Լուրեր

Սբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու բարերարի այցելությունը

2022 թ., հուլիսի 6

Այսօր Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպս Սարոյանին այցելեցին Ջրաշեն համայնքում նոր կառուցվող Սբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու բարերար Կարապետ Աղեկյանը և Մխչյանի Սբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հոգևոր հովիվ Պարգև քհն. Պալգևորգյանը։

Սրբազան հայրը իրազեկ դարձավ եկեղեցու կառուցման աշխատանքներին և բարձր գնահատեց ընդհանրապես Ջրաշեն համայնքի ժողովրդին ու մասնավորապես բարերարին, որոնք աջակցում են եկեղեցու կառուցման աշխատանքներին, և ապա փոխանցեց իր հայրական օրհնությունը։

Թող Աստված վարձահատույց լինի բոլոր բարերարներին ու աջակիցներին և պահի ու պահպանի նրանց և նրանց ընտանիքի անդամներին։

Աղբյուր

Դիակոնիկ աշխատանքին նվիրված ձեռնարկի շուրջ հանդիպում-քննարկում

2022 թ., հուլիսի 6

ԵՀԽ հայաստանյան «Կլոր սեղան» բարեգործական հիմնադրամի (ԵՀԽ ՀԿՍ) և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի համագործակցությամբ իրականացվող «Դիակոնիկ գիտելիքները՝ որպես ընտանեկան բռնության կանխարգելման բանալի» ծրագրի շրջանակում ԵՀԽ ՀԿՍ տնօրեն Կարեն Նազարյանը և Տ. Անդրեաս վրդ. Եզեկյանը հուլիսի 6-ին, օրհնությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Տ. Գևորգ եպս Սարոյանի, հանդիպեցին Մասյացոտնի թեմում ծառայող քահանա հայրերին, թեմի երիտասարդաց միության և սոցիալական ոլորտի ներկայացուցիչներին: Հանդիպմանը ներկայացվեց ԵՀԽ Հայաստանյան Կլոր սեղանի կողմից հիշյալ ծրագրի շրջանակում հրատարակության պատրաստվող դիակոնիկ աշխատանքին նվիրված ձեռնարկ, որը պիտի հանձնվի  Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմերում ծառայող քահանաներին, Գևորգյան հոգևոր ճեմարանի սաներին և սոցիալական ոլորտի աշխատակիցներին՝ գործածության համար։ Եկեղեցականներն իրենց առաջարկները ներկայացրին դիակոնիկ աշխատանքին նվիրված ձեռնարկի համահեղինակներին:  Հիմնադրամի ներկայացուցիչները վստահություն հայտնեցին, որ այս հանդիպումն ու ներկայացված առաջարկները օգտակար կլինեն ձեռնարկի պատրաստության ընթացքին՝ դիակոնիկ աշխատանքի շուրջ ներկայիս մարտահրավերներին ավելի խորությամբ անդրադառնալու համար:

Նոր հնագիտական ցուցադրություն

2022 թ., հուլիսի 6

Նոր հնագիտական ցուցադրություն՝ նվիրված Արարատի մարզում 2021 թ. կատարված պեղումների արդյունքներին։ Հիշեցնենք, որ պեղումներն իրականացվել են Ղուկասավանի Ս. Աստվածածին,  Մրգանուշի Ս. Թադեւոս, Լանջանիստի Ս. Աստվածածին և Լուսաշողի  Ս. Հովհաննես եկեղեցիների տարածքներում։

Ցուցահանդեսը կկայանա Արարատի մարզի Խարբերդ գյուղի երաժշտական դպրոցի շենքում հուլիսի 7-ին՝ ժ. 16.30-ին։

Կազմակերպիչներն են Հայ Առաքելական Եկեղեցու Մասյացոտնի թեմը, Մասիս խոշորացված համայնքի համայնքապետարանը և Էջմիածնի պատմաազգագրական թանգարանը։

պեղումներ

Բակային-հոգևոր ճամբար Մխչյանում

2022 թ., հուլիսի 4

Այսօր Մասյացոտնի թեմի առաջնորդ Տ. Գևորգ եպս Սարոյանի օրհնությամբ, Մխչյանի Սբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Պարգև քհն. Պալգևորգյանի գլխավորությամբ և եկեղեցու «Վերածնունդ» երիտասարդաց միության անդամների ղեկավարությամբ եկեղեցու բակում մեկնարկը տրվեց բակային-հոգևոր ճամբարին։

Բացումը կատարվեց Տերունական աղոթքով, ապա երեխաները սովորեցին Հայ Եկեղեցու յոթ խորհուրդներից երկուսի՝ Մկրտության և Դրոշմի մասին, որից հետո մարմնամարզանք կատարեցին, ապա սբ Ներսես Շնորհալու «Հավատով խոստովանիմ» աղոթքի առաջին համարը սովորեցին։

