Երգ, աղոթք և գրաբար
Սովորում ենք հասկանալով երգել, աղոթել և մի քիչ էլ՝ գրաբար
Սուրբ Ծննդյան «Խորհուրդ մեծ և սքանչելի» շարականը
(հեղինակ՝ սբ Մովսես Խորենացի)
Խորհուրդ մեծ և սքանչելի
Որ յայսմ աւուր յայտնեցաւ,
Հովիւքն երգեն ընդ հրեշտակս`
Տան աւետիս աշխարհի:
Ծնաւ նոր արքայ
Ի Բեթղեհեմ քաղաքի,
Որդիք մարդկան, օրհնեցէք,
Զի վասն մեր մարմնացաւ:
Անբաւելին երկնի և երկրի
Ի խանձարուրս պատեցաւ,
Ոչ մեկնելով ի Հօրէ`
Ի սուրբ այրին բազմեցաւ:
Վերևի ձայնագրության մեջ երեխաները 1-ին և 2-րդ տների վերջին տողերի տեղերը շփոթել են։ Սակայն պետք է երգել այնպես, ինչպես տրված է ներքևում։
Այսօր յայրին ընծայեցաւ
Քրիստոս Որդին Աստուծոյ.
Եւ հրեղինաց բազմութիւնքն
յերկնից յերկիր վայր իջեալ:
Այսօր հովուացն տեսեալ
Զարդարութեան Արեգակն
Եւ ընդ հրեշտակս երգէին՝
Փառք ի բարձունս Աստուծոյ:
Խորհուրդ մեծ և սքանչելի
Մեծ և սքանչելի խորհուրդը
Որ յայսմ աւուր յայտնեցաւ
[որ հայսըմ ավուր հայտնեցավ]
ԱՐՏԱՍԱՆՈՒԹՅՈՒՆ։ Բառասկզբի յ-ն կարդում ենք հ։ ւ տառը կարդում ենք վ (յայտնեցաւ — հայտնեցավ, յայսմ — հայսմ)
ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ։ Որ այսօր հայտնվեց։
յայսմ աւուր — այս օրը, այսօր
յայտնեցաւ — հայտնվեց
Հովիւքն երգեն ընդ հրեշտակս
Հովիվները երգում են հրեշտակների հետ
հովիւքն [հովիվքն] — հովիվները
հովիւ (եզակի)— հովիւք (հոգնակի՝ հովիվներ)
-ք (հոգնակիի վերջավորություն) = -ներ (հովիւք՝ հովիւներ, տունք՝ տներ, հրեշտակք՝ հրեշտակներ)
երգեն — երգում են
ընդ — հետ
ընդ հրեշտակս — հրեշտակների հետ
Տան աւետիս աշխարհի
Աշխարհին ավետիս են տալիս
տան — տալիս են
աշխարհի — աշխարհին
Ծնաւ նոր արքայ
[Ծնավ նոր արքա — արքայ-ի վերջին յ-ն չենք կարդում]
Ծնվեց նոր արքա
ծնաւ — ծնվեց
ի Բեթղեհեմ քաղաքի
Բեթղեհեմ քաղաքում
ի քաղաքի — քաղաքում
ի Բեթղեհեմ քաղաքի — Բեթղեհեմ քաղաքում
Որդիք մարդկան, օրհնեցէք
Մարդկա՛նց որդիներ, օրհնե՛ք
որդիք — որդիներ
մարդկան — մարդկանց
զի վասն մեր մարմնացաւ
որովհետև մեզ համար մարմնացավ
զի — որովհետև
վասն մեր — մեզ համար
Անբաւելին երկնի և երկրի
Երկնքի և երկրի համար անընդգրկելին
[որին հնարավոր չէ ընդգրկել, պարփակել, բովանդակել]
երկին (եզակի)— երկինք (հոգնակի)
երկնի — երկնքի
ի խանձարուրս պատեցաւ
խանձարուրներով պատվեց (փաթաթվեց)
խանձարուրք — խանձարուրներ
ի խանձարուրս — խանձարուրներում
պատեցաւ — պատվեց, փաթաթվեց
Ոչ մեկնելով ի Հօրէ
Չհեռանալով Հորից
[այսինքն՝ Հայր Աստծուց]
ոչ մեկնելով — չհեռանալով
ի Հօրէ — Հորից
ի սուրբ այրին բազմեցաւ
սուրբ այրում (քարանձավում) բազմեց
այր — քարանձավ
յայրի/յայրին (կարդալ՝ հայրի/հայրին) — այրում (քարանձավում)
ի սուրբ այրին — սուրբ այրում (քարանձավում)
բազմեցաւ — բազմեց
Այսօր յայրին ընծայեցաւ Քրիստոս Որդին Աստուծոյ
[Այսօր հայրին ընծայեցավ...]
