Լուրեր

Մասիս համայնքում կառուցվել է «Սրբոց նահատակաց» հուշարձան

2022 թ. դեկտեմբերի 30


Սույն թվականի դեկտեմբերի 30-ին Մասյացոտնի թեմի առաջնորդ Տ. Գևորգ եպս Սարոյանի ձեռամբ Մասիս քաղաքում օծվեց Արցախյան բոլոր հերոսամարտերի ժամանակ նահատակված քաջարի հայորդիների հիշատակին կառուցված բաց խորանին կից խաչքար-հուշակոթողը: Սրբազան արարողությանը ներկա էին Մասիս համայնքի քահանա հայրերը և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները։ Խորանի և հուշակոթողի կառուցման հեղինակը Մասիս համայնքի համայնքապետ պարոն Դավիթ Համբարձումյանն է, ում մշտական հոգածության ներքո են Արցախյան հերոսամարտերի մասնակիցներն ու նրանց ընտանիքները:

Օծման արարողության ավարտին առաջնորդ սրբազան հայրն իր մխիթարության խոսքն ուղղեց ներկաներին և  շնորհակալություն հայտնեց սրբատեղիի կառուցման աշխատանքների մասնակիցներին և աջակիցներին:


Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի։

Մասիս համայնքում ծառայող ինը քահանաներ հանդիպում ունեցան համայնքի ղեկավար պարոն Համբարձումյանի հետ

2022 թ. դեկտեմբերի 29


Օրհնությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Տ. Գևորգ եպս Սարոյանի՝ թեմի Մասիս համայնքում ծառայող թվով ինը քահանաներ դեկտեմբերի 29-ին հյուրընկալվեցին համայնքի ղեկավար պրն Դավիթ Համբարձումյանի կողմից: Մասիս քաղաքի Սուրբ Թադեոս եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Մխիթար քահանա Ալոյանը առաջնորդ սրբազան հոր և քահանա հայրերի անունից խորին երախտագիտություն հայտնեց համայնքապետին՝ համայնքի եկեղեցիների հանդեպ մշտական հոգածության և զանազան ազգային-հոգևոր ծրագրերի իրագործմանն օժանդակելու համար: Հանդիպման վերջում համայնքապետն իր գնահատանքի խոսքը բերեց քահանա հայրերին և իբրև ամանորյա նվեր նրանց հանձնեց անվանական ժամացույցներ:



Ⲿհանդիպումներ

Դպիրների ձեռնադրություն Ս.  Հովհաննես առաջնորդանիստ եկեղեցում

2022 թ. դեկտեմբերի 26


Սբ Ստեփանոս Նախավկայի տոնին Մասյացոտնի թեմի Ս.  Հովհաննես առաջնորդանիստ եկեղեցում 42 հոգու դպրական աստիճան և մեկ հոգու ուրարակրություն շնորհվեց: 



ձեռնադրություն  տոներ

Սուրբ և անմահ Պատարագ Բուրաստան համայնքի Սբ Հակոբ եկեղեցում

2022 թ. դեկտեմբերի 17


Օրհնությամբ և հանդիսապետությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպս Սարոյանի, սուրբ և անմահ Պատարագ մատուցվեց Բուրաստանի Սբ Հակոբ Հայրապետի անունը կրող եկեղեցում, պատարագիչն էր տեղի հոգևոր հովիվ Տիրան քհն. Նահապետյանը։ 

Պատարագի ավարտին կատարվեցին մատաղի օրհնության կարգ և հյուրասիրություն։

Գևորգ սրբազանի նախաձեռնությամբ արդեն մեկնարկել են Սբ Հակոբ եկեղեցու  վերանորոգման աշխատանքները։



Ⲿտոներ

Կայացավ «Չորս եղանակ, չորս ավետարանիչ» հոգևոր մտախաղը

2022 թ. դեկտեմբերի 16


Օրհնությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպս Սարոյանի՝ դեկտեմբերի 16-ին Եղիշե քահանա Նուրիջանյանի ջանքերով Վերին Արտաշատ համայնքի միջնակարգ դպրոցում կայացավ «Չորս եղանակ, չորս ավետարանիչ» հոգևոր մտախաղը։

Շնորհակալություն ենք հայտնում բոլոր մասնակիցներին խաղին մեծ ոգևորությամբ և հարուստ գիտելիքներով մասնակցելու համար, ինչպես նաև բոլոր աջակիցներին խաղի կայացմանն ուղղված Աստվածահաճո աշխատանքի համար։





