայր Աթոռից եկեղեցի բերվեց սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքը հավատացյալների երկրպագության համար։

Պատարագիչն էր Մայր Աթոռի միաբան Հոգեշնորհ Տ. Պողոս վրդ. Մինասյանը։ 


Ⲿտոներ

Մասյացոտնի թեմ կբերվի սբ Հովհաննես Մկրտչի մասունքը  


2023 թ. ապրիլի 13


Սիրելի բարեպաշտ հավատացյալներ,

Ապրիլի 15-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում էւրբ Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակի օրը, որը նաև Մասյացոտնի թեմի Մխչյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու վերաօծման և ուխտի օրն է: Այդ առիթով, թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի խնդրանքով, Վեհափառ Հայրապետի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից եկեղեցի կբերվի սբ Հովհաննես Մկրտչի մասունքը՝ հավատացյալների երկրպագության համար: Ժամը 10։30-ին կմատուցվի սուրբ և անմահ Պատարագ Մասյացոտնի թեմի առաջնորդ Տ. Գևորգ եպս Սարոյանի հանդիսապետությամբ։ Պատարագին մասնակցելու են նաև թեմի հոգևոր հովիվները՝ իրենց համայնքի ուխտավորների հետ միասին:

Սուրբ և անմահ Պատարագի ավարտին հավատավոր ժողովրդին կբաշխվի մատաղ՝ եկեղեցու վերանորոգման բարերար տիար Արգամ Աբրահամյանի ընտանիքի կողմից։

Հրավիրում ենք բոլորիդ մասնակցելու սուրբ Պատարագին և ստանալու սրբի բարեխոսությունն ու մասունքից բխող օրհնությունները:


Ⲿհայտարարություն

Սուրբ Հարության տոնական պատարագ Արտաշատի Սբ Հովհաննես առաջնորդանիստ մայր եկեղեցում 


2023 թ. ապրիլի 9


Սուրբ Հարության տոնի առիթով Արտաշատի Սուրբ Հովհաննես Ավետարանիչ առաջնորդանիստ մայր եկեղեցում մատուցվեց սուրբ Պատարագ՝ ձեռամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Տ. Գևորգ եպս Սարոյանի։ Պատարագի ընթացքին սրբազան հայրը հավատացյալներին փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի զատկական պատգամը։ Հավարտ սուրբ Պատարագի եկեղեցու բակում տեղի ունեցավ տոնի խորհրդին նվիրված գեղարվեստական միջոցառում՝ ազգային երգ ու պարով և հյուրասիրությամբ, ավանդական հավկիթակռվով։

Պատարագին և գեղարվեստական միջոցառմանը ներկա էին Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը, Սուրբ Հովհաննես Ավետարանիչ եկեղեցու բարերար Հովիկ Աբրահամյանը, եկեղեցու նախկին և ներկա խաչի կնքահայրերը, ինչպես նաև համայնքապետարանի աշխատակիցներ, մանկավարժներ, աշակերտներ և բազմաթիվ հավատացյալներ։

Միջոցառման ավարտին կատարվեց նաև մատաղի բաշխում։


Ⲿտոներ

Ճրագալույցի սբ Պատարագ Արտաշատի Սբ Հովհաննես առաջնորդանիստ եկեղեցում 


2023 թ. ապրիլի 8


Գևորգ եպս Սարոյանի զատկական պատգամը

Մասյացոտնի թեմի առաջնորդ Տ. Գևորգ եպս Սարոյանի շնորհավորական ուղերձը Սբ Աստվածածնի Ավետման տոնի և մայրության ու գեղեցկության տոնի առիթով


2023 թ. ապրիլի 7


Սիրելի մայրեր և քույրեր,  

Ջերմորեն շնորհավորում ենք ամենքիդ՝ Ավետման և Մայրության ու գեղեցկության տոների առիթով։  