Այսօր այրում (քարանձավում) ընծայվեց Աստծո Որդի Քրիստոսը
յայրին — այրում (քարանձավում)
ընծայեցաւ — ընծայվեց
Եւ հրեղինաց բազմութիւնքն
Եվ հրեղենների [այսինքն՝ հրեշտակների] բազմությունները
հրեղէնք — հրեղեններ, հրեշտակներ
հրեղինաց — հրեղենների
բազմութիւնք [բազմությունք] — բազմություններ
բազմութիւնքն [բազմությունքըն] — բազմությունները
ԱՐՏԱՍԱՆՈՒԹՅՈՒՆ։ իւ-ը բաղաձայնից առաջ կարդում ենք յու (բազմութիւն, սիւն, ձիւն և այլն)։
յերկնից յերկիր վայր իջեալ
[հերկնից հերկիր վայր իջյալ]
երկնքից երկիր՝ ներքև իջան
յերկնից — երկնքից
յերկիր — դեպի երկիր
իջեալ — իջած, իջնելով, այստեղ՝ իջան
Այսօր հովուացն տեսեալ զարդարութեան Արեգակն
[Այսօր հովվացըն տեսյալ...] Այսօր հովիվները տեսնելով արդարության Արեգակին
հովիւք — հովիվներ
հովուաց [հովվաց]— հովիվների
տեսեալ — տեսնելով
զ — հայցական հոլովից առաջ է դրվում
եւ ընդ հրեշտակս երգէին՝
հրեշտակների հետ երգում էին
հրեշտակք — հրեշտակներ
ընդ հրեշտակս — հրեշտակների հետ
երգէին — երգում էին
փառք ի բարձունս Աստուծոյ
Փառք բարձունքներում (բարձր տեղերում) Աստծուն
բարձունք — բարձր տեղեր, բարձր-ի հոգնակին
ի բարձունս — բարձր տեղերում, բարձրերում
Աստուծոյ — Աստծո, Աստծուն
Օրհնութիւն ազգային (Տէր, կեցո զհայս)
Այս աղոթերգը, որի խոսքերի հեղինակը Մեսրոպ Թաղիադյանն է, մեզ հասել է նույն մեղեդու մի քանի տարբերակով (թե ով է մեղեդու հեղինակը, հայտնի չէ)։ Ներքևում կտեսնեք մի քանի տարբերակների նոտաները՝ 1882 թ. երգարանինը, Մակար Եկմալյանինը և Կոմիտասինը։
Ինչպես կարելի է տեսնել 1882 թ. հրատարակության մեջ, երգի անունը «Օրհնութիւն ազգային» է, և կատարման համար տրված է «չափավոր» (և ոչ թե դանդաղ) արագությունը։ Հետևաբար, սա օրհներգ է (ինչը հստակ երևում է նաև երգի խոսքերից) և ոչ թե քնարական ռոմանս, ինչպես այն հաճախ կատարում են։
Համացանցում եղած կատարումներից այս մեկը (կոմիտասյան մշակումներից մեկը) փոքրիշատե նման է օրհներգի։
1882 թ. տարբերակ
Ձայնագրեալ ազգային երգարան հայ դպրոցների համար, կազմող՝ Եզնիկ քհն. Երզնկեանց, Վաղարշապատ, 1882 թ, էջ 160
Ներքևում մեղեդին ներկայացրել ենք եվրոպական նոտաներով։
Մակար Եկմալյանի տարբերակը
Կոմիտասյան տարբերակները
Օրհնութիւն ազգային
Տէր, կեցո՛ ըզհայս
Եւ արա՛ զնոսա պայծառս։
Կեցո՛ ըզհայս, կեցո՛ ըզհայս։
Զողորմութիւնդ վերին
Հաճեա՛ց ձօնել նոցին,
Զի նովիմբ մարթասցուք
Ապրիլ յաստիս, յաստիս, յաստիս,
Զի նովիմբ մարթասցուք ապրիլ յաստիս։
Ո՛վ Տէր մեր, Տէր, փութա՛,
Զազգ մեր համայն փրկեա՛ ի թշնամեաց, ի թշնամեաց։
Կափո՛ զաչս նոցուն,
Հա՛տ յարմատոյն ըզբուն
Եւ զազգ մեր պարտասուն
Արա՛ հզօր, հզօր, հզօր։
Եւ զազգ մեր պարտասուն
Արա՛ հզօր։
Ի քո իջեալ տեղի
Զաթոռ հայրապետի մեր հաստատեա՛, մեր հաստատեա՛։
Զերկարութիւն կենաց
Հօր մեր աստուածազգեաց
Շնորհեա՛ պետին մեր հարց
Որ զմեզ հովուէ, հովուէ, հովուէ։
Շնորհեա՛ պետին մեր հարց
Որ զմեզ հովուէ։
Աջովդ համատարած
Զազգ մեր արտահալած
Փոյթ գումարեա՛, փոյթ գումարեա՛
Յաշխարհ Արարատեան՝
Ի վայր մեր ծննդեան,
Որ այժմ է սեպհական
Օտար ազգաց, ազգաց, ազգաց։
Որ այժմ է սեպհական
Օտար ազգաց։
Առաքեա՛ ի բարձանց
Ըզհամակցութիւն կամաց ի մերազնեայս, ի մերազնեայս։
Զոմն ի մէնջ յարո՛
Հովիւ ազգի մերոյ,
Տո՛ւր նմա ցուպ հուժկու
Հովուել ըզմեզ, ըզմեզ, ըզմեզ։
Տո՛ւր նմա ցուպ հուժկու
Հովուել ըզմեզ։
Աշխարհաբար թարգմանությունը
Տե՛ր, ապրեցրո՛ւ* հայերին
Եվ պայծառացրո՛ւ նրանց,
Ապրեցրո՛ւ հայերին։
Ողորմությունդ վերին
Հաճի՛ր պարգևել նրանց,
Որպեսզի դրանով կարողանանք
Ապրել** այս աշխարհում։
* Կամ՝ փրկի՛ր։
** Կամ՝ փրկվել։
Ո՛վ Տեր մեր, Տեր, փութա՛,
Մեր համայն ազգը փրկի՛ր թշնամիներից։
Փակի՛ր նրանց աչքերը,
Կտրի՛ր արմատից բունը,
Իսկ մեր ուժասպառ ազգին
Դարձրո՛ւ հզոր։
Քո իջման տեղում
Մեր հայրապետի աթոռը հաստատո՛ւն պահիր։
Մեր աստվածազգյաց հոր
Երկար կյա՛նքը շնորհիր
Մեր հայրապետին,
Որ հովվում է մեզ։
Աջովդ համատարած
Մեր ազգին արտահալած
Արագ հավաքի՛ր
Արարատյան երկրում՝
Մեր ծննդյան վայրում,
Որ այժմ սեփականացվել է
Օտար ազգերից։
Առաքի՛ր վերևից
Կամքի համակցություն մեր ազգին։
Մեզնից մեկին բարձրացրո՛ւ
Իբրև մեր ազգի հովիվ,
Տո՛ւր նրան գավազան հուժկու՝
Մեզ հովվելու։
Տէր, կեցո զհայս
Տե՛ր, ապրեցրո՛ւ (կամ փրկի՛ր) հայերին
կեցուցանել - ապրեցնել կամ փրկել
կեցո՛ - ապրեցրու կամ փրկիր
հայք - հայեր
զհայս - հայերին (հայցական հոլով)
Եւ արա՛ զնոսա պայծառս
և դարձրու նրանց պայծառ
առնել - անել
արա՛ - արա՛
նոքա - նրանք
զնոսա - նրանց (հայցական հոլով)
պայծառք - պայծառ ածականի հոգնակին
պայծառս - պայծառ-ի հոգնակի հայցականը
(հոգնակի է, որովհետև զնոսա-ն նույնպես հոգնակի է)
Զողորմութիւնդ վերին
Ողորմությունդ վերին
ողորմութիւնդ - այդ կամ քո ողորմութիւնը
զողորմութիւնդ - այդ կամ քո ողորմությունը (հայցական հոլով)
Հաճեա՛ց ձօնել նոցին
