2025 թ. հոկտեմբերի 10
Այսօր Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպս Սարոյանի օրհնությամբ տեղի ունեցավ Դաշտավանի Սբ Աստվածածին եկեղեցուն կից կիրակնօրյա դպրոցի բացման հանդիսավոր արարողությունը։ Դաշտավանի եկեղեցին գործում է 2018 թվականից, սակայն մինչ այսօր չուներ հարակից այնպիսի շինություն, որ հնարավոր լիներ գործածել երեխաների և երիտասարդների հոգևոր կրթության կազմակերպման համար։ Եվ ահա թե՛ համայնքի անդամների գործուն մասնակցությամբ և թե՛ հատկապես Հոլանդիայում գործող I AM բարեգործական կազմակերպության աջակցությամբ ավարտին հասցվեցին կիրակնօրյա դպրոցի՝ մի քանի տարի առաջ եկեղեցուն նվիրված շենքի նորոգման աշխատանքները։ I AM-ի անդամները, որ հայեր են, մինչ այժմ բարեգործական ծրագրեր իրականացրել են Հայաստանի կարիքավոր ընտանիքներին օգնելու համար։ Կազմակերպության՝ կիրակնօրյա դպրոցի բացման արարողությանը ներկա անդամներին եկեղեցու հոգևոր հովիվ Աբրահամ քհն. Մարտիրոսյանը փոխանցեց Մասյացոտնի թեմակալ առաջնորդի օրհնության գիրը՝ հույսով, որ համագործակցությունը թեմի և այս կազմակերպության միջև կլինի շարունակական։
Վաղվանից կիրակնօրյա դպրոցը կբացի դռները թե՛ Դաշտավանի, թե՛ հարակից համայնքների երեխաների և երիտասարդների համար։ Այստեղ կկազմակերպվեն Սբ Գրքի սերտողության դասեր, երիտասարդաց միությունների հավաքներ, կիրակնօրյա Պատարագին հաջորդող սիրո ճաշեր և բազմաթիվ այլ հոգևոր-կրթական միջոցառումներ։
Բացման արարողության մասին «Շողակաթ» ՀԸ նկարահանած տեսանյութը կարող եք դիտել այստեղ։
Ⲿմիջոցառումներ
2025 թ. սեպտեմբերի 21
Սիրելի հայորդիներ,
Այսօր տոնախմբում ենք Հայաստանի Հանրապետության Անկախության տոնը, ինչի առիթով բերում ենք ամենքիդ մեր ջերմ շնորհավորանքն ու օրհնությունը։ 1991 թվականի այս օրը մեր ժողովուրդը վճռականորեն արտահայտեց իր կամքը՝ ունենալու անկախ և ազատ հայրենիք, և այդպիսով նոր էջ բացեց մեր պատմության մեջ։
Անկախությունը պարզ տոնախմբություն չէ։ Այն մեր նախնիների երազանքների ու իղձերի իրականացումն է, մեր հայրերի ու եղբայրների պայքարի, սխրանքների ու նահատակության պտուղը։ Հայոց պետականության հիմքերը շաղախված են մեր Սուրբ Եկեղեցու հոգևոր ներկայությամբ՝ որպես արթուն պահապան մեր ժողովրդի միասնության և ազգային ինքնության ու արժանապատվության։
Սիրելինե՛ր,
Հայաստանի անկախությունը մեր բոլորի պատիվն է, այն պահպանվում է ոչ միայն անցյալի հիշողությամբ, այլև մեր և սերունդների նախանձախնդիր ու պատասխանատու վարքով, արդարասիրությամբ և օրինապահությամբ, ազնիվ աշխատանքով և հասարակական համերաշխությամբ։
Անկախության տոնին պատեհ է հիշել առաքյալի պատգամը․ «Արթո՛ւն եղեք, հաստատո՛ւն մնացեք հավատքի մեջ, քա՛ջ եղեք, զորացե՛ք։ Ամեն ինչ սիրով արեք» (Ա Կորնթացիներ 16․13-14)։ Այս կարևոր տոնը թող առիթ դառնա վերարժևորելու մեր պետականությունը, ամրապնդելու մեր միասնականության ոգին, վերահաստատելու մեր վճռականությունը՝ աննվազ նվիրումով ու սիրով ծառայելու մեր հայրենիքին և ժողովրդին։
Թող բարձրյալ Տերը խաղաղություն ու ապահովություն պարգևի մեր հայրենիքին, զորացնի բարեպաշտ մեր ժողովրդին և պահպանի Հայաստան աշխարհը այսօր և միշտ և հավիտյան։
Ⲿուղերձ
2025 թ. սեպտեմբերի 1
Սիրելի ուսուցիչներ, կրթության նվիրյալ մշակներ, սիրասուն աշակերտներ և ուսանողներ,
Սեպտեմբերի 1-ը ամենքիս համար առանձնահատուկ նշանակություն ունի․ այն նոր հույսերի ու սպասումների, գիտության և լուսավորության ճանապարհի մեկնարկն է, ինչի առիթով մեր սրտագին շնորհավորանքներն ենք բերում ամենքիդ։