Սուրբ Մարիամ Աստվածածինը, առաքինազարդ իր վարքով և Տիրոջ հանդեպ կատարյալ վստահությամբ և հավատարմությամբ, ներշնչման աղբյուր է դարձել հավատավոր մեր քույրերի, մայրերի ու կանանց համար, ովքեր դարեր շարունակ իրենց զավակներին կրթել ու դաստիարակել են որպես ազգի ու Եկեղեցու արժանավոր անդամներ։ Այսօր էլ այդ սուրբ առաքելությանը զուգահեռ՝ դուք պետական, հասարակական և եկեղեցական ոլորտներում զանազան հանձնառություններով կարևոր նպաստ եք բերում մեր հայրենիքի առաջընթացին ու զորացմանը։ 

Սուրբ Աստվածածնի Ավետման տոնին մեր հայցն է առ ամենօրհնյալ Սրբուհին, որ իր բարեխոսությամբ Երկնավոր մեր Տերը օրհնի և իր սուրբ Խաչի ներքո խաղաղության մեջ պահի մեր երկիրը և հայոց սրբասուրբ ընտանիքները։ 

Թող Տերը քաջառողջ ու երջանիկ կյանք շնորհի ձեզ, որպեսզի ձեր հոգատարությամբ ու ջերմությամբ շարունակեք ձեր նվիրական առաքելությունը։


Ⲿտոներ

Հանգստյան ժամերգություն Գևորգ եպս Սարոյանի հանդիսապետությամբ Վեդու Սբ Աստվածածին եկեղեցում


2023 թ. մարտի 31


Սույն թվականի մարտի 31-ին, հանդիսապետությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպս Սարոյանի և մասնակցությամբ թեմի բոլոր հոգևորականների, հանգստյան ժամերգություն կատարվեց Վեդու Սբ Աստվածածին եկեղեցում։

Ժամերգությանը ներկա էին տարբեր համայնքներից ժամանած հավատացյալներ, հյուրեր:



Գևորգ սրբազանի խոսքը Վեդու Սբ Աստվածածին եկեղեցում

Հանգստյան ժամերգություն Վեդու Սբ Աստվածածին եկեղեցում

Հանգստյան ժամերգություն Գևորգ եպս Սարոյանի հանդիսապետությամբ Արարատի Սբ Ամենափրկիչ եկեղեցում


2023 թ. մարտի 24


Սույն թվականի մարտի 24-ին, հանդիսապետությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպս Սարոյանի, հանգստյան ժամերգություն կատարվեց Արարատի Սբ Ամենափրկիչ եկեղեցում։

Ժամերգությանը ներկա էին տարբեր համայնքներից ժամանած հավատացյալներ, զինվորներ:

Հաջորդ ուրբաթ՝ մարտի 31-ին, հանգստյան ժամերգություն կկատարվի Վեդու Սբ Աստվածածին եկեղեցում։


Հրավիրում ենք ամենքիդ աղոթակից լինելու մեզ:


Գևորգ սրբազանի խոսքը Արարատի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում

Հանգստյան ժամերգություն Արարատի Սբ Ամենափրկիչ եկեղեցում

Հանգստյան ժամերգություն Գևորգ եպս Սարոյանի հանդիսապետությամբ Մրգավանի Սբ Հակոբ եկեղեցում


2023 թ. մարտի 17


Սույն թվականի մարտի 17-ին, հանդիսապետությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպս Սարոյանի, հանգստյան ժամերգություն կատարվեց Մրգավանի Սբ Հակոբ եկեղեցում։

Ժամերգությանը ներկա էին տարբեր համայնքներից ժամանած հավատացյալներ:

Հաջորդ ուրբաթ՝ մարտի 24-ին, հանգստյան ժամերգություն կկատարվի Արարատի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում։

Հրավիրում ենք ամենքիդ աղոթակից լինելու մեզ:


Գևորգ սրբազանի խոսքը Մրգավանի Սուրբ Հակոբ եկեղեցում

Հանգստյան ժամերգություն Մրգավանի Սբ Հակոբ եկեղեցում

Հանգստյան ժամերգություն Գևորգ եպս Սարոյանի հանդիսապետությամբ Մասիսի Սբ Թադեոս եկեղեցում


2023 թ. մարտի 10


Սույն թվականի մարտի 10-ին հանգստյան ժամերգություն կատարվեց Մասիսի Սբ Թադեոս եկեղեցում։