Հաճի՛ր (կամեցի՛ր) պարգևել նրանց
հաճել (հաճիլ) - հաճել, կամենալ
հաճեա՛ց - հաճի՛ր
նոքին - նոյն-ի հոգնակին՝ նույները, նույն նրանք
նոցին - նույն նրանց (տրական հոլով)
Զի նովիմբ մարթասցուք ապրիլ յաստիս
Որպեսզի դրանով կարողանանք ապրել այս աշխարհում
զի - որպեսզի
նովիմբ - նույնով (նոյն-ի գործիական հոլովը)
մարթել - կարողանալ
մարթասցուք - կարողանանք, կկարողանանք, պիտի կարողանանք
ապրիլ - փրկվել (բայց այստեղ հեղինակը հավանաբար գործածում է այս բայը ոչ թե գրաբարյան իմաստով, այլ աշխարհաբարյան, այսինքն՝ ապրել)
աստիք - այս կյանքը, այս աշխարհը
յաստիս - այս կյանքում, այս աշխարհում
Ո՛վ Տէր մեր, Տէր, փութա՛
փութա՛ - շտապի՛ր
Զազգ մեր համայն փրկեա՛ ի թշնամեաց
Մեր ամբողջ ազգին փրկի՛ր թշնամիներից
զազգ - ազգ-ի հայցական հոլովը (ազգին)
փրկեա՛ - փրկի՛ր
թշնամիք - թշնամիներ
ի թշնամեաց - թշնամիներից
Կափո՛ զաչս նոցուն
Փակի՛ր նրանց աչքերը
կափուցանել - փակել
կափո՛ - փակի՛ր
ակն - աչք (մեկ հատ)
աչք - աչքեր (միայն հոգնակի)
զաչս - աչքերը (հոգնակի հայցական հոլով)
նոցուն - նույների՝ նույն նրանց (= նոցին)
Նոյն-ի հոգնակիի՝ նոքին-ի սեռական-տրականը ոչ միայն նոցին-ն է, այլև նոցուն-ը — նոքին, սեռ-տր.՝ նոցին կամ նոցուն։
Հա՛տ յարմատոյն զբուն
Արմատից կտրի՛ր բունը
հատանել - հատել, կտրել
հա՛տ - կտրի՛ր, հատի՛ր
արմատոյ - արմատի
յարմատոյ- արմատից
զբուն - բուն-ի հայցական հոլովը
Եւ զազգ մեր պարտասուն արա՛ հզօր
Եվ մեր ուժասպառ ազգին դարձրո՛ւ հզոր
Ի քո իջեալ տեղի
Քո իջած տեղում
տեղի - տեղ (գրաբարում վերջին ի-ն բառի ուղիղ ձևի մասն է, ոչ թե հոլովի վերջավորություն)
ի տեղի - այս բանաստեղծության մեջ (բայց ո՛չ ընդհանրապես)՝ ներգոյական հոլով՝ տեղում
իջանել - իջնել
իջեալ - իջած
ի քո իջեալ տեղի - քո իջած տեղում
Զաթոռ հայրապետի մեր հաստատեա՛
մեր հայրապետի աթոռը հաստատի՛ր (հաստատո՛ւն պահիր)
զաթոռ - աթոռ-ի հայցական հոլովը
հաստատել - հաստատել, հաստատ/հաստատուն պահել
հաստատեա՛ - հաստատի՛ր, հաստա՛տ պահիր, հաստատո՛ւն պահիր
Զերկարութիւն կենաց հօր մեր աստուածազգեաց
Մեր աստվածազգյաց (Աստծուն հագած, Աստծուն իր մեջ կրող) հոր կյանքի երկարությունը (կամ՝ երկար կյանքը)
Աստվածազգյաց հայրն այստեղ հավանաբար սբ Գրիգոր Լուսավորիչն է։
զերկարութիւն - երկարութիւն-ի հայցական հոլովը
կեանք - կյանք
կենաց - կյանքի
զերկարութիւն կենաց - կյանքի երկարությունը կամ երկար կյանքը
Շնորհեա՛ պետին մեր հարց
Շնորհի՛ր մեր հայրերի պետին (այսինքն՝ հայրապետին)
շնորհեա՛ - շնորհի՛ր
հայր - հայր
հարք - հայրեր
հարց - հայրերի
պետին մեր հարց - մեր հայրերի պետին
Որ զմեզ հովուէ
Ով մեզ հովվում է
մեք - մենք (գրաբարում «ն» տառը չկա)
զմեզ - մեզ (հայցական հոլով)
հովուել - հովվել
հովուէ - հովվում է
Աջովդ համատարած
Համատարած (ամենուր տարածվող) աջովդ
Զազգ մեր արտահալած փոյթ գումարեա՛
մեր արտահալած (դուրս հալածված՝ քշված) ազգին արագ հավաքի՛ր
գումարել - հավաքել ի մի, միավորել, մեկտեղել
գումարեա՛ - հավաքի՛ր ի մի, միավորի՛ր, մեկտեղի՛ր
Յաշխարհ Արարատեան՝ ի վայր մեր ծննդեան
Արարատյան երկրում՝ մեր ծննդյան վայրում
աշխարհ - երկիր, աշխարհ
յաշխարհ - դեպի երկիր, բայց այստեղ ունի ներգոյականի իմաստ՝ աշխարհում
Որ այժմ է սեպհական օտար ազգաց
Որ այժմ սեփականացվել է օտար ազգերից
սեպհական - սեփական
ազգք [կարդալ ազգըք] - ազգեր
ազգաց - ազգերի
Առաքեա՛ ի բարձանց
Առաքի՛ր վերևից (բարձր տեղերից)
առաքել - ուղարկել
բարձունք - բարձր տեղեր (բարձր բառի հոգնակին՝ բարձր - բարձունք)
ի բարձանց - բարձր տեղերից
Զհամակցութիւն կամաց ի մերազնեայս
կամքի համակցություն (միաբանություն, միասնություն, միասնական կամք) մեր ազգին
զհամակցութիւն - համակցութիւն-ի հայցական հոլովը
կամաց - կամքի
մերազնեայ - մերազգի, մեր ազգի ներկայացուցիչ
մերազնեայք - մերազգիներ, մեր ազգի ներկայացուցիչներ
ի մերազնեայս - մերազգիների մեջ, մեր ազգի ներկայացուցիչների մեջ
Զոմն ի մէնջ յարո՛ հովիւ ազգի մերոյ
Մեզնից մեկին բարձրացրո՛ւ (վե՛ր կացրու) իբրև մեր ազգի հովիվ
զոմն - ոմն-ի հայցականը
մեք - մենք
ի մէնջ - մեզնից
ոմն ի մէնջ - մեզնից մեկը
զոմն ի մէնջ - մեզնից մեկին
յարուցանել - վեր կացնել, բարձրացնել, արթնացնել
յարո՛ - վեր կացրո՛ւ, բարձրացրո՛ւ, արթնացրո՛ւ
ազգ մեր - մեր ազգ
ազգի մերոյ - մեր ազգի (ուշադրություն դարձրեք, որ երկուսն էլ հոլովվել են)
մերոյ - մեր-ի սեռական հոլովը
Տո՛ւր նմա ցուպ հուժկու՝ հովուել զմեզ
Տո՛ւր նրան գավազան հուժկու՝ հովվելու մեզ
նա
նորա - նրա
նմա - նրան (տրական հոլով)
Հրաշացան պակուցմամբ
Ապրիլյան նահատակների շարական
(հեղինակ՝ Զարեհ արք. Ազնավորյան)

Գրաբար բնագիր
1. Հրաշացան պակուցմամբ բազմութիւնք երկնայինք, եւ մեծաւ պշուցմամբ զահի հարան ազինք, տեսանելով զհին Եդեմ ասպարէզ հանդիսի դժոխաբորբ հրոյն Կայինական ախտին, եւ զնոր պատարագ այս նորոյս Հաբէլի, որոյ արիւնըն յարաժամ խօսի.