Աղոթքը սովորելուց հետո տեղի ունեցավ պաղպաղակի հյուրասիրություն, և ապա հետաքրքիր խաղեր խաղացին։

Օրվա ավարտին աղոթքով փակեցինք ճամբարի առաջին օրը՝ վաղը դարձյալ հանդիպելու հույսով։

Աղբյուրը

ԵՀԽ պատվիրակության այցը Մասյացոտնի թեմ

2022 թ., մայիսի 31

Այս օրերին Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) Հայաստանյան Կլոր սեղանի հրավերով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում է գտնվում ԵՀԽ պատվիրակությունը։ Մայիսի 30-ին պատվիրակության անդամներ Սյուզան Դարբերը (Մեծ Բրիտանիա), Կոռնելիա Ֆյուլկրուգ-Վայցելը (Գերմանիա), Կառլա Խիջոյանը (Շվեյցարիա), Անի Ղազարյան-Դրիսին (Շվեյցարիա), ուղեկցությամբ ԵՀԽ Հայաստանյան Կլոր սեղանի գործադիր տնօրեն տիար Կարեն Նազարյանի, «Արդարության և խաղաղության ուխտագնացություն» առաքելության շրջանակում այցելեցին նաև Մասյացոտնի թեմ և հյուրընկալվեցին թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի կողմից։  

 Պատվիրակության անդամները, սրբազան հոր հետ միասին, այցելեցին Երասխ համայնք, հանդիպեցին համայնքի ղեկավարին, դպրոցի ուսուցչական կազմին և աշակերտներին՝ ծանոթանալով սահմանամերձ այս համայնքի խնդիրներին և 44-օրյա պատերազմի հետևանքով սահմանամերձ համայնքներում ստեղծված ներկայիս իրավիճակին։  Սրբազան հայրը հյուրերին ներկայացրեց թեմի սահմանամերձ շրջաններում իրականացված ծրագրերը և առկա խնդիրները։ 

Պատվիրակության անդամները թեմի առաջնորդարանում հանդիպեցին նաև Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված, գերության մեջ հայտնված զինվորների, Արցախի՝ Հադրութի շրջանից և Շուշի քաղաքից տեղահանված ընտանիքների։ Այս այցերի ու հանդիպումների նպատակն էր տեղում ծանոթանալ առկա խնդիրներին և դժվարություններին, որպեսզի, ըստ անհրաժեշտության, հնարավոր լինի այդ խնդիրները բարձրաձայնել ԵՀԽ տարբեր համաժողովների և էկումենիկ հանդիպումների ժամանակ։  

Երեկոյան պատվիրակության անդամներին, առաջնորդ սրբազան հոր ուղեկցությամբ, հյուրընկալեց Մասիս համայնքի ղեկավար տիար Դավիթ Համբարձումյանը։   

Հանդիպմանը անդրադարձ եղավ պատերազմից տուժած ընտանիքներին ցուցաբերված աջակցության ծրագրերին, ինչպես նաև համայնք-եկեղեցի համագործակցությամբ իրականացված նախաձեռնություններին։ Առաջնորդ սրբազան հայրն իր գնահատանքն ու շնորհակալությունը հայտնեց ԵՀԽ-ին՝ հայաստանյան Կլոր սեղանի միջոցով 44-օրյա պատերազմի ընթացքում թեմին ցուցաբերած աջակցության համար:

Մեկնարկեց Այնթապի Սբ Շուշանիկ եկեղեցու հիմքերի պատրաստման աշխատանքը

2021 թ. նոյեմբերի 29

Օրհնությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Գևորգ եպս. Սարոյանի՝ Այնթապ համայնքում մեկնարկեց Սբ Շուշանիկ եկեղեցու հիմքերի պատրաստման աշխատանքը: Մասյացոտնի թեմում, Առաջնորդ Սրբազան Հոր խիստ հետևողականությամբ, վեր են խոյանում թե՛ նոր եկեղեցիներ և թե՛ խոնարհված, կիսավեր եկեղեցիներ: Եկեղեցանվեր և ազգանվեր այս գործում իրենց խոնարհ մասնակցությունն են բերում համայնքի ղեկավար տիար Կարեն Սարգսյանը, ավագանու անդամները և այնթապաբնակ տարբեր անհատներ: Եկեղեցու ճարտարապետն է տիար Գարեգին Կնյազյանը: Թող Աստված օրհնությամբ պսակի աստվածահաճո նվիրական այս գործը:


Ⲿեկեղեցաշինություն

 Ոստանի Սբ Սարգիս և Մրգավանի Սբ Հակոբ. շինարարական աշխատանքներ

2021 թ. նոյեմբերի 10

Մասյացոտնի թեմի առաջնորդ Տ. Գևորգ եպս Սարոյանի օրհնությամբ՝ Ոստան գյուղի Սբ Սարգիս եկեղեցում վերսկսվել և Աստուծո օրհնությամբ արագորեն առաջ են ընթանում վերանորոգման և բարեկարգման աշխատանքները: Տարիներ առաջ եկեղեցու վերանորոգման աշխատանքները ստանձնել է Հարությունյան ընտանիքը, ի դեմս Սմբատ և Մելսիդա ամուսիների: Եկեղեցու սալահատակի և տարածքի բարեկարգման աշխատանքներն իրականացվում են Ոստան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Գևորգ Զաքարյանի անմիջական նախաձեռնությամբ և աջակցությամբ:

Այսօր Մասյացոտնի թեմի առաջնորդ Տ. Գևորգ եպս Սարոյանն այցելեց Ոստանի Սբ Սարգիս և Մրգավանի Սբ Հակոբ եկեղեցիներ և տեղում ծանոթացավ շինարարական աշխատանքներին: Սրբազան հայրն իր գնահատանքը բերեց հիշյալ համայնքների հոգևոր հովիվ Տ. Միքայել քհն. Նուրիջանյանին, Ոստանի Սբ Սարգիս եկեղեցու հիմնանորոգումը ստանձնած Հարությունյան ընտանիքին, Ոստանի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Զաքարյանին և Մրգավանի Սբ Հակոբ եկեղեցու բակում գրատան շինաշխատանքները հովանավորող Արթուր Ղազարյանին, ինչպես նաև բոլոր շինարարներին` բարեխիղճ աշխատանքի համար:


եկեղեցաշինություն

Արտաշատ քաղաքի Թուխ Մանուկ մատուռի վերակառուցում

2021 թ. օգոստոսի 9

Մասյացոտնի թեմում շարունակվում են հնամենի մեր սրբավայրերի վերակառուցմանն ուղղված ծրագրերը: Արտաշատ քաղաքի Թուխ Մանուկ մատուռի վերակառուցումն այդ ծրագրերից մեկն է, որը կյանքի է կոչվում Մասյացոտնի թեմի առաջնորդ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանի հանձնարարությամբ և անմիջական հսկողությամբ:  Արդեն հավատացյալներին ներկայացվել է մատուռի վերակառուցման նախագիծը: Ներկայումս մեկնարկել են արդեն շինարարական աշխատանքները: 

Շնորհակալություն ենք հայտնում բոլոր աջակիցներին և շինարարներին նախանձախնդիր և սրտացավ վերաբերմունքի համար:


Ⲿեկեղեցաշինություն

Հովտաշենի Սբ Բարթողոմեոս եկեղեցի

2021 թ. հունիսի 16

Արարատի մարզի Հովտաշեն համայնքում 2012 թվականին հիմք է դրվել Սբ Բարթողոմեոս առաքյալի անունը կրող եկեղեցու: Համայնքի բնակիչների համար սրբատեղիի կառուցումն անհրաժեշտություն է՝ ապահովելու համար նրանց հոգևոր կարիքներն ու զորացնելու ազգային ու մշակութային կյանքը:

Այդ նպատակով Հովտաշեն համայնքի այցելու հովիվ Տ. Ղազար քհն. Պետրոսյանի նախաձեռնությամբ և համայնքի ղեկավար Սուրեն Մկրտչյանի անդադրում ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ սկսել եկեղեցու շինարարական աշխատանքները:

Եկեղեցու անունը ևս շատ խորհրդանշական է: Գիտենք, որ սբ Բարթողոմեոսը եղել է մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի առաքյալներից մեկը և սբ Թադեոս առաքյալի հետ Հայաստանում տարածել է քրիստոնեական վարդապետությունը:

Հայ Եկեղեցու առաջին սուրբ Լուսավորիչներն իրենց քարոզության ընթացքում մեկ անգամ հանդիպել են Արարատյան դաշտում: Եվ ահա, շուրջ երկու հազար տարի անց, խորհրդանշական կերպով, Արարատյան դաշտում նրանց անուններով վեր են խոյանում եկեղեցիներ՝ Մասիս քաղաքի նորակառույց Սուրբ Թադեոս եկեղեցին (օծվել է 2015 թ.) և Հովտաշենի նոր կառուցվող Սբ Բարթողոմեոս եկեղեցին:

Ներկայումս Հովտաշեն համայնքի այցելու հովիվն է Տ. Պարգև քհն. Պալգևորգյանը։

Եկեղեցու ֆեյսբուքյան էջը


Ⲿեկեղեցաշինություն