Ժամերգությանը ներկա էին Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը, համայնքապետարանի աշխատակիցներ, ուսուցիչներ, դպրոցականներ և տարբեր համայնքներից ժամանած հավատացյալներ:

Ժամեգության ավարտին կազմակերպվել էր հյուրասիրություն։

Հաջորդ ուրբաթ՝ մարտի 17-ին, հանգստյան ժամերգություն կկատարվի Մրգավանի Սուրբ Հակոբ եկեղեցում։

Հրավիրում ենք ամենքիդ աղոթակից լինելու մեզ:

Գևորգ սրբազանի խոսքը Մասիսի Սբ Թադեոս եկեղեցում

Հանգստյան ժամերգություն Սբ Թադեոս եկեղեցում

Մասյացոտնի թեմի առաջնորդ Տ. Գևորգ եպս Սարոյանի շնորհավորական ուղերձը մարտի 8-ի առիթով


2023 թ. մարտի 8


Սիրելի մայրեր և քույրեր,

Ջերմորեն շնորհավորում ենք ամենքիդ մարտի 8-ի տոնական առիթով:

Բոլոր ժամանակներում անգնահատելի է եղել ձեր ավանդը ընտանեկան հարկից ներս ու ազգային-հոգևոր արժեքների պահպանության գործում։ Տիրոջ զորակցությամբ, բարի արգասիքներով են արդյունավորվում ձեր ջանքերը նաև եկեղեցական-համայնքային կյանքում՝ ապահովելով եկեղեցական-վարչական ու ծխական խորհուրդների, տիկնանց ու երիտասարդաց միությունների, եկեղեցական երգչախմբերի, կիրակնօրյա դպրոցների և եկեղեցական այլ կառույցների ակտիվ գործունեությունը։

Մեր մաղթանքն է, որպեսզի Աստծո շնորհներով զարդարված, շարունակեք ձեր առաքելությունը՝ զանազան ոլորտներում արձանագրելով նորանոր ձեռքբերումներ ու հաջողություններ՝ հանուն մեր Հայրենիքի ու ժողովրդի բարօրության ու առաջընթացի:

Աղոթում ենք, որ սուրբ Աստվածամոր բարի օրինակով առաջնորդվելով՝ ձեր սրտերում զորեղ պահեք հավատքն առ Աստված և նվիրումը հոգևոր արժեքների հանդեպ։ Թող սուրբ Մարիամ Աստվածածնի բարեխոսությունը մշտապես ուղեկից լինի ձեզ և ձեր սիրեցյալ ընտանիքներին, այսօր և հավիտյանս։


Ⲿտոներ

Հանգստյան ժամերգություններ Գևորգ եպս Սարոյանի հանդիսապետությամբ


2023 թ. մարտի 4


Սիրելի հավատացյալներ,


Մեծ պահքի շրջանում յուրաքանչյուր ուրբաթ օր Մասյացոտնի թեմի եկեղեցիներից մեկում հանգստյան ժամերգությունը կկատարվի առաջնորդ սրբազան հոր հանդիսապետությամբ և թեմի բոլոր եկեղեցականների մասնակցությամբ։


Առաջին այդպիսի ժամերգությունը տեղի ունեցավ մարտի 3-ին Արտաշատի Սբ Հովհաննես Ավետարանիչ առաջնորդանիստ մայր եկեղեցում։ Ժամերգությանը ներկա էին Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը, համայնքապետարանի աշխատակիցներ, զինվորներ, ուսուցիչներ, դպրոցականներ և տարբեր համայնքներից ժամանած հավատացյալներ:


Հաջորդ ժամերգությունների ժամանակացույցը

Մասիսի Սբ Թադեոս եկեղեցի – 10 մարտի, ժամը 17։00

Մրգավանի Սբ Հակոբ եկեղեցի – 17 մարտի, ժամը 18։00

Արարատի Սբ Ամենափրկիչ եկեղեցի – 24 մարտի, ժամը 18։00

Վեդու Սբ Աստվածածին եկեղեցի – 31 մարտի, ժամը 18։00


Սիրով սպասում ենք բոլորիդ։


Ⲿհայտարարություն

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը Մեծ պահքի առիթով


2023 թ. փետրվարի 20


Սիրելիներ,

Մուտք ենք գործում Մեծ Պահքի շրջան։ Այս ժամանակամիջոցը քրիստոնյայի կյանքում կարևոր հանգրվան է սրբության ու կատարելության աստվածապատվեր ճանապարհին: Պահքի մեջ աղոթական խոկումներով, ինքնաքննությամբ ու երկնային շնորհների հայցով զորություն ենք ստանում ի կատար ածելու Քրիստոսի հորդորն ու պատգամը. «Արդ, կատարյա՛լ եղեք դուք, ինչպես որ ձեր երկնավոր Հայրն է կատարյալ» (Մատթ. 5.48): Կատարելության ուղին սկզբնավորվում է զղջումով ու ապաշխարությամբ, որոնցով սրբագրվում են մտքի, խոսքի և գործի սխալներն ու սայթաքումները։ Հատկապես այս խորհրդավոր շրջանում, ավետարանական առակի օրինակով (Ղուկ. 15.11-32) առ Երկնավոր Հայրը դառնալով, խնդրում ենք Տիրոջից գթությամբ ներել մեր մեղքերը, մաքուր սիրտ հաստատել մեզանում։ Հայցում ենք լուսավորել մեր միտքը, ամրացնել մեր կամքը՝ ընթանալու տերունավանդ պատվիրաններով։

Պահեցողության այս շրջանում Հայրապետիս հորդորն է ու պատգամը՝ միմյանց հանդեպ լինել առավել հոգատար, ազնիվ ու հարգալից, բարությունն ու սերը դարձնել հիմը փոխհարաբերությունների և ամուր պահել նվիրումն ու հավատարմությունը առ Աստված, ազգն ու հայրենին։ Մեր օրերում, երբ մեր հայրենիքն ու ժողովուրդը վիրավոր են մեզ պատուհասած պատերազմի արհավիրքներից, աղոթական կյանքով Աստծո հետ մշտական երկխոսության մեջ լինենք, զերծ մնանք ամեն չար ու վատ մտածումից ու գործից՝ միասնաբար նորոգելու համար հայրենական ու ազգային մեր կյանքը, դիմագրավելու մեր դեմ հառնած նեղությունները և մեր հարազատ երկիրը՝ Հայաստանն ու Արցախը դարձնելու «հույսի հայրենիք, լույսի հայրենիք»։

Աղոթենք, որ Ամենակալն Աստված Իր ողորմությունն ու պահպանությունը տարածի աշխարհասփյուռ մեր ժողովրդի վրա, պարգևի անվտանգ ու բարօր կյանք և խաղաղության մեջ պահի մեր երկիրը։ Թող Փրկիչ մեր Տերն ընդունի մեր սրտերի խնդրանքներն ու հայցը, արժանի դարձնի Իր կենսատու և փրկարար շնորհներին և զորացնի ամենքիս՝ Մեծ Պահքի միջոցով հասնելու հուսառատ Սուրբ Հարության տոնին։

«Շնորհք, ողորմութիւն, խաղաղութիւն յԱստուծոյ ի Հօրէ եւ ի Տեառնէ Յիսուսէ Քրիստոսէ Որդւոյն Հօր, ճշմարտութեամբ եւ սիրով եղիցին ընդ ձեզ» (Բ Հովհ. 3), այսօր և միշտ. ամէն:


Բուն բարեկենդանը Արտաշատի Սբ Հովհաննես Ավետարանիչ եկեղեցում


2023 թ. փետրվարի  19


Փետրվարի 19-ը, ըստ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու այս տարվա օրացույցի, Բուն բարեկենդանի կիրակին է:   

Օրհնությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանի՝ Արտաշատի Սուրբ Հովհաննես առաջնորդանիստ մայր եկեղեցում նշվեց Բուն բարեկենդանը։ 

Առավոտյան Տ. Հովսեփ քհն. Սարգսյանը մատուցեց սուրբ Պատարագ, այնուհետև եկեղեցու բակում կազմակերպվեց տոնի մշակութային հատվածը, որին մասնակցեցին Բուրաստանի մշակույթի տունն ու Այգեզարդի «Կորիզ» երիտասարդական կենտրոնը։  