- Տէր սուրբ եւ ճշմարիտ, մինչեւ յե՞րբ ոչ դատիս եւ ոչ խնդրես զվրէժ արեան մերոյ ի բնակչաց երկրին։
2. Պատկերք հարազատք Գառինըն Աստուծոյ, որք ի սպանդ վարեցան իբրեւ հօտ ոչխարաց, իբրեւ որոջս անմռունչս, որք կային առաջի անասնական ազդմամբ գազանացեալ կտրչաց, այնպէս եւ ոչ բացին զբերանս իւրեանց առ ի բողոքել ընդ դահիճսն ժանտ.
- Տէր սուրբ եւ ճշմարիտ, մինչեւ յե՞րբ ոչ դատիս եւ ոչ խնդրես զվրէժ արեան մերոյ ի բնակչաց երկրին։
3. Բարձաւ դատաստան առ նոցա խոնարհութեան, եւ բարձան կեանք նոցա ի յերկրէ հարց իւրեանց, թէպէտ նոցա չէր գործեալ եւ ո՛չ մի ինչ վնաս, կամ բնաւ ո՛չ գտեալ նենգութիւն ի բերան, զի եւ այնու գտցին նմանեալք Փրկչին Յիսուսի Քրիստոսի տարադատ զենման.
- Տէր սուրբ եւ ճշմարիտ, մինչեւ յե՞րբ ոչ դատիս եւ ոչ խնդրես զվրէժ արեան մերոյ ի բնակչաց երկրին։
4. Լաւ վարկան չարչարել ʼնդ ժողովրդեանն Աստուծոյ, քան առ փոքր ժամանակ վայելել ի մեղս. կարեւոր համարեցան զնախատինսն Քրիստոսի, քան անարգ ուրացութեամբ ստանալ մեծութիւն, զի յուսով հայեցեալ՝ տեսին զհատուցումն իւրեանց պատրաստեալ առ Թագաւորին․
- Տէր սուրբ եւ ճշմարիտ, մինչեւ յե՞րբ ոչ դատիս եւ ոչ խնդրես զվրէժ արեան մերոյ ի բնակչաց երկրին։
5. Լաւ եդին ընծայել զմարմինս իւրեանց ի կոխումն ոտից վարազացեալ գարշելեաց, քան առ ոտս հարեալ առ ի խոզից տեսանել զպայծառ մարգարիտ աւանդին Հայ անուան, զոր կալան առ պարգեւս՝ գեր ի վեր քան զհամայն, տուեալ յԱրարչէն տանս Արարատեան.
- Տէր սուրբ եւ ճշմարիտ, մինչեւ յե՞րբ ոչ դատիս եւ ոչ խնդրես զվրէժ արեան մերոյ ի բնակչաց երկրին։
6. Ընտրեցին զհատումն շրթանց եւ լեզուաց, քան զրկել ի խօսից բնակաց Հայկազանց. առաւել ընտրեցին ո՛չ ունել խօսարան եւ անխօս բարբառով խօսել ընդ Աստուծոյ, քան մերժել ի շրթանց զայբուբեն Մեսրոպեան եւ ընդ աղբ գալ խղճիւ ի մուրացածոյն․
- Տէր սուրբ եւ ճշմարիտ, մինչեւ յե՞րբ ոչ դատիս եւ ոչ խնդրես զվրէժ արեան մերոյ ի բնակչաց երկրին։
7. Եդին զանձինս ի վերայ հայրենեաց եւ բնիկ օրինաց, կարգաց, աւանդութեանց, ոչ փոխանակեալ զադամանդեան միամտութիւն հաւատոց ընդ փափուկ վայելմանց անցաւոր այսր կենաց. եւ զօրէն ցորենոյ ի յերկիր բարի անկեալ՝ աճեցին ընդ միոյ հարիւրապատիկ․
- Տէր սուրբ եւ ճշմարիտ, մինչեւ յե՞րբ ոչ դատիս եւ ոչ խնդրես զվրէժ արեան մերոյ ի բնակչաց երկրին։
8. Առ սէր Քրիստոսի փութացան յանձն առնուլ զյօշումն անդամոց եւ զկիզումն մարմնոց, որոց ճենճեր պատարագի եւ խանձման հոտ մահու ի բուրումն կենաց փոխարկեալ Աստուծոյ՝ ընկալաւ փոխանակ Տեառնական պատարագին՝ եդեալ ի սեղան մերս եկեղեցեաց․
- Տէ՛ր սուրբ եւ ճշմարիտ, ո՞վ զմեզ մեկնեսցէ ի քո սիրոյդ որ կոչէ․ «Ուր եսն եմ՝ անդ եւ պաշտօնեայքն իմ եղիցին»։
9. Հաւատովք պարտեցին զբռնաւոր իշխեցողս եւ դարձեալ հաւատովք փոխեցան ի յաստեացս. ոչ երկեան ի ցասմանէ բռնացեալ Գազանին, այլ գործեցին զարդարութիւն եւ հասին աւետեաց. ընկալան զպսակ եւ անուն քաջութեան՝ հաճոյ լինելով Արարչին իւրեանց․
- Տէ՛ր սուրբ եւ ճշմարիտ, ո՞վ զմեզ մեկնեսցէ ի քո սիրոյդ որ կոչէ․ «Ուր եսն եմ՝ անդ եւ պաշտօնեայքն իմ եղիցին»։
10. Թօթափեալ զտաղտկութիւն ախտական կենցաղոյս՝ ոչ ինչ դանդաղեցան ելանել ի կենացս, այլ ընդ փոյթ վեր թեւեալ սլացան ի յերկինս՝ հասանել կամելով առ օթեւանս հանգստեան անախտական յարկաց եւ մեծի տանուտեառն՝ հանգուցանողին սրբոցն իւրոց.
