2026 թ. հունվարի 27
Այսօր Մասյացոտնի թեմում տեղի ունեցավ քահանայից երկրորդ ժողովը՝ նախագահությամբ առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանի։ Ժողովի մեկնարկից առաջ կատարվեց աղոթք՝ Հանգստյան ժամերգությունից՝ թեմի հովվական ծառայության անխոչընդոտ և խաղաղ ընթացքի համար։
Ժողովի օրակարգում ընդգրկված էին թեմի ներքին կյանքին վերաբերող հովվական, տոնածիսական և վարչական հարցեր։
Հատուկ անդրադարձ կատարվեց երիտասարդական ծրագրերի կազմակերպմանն ու ակտիվացմանը՝ որպես Եկեղեցու առաքելության զորացման և շարունակականության կարևոր ուղղություն։
Ժողովի ընթացքում անդրադարձ եղավ նաև վերջին օրերին արձանագրված մտահոգիչ երևույթներին, երբ տարբեր համայնքներում փորձեր են կատարվել խոչընդոտելու մի շարք քահանա հայրերի ծիսական և հովվական ծառայությունը։
Ժողովն ավարտվեց մտքերի փոխանակմամբ և բուռն քննարկումներով։ Առաջնորդական տեղապահը լսեց քահանաների բարձրացրած հարցերը՝ համապատասխան եզրահանգումներով։
2026 թ. հունվարի 24
Այսօր Մասյացոտնի թեմի մի խումբ եկեղեցասեր երիտասարդների նախաձեռնությամբ Մխչյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում տեղի ունեցավ հոգևոր զրույց և բանախոսություն՝ «Երիտասարդների առաքելության կարևորությունը Եկեղեցու կյանքում» թեմայով։ Բանախոսն էր թեմի առաջնորդական տեղապահ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը։
Հանդիպմանը ներկա էին Արտաշատի և Արարատի տարածաշրջանների երիտասարդաց միությունների անդամները։
Հանդիպման ընթացքում երիտասարդները հնարավորություն ունեցան իրենց հարցերն ուղղելու Հայր Ռուբենին, ինչպես նաև անմիջապես քահանա հայրերից տեղեկանալու վերջին օրերին թեմում տեղի ունեցող զարգացումների մասին։
Առաջիկայում նախատեսվում է կազմակերպել նմանատիպ հանդիպում նաև Մասիսի և Վեդիի տարածաշրջանների եկեղեցասեր երիտասարդների հետ։
Ⲿմիջոցառումներ Ⲿհանդիպումներ
2026 թ. հունվարի 23
Այսօր Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը հանդիպում ունեցավ մի շարք իրավաբանների և իրավապաշտպանների հետ՝ վերջիններիս խնդրանքին ընդառաջ։
Հանդիպման ընթացքում Հայր Ռուբենը ներկայացրեց վերջին 15 օրերին Մասյացոտնի թեմում տեղի ունեցած մտահոգիչ զարգացումները, մասնավորապես՝ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից քահանաների հոգևոր ծառայության նկատմամբ արձանագրված խոչընդոտները, սպառնալիքները, միջամտությունները և այլ չարաշահումներ։
Մասնակիցները ծանոթացան քահանաների կողմից ներկայացված ահազանգող հաղորդագրություններին, որոնցում հստակորեն, անուն առ անուն նշված են եղել այն պաշտոնյաները, ովքեր ճնշումներ կամ միջամտություններ են իրականացրել տվյալ քահանաների նկատմամբ։ Ցավոք, նմանատիպ դեպքերը մինչ օրս շարունակվում են։
Ընդգծվեց նաև, որ այս ճնշումներն ու սպառնալիքները ծանր ազդեցություն են թողել ոչ միայն քահանաների ծառայության վրա, այլև նրանց ընտանիքների, ինչպես նաև տվյալ ծուխերի անդամների հոգեվիճակի և ներքին խաղաղության վրա։
Նշված խնդիրները ներկայացվել են նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրությանը։
Ⲿհանդիպումներ
2026 թ. հունվարի 17
Այսու, Մասյացոտնի թեմի ներքոհիշյալ եկեղեցականներս, հավատարիմ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կարգին և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաքելությանը, որդիական մեր զորակցությունն ենք հայտնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին։ Մեզ համար վավերական է 2026 թ. հունվարի 10-ի հայրապետական տնօրինությունը, որով ճանաչում ենք Տեր Ռուբեն Վարդապետ Զարգարյանին որպես Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ։