Եկեղեցու բակում բարեկենդանի ավանդական թատերախաղերից և երգ ու պարից հետո մասնակիցները շրջեցին խանութներով՝ հավաքելով  «հարկերը», ինչը համարվում է "Խան փաշա" թատերախաղի մի մաս։


 Ⲿտոներ

Տյառնընդառաջի միջոցառումները Արտաշատի Սբ Հովհաննես Ավետարանիչ եկեղեցում


2023 թ. փետրվարի  13


Այսօր` Տյառնընդառաջի տոնին ընդառաջ, Արտաշատի Սուրբ Հովհաննես Ավետարանիչ առաջնորդանիստ եկեղեցում կատարվեց նորապսակների օրհության կարգ՝ հանդիսապետությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի։

Արտաշատի համայնքապետարանի նախաձեռնությամբ՝ արարողությունից հետո եկեղեցու բակում տեղի ունեցավ Տյառնընդառաջին նվիրված գեղարվեստական միջոցառում՝ ավանդական ժողովրդական ծեսերով ու սովորույթներով, բեմականացմամբ և ազգային երգ ու պարով: Եկեղեցու բակում վառվեց նաև Տյառնընդառաջի խարույկը։ Միջոցառման ընթացքում Արտաշատ համայնքի ղեկավարը նորապսակներին փոխանցեց հատուկ նվերներ:

Միջոցառումը կազմակերպվել էր եկեղեցու բարերար տիար Հովիկ Աբրահամյանի աջակցությամբ։


 Ⲿտոներ

Նոր տնօրինություն


2023 թ. փետրվարի  13


Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի տնօրինությամբ՝ ս.թ. փետրվարի 13-ից Արևշատի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հովսեփ քահանա Սարգսյանը ծառայության է նշանակվել Արտաշատի Սուրբ Հովհաննես Ավետարանիչ առաջնորդանիստ մայր եկեղեցում՝ որպես լուսարարապետ։

Մինչև Արևշատի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում նոր եկեղեցականի նշանակումը՝ Տեր Հովսեփ քահանան, համատեղությամբ, կշարունակի իր ծառայությունը հիշյալ եկեղեցում՝ որպես հոգևոր հովիվ։


Ⲿնշանակումներ


Գարնանը կմեկնարկի նոր հոգևոր մրցույթ-մտախաղ


2023 թ. փետրվարի  10


Մասյացոտնի թեմի առաջնորդ Տ․ Գևորգ եպս Սարոյանի օրհնությամբ և Եղիշե քհն․ Նուրիջանյանի նախաձեռնությամբ մեկնարկում է հոգևոր մրցույթ-մտախաղ, որի նպատակն է խրախուսել պատանիներին` Սուրբ Գիրք ընթերցելու:

Գարնանային խաղը կկայանա ապրիլի 21-ին:

Որպես տրամաբանական շարունակություն «Չորս եղանակ, չորս ավետարանիչ» մրցույթի` առաջիկա խաղը նվիրվում է Նոր Կտակարանի հաջորդ գրքին` «Գործք առաքելոց»֊ին:

Մրցույթի ընդհանուր խորագիրը` «Ե՛ս եմ, մի՛ վախեցեք», խորհրդանշական է և նպատակ ունի քաջալերելու մասնակիցներին, որ չվախենան և համարձակորեն մտնեն Աստծո խոսքի անսահման աշխարհ:

 «Ե՛ս եմ, մի՛ վախեցեք» խորագրի ներքո պարբերաբար կանցկացվեն հոգևոր մրցույթ-մտախաղեր` պատանիներին համախմբելով Սուրբ Գրքի ընթերցանության շուրջ:

Մրցույթի հարցերը լինելու են «Գործք առաքելոց»֊ից (1-14-րդ գլուխներ), ինչպես նաև Հայաստանի առաջին 14 ազգային հերոսների կյանքից ու գործունեությունից:

 Մրցույթի մասնակցության հայտերն ընդունվում են մինչև մարտի 10-ը:

 Յուրաքանչյուր թիմ պետք է բաղկացած լինի 5 հոգուց (ևս 1 հոգի՝ որպես փոխարինող): Թիմերի անդամները պետք է լինեն դպրոցահասակ երեխաներ:

 Խաղի կանոնները կներկայացվեն առանձին հրապարակմամբ։

 Սիրով սպասում ենք բոլորիդ։


Ⲿհայտարարություն


Նոր նշանակումներ թեմում


2023 թ. փետրվարի  7


Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ։

• Կանաչուտի Սուրբ Գևորգ եկեղեցու և Այնթապի եկեղեցական համայնքի հոգևոր հովիվ Տեր Զարեհ քահանա Աշուրյանը նշանակվել է Արարատ քաղաքի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հոգևոր հովիվ։ 

• Կանաչուտի Սուրբ Գևորգ եկեղեցու և Այնթապի եկեղեցական համայնքի օգնական հոգևոր հովիվ Տեր Հարություն քահանա Հակոբյանը նշանակվել է Կանաչուտի Սուրբ Գևորգ եկեղեցու և, համատեղությամբ, Այնթապի եկեղեցական համայնքի հոգևոր հովիվ: 

• Արարատ քաղաքի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արտաշես քահանա Հակոբյանը նշանակվել է Վեդի քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցու օգնական հոգևոր հովիվ։


Ⲿնշանակումներ

Սուրբ Սարգսի մասունքակիր աջը բերվեց Մասյացոտնի թեմ 

2023 թ. փետրվարի  6


Փետրվարի 5-ին՝ Սբ Սարգսի տոնի հաջորդ օրը, սրբի մասունքակիր աջը բերվեց Մասյացոտնի թեմ՝ Սբ Սարգսի անունը կրող եկեղեցիներ։


Ⲿտոներ

Սուրբ Սարգսի տոնը Մասյացոտնի թեմում 

2023 թ. փետրվարի  6


Հայ Առաքելական Եկեղեցին փետրվարի 4-ին նշեց Սբ Սարգսի տոնը։

Այդ առիթով տոնի օրը Մասյացոտնի թեմի Գետազատի, Ոստանի և Արգավանդի Սուրբ Սարգիս եկեղեցիներում մատուցվեց սուրբ Պատարագ և կազմակերպվեց ներթեմական ուխտագնացություն։

Արգավանդի Սուրբ Սարգիս եկեղեցում Պատարագը և երիտասարդների օրհնության կարգը հանդիսապետում էր Մասյացոտնի թեմի առաջնորդ Տ․ Գևորգ եպս Սարոյանը։ Սրբազան հայրն օրհնեց ներկա հավատացյալներին և երիտասարդներին՝ խնդրելով սուրբ Սարգսի բարեխոսությունը մեր երկրի ու ժողովրդի համար։

Ⲿտոներ

Փետրվար ամսվա տոները և սրբոց հիշատակության օրերը 

2023 թ. հունվարի 31


Փետրվարի 4 - Տոն Ս. Սարգիս Զորավարի, նրա որդի ս. Մարտիրոսի և 14 զինվորների հիշատակության օր

Փետրվար 6 - Ս. Ատոմյանց զորավարների հիշատակի օր

Փետրվար 7 - Ս. Սուքիասյանց վկաների հիշատակության օր

Փետրվար 9 - Ս. Ոսկյանց վկաների հիշատակության օր

Փետրվար 11 - Ս. Սահակ Պարթև հայրապետի հիշատակի օր

Փետրվար 13 - Ս. Ղևոնդյանց քահանաների հիշատակության օր

Փետրվար 14 - Քառասնօրյա Հիսուս Քրիստոսի գալուստը Տաճար, Տյառնընդառաջ

Փետրվար 16 - Ս. Վարդանանց նահատակների հիշատակության օր

Փետրվար 19 - Բուն բարեկենդան (Մեծ պահքի առաջին կիրակի)

Փետրվար 20 - Մեծ պահքի առաջին օր

Փետրվար 26 - Արտաքսման կիրակի (Մեծ պահքի երկրորդ կիրակի)