- Տէ՛ր սուրբ եւ ճշմարիտ, ո՞վ զմեզ մեկնեսցէ ի քո սիրոյդ որ կոչէ․ «Ուր եսն եմ՝ անդ եւ պաշտօնեայքն իմ եղիցին»։
11. Գոլով մարմնաւոր ծնունդք երկրաւորք՝ արդ ելին անմարմինք՝ ծնեալք վերստին, ի տրտմական արգանդէ ստեղծական աշխարհիս՝ անտրտմական կենցաղոյն եղեն ծնունդք զուարթունք․ եւ թէպէտ բնութեամբ հողեղէնք հաստատեալք՝ հրեղէնք եղեն հոգեղինացեալք․
- Տէ՛ր սուրբ եւ ճշմարիտ, զերծո՛ զմեզ ի չար ժամանակէս եւ հաստատեա՛ առաքինութեամբ՝ օգնականութեամբ սոցին։
Փառք Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ։
12. Նահատակք Ապրիլեան կոչեցեալ կենաց ամսոյ, որոց թիւ համարի իբրեւ երկերիւր բիւր․ վկայք պատուականք նորակերտ ժամանակաց, ի սկիզբն առեալ կատարման ի քսանչորս օր ամսեան, ի հազար ինն հարիւր հնգետասան ամի թուականութեան դարուցս փրկչական․
- Տէ՛ր սուրբ եւ ճշմարիտ, զերծո՛ զմեզ ի չար ժամանակէս եւ հաստատեա՛ առաքինութեամբ՝ օգնականութեամբ սոցին։
Այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն։
13. Սուրբ վկայք ժամանեալք ի Սիոն լեառն սրբութեան, ի քաղաք Աստուծոյ, յԵրուսաղէմն վերին, եւ ի բանակս բիւրուց հրեշտակաց երկնայնոց, յեկեղեցի ամենայն անդրանկաց գրելոց յերկինս․ բարեխօ՛ս մեզ լերուք զյիշատակ ձեր տօնողացս՝ համարձակութեամբ զԱստուած աղաչել.
- Տէ՛ր սուրբ եւ ճշմարիտ, զերծո՛ զմեզ ի չար ժամանակէս եւ հաստատեա՛ առաքինութեամբ՝ օգնականութեամբ սոցին։
Արևելահայերեն թարգմանություն
1. Ահաբեկված զարմացան երկնային բազմությունները և մեծ ապշանքով զարհուրեցին ազգերը՝ տեսնելով հին Եդեմը կայենական ախտի դժոխաբորբ կրակի հանդիսության ասպարեզ և նոր զոհաբերությունն այս նոր Աբելի, որի արյունը հարաժամ աղաղակում է.
- Տե՛ր սուրբ և ճշմարիտ, մինչև ե՞րբ դատաստան չես անելու և չես խնդրելու մեր արյան վրեժը երկրի բնակիչներից։
2. Աստծո Գառի հարազատ պատկերները, որ իբրև ոչխարների հոտ քշվեցին սպանդանոց, անմռունչ գառնուկների պես, որ կանգնած էին անասնական ազդմամբ գազանացած մսագործների առաջ, չբացեցին իրենց բերանը՝ բողոքելու ժանտ դահիճներից․
- Տե՛ր սուրբ և ճշմարիտ, մինչև ե՞րբ դատաստան չես անելու և չես խնդրելու մեր արյան վրեժը երկրի բնակիչներից։
3. Վերացավ դատաստանը նրանց խոնարհության պատճառով, և վերցվեց նրանց կյանքը իրենց հայրերի երկրից, թեպետ ոչ մի հանցանք չէին գործել կամ ոչ մի նենգություն նրանց բերանում չէր գտնվել, որպեսզի դրանով ևս նմանվեն տարադատ* սպանված Փրկչին՝ Հիսուս Քրիստոսին․
- Տե՛ր սուրբ և ճշմարիտ, մինչև ե՞րբ դատաստան չես անելու և չես խնդրելու մեր արյան վրեժը երկրի բնակիչներից։
4. Նախընտրեցին չարչարվել Աստծո ժողովրդի հետ, քան մի փոքր ժամանակ վայելել մեղքեր, առավել կարևոր համարեցին Քրիստոսի նախատինքը, քան հարստության ձեռքբերումն անարգ ուրացությամբ, քանզի հույսով նայելով՝ տեսան Թագավորի մոտ պատրաստված իրենց հատուցումը.
- Տե՛ր սուրբ և ճշմարիտ, մինչև ե՞րբ դատաստան չես անելու և չես խնդրելու մեր արյան վրեժը երկրի բնակիչներից։
5. Ավելի լավ համարեցին իրենց մարմինն ընծայել վարազացած գարշելիների ոտքերի կոխոտմանը, քան խոզերի ոտքերի տակ տրորված տեսնել «հայ» անվան ավանդի պայծառ մարգարիտը, որ ստացան որպես Արարատյան մեր տանը Արարչից տրված ամենամեծ պարգև.