Ⲿկրթական

Ծխական խորհրդի անդամների ընտրություն Նորաբաց համայնքի Սբ Աստվածածին եկեղեցում

2022 թ. դեկտեմբերի 7


Սիրելի հայորդիներ,

 Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ օրհնությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպս Սարոյանի, ս. թ. դեկտեմբերի 11-ին՝ հավարտ ս. Պատարագի, տեղի կունենա Նորաբաց համայնքի Սբ Աստվածածին եկեղեցու ծխական խորհրդի անդամների ընտրությունը։ Հրավիրում ենք մեր համայնքի բոլոր անդամներին Սբ Աստվածածին եկեղեցի՝ մասնակցելու խորհրդի անդամների ընտրությանը։



Ⲿհայտարարություն

Ուխտի սբ Պատարագներ Մասյացոտնի թեմում Սուրբ Հակոբ Մծբնա հայրապետի տոնի առիթով

2022 թ. դեկտեմբերի 7


Սիրելի հայորդիներ,

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին սույն թվականի դեկտեմբերի 17-ին նշելու է Սուրբ Հակոբ Մծբնա հայրապետի տոնը, և այդ առիթով Մասյացոտնի թեմի Սուրբ Հակոբ անունը կրող եկեղեցիներում մատուցվելու է ուխտի սուրբ Պատարագ:

Մասյացոտնի թեմի առաջնորդ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանի դիմումին ընդառաջ` Վեհափառ Հայրապետի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Մասյացոտնի թեմ է բերվելու Սուրբ Հակոբ Մծբնա հայրապետի մասունքը՝ հավատացյալների երկրպագության և բժշկության համար:

Ստորև ներկայացնում ենք Պատարագների ժամանակացույցը։

Ժամը 10:00 – Ներքին Դվինի Սուրբ Հակոբ եկեղեցի (մասունքը եկեղեցում կլինի ժամը 10:00-10:40)

Ժամը 10:30 – Մրգավանի Սուրբ Հակոբ եկեղեցի (մասունքը եկեղեցում կլինի ժամը 10:50-11:30)

Ժամը 10։30 ֊ Բուրաստանի Սուրբ Հակոբ եկեղեցի (մասունքը եկեղեցում կլինի ժամը 11:40-12:20)

Ժամը 11:00 – Արարատ գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցի (մասունքը եկեղեցում կլինի ժամը 12:50-16:00)

Հրավիրում ենք ձեզ ուխտավորաբար մասնակցելու հիշյալ եկեղեցիներում մատուցվող Պատարագներին:



Ⲿհայտարարություն

«Մաս և բաժին» խորագրով միջոցառում Արարատ համայնքում

2022 թ. դեկտեմբերի 4


Սույն թվականի դեկտեմբերի 4֊ին, Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպս Սարոյանի օրհնությամբ և Արարատի Սբ Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Պողոս քհն. Միքայելյանի ու եկեղեցու երիտասարդաց միության ջանքերով, Արարատ գյուղի մշակույթի տանը կայացավ «Մաս և բաժին» միջոցառումը, որը կունենա շարունակական բնույթ։

Ծրագրին մասնակցում էին Երասխ, Սուրենավան, Ավշար և Արարատ համայնքների միջնակարգ դպրոցների աշակերտները։ Յուրաքանչյուր դպրոց ներկայացրեց իր խմբի պատրաստած ավանդական կերակուրը։

Շնորհակալություն ենք հայտնում բոլոր մասնակիցներին և աջակիցներին։



Ⲿմիջոցառումներ

Սուրբ առաքյալներ և մեր առաջին լուսավորիչներ Թադեոսի և Բարթողիմեոսի հիշատակության օրը

2022 թ. դեկտեմբերի 4


Սույն թվականի դեկտեմբերի 3-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Սուրբ Թադեոս և սուրբ Բարթողիմեոս առաքյալների տոնը, որը նաև Մասյացոտնի թեմի Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցու ուխտի օրն է:  

Ընդառաջելով Մասյացոտնի թեմի առաջնորդ Տ. Գևորգ եպս Սարոյանի դիմումին՝ Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Սուրբ Թադեոս եկեղեցի բերվեց սուրբ Թադեոս առաքյալի մասունքը՝ հավատացյալների երկրպագության համար:

Թեմի քահանաները սրբի մասունքը թափորով բերեցին եկեղեցի։ Տոնական սուրբ Պատարագը մատուցեց Արարատ քաղաքի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Արտաշես քհն. Հակոբյանը: Սրբազան Պատարագին ներկա էին թեմի բոլոր եկեղեցականները, Մասիս համայնքի ղեկավար տիար Դավիթ Համբարձումյանը և քաղաքային իշխանության այլ ներկայացուցիչներ, ուսուցիչներ, աշակերտներ, ուխտավոր հայորդիներ: Հավարտ սուրբ Պատարագի՝ եկեղեցու խաչքավոր տիար Սուրեն Թորոսյանի կողմից ներկաներին բաշխվեց մատաղ։ Տոնական օրը շարունակվեց նաև Մասիս քաղաքի երաժշտական դպրոցում, որտեղ տեղի ունեցավ գեղարվեստական միջոցառում՝ ազգագրական երգ ու պարով։ Միջոցառմանը մասնակցում էր «Տարոնցիներ» հայկական ազգագրական երգ ու պարի համույթը։