Ⲿհայտարարություն

Սբ Սարգսի տոնին Մայր Աթոռից Մասյացոտնի թեմ կբերվի սրբի մասունքը

2023 թ. հունվարի 26


Այս տարի Հայ Եկեղեցին Սուրբ Սարգսի տոնը նշելու է փետրվարի 4-ին։

Այդ առիթով փետրվարի 4-ին՝ տոնի օրը, և փետրվարի 5-ին՝ կիրակի, Մասյացոտնի թեմի Գետազատի, Ոստանի,  Արգավանդի Սուրբ Սարգիս եկեղեցիներում կմատուցվի սուրբ Պատարագ, և կկազմակերպվի ներթեմական ուխտագնացություն։

Ուրախ ենք տեղեկացնելու, որ Մասյացոտնի թեմի առաջնորդի խնդրանքին ընդառաջ՝ Վեհափառ Հայրապետի օրհնությամբ՝ փետրվարի 5-ին` կիրակի, հիշյալ եկեղեցիներ կբերվի սբ Սարգսի մասունքը:

Ստորև ներկայացնում ենք փետրվարի 4-ին և 5-ին մատուցվող պատարագների ժամանակացույցը։

Փետրվարի 4

Ժամը 10։30՝ Գետազատի Սուրբ Սարգիս եկեղեցի

Ժամը 10։30՝ Ոստանի Սուրբ Սարգիս եկեղեցի

Ժամը 11։00՝ Արգավանդի Սուրբ Սարգիս եկեղեցի 

Փետրվարի 5

Ժամը 10։00՝ Գետազատի Սուրբ Սարգիս եկեղեցի (մասունքը եկեղեցում կլինի ժամը 10։00-10։45)

Ժամը 10։30՝ Ոստանի Սուրբ Սարգիս եկեղեցի (մասունքը եկեղեցում կլինի ժամը 11։15-12։00)

Ժամը 11։00՝ Արգավանդի Սուրբ Սարգիս եկեղեցի (մասունքը եկեղեցում կլինի ժամը 12։30-ից մինչև երեկոյան ժամերգություն)


Ⲿհայտարարություն

Կկատարվի հոգեհանգստյան կարգ հրդեհից զոհված զինծառայողների համար

2023 թ. հունվարի 21


Մասյացոտնի թեմի առաջնորդ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանի օրհնությամբ, հունվարի 22-ին հավարտ սուրբ Պատարագի, թեմի բոլոր եկեղեցիներում կկատարվի հոգեհանգստյան կարգ` ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների հոգիների խաղաղության և հանգստության համար։


Հրավիրում ենք ամենքիդ աղոթակից լինելու մեզ։



Ⲿհայտարարություն

Մասյացոտնի թեմի առաջնորդը Ամենայն Հայոց Կաթողիկոսին հանձնեց դոկտորի գիտական կոչման վկայականը

2023 թ. հունվարի 19


Հունվարի 19-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Անգլիայի Դարեմի համալսարանում աստվածաբանության ոլորտում փիլիսոփայության դոկտորի կոչմանն արժանացած Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին։ 

Վեհափառ Հայրապետի օրհնությամբ Գևորգ Սրբազանն իր ուսումնառությունը շարունակել է Դարեմի համալսարանում՝ պաշտպանելով դոկտորական թեզ «Հայոց Եկեղեցու մարդասիրական մշակույթի ծագումը․ Ներսես Մեծը և հունական ազդեցության հարցը» թեմայով։ 

Հանդիպմանն Ամենայն Հայոց Հայրապետը, կարևորելով Սրբազան Հոր գիտական ձեռքբերումը, ընդգծեց, որ սույն աշխատությունը հնարավորություն կընձեռնի հանրությանը և աստվածաբաններին  ի մոտո ծանոթանալու Ներսես Մեծ հայրապետի մարդասիրական գործունեությանը։

Հայոց Հովվապետը գոհունակությամբ արձանագրեց, որ հոգևոր ծառայությանը զուգահեռ եկեղեցականները ծավալում են նաև գիտական գործունեություն՝ հորդորելով Գևորգ Սրբազանին նոր ուսումնասիրություններով արգասավորել ամբարած գիտելիքները։ 

Վերջում առաջնորդ Սրբազանը Նորին Սրբությանը հանձնեց իր թեզի աշխատությունն ու դոկտորական կոչման վկայականը։