- Տե՛ր սուրբ և ճշմարիտ, մինչև ե՞րբ դատաստան չես անելու և չես խնդրելու մեր արյան վրեժը երկրի բնակիչներից։
6. Նախընտրեցին շուրթերի ու լեզվի հատումը և ոչ թե հայ ազգի հարազատ լեզվից զրկումը․ ավելի լավ համարեցին չունենալ խոսարան և Աստծո հետ անձայն խոսել, քան շուրթերից մերժել մեսրոպյան այբուբենը և մուրացվածի աղբի մեջ խղճով շաղախվել․
- Տե՛ր սուրբ և ճշմարիտ, մինչև ե՞րբ դատաստան չես անելու և չես խնդրելու մեր արյան վրեժը երկրի բնակիչներից։
7. Իրենց կյանքը տվեցին հանուն հայրենիքի և հայրենի օրենքների, կարգերի, ավանդությունների՝ չփոխանակելով հավատքի ադամանդե միամտությունը այս կյանքի անցավոր փափուկ վայելքների հետ, և լավ հողի մեջ ընկած ցորենի նման՝ աճեցին մեկի դիմաց հարյուրապատիկ չափով․
- Տե՛ր սուրբ և ճշմարիտ, մինչև ե՞րբ դատաստան չես անելու և չես խնդրելու մեր արյան վրեժը երկրի բնակիչներից։
8. Քրիստոսի սիրո համար հանձն առան անդամների հոշոտում ու մարմնի կիզում, որոնց զոհաբերության ճենճերն ու մահվան խանձահոտը փոխարկելով կյանքի բուրման՝ Աստված ընդունեց մեր եկեղեցիների սեղանին դրված Տերունական պատարագի փոխարեն․
- Տե՛ր սուրբ և ճշմարիտ, ո՞վ կբաժանի մեզ Քո սիրուց, որ կանչում է․ «Ուր Ես եմ, այնտեղ և Իմ ծառաները կլինեն»։
9. Հավատքով պարտության մատնեցին բռնակալ իշխողներին և նաև հավատքով տեղափոխվեցին այստեղից․ չերկնչեցին բռնացած Գազանի ցասումից, այլ գործեցին արդարություն և հասան ավետիսին․ ընդունեցին քաջության պսակն ու անունը՝ հաճելի լինելով իրենց Արարչին․
- Տե՛ր սուրբ և ճշմարիտ, ո՞վ կբաժանի մեզ Քո սիրուց, որ կանչում է․ «Ուր Ես եմ, այնտեղ և Իմ ծառաները կլինեն»։
10. Այս ախտալից կյանքի տաղտկությունը թոթափելով՝ բնավ չդանդաղեցին ելնելու այս կյանքից, այլ արագ թևածելով սլացան վեր՝ երկինք՝ կամենալով հասնել անախտ հարկերի հանգստավետ օթևաններին և մեծ Տանտիրոջը՝ Իր սրբերին Հանգստացնողին.
- Տե՛ր սուրբ և ճշմարիտ, ո՞վ կբաժանի մեզ Քո սիրուց, որ կանչում է․ «Ուր Ես եմ, այնտեղ և Իմ ծառաները կլինեն»։
11. Երկրային մարմնավոր ծնունդներ լինելով՝ այժմ ելան իբրև անմարմիններ՝ վերստին ծնվելով․ այս ստեղծական աշխարհի տրտմալից արգանդից լինելով՝ դարձան անտրտում կյանքի զվարթուն ծնունդներ, և թեպետ բնությամբ հողեղեն էին հաստատված, դարձան հոգեղինացած հրեղեններ.
- Տե՛ր սուրբ և ճշմարիտ, ազատի՛ր մեզ այս չար ժամանակից և հաստատի՛ր առաքինությամբ՝ սրանց օգնությամբ։
Փառք Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն։
12. Կյանքի «Ապրիլյան» կոչված ամսվա նահատակներ, որոնց թիվը շուրջ երկու հարյուր բյուր է, նորակերտ ժամանակների պատվական վկաներ, որոնց նահատակության սկիզբը եղավ ամսվա 24-րդ օրը՝ Փրկչական թվարկության հազար ինը հարյուր տասնհինգ թվին.
- Տե՛ր սուրբ և ճշմարիտ, ազատի՛ր մեզ այս չար ժամանակից և հաստատի՛ր առաքինությամբ՝ սրանց օգնությամբ։
Այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից․ ամեն։
13. Սո՛ւրբ վկաներ, որ ժամանեցիք Սիոն սուրբ լեռը, Աստծո քաղաքը՝ Վերին Երուսաղեմ, և բյուրավոր երկնային հրեշտակների բանակատեղը, երկնքում գրված բոլոր անդրանիկների եկեղեցին, բարեխո՛ս եղեք ձեր հիշատակը տոնողներիս համար, որպեսզի համարձակությամբ աղաչենք Աստծուն․
- Տե՛ր սուրբ և ճշմարիտ, ազատի՛ր մեզ այս չար ժամանակից և հաստատի՛ր առաքինությամբ՝ սրանց օգնությամբ։
* Տարադատ - անարդար ձևով դատված
Խաչի գյուտի տոնի շարական
Հրաշակերտ եւ զօրեղ
(հեղինակ՝ Սահակ Ձորոփորեցի կաթողիկոս)
Այս շարականի երկու մեղեդային տարբերակ կարող եք լսել հայր Պարթևի կատարմամբ (տեսանյութի 13-րդ րոպեից)
Եվս մեկ տարբերակ կարող եք լսել Տ. Հովսեփ քհն. Հակոբյանի կատարմամբ։
Գրաբար բնագրի երկու տուն
Հրաշակերտ եւ զօրեղ փայտ խաչի քո, Քրիստոս, գաւազան զօրութեան ի յերկրի երեւեալ. եկայք, ժողովուրդք, երկրպագեսցուք։
Սա է զէն յաղթութեան հաւատացելոց, ախոյեան եւ կնիք յաղթող ընդդէմ թշնամւոյն. եկայք, ժողովուրդք, երկրպագեսցուք։
Արևելահայերեն թարգմանություն
Քո հրաշակերտ և զորեղ խաչափայտը, Քրիստոս, երկրում երևաց իբրև զորավոր գավազան։ Եկե՛ք, ժողովուրդներ, երկրպագե՛նք։
Սա հավատացյալների հաղթանակի զենքն է, թշնամուն հաղթող ախոյան ու կնիք։ Եկե՛ք, ժողովուրդներ, երկրպագե՛նք։
ի յերկրի (կարդալ ի հերկրի) - երկրում
երկիր
երկիրն - երկիրը (որոշյալ առում)
երկրի (սեռական և տրական հոլով, անորոշ առում)
երկրին (սեռական և տրական հոլով, որոշյալ առում)