Շնորհակալություն ենք հայտնում Մասիս համայնքի ղեկավարին և բոլոր նվիրյալ հայորդիներին՝ տոնական միջոցառման կազմակերպմանն աջակցելու համար։



Ⲿտոներ

«Չորս եղանակ, չորս ավետարանիչ» խաղի մասնակցության հրավեր

2022 թ. նոյեմբերի 16


Սիրելինե՛ր, օրհնությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպս․ Սարոյանի, սույն թվականի դեկտեմբերի 16֊ին կկայանա «Չորս եղանակ, չորս ավետարանիչ» հոգևոր մտախաղի ձմեռային փուլը։

Խաղի հարցերը լինելու են Հովհաննեսի Ավետարանից և Հայ եկեղեցու պատմություն առարկայի 8֊րդ դասարանի դասագրքից։

Թիմերը կարող են գրանցվել մինչև նոյեմբերի 30֊ը։

Սիրով սպասում ենք բոլորիդ։



Ⲿհայտարարություն

Կատարվեց քահանայական ձեռնադրություն

2022 թ. նոյեմբերի 13


Նոյեմբերի 13-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Մասյացոտնի թեմի առաջնորդանիստ Սուրբ Հովհաննես Ավետարանիչ եկեղեցում (ք. Արտաշատ) հընթացս սուրբ Պատարագի կատարվեց քահանայական ձեռնադրություն:


Պատարագիչն էր Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, որի ձեռամբ քահանայական ձեռնադրություն և օծում ստացան Մայր Աթոռի տարբեր կառույցներում սպասավորող հինգ սարկավ ագներ: Սուրբ Պատարագի ընթացքում Բագրատ սրբազանը, քահանայության կոչելով նորընծաներին, սրբալույս մյուռոնով օծեց նրանց ճակատներն ու ձեռքերը, ինչպես նաև նորաօծ եկեղեցականներին շնորհեց նոր հոգևոր անուններ:


Բարեշնորհ Լևոն սարկավագ Հակոբյանը վերակոչվեց Տեր Հարություն քահանա, Արսեն սարկավագ Սարգսյանը՝ Տեր Վահրամ քահանա, Շավարշ սարկավագ Այվազյանը՝ Տեր Նարեկ քահանա, Դավիթ սարկավագ Գիշչյանը՝ Տեր Դավիթ քահանա, Մինաս սարկավագ Կարապետյանը՝ Տեր Աբգար քահանա։ Այնուհետև նորաօծ քահանաներն իրենց անդրանիկ օրհնությունը փոխանցեցին ներկաներին:


Սրբազան հայրը, իր քարոզում անդրադառնալով քահանայական ծառայության կարևորությանը և դիմելով նորաօծ հայրերին, նշեց. «Դուք կոչված եք գործելու անանձնական կերպով, դուք ապրելու եք ոչ թե ձեր սեփական ուրախությունը, այլ անանձնական ուրախությունը բոլոր նրանց, ովքեր հանձնված կլինեն ձեր խնամքին: Դուք կոչված եք լինելու վշտի մեջ գտնվողին վշտակցել, սգի մեջ գտնվողի հետ սգալ, չլսողին խոսք փոխանցել, մոլոր ճանապարհի մեջ գտնվողին ճշմարիտ ուղին ցույց տալ, սիրտ սրտի ապրել բոլորի հետ ոչ թե որպես օտար, այլ սեփական քո ժողովուրդը լինելու զգացումով և հարատև աղոթքի մեջ լինել ամենքի համար»:


Բագրատ սրբազանը, անդրադարձ կատարելով հոգևորականի ծառայության դժվարություններին, հորդորեց քահանա հայրերին իրենց կյանքի ճանապարհին հանդիպող փորձության քարերը դարձնել արդարության պտուղներ՝ լցվելով ու առատանալով աստվածային սիրո մեջ:


Իր քարոզում Բագրատ եպիսկոպոսը հայտնեց նաև, որ քահանա հայրերին անվանակոչել է 44-օրյա պատերազմում նահատակված հայորդիների անուններով:


Նույն օրը Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին մայր տաճարում, ձեռամբ Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի, առաջին անգամ կատարվեց քահանայական ձեռնադրություն։ Քահանայության աստիճանի արժանացավ ՊԲ գնդերեց և Արցախի թեմի Քրիստոնեական դաստիարակության և քարոզչության կենտրոնի տնօրեն բարեշնորհ Գոռ սարկավագ Գյուրջյանը, ով վերակոչվեց Տեր Վաչագան քահանա:


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում քառասնօրյա պատրաստության շրջանից հետո նորընծա քահանաները ծառայության կկոչվեն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու տարբեր թեմերում և կառույցներում:


Նյութի և նկարի աղբյուրը՝


Մայր Աթոռի տեղեկատվական համակարգ

Ⲿձեռնադրություն

Մեկնարկել է «Գաթա՝ զինվորին»  քաղցր նախաձեռնությունը 

2022 թ. նոյեմբերի 8


Սիրելի քրիստոնյաներ,  օրհնությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպս․ Սարոյանի, Եղիշե քհն․ Նուրիջանյանի ջանքերով մեկնարկել է ավանդական դարձած «Գաթա` զինվորին» քաղցր նախաձեռնությունը։

Հայոց մայրերի և քույրերի հոգատարությունն ու ջերմությունը տներում թխված գաթաների հետ միասին տարվելու է զորամաս` հայրենիքի պաշտպան մեր զինվորին։

Մինչև նոյեմբերի 13֊ը` կիրակի, թխված գաթաներն ի մի կբերվեն Վ․ Արտաշատի Սբ Աստվածածին եկեղեցում, իսկ երկուշաբթի կտարվեն Խաչիկ գյուղի սահմանամերձ զորամաս։

Լավ կլինի, որ շատերս մասնակցենք և կրկին ապացուցենք, որ զինվորի կողքին ենք։



Հ․Գ․  Աստվածահաճո նախաձեռնության գաղափարի համար շնորհակալություն ենք հայտնում Անուշիկ Ասլանյանին։


Ⲿհայտարարություն

Ուխտի սուրբ Պատարագ Արարատի Սրբոց Նահատակաց մատուռում

2022 թ. նոյեմբերի 7


Այսօր՝ նոյեմբերի 7-ին, Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպս. Սարոյանի օրհնությամբ, Արարատի Սրբոց Նահատակաց մատուռի օծման միամյակի կապակցությամբ մատուցվեց սուրբ և անմահ պատարագ։ Պատարագիչն էր Արարատի Սբ Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Պողոս քահանա Միքայելյանը։ Պատարագի ավարտին բարերար Արմեն Գիքինյանի նախաձեռնությամբ կատարվեց մատաղի օրհնության կարգ և հյուրասիրություն։ 



 



Պատարագի մասնակցության հրավեր

2022 թ. նոյեմբերի 6


Սույն թվականի նոյեմբերի 7-ին, Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպս. Սարոյանի օրհնությամբ, Արարատի Սրբոց Նահատակաց մատուռում կմատուցվի սուրբ և անմահ պատարագ։ 

Պատրագի սկիզբը ՝ ժամը 11:00-ին։

Սիրով սպասում ենք բոլորիդ։

 


Ⲿհայտարարություն

Ապաշխարության խաչերթ․ հաշտեցում Աստծո հետ

2022 թ. հոկտեմբերի 30


Սույն թվականի հոկտեմբերի 29-ին, Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպս. Սարոյանի օրհնությամբ և Միքայել քահանա Նուրիջանյանի ջանքերով, կազմակերպվեց խաչերթ Արտաշատի Սբ Հովհաննես եկեղեցուց դեպի Մրգավանի Սբ Հակոբ եկեղեցի։ Հոգևոր հայրերի առաջնորդությամբ խաչերթին իրենց մասնակցությունը ունեցան և հայոց երկրի ու հայ ազգի համար իրենց աղոթքը հղեցին Աստծուն մի շարք քրիստոնյաներ տարբեր համայնքներից։


Ⲿխաչերթ

Կայացավ «Չորս եղանակ, չորս Ավետարանիչ» հոգևոր մտախաղը

2022 թ. հոկտեմբերի 29


Սույն թվականի հոկտեմբերի 28-ին, օրհնությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպս․ Սարոյանի, Վ․ Արտաշատ համայնքի միջնակարգ դպրոցում կայացավ «Չորս եղանակ, չորս Ավետարանիչ» հոգևոր մտախաղը, որը պարբերաբար կազմակերպվում է Եղիշե քահանա Նուրիջանյանի ջանքերով։

Մտախաղի թեման Ղուկասի Ավետարանն էր։ Դրան  մասնակցեցին և լավագույնս ներկայացան 16 թիմեր։

Ձմեռային խաղը կկայանա դեկտեմբերի 16֊ին․ հարցերը լինելու են Հովհաննեսի Ավետարանից և Հայ եկեղեցու պատմություն առարկայի 8֊րդ դասարանի դասագրքից։

Շնորհակալություն ենք հայտնում բոլոր աջակիցներին և մեր սաներին մեծ ոգևորվածությամբ խաղին մասնակցելու համար։  


