Մասիս քաղաքի Սբ Թադեոս եկեղեցին առաջինն էր, որի հիմնարկեքը կատարվել է խորհրդային անաստվածության տարիներից հետո՝ 1991 թվականին, Վազգեն Ա կաթողիկոսի օրհնությամբ։ Սակայն երկրի տնտեսական ծանր պայմանների պատճառով շինարարական աշխատանքները մեկնարկել են միայն 2005 թվականին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և ազգային բարերար Հրանտ Վարդանյանի նախաձեռնությամբ ու հովանավորությամբ։ Ցավոք, 2014 թվականին կյանքից հեռանում է Հրանտ Վարդանյանը: Նրա նախաձեռնությունը շարունակում և կյանքի են կոչում նրա որդիները՝ Միքայել և Կարեն Վարդանյանները: 2015 թվականին ավարտվում է Սբ Թադեոս եկեղեցու շինարարությունը:
Սուրբ Թադեոս եկեղեցին օծվում է Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ 2015 թվականի հոկտեմբերի 4-ին։ Այն գտնվում է Մասիս քաղաքի կենտրոնում՝ քաղաքապետարանի հարևանությամբ:
Սուրբ Թադեոս հոյակերտ եկեղեցու ճարտարապետներն են Արթուր և Անահիտ Թարխանյանները։ Այն հայկական եկեղեցաշինության ավանդույթների ու ժամանակակից ճարտարապետական և շինարարական լուծումների համադրություն է։ Եկեղեցին եռաստիճան է, տարբերվում է իր կոմպոզիցիայով և ծավալատարածական լուծումներով։ Ներքին տարածքը ձևավորված է երկու խաչվող քառակուսիներով, որոնք խորհրդանշում են հավերժությունն ու հավատի մաքրությունը, և որոնց միջոցով ձևավորվում է ամբողջ կառուցողական համակարգը։
Գմբեթը, որի բարձրությունը 33 մետր է, հենված է կիսախաչվող կամարների վրա։ Եկեղեցին դրսից և ներսից երեսապատված է յուրահատուկ ոճով։ Կենտրոնից դեպի եզրերը գույները դառնում են ավելի բաց, իսկ հիմքից դեպի գմբեթը՝ ավելի մուգ: Եկեղեցու ներքին հարդարանքը նույնպես առանձնանում է հայոց եկեղեցու ճարտարապետությանը բնորոշ, ինքնատիպ լուծումներով: Խորանի աջ և ձախ կողմերում Թադեոս և Բարթողիմեոս առաքյալների պատկերներն են: Եկեղեցու պատերը զարդարում են նաև Քրիստոսի մկրտության, խաչելության, սսբ Գրիգոր Լուսավորչի, Սբ Գրիգոր Նարեկացու, սբ Հռիփսիմեի, սբ Գայանեի պատկերները:
Անմիջապես եկեղեցու մուտքի առջև տեղակայված է մոմավառության ընդարձակ սրահը: Եկեղեցուց ոչ հեռու գտնվում է մեծանուն բարերար Հրանտ Վարդանյանի հիշատակը հավերժացնող ցայտաղբյուր-հուշարձանը:
2016 թվականի ապրիլի 24-ին եկեղեցու բակում բարերարներ Միքայել և Կարեն Վարդանյանների նախաձեռնությամբ տեղադրվել է խաչքար՝ նվիրված Մեծ Եղեռնի սրբադասված նահատակների հիշատակին։ Խաչքարը կերտված է մեկ ամբողջական քարից (քանդակագործ՝ Արտակ Համբարձումյան): Եկեղեցու պարսպի հյուսիսային պատին փորագրված են աստվածաշնչյան 33 կարևորագույն պատգամներ: Եկեղեցական համայնքի վարչական շրջանն ընդգրկում է Մասիս քաղաքը։ Համայնքում գործում են տիկնանց, երիտասարդաց միություններ, կիրակնօրյա դպրոց։ Ամեն օր կատարվում են առավոտյան և երեկոյան ժամերգություններ։ Պատարագ է մատուցվում կիրակի և տոն օրերին։
Սուրբ Թադեոս եկեղեցու հոգևոր հովիվն է Տեր Եզնիկ քահանա Մարդիրյանը, լուսարարապետը՝ Տեր Զարեհ քահանա Աշուրյանը։
Եկեղեցու ֆեյսբուքյան էջը՝ https://www.facebook.com/surb.tadeos