զերկիր - երկիրը (հայցական հոլով, որոշյալ առում)
յերկրէ - երկրից
երկրաւ - երկրով
յերկրի - երկրում
երկիրք - երկրներ
երկրաց - երկրների, երկրներին
երկիրս - երկրներ (հայցական հոլով, անորոշ առում)
զերկիրս - երկրները (հայցական հոլով, որոշյալ առում)
յերկրաց - երկրներից
երկրօք - երկրներով
յերկիրս - երկրներում
երեւեալ - բառացի՝ երևած կամ երևալով
երևիլ բայի անցյալ դերբայը
եկա՛յք - եկե՛ք
ե՛կ - ե՛կ, արի՛
երկրպագեսցուք - երկրպագենք
երկրպագեցից - երկրպագեմ, կերկրպագեմ, պիտի երկրպագեմ
երկրպագեսցես - (կ)երկրպագես
երկրպագեսցէ - (կ)երկրպագի
երկրպագեսցուք - (կ)երկրպագենք
երկրպագեսջիք - (կ)երկրպագեք
երկրպագեսցեն - (կ)երկրպագեն
զէն - զենք
զէնք - զենքեր
հաւատացելոց - հավատացյալների
հաւատացեալ
հաւատացեալք - հավատացյալներ
հաւատացելոց - հավատացյալների
հաւատացեալս - հավատացյալների (անորոշ հայցական)
զհաւատացեալս - հավատացյալներին (որոշյալ հայցական)
ի հաւատացելոց - հավատացյալներից
հաւատացելովք - հավատացյալներով
ի հաւատացեալս - հավատացյալների մեջ
թշնամւոյն (կարդալ թշնամվույն) - թշնամու (բայց որոշյալ առումով, քանի որ վերջում ունի «ն» որոշիչ հոդը)
Գրաբարում որոշիչ հոդը կարող է դրվել բոլո՛ր հոլովների վրա, ոչ միայն ուղղական ու հայցական, ինչպես աշխարհաբարում։
թշնամի
թշնամւոյ (կարդալ թշնամվո) - թշնամու (անորոշ սեռական, տրական)
թշնամւոյն (կարդալ թշնամվույն) - թշնամու (որոշյալ սեռական, տրական)
(զ)թշնամի - թշնամուն (հայցական հոլով․ զ-ով՝ որոշյալ, առանց զ-ի՝ անորոշ)
ի թշնամւոյ - թշնամուց
թշնամեաւ (կարդալ թշնամյավ) - թշնամիով
ի թշնամի - թշնամու մեջ
թշնամիք - թշնամիներ
թշնամեաց - թշնամիների (սեռական, տրական)
(զ)թշնամիս - թշնամիներին
ի թշնամեաց - թշնամիներից
թշնամեօք (կարդալ թշնամյոք) - թշնամիներով
ի թշնամիս - թշնամիների մեջ
Երանելի սուրբ առաքեալք
Բոլոր առաքյալների կանոնից
Երգվում է նաև Թադեոս և Բարթողոմեոս առաքյալների տոնի օրը
Գրաբար
Երանելի սուրբ առաքեալք՝
հրաւիրեալք ի սկզբանէ եւ ընտրեալք յորովայնէ,
սպասաւորք եւ բարեկամք եւ վկայք Աստուածորդւոյն,
բարեխօսեցէ՛ք առ Տէր վասն անձանց մերոց:
Որք առիք իշխանութիւն ի վերայ ազգի մարդկան՝
կապել եւ արձակել ի յերկինս եւ ի յերկրի,
արձակեցէ՛ք զմեզ ի կապանաց մեղաց մերոց:
Խաչակցեալք ընդ Քրիստոսի եւ ընդ Նմին թագաւորեալք,
ի միւսանգամ գալստեան Նորա նստելոց էք դատաւորք.
թողութի՛ւն շնորհեցէք եւ մեզ՝ մեղաւորացս:
Աշխարհաբար
Երանելի սո՛ւրբ առաքյալներ,
ի սկզբանե հրավիրվածներ ու [մոր] որովայնից ընտրվածներ,
Աստվածորդու սպասավորներ, բարեկամներ և վկաներ,
բարեխոսե՛ք Տիրոջ առաջ մեր անձերի համար։
Դուք, որ մարդկային ցեղի վրա իշխանություն ստացաք՝
կապելու և արձակելու երկնքում ու երկրում,
արձակե՛ք մեր մեղքերի կապանքները։
Քանի որ խաչակցեցիք Քրիստոսին և Նրա հետ թագավորեցիք,
Նրա հաջորդ գալստյանն իբրև դատավոր եք նստելու,
թողությո՛ւն շնորհեք նաև մեզ՝ մեղավորներիս։
առաքեալք, հրաւիրեալք, ընտրեալք, սպասաւորք, բարեկամք, վկայք
առաքյալներ, հրավիրվածներ, ընտրվածներ, սպասավորներ, բարեկամներ, վկաներ
ի սկզբանէ, յորովայնէ
Սկզբից, որովայնից
սկիզբն - սկիզբ
սկզբան - սկզբի, սկզբին (սեռական և տրական հոլովներ)
(զ)սկիզբն (կարդալ՝ ըզսկիզբն) (հայցական հոլով)- սկիզբը
ի սկզբանէ - սկզբից
սկզբամբ - սկիզբով
ի սկզբան - սկզբում
որովայն
որովայնի - որովայնի, որովայնին (սեռական, տրական)
(զ)որովայն - որովայնը (հայցական)
յորովայնէ - որովայնից
որովայնիւ - որովայնով
յորովայնի - որովայնում
Աստուածորդւոյն
կարդալ Աստվածօրդվույն
Աստվածորդու (սեռական հոլով)
Աստուածորդւոյ + ն որոշիչ հոդ
Հիշել։ Գրաբարում որոշիչ հոդ կարող են ստանալ գոյականի բոլոր հոլովաձևերը։
Աստուածորդի
Աստուածորդւոյ (կարդալ Աստվածօրդվո) - Աստվածորդու, Աստվածորդուն (սեռական, տրական)
(զ)Աստուածորդի - Աստվածորդուն (հայցական)
յԱստուածորդւոյ - Աստվածորդուց
Աստուածորդւով - Աստվածորդիով
յԱստուածորդի - Աստվածորդու մեջ
առ Տէր
վասն անձանց մերոց
առ Տէր - Տիրոջ մոտ
վասն - համար, մասին, պատճառով
վասն մեր - մեզ համար
վասն անձանց մերոց - մեր անձերի համար
անձն - անձ, հոգի
Անձն բառում վերջին ն-ն որոշիչ հոդ չէ, այլ բառի մի մասը, որն աշխարհաբարում ընկել է, և բառը դարձել է անձ։
անձին - անձի, անձին (սեռական, տրական)
(զ)անձն - անձին (հայցական)
յանձնէ - անձից
անձամբ - անձով
յանձին - անձի մեջ
անձինք - անձեր