Ⲿկրթական

Ապաշխարության խաչերթ

2022 թ. հոկտեմբերի 25


Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 16:00-ին, հավաքվում ենք Արտաշատի Սուրբ Հովհաննես Ավետարանիչ եկեղեցու մոտ: Հավաքվում ենք հանուն միասնական ապաշխարության, որպեսզի խնդրենք Տիրոջ ողորմությունը:

Խաչերթով կշարժվենք դեպի Մրգավանի Սուրբ Հակոբ եկեղեցի, որտեղ կհայցենք սքանչելագործ սուրբ Հակոբի բարեխոսությունը Տիրոջ առաջ՝ հայ ազգի ապաշխարության և փրկության համար:

ՀԱՎԱՔՎԵՆՔ...


Ⲿհայտարարություն 

Այսուհետ կիրակնօրյա դպրոցներ կգործեն նաև Արարատի Սբ Ամենափրկիչ, Բյուրավանի Սբ  Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիներում և  Լանջազատ համայնքում

2022 թ. հոկտեմբերի 25


Սույն թվականի հոկտեմբերի 23-ին, Գերաշնորհ Գևորգ եպս․ Սարոյանի օրհնությամբ, Մասյացոտնի թեմի  Արարատի Սբ Ամենափրկիչ, Բյուրավանի Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիներում և Արևշատի Սբ Աստվածածին եկեղեցու հովվության ներքո գտնվող Լանջազատ համայնքում բացվեցին կիրակնօրյա դպրոցներ։ 

Կիրակնօրյա դպրոցների սաները մասնակցում են Սուրբ Գրքի սերտողությունների, ինչպես նաև հարստացնում  գիտելիքները հայոց պատմության, հայ եկեղեցու և մշակույթի վերաբերյալ։ Ծրագրի մեջ ներառված են նաև մի շարք ուսուցողական և սպորտային խաղեր։

Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում բոլոր աջակիցներին և ծրագրի հովանավոր Թերեզա Մխիթարյանին։  


Ⲿկրթական 

Նշվեց չորս ավետարանիչների տոնը

2022 թ. հոկտեմբերի 17


Սույն թվականի հոկտեմբերի 15-ին, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին տոնեց չորս ավետարանիչների հիշատակի տոնը։ Այս առիթով, ընդառաջ թեմի առաջնորդի խնդրանքին, Վեհափառ Հայրապետի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Սբ Հովհաննես առաջնորդանիստ եկեղեցի բերվեց Սբ Մատթեոս Ավետարանչի մասունքարանը։ Տոնի և եկեղեցու ուխտի օրվա կապակցությամբ մատուցվեց սուրբ և անմահ պատարագ։ Թեմի առաջնորդ Գևորգ եպս. Սարոյանի հրավերով պատարագիչն էր Հայոց Արևմտյան թեմի հոգևորական Սասուն ծայրագույն վարդապետ Զմրուխտյանը։

Հավարտ պատարագի եկեղեցու բակում ելույթ ունեցան կիրակնօրյա դպրոցի սաները, այնուհետև կատարվեց մատաղի օրհնության կարգ և հյուրասիրություն։

Սուրբ Ավետարանիչների բարեխոսությունը թող լինի մեր հայրենիքի հետ։


Ⲿտոներ  

Չորս ավետարանիչների տոնը Մասյացոտնի թեմում 

2022 թ. հոկտեմբերի 10


Սիրելի հայորդիներ,

Հոկտեմբերի 15-ին Հայ Եկեղեցին նշում է չորս ավետարանիչների տոնը: Այս առիթով, ընդառաջ թեմի առաջնորդի խնդրանքին, Վեհափառի Հայրապետի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Մասյացոտնի թեմ կբերվի սուրբ Ղուկաս Ավետարանչի Աջը և կդրվի Արտաշատի Սուրբ Հովհաննես Ավետարանիչ առաջնորդանիստ եկեղեցում, սուրբ Պատարագի ընթացքում, հավատացյալների երկրպագության համար:

Սուրբ Պատարագի սկիզբը` ժամը 11։00֊ին։

Թող սուրբ ավետարանիչներ Մարկոսի, Մատթեոսի, Ղուկասի և Հովհաննեսի բարեխոսությունն ուղեկից լինի բոլորիս:


Ⲿտոներ  Ⲿհայտարարություն

Անդրանիկ պատարագ Ջրաշենի Սբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում

2022 թ. հոկտեմբերի 10


Սույն թվականի հոկտեմբերի 8-ին Սրբոց Թարգմանչաց տոնի առիթով, օրհնությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի, Ջրաշեն համայնքի նոր կառուցվող եկեղեցում մատուցվեց անդրանիկ պատարագ։ Պատարագիչն էր Մխչյանի Սբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Պարգև քհն. Պալգևորգյանը։