Նյութի և լուսանկարների աղբյուր՝

Մայր Աթոռ Սբ Էջմիածնի ֆեյսբուքյան էջ


Սրբոց նահատակաց հուշահամալիրում կկառուցվի մոմավառության սրահ 

2023 թ. հունվարի 18


Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը հունվարի 18֊ին հյուրընկալել էր Մասյացոտնի Թեմի Առաջնորդ Տ. Գևորգ եպս. Սարոյանին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Մասիս համայնքից Արցախյան պատերազմներում անմահացած հերոսների հիշատակը հավերժացնող Սրբոց Նահատակաց հուշահամալիրի մուտքի և մոմավառության սրահի նախագծերը:

Անդրադարձ կատարվեց նաև Մասիս խոշորացված համայնքի տարածքում նախատեսվող եկեղեցաշինական մի շարք ծրագրերի նույնպես:

Հավելենք, որ 2022 թվականի դեկտեմբերի 30-ին Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի նախաձեռնությամբ և օրհնությամբ ու ձեռամբ Մասյացոտնի Թեմի Առաջնորդ Տ. Գևորգ եպս. Սարոյանի, տեղի ունեցավ պանթեոնին կից Խաչքար-կոթողի Օծման և բացման արարողությունը։



Սուրբ Ծննդյան պատարագ հանդիսապետությամբ Գևորգ եպս Սարոյանի

2023 թ. հունվարի 6


Այսօր՝ հունվարի 6-ին, Արտաշատի Սուրբ Հովհաննես Ավետարանիչ առաջնորդանիստ եկեղեցում Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առիթով մատուցվեց Սուրբ Պատարագ և կատարվեց Ջրօրհնեքի կարգ՝ հանդիսապետությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի։

Այս տարի Ջրօրհնեքի խաչի կնքահայրն էր Հայ Եկեղեցու նվիրյալ զավակներից Տիար Նարեկ Հովհաննիսյանը։

Արարողության ավարտին եկեղեցու «Շողակաթ» կիրակնօրյա դպրոցի սաները հանդես եկան Սուրբ Ծննդյանը նվիրված միջոցառմամբ՝ ներկայացնելով Սուրբ Ծննդյան խորհուրդը։

Սուրբ Պատարագին ներկա էին Արարատի մարզպետ Տիար Սեդրակ Թևոնյանը, Արտաշատի քաղաքապետ Տիար Կառլեն Մկրտչյանը, հյուրեր և բազմաթիվ հավատավոր հայորդիներ։

Քրիստոս ծնավ և հայտնեցավ,

Ձեզ և մեզ մեծ ավետիս։


տոներ


Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի շնորհավորական խոսքը նռնօրհնեքի արարողության ժամանակ, Արտաշատի Սուրբ Հովհաննես Ավետարանիչ առաջնորդանիստ եկեղեցում

2023 թ. հունվարի 1


Ⲿտոներ

Մասյացոտնի առաջնորդ Տ. Գևորգ եպս Սարոյանի ամանորյա ուղերձը


2023 թ. հունվարի 1


Սիրելի՛ հայորդիներ,

Ջերմորեն շնորհավորում ենք ամենքիդ Ամանորի և մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության գալիք տոների առիթով: 

Սուրբ Ծննդյան Ավետիսով բացվող այս օրերին աղոթում ենք առ Բարձրյալն Աստված, որ 2023 թվականը համայն հայության, և մանավանդ՝ Արցախի մեր ժողովրդի համար լինի դժվարությունների ու փորձությունների շուտափույթ հաղթահարման, խաղաղության ու ազատ կյանքի հաստատման տարի։ Թող Տերը բուժի մեր ժողովրդի բոլոր վերքերը, ամոքի վշտացյալ հոգիները և մխիթարություն ու աներկբա հավատ շնորհի ամենքիս։

Սրտագին մեր մաղթանքն է, որ Մարդացյալ Աստվածորդին իր շնորհներն առատորեն հեղի բոլոր հայ ընտանիքներից ներս, իր Սուրբ Աջի հովանու ներքո պահի հայրենյաց սահմանները հսկող քաջարի մեր զինվորներին և օրհնի բարեպաշտ մեր ժողովրդին՝ այսօր և հավիտյան։

Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ,

Ձեզ եւ մեզ մեծ աւետիս:


Ⲿտոներ