Դարեր շարունակ մեր ժողովրդի կյանքում հայ ուսուցիչը եղել է ոչ միայն գիտելիք փոխանցող, այլև հավատքի ու հայրենասիրության ջահակիր, որը սերունդներին առաջնորդել է ազգասիրության, բարեսեր և արդար կյանքի ուղիներով։ Պատվարժան այս կոչումը դուք կրում եք նաև այսօր՝ ազգային մեր կյանքի դժվարին ժամանակներում։
Մեր աղոթքն ու մաղթանքն է, որ յուրաքանչյուր ուսուցիչ հաստատուն մնա իր վեհ առաքելության մեջ, իսկ մեր աշակերտներն ու ուսանողները՝ աճեն շնորհներով և զորանան գիտությամբ՝ հիշելով Սուրբգրային պատգամը, որ «Իմաստությունը բարիք է նրանով առաջնորդվողների համար» (Առակներ 1:7)։
Թող բարերարն Աստված Իր անսպառ օրհնությամբ պահի ու պահպանի կրթության ոլորտի բոլոր ներկայացուցիչներին և պարգևի արդյունաշատ աշխատանք՝ ի նպաստ մեր հայրենիքի զորացման և մեր ժողովրդի կյանքի բարօրության։
Ⲿուղերձ
2025 թ. օգոստոսի 3
Այս տարի սբ Թադեոս առաքյալի և Սանդուխտ կույսի հիշատակության օրը նշվեց օգոստոսի 2-ին։ Այդ առիթով, ընդառաջ Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի խնդրանքի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ Մայր Աթոռից Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցի էր բերվել Տիրոջ կենարար Խաչափայտի մասունքը։ Վաղ առավոտյան Մասիսի Սուրբ Գևորգ եկեղեցուց մեկնարկեց հավատացյալների ուխտերթը դեպի Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցի։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տեր Վազգեն աբեղա Կարապետյանը մատուցեց Սուրբ Պատարագ՝ հանդիսապետությամբ թեմակալ առաջնորդի։ Հավարտ Սուրբ Պատարագի՝ կատարվեց մատաղի օրհնություն և հյուրասիրություն։
Ⲿտոներ
2025 թ. օգոստոսի 1
Մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ Արարատի մարզի Արարատ համայնքում գտնվող նախկին կինոթատրոնի շենքը եւ տարածքը, որ ժամանակին նվիրաբերվել էին Մայր Աթոռին, ներկայումս անմխիթար վիճակում են, շենքը քանդման ենթակա է, լուրջ կառուցվածքային խնդիրներ ունի: Aravot.am-ը այցելել է տարածք, որտեղ մեր այցելության պահին մաքրման աշխատանքներ էին կատարվում: Արարատ քաղաքի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Արծրուն Քահանա Միքայելյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ Արարատ քաղաքի նախկին կինոթատրոնի շենքը ՀՀ կառավարության որոշմամբ տարիներ առաջ փոխանցվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, իսկ 2022թ. անցել է Արարատյան թեմից անջատված Մասյացոտնի թեմին:....
Aravot.am-ը Մասյացոտնի թեմի ճարտարապետ Գարեգին Կնյազյանից էլ մեկնաբանություն խնդրեց: «Սա Խորհրդային շրջանում կառուցված կինոթատրոնի շենք է, որը տարիների ընթացքում լքվել էր, իսկ 2022թ նվիրատվություն արվել Մայր Աթոռին: Թեմը որոշել է այստեղ կառուցել Հայորդաց տուն: Ամբողջ ուսումնասիրությունները կատարելուց հետո պատրաստել ենք էսքիզային առաջարկ, որն առաջիկայում կքննարկվի, կունենանք վերջնական տարբերակը: Կարծում եմ՝ կունենանք շատ հետաքրքիր ժամանակակից լուծումներով, այսօրվա պահանջներին համապատասխան Հայորդաց տուն, որը ծառայելու է մեր ժողովրդին, մեր երեխաների հայեցի կրթությանն ու դաստիարակությանը»,-ասաց ճարտարապետը: Հարցրինք՝ շենքի տեխնիկական վիճակը թո՞ւյլ է տալիս դրա հիմքի վրա կառուցապատում սկսել: «Ժամանակին, երբ սեյսմիկ ուսումնասիրություն է կատարվել, եզրակացությունում գրվել է, որ շենքը պիտանի է հետագա շահագործման համար, ուստի քանդման ենթակա չէ ոչ մի շինություն եւ ոչ մի կոնստրուկցիա: Սա կարող է միայն քանդվել այն դեպքում, եթե պայթեցվի, նույնիսկ երկրաշարժեր են եղել, ու շենքը չի տուժել: Կոնստրուկցիաները, ինչպես նշեցի, ամուր են, կառուցման ժամանակ էլ ավելի կուժեղացվեն»,-ընդգծեց Գարեգին Կնյազյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2025/08/01/1503232/
Ⲿկրթական Ⲿեկեղեցաշինություն