Այս կարևոր օրվա մասնակիցն էին մի շարք հոգևորականներ տարբեր համայնքներից, ինչպես նաև Բյուրավանի Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Տիրան քհն. Նահապետյանը։

Պատարագի ավարտին կատարվեցին մատաղի օրհնության կարգ և հյուրասիրություն։


Ⲿտոներ  

Հոկ. 8-ին՝ Թարգմանչաց տոնին՝ երկու պատարագ՝ Ջրաշենում և Լանջանիստի Սպիտակ վանքում

2022 թ. հոկտեմբերի 5


Սիրելի հավատացյալներ,

Սիրով տեղեկացնում ենք, որ Մասյացոտնի թեմի առաջնորդ Տ. Գևորգ եպս Սարոյանի օրհնությամբ և Մխչյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տ.Պարգև քհն. Պալգևորգյանի նախաձեռնությամբ, շաբաթ՝ 08.10.2022 թ., Սրբոց Թարգմանչաց տոնի առթիվ, սուրբ և անմահ Պատարագ կմատուցվի Ջրաշենում նոր կառուցվող Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում։

Պատարագի սկիզբը՝ ժամը 10։00_ին։

Պատարագի ավարտին տեղի կունենա նաև մատաղի օրհնություն և հյուրասիրություն։

Արդ, սիրով կսպասենք բոլորիդ։

Նույն օրը ՄԹ առաջնորդ Գևորգ եպս. Սարոյանի օրհնությամբ ուխտի սուրբ Պատարագ կմատուցվի  Արարատի մարզի Լանջանիստ գյուղում գտնվող Սպիտակ վանքում (Աղքիլիսա)։ Բոլոր ցանկացողները կարող են կապվել մեզ հետ՝ զանգելով 098460015 համարին կամ գրանցվել Դաշտավանի Սբ Մարիամ Աստվածածին եկեղեցու մոմավաճառի մոտ։


Ⲿտոներ  Ⲿհայտարարություն
Գևորգ սրբազանի խոսքը Կանաչուտի Սուրբ Գևորգ եկեղեցում

Սբ Գևորգ զորավարի տոնը Մասյացոտնի թեմում

2022 թ. սեպտեմբերի 24


Այսօր Մասյացոտնի թեմում նշվեց սուրբ Գևորգ Զորավարի տոնը:  Այդ առիթով Մասյացոտնի թեմի Մասիսի, Մարմարաշենի և Կանաչուտի՝ սուրբ Գևորգ Զորավարի անունը կրող եկեղեցիներում մատուցվեց ուխտի սուրբ Պատարագ:

Մասյացոտնի թեմի առաջնորդ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանի դիմումին ընդառաջ Վեհափառ Հայրապետի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Մասյացոտնի թեմ  բերվեց սուրբ Գևորգ Զորավարի մասունքը՝ հավատացյալների երկրպագության համար:

Առաջնորդ Սրբազանը ներկա գտնվեց Կանաչուտի Սուրբ Գևորգ եկեղեցում մատուցված պատարագին և սրբի մասունքով օրհնեց հավատացյալ ժողովրդին ու իր շնորհավորանքի խոսքը հղեց ներկա ուխտավորներին, եկեղեցականներին և եկեղեցու բարերար տիար Ալիկ Սարգսյանին ու նրա ընտանիքին:

Բոլոր եկեղեցիներում պատարագի ավարտին բաշխվեց մատաղ:

Սուրբ Գևորգ Զորավարի բարեխոսությունը թող ուղեկից լինի մեր ժողովրդին և Հայոց զորավարներին ու զինվորներին:


Ⲿտոներ

Սեպ. 24-ին ուխտի պատարագ Սբ Գևորգ եկեղեցիներում

2022 թ. սեպտեմբերի 19


Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին սույն թվականի սեպտեմբերի 24-ին նշելու է Սուրբ Գևորգ Զորավարի տոնը, և այդ առիթով Մասյացոտնի թեմի Սուրբ Գևորգ Զորավարի անունը կրող երեք եկեղեցիներում մատուցվելու է ուխտի Սուրբ Պատարագ:

Մասյացոտնի թեմի առաջնորդ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանի դիմումին ընդառաջ` Վեհափառ Հայրապետի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Մասյացոտնի թեմ է բերվելու Սուրբ Գևորգ Զորավարի մասունքը՝ հավատացյալների երգրպագության և բժշկության համար:

Ստորև ներկայացնում ենք Սուրբ Պատարագների ժամանակացույցը.