Մենք և մեր հոգևոր խնամքին հանձնված եկեղեցական ծուխերը լիակատար աջակցություն ենք հայտնում մեր նորանշանակ առաջնորդին և պատրաստակամ ենք նրա հոգևոր իշխանության ներքո՝ սիրով, համերաշխությամբ և ծառայական ոգով, շարունակելու մեր սպասավորությունը հավատավոր մեր ժողովրդի և Սուրբ Եկեղեցու կյանքում։
Խնդրում և հորդորում ենք մեր հավատացյալ հայորդիներին՝ չտրվել պառակտիչ սադրանքներին, մոլորեցնող հայտարարություններին, և զգուշանալով Եկեղեցու միությունը խաթարող խոսքերից՝ պահպանել հոգևոր խաղաղությունը, միասնությունն ու հավատարմությունը Մայր Եկեղեցուն։
Ականջալուր լինենք Սուրբ Պողոսի առաքելական զգուշացմանը. «Քրիստոնյա մի եղբայր իր հավատակից եղբորը դատի է քաշում, այն էլ՝ անհավատների առջև։ Բայց ձեզ համար արդեն իսկ հանցանք է միմյանց դեմ դատ ունենալը։ Ավելի լավ կլիներ, որ հանձն առնեիք անիրավվել կամ զրկանք կրել» (Ա Կորնթ. 6։6-7)։
1. Տ. Մխիթար քհն. Ալոյան - Շահումյանի Սբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ
2. Տ. Ղևոնդ քհն. Ղևոնդյան - Դալարի Սբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ
3. Տ. Անդրեաս քհն. Թավադյան - Նորաբացի Սբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ
4. Տ. Թաթուլ քհն. Գասպարյան - Մասիսի Սբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ
5. Տ. Գրիգոր քհն. Հովհաննիսյան - Արգավանդի Սբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ
6. Տ. Դերենիկ քհն. Միքայելյան - Արևշատի Սբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ
7. Տ. Եփրեմ քհն. Հարությունյան - Մխչյանի Սբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ
8. Տ. Միքայել քհն. Նուրիջանյան - Մրգավանի Սբ Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ
9. Տ. Հովակիմ քհն. Հարությունյան - Վարդաշատի Սբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ
10. Տ. Ղազար քհն. Թորոսյան - Մարմարաշենի Սբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ
11. Տ. Աբրահամ քհն. Մարտիրոսյան - Դաշտավանի Սբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ
12. Տ. Արծրուն քհն. Միքայելյան - Արարատ քաղաքի Սբ Ամենափրկիչ եկեղեցու հոգևոր հովիվ
13. Տ. Եղիշե քհն. Նուրիջանյան - Վերին Արտաշատի Սբ. Աստվածածին և Դվինի Սուրբ Հարություն եկեղեցիների հոգևոր հովիվ
14. Տ. Հովսեփ քհն. Սարգսյան - Վեդիի Սբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ
15. Տ. Եզնիկ քհն. Մարդիրյան - Մասիսի Սբ Թադեոս եկեղեցու հոգևոր հովիվ
16. Տ. Բենիամին քհն. Ծատուրյան - Կանաչուտի Սբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ
17. Տ. Արտաշես քհն. Հակոբյան - Ոսկետափի Սուրբ Սահակ-Մեսրոպ եկեղեցու հոգևոր հովիվ
18. Տ. Տիրան քհն. Նահապետյան - Բյուրավանի Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ
19. Տ. Հարություն քհն. Հակոբյան - Արարատի Սբ Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ
20. Վահե սրկ. Վահունի
21. Արսեն սրկ. Զոհրաբյան
22. Ռոբերտ սրկ. Տերտերյան
Ⲿհայտարարություն
2026 թ. հունվարի 13
Ս.թ. հունվարի 10-ին Վեհափառ Հայրապետի հայրապետական տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ նշանակված Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը հունվարի 11-ին հանդիսապետեց Արարատ գյուղի Սբ Հակոբ եկեղեցում մատուցված սուրբ և անմահ Պատարագը։
Իր քարոզի ընթացքում հոգեշնորհ հայր սուրբն անդրադարձավ նաև առաջնորդական իր նոր հանգամանքին՝ վերահաստատելով իր ծառայական պատրաստակամությունն այս պատասխանատու առաքելության ճանապարհին։
Նրա քարոզից մի հատված կարող եք դիտել ներկայացված տեսանյութում, իսկ հայր Ռուբենի կենսագրությանը ծանոթանալ այստեղ։
Ⲿնշանակումներ