անձանց - անձերի, անձերին (սեռական, տրական)
(զ)անձինս - անձերին (հայցական)
յանձանց - անձերից
անձամբք - անձերով
յանձինս - անձերի մեջ
Գրաբարում, ի տարբերություն աշխարհաբարի, գոյականի լրացումները սովորաբար նույնպես հոլովվում են ճիշտ նույն հոլովներով, ինչ դրանց հետ գործածվող գոյականը։ Այսինքն՝ օրինակ՝ անձն մեր-ը սեռական հոլովում կլինի անձին մեր, անձինք մեր-ը՝ անձանց մերոց և այլն։ Թեքվում են թե՛ գոյականը, թե՛ դրա հետ գործածված լրացումը, այս դեպքում՝ մեր ստացական դերանունը։ Եթե գիտեք ռուսերեն, ապա ռուսերենում նույն ձևով են հոլովվում բառակապակցությունները։ Կարող եք համեմատել ռուսերենի հետ։
անձն մեր - մեր անձը
անձին մերոյ - մեր անձի, մեր անձին (սեռական, տրական)
զանձն մեր - մեր անձին (հայցական)
յանձնէ մերմէ - մեր անձից
անձամբ մերով - մեր անձով
յանձին մեր - մեր անձի մեջ
անձինք մեր - մեր անձերը
անձանց մերոց - մեր անձերի, մեր անձերին (սեռական, տրական)
զանձինս մեր - մեր անձերին, մեր անձերը (հայցական)
յանձանց մերոց - մեր անձերից
անձամբք մերովք - մեր անձերով
յանձինս մեր - մեր անձերի մեջ
որք առիք իշխանութիւն
Որ առաք/ստացաք իշխանություն
Որք - որ-ի հոգնակին՝ որոնք, ովքեր
Այստեղ՝ Դուք, որ առաք
առիք - առաք, ստացաք
առնուլ - առնել, ստանալ, վերցնել
Ուշադրություն։ Գրաբարում կա նաև առնել բայ, որը նշանակում է անել, գործել, ստեղծել։ Ուստի չպետք է առնուլ և առնել բայերը շփոթել իրար հետ։
առնուլ-ի անցյալ կատարյալը
առի - առա
առեր - առար
էառ - առավ
առաք - առանք
առէք կամ առիք - առաք
առին - առան
ի վերայ ազգի մարդկան
ի վերայ (կարդալ ի վերա) - վրա
ազգ - ցեղ, տեսակ
ազգ մարդկան - մարդկանց կամ մարդկային ցեղ, մարդկություն
Մարդ բառի հոգնակին գրաբարում նույնպես մարդիկ է։ Երբ սա հոլովվում է, վերջում ց չի ստանում։
մարդիկ
մարդկան (ուշադիր եղեք, այստեղ ց չկա) - մարդկանց (սեռական, տրական)
զմարդիկ - մարդկանց (հայցական)
ի մարդկանէ - մարդկանցից
մարդկամբ - մարդկանցով
ի մարդկան - մարդկանց մեջ
ի յերկինս եւ ի յերկրի
կարդալ ի հերկինըս և ի հերկրի
յերկինս կամ ի յերկինս - երկնքում
յերկրի կամ ի յերկրի - երկրում
երկինք
երկնից - երկնքի, երկնքին (սեռական, տրական)
(զ)երկինս - երկինքը (հայցական)
յերկնից - երկնքից
երկնիւք (կարդալ երկնյուք) - երկնքով
յերկինս - երկնքում
երկիր
երկրի - երկրի, երկրին (սեռական, տրական)
(զ)երկիր - երկիրը (հայցական)
յերկրէ - երկրից
երկրաւ - երկրով
յերկրի - երկրում
ի կապանաց մեղաց մերոց
մեր մեղքերի կապանքներից
կապանք - և՛ կապանք, և՛ կապանքներ
կապանաց - կապանքի, կապանքների
(զ)կապանս - կապանքը, կապանքները
ի կապանաց - կապանքից, կապանքներից
կապանօք - կապանքով, կապանքներով
ի կապանս - կապանքում, կապանքներում
մեղք - և՛ մեղք, և՛ մեղքեր
մեղաց - մեղքի, մեղքերի
(զ)մեղս - մեղքը, մեղքերը
ի մեղաց - մեղքից, մեղքերից
մեղօք - մեղքով, մեղքերով
ի մեղս - մեղքի մեջ, մեղքերի մեջ
ընդ Քրիստոսի, ընդ Նմին
ընդ - հետ
Քրիստոսի հետ, Նույնի (այս դեպքում՝ Նրա) հետ
նմին - նույնին
նոյն - նույն
նորին կամ նորուն - նույնի
նմին - նույնին (տրական)
զնոյն - նույնը, նույնին (հայցական)
ի նմին [երկրէ] - նույն [երկր]ից, իսկ եթե առանձին գործածվի՝ նույնից իմաստով, ապա հազվադեպ՝ ի նորմէ կամ ի նոյնոյ
նովին կամ նովիմբ - նույնով
ի նմին - նույնի մեջ
ի միւսանգամ գալստեան Նորա նստելոց էք
միւսանգամ - այստեղ՝ հաջորդ
ի գալստեան Նորա - Նրա գալստյանը, Նրա գալստյան ժամանակ
գալուստ
գալստեան - գալուստի, գալուստին
(զ)գալուստ - գալուստը
ի գալստենէ - գալուստից
գալստեամբ - գալուստով
ի գալստեան - գալստյան մեջ, գալստյան ժամանակ
ի միւսանգամ գալստեան
Երբ ի նախդիրով կազմվող որևէ հոլովաձև գործածվում է գոյականից առաջ դրվող լրացման հետ, ապա լրացումը դրվում է ի նախդիրի և գոյականի միջև։
ի գալստեան → ի միւսանգամ գալստեան
ի գալստենէ — ի միւսանգամ գալստենէ
նստելոց - նստելու (ապառնի դերբայ)
Այլ օրինակներ
ուտելոց - ուտելու
փրկելոց - փրկելու
առնլոց (առնուլ բայից, ու-ն կորչում է) - առնելու, ստանալու, վերցնելու
առնելոց (առնել բայից) - անելու, գործելու, ստեղծելու
մեզ՝ մեղաւորացս
մեզ՝ մեղավորներիս
մեք մեղաւորքս - մենք՝ մեղավորներս
մեր մեղաւորացս - մեր՝ մեղավորներիս
մեզ մեղաւորացս - մեզ՝ մեղավորներիս (տրական)
զմեզ զմեղաւորս - մեզ՝ մեղավորներիս (հայցական)
ի մէնջ մեղաւորացս - մեզնից՝ մեղավորներիցս
ի մեզ մեղաւորացս - մեր՝ մեղավորներիս մեջ