Ժամը 10:00 – Մասիս քաղաքի Սուրբ Գևորգ եկեղեցի (մասունքը եկեղեցում կլինի ժամը 10:00-11:00),

Ժամը 10:30 – Կանաչուտի Սուրբ Գևորգ եկեղեցի (մասունքը եկեղեցում կլինի ժամը 11:20-12:20),

Ժամը 11:00 – Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցի (մասունքը եկեղեցում կլինի ժամը 12:30-15:00):

Հրավիրում ենք ձեզ ուխտավորաբար մասնակցել հիշյալ եկեղեցիներում մատուցվող Սուրբ Պատարագներին:


Ⲿհայտարարություն

ԵՀԽ 11-րդ համագումարի արձանագրությունը արցախյան պատերազմի հետևանքների վերաբերյալ

2022 թ. սեպտեմբերի 8


Գերմանիայի Կառլսռուե քաղաքում անցկացվող Եկեղեցիների համաշխարհային խորհրդի 11-րդ ընդհանուր համաժողովը, որին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ մասնակցում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական պատվիրակությունը, հանդես եկավ Արցախի, արցախահայության և նրա հոգևոր–մշակութային ժառանգության վերաբերյալ հայտարարությամբ։

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

2020 թ. ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ի հետևումն 2020 թվականի աշնանը Լեռնային Ղարաբաղի/Արցախի համար մղված վեց շաբաթ տևած ծանր պատերազմի՝ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) գործադիր հանձնախումբն ընդունեց հայտարարություն՝ աղոթելով իմաստության, միասնության ու հանդարտության համար և սգալով բոլոր նրանց հետ, ովքեր «սարսափելի կորուստներ են կրել ոչ միայն սեպտեմբեր 27-ից ի վեր վերստին սանձազերծված պատերազմում, այլև՝ տարածաշրջանում ինքնորոշման համար մղված պայքարի երկար պատմության ընթացքում՝ յուրաքանչյուր թանկագին կյանքի կորստի հետ ավելի խորացնելով թշնամանքը»: ԵՀԽ-ն դատապարտել է քիմիական զենքերի և կասետային ռումբերի կիրառումը, քաղաքացիական անձանց, հիվանդանոցների ու հասարակական ենթակառուցվածքների թիրախավորումը և բոլոր այլ տեսակի պատերազմական հանցագործությունները, մարդկանց գլխատումը, կտտանքների ենթարկելը և այլ տեսակի բռնաճնշումները, որոնք արձանագրվել են հակամարտության ընթացքում:  ԵՀԽ-ն նաև կոչ է արել հարգանք դրսևորել Լեռնային Ղարաբաղի/Արցախի սրբավայրերի և մշակութային ժառանգության նկատմամբ՝ նկատի առնելով այդպիսի վայրերի սրբապղծման մասին բազմաթիվ զեկույցները: 

Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտության դադարից գրեթե երկու տարի անց հարյուրավոր էթնիկ հայեր տակավին ապօրինաբար պահվում են Ադրբեջանում՝ ոտնահարելով ռազմագերիների հետ վարվելակերպի մասին Ժնևյան Կոնվենցիան: Մինչ աշխարհի ուշադրությունը սևեռված է ուկրաինական հակամարտության վրա, ադրբեջանական ուժերը փաստացի նոր վայրագություններ են իրագործում ինչպես Լեռնային Ղարաբաղի բնիկ հայերի, այնպես և Հայաստանի Հանրապետության ինքնիշխան սահմանների նկատմամբ, ինչի հետևանքով շարունակում են զոհվել անմեղ մարդիկ և գերեվարվել նորերը: Ավելին, պատերազմական հանցագործությունների և միջազգային մարդասիրական և մարդու իրավունքերին առնչվող օրենքների ոտնահարման համար պատասխանատվության պահանջը, ինչը բազմիցս արձանագրվել է Human Rights Watch, BBC, the Guardian և շատ այլ միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների կողմից, ցավոք չի կատարվել կամ հանձ առնվել:

Գերմանիայի Կարլսրուե քաղաքում հրավիրված Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) 11-րդ  համագումարը

Դիմում է ՄԱԿ-ին, Եվրամիությանը և Ադրբեջանի իշխանություններին, միջազգային իրավունքի համաձայն, բոլոր հայ ռազմագերիներին և քաղաքացիական պատանդներին անհապաղ ազատ արձակելու համար,

Կրկին մտահոգություն է հայտնում տարածաշրջանի սրբավայրերի և հայկական մշակութային ժառանգության վերաբերյալ և կոչ է անում ՅՈՒՆԵՍԿՕ-ին ու միջազգային հանրության բոլոր անդամներին ձեռնարկել բոլոր հնարավոր և համապատասխան միջոցները այդ վայրերը պաշտպանելու համար

Կոչ է անում Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի շրջանակներում բովանդակալից երկխոսություն սկսելԼեռնային Ղարաբաղի հակամարտության արդարացի և խաղաղ կարգավորման համար,

Խնդրում է ԵՀԽ-ին և ԵՀԽ-ի անդամ բոլոր եկեղեցիներին շարունակել հավատարիմ մնալ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի եկեղեցիների և ժողովրդի նկատմամբ քրիստոնեական համերաշխությանը՝ արդարացի և կայուն խաղաղության հասնելու իրենց ձգտման ճանապարհին:

Նյութի և նկարի աղբյուրը՝

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ


Տ. Գևորգ եպս Սարոյանը մասնակցում է ԵՀԽ 11-րդ համագումարին 

2022 թ. սեպտեմբերի 4


Այս օրերին՝ օգոստոսի 31-ից սեպտեմբերի 8-ը, Գերմանիայի Դաշնության Կառլսռուե քաղաքում տեղի է ունենում Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի 11-րդ գագաթնաժողովը՝ «Քրիստոսի սերն է առաջնորդում աշխարհը» խորագրով։ 

Ն․ Ս․ Օ․ Տ․ Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ու տնօրինությամբ գագաթնաժողովին մասնակցում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական պատվիրակությունը, որի կազմում է նաև Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը։ 

Յոթ տարին մեկ գումարվող գագաթնաժողովը համավարակի սահմանափակումներից հետո միատեղել է աշխարհի տարբեր ծագերից քրիստոնեական ավելի քան 300 եկեղեցիների ներկայացուցիչների։ 

Մայր Աթոռի պատվիրակները նաև իրենց գործուն մասնակցությունը կբերեն ԵՀԽ անցնող աշխատանքների ամփոփմանն ու գալիք ծրագրերի պատրաստությանը։


Կրթության մշակների օրհնություն 

2022 թ. օգոստոսի 31


Օգոստոսի 31-ին Մասյացոտնի թեմի Արտաշատի Սուրբ Հովհաննես Ավետարանիչ առաջնորդանիստ եկեղեցում, նախագահությամբ թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի, տեղի ունեցավ կրթության մշակների օրհնության կարգ: 

Արարողությանը ներկա էին ՀՀ Արարատի մարզպետ Տիար Սեդրակ Թևոնյանը, Արտաշատի համայնքապետ Տիար Կառլեն Մկրտչյանը, Արտաշատ համայնքի կրթօջախների տնօրեններն ու մանկավարժները: 

Մանկավարժների օրհնության կարգը հաստատվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից և 2010 թվականից կատարվում է ուսումնական տարվա նախօրեին։


կրթական

Ցուցադրվեցին պեղումների արդյունքները

2022 թ. հուլիսի 13


Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Գևորգ եպս. Սարոյանի օրհնությամբ այս օրերին Նոր Խարբերդ համայնքի Գրիգոր Դավթյանի անվան մշակույթի տանը ցուցադրության է ներկայացվում մարզի տարբեր շրջանների եկեղեցիներում իրականացված հնագիտական պեղումների արդյունքում ի հայտ եկած գտածոները։

Այս անգամ իրենց այցելությամբ մեզ ուրախացրեցին Նոր Խարբերդի Թլկատինցու անվան թիվ 1 դպրոցի ուսուցչական անձնակազմն ու ավագ դասարանի աշակերտները հարգարժան տնօրեն ընկեր Սարգսյանի գլխավորությամբ։

Ցուցադրության նմուշների մասին համապարփակ ներկայացրեց Վաղարշապատի պատմա֊ազգագրական թանգարանի տնօրեն հնագետ Անժելա Թադևոսյանը։

Աստված օրհնի բոլոր կազմակերպիչներին, աջակցողներին և այցելուներին։

Նոր հնագիտական պեղումների ցուցադրությունը տևելու է մինչև առաջիկա ուրբաթ։ Սիրով սպասում ենք բոլորիդ։

Տ. Ղազար քհն․ Թորոսյան


Ⲿպեղումներ

Ծրագրավորման անվճար դասընթաց երիցատանը

2022 թ. հուլիսի 10


Հուլիսի 9-ին Արևշատի Սբ Մարիամ Աստվածածին եկեղեցու երիցատանը տեղի ունեցավ ծրագրավորման հերթական դասընթացը։ 

Հիշեցնենք, որ յուրաքանչյուր շաբաթ՝ ժամը 14։30-17։30-ը, օրհնությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Գևորգ եպս. Սարոյանի,  Արևշատի Սբ Աստվածածին եկեղեցու երիցատանը անցկացվում է ծրագրավորման անվճար դասընթաց, որի նպատակը համայնքի երիտասարդներին համապատասխան հմտություններ փոխանցելն է։ Դասընթացի նախաձեռնության ու անցակցման համար մեր շնորհակալությունն ենք հայտնում Գոգի Լոլոյանին։

Տեր Հովսեփ


Ⲿկրթական