Աղոթքներ

Հա՛յրդ սուրբ, Աստվա՛ծ ճշմարիտ, մաքրի՛ր իմ միտքը։

Որդի՛դ սուրբ, Աստվա՛ծ ճշմարիտ, մաքրի՛ր իմ մարմինը։

Հոգի՛դ Սուրբ, Աստվա՛ծ ճշմարիտ, մաքրի՛ր իմ հոգին։

Ամենօրհնյալ Սո՛ւրբ Երրորդություն, մաքրի՛ր իմ զգայարանները և շնորհի՛ր ինձ Քեզ հաճելի աղոթք մատուցել։

(Ղազար Ջահկեցու աղոթագրքից)



ԱՂՈԹԱԳՐՔԵՐ

(դիտելի և ներբեռնելի)


Սաղմոսարան

Ժամագիրք Հայաստանեայց Եկեղեցւոյ 

Եփրեմ Ասորու աղոթագիրք

«Նարեկ»-ը՝ Հ. Գ. Ավետիքյանի լուծմունքով 

Հովհաննես Սարկավագի աղոթագիրք 

Գրիգոր Սկևռացու աղոթագիրք

Հովհաննես Գառնեցու աղոթագիրք

Աղեքսանդր Ջուղայեցու աղօթագիրք 

Ղազար Ջահկեցու աղոթագիրք 

«Կիպրիանոս» աղոթագիրք 

Սիմեոն Երևանցու աղոթագիրք (գրաբար)

Սիմեոն Երևանցու աղոթագիրք (աշխարհաբար)

Աղոթագիրք («Գանձասար» ԱԿ-ի)


ԺԱՄԵՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՄԵԾ ՊԱՀՈՑ ՇՐՋԱՆ

Մրգավանի Սբ Հակոբ եկեղեցի, 2023 թ. Մեծ պահք, ժամասաց՝ Միքայել քհն. Նուրիջանյան

(Լսելու համար ▷ կոճակից հետո սեղմեք PLAY ANYWAY)


Մրգավանի Սբ Հակոբ եկեղեցի, 2023 թ. փետ. 14, Տյառնընդառաջ, ժամասաց՝ Միքայել քհն. Նուրիջանյան



Արտաշատի Սբ Հովհաննես Ավետարանիչ եկեղեցի, 2023 թ. մարտի 3

Շնորհեա մեզ, Տէր (Խաղաղական ժամերգությունից)


ՍԲ ՊԱՏԱՐԱԳ


Հրեշտակապետերի տոնին՝ Տեղերի Միքայել հրեշտակապետի մատուռում

2022 թ. նոյ. 5, պատարագիչ՝ Մրգավանի Սբ Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Միքայել քհն. Նուրիջանյան


ԱՂՈԹՔՆԵՐ


Պահպանության աղոթք

Հովհաննես Սարկավագ Վարդապետ


Տե՛ր իմ Հիսուս Քրիստոս, իմ շուրջ ամուր պարի՛սպ եղիր և չարի բոլոր խորամանկությունները վտարի՛ր։ Ամենուրեք քո ծառային հսկիր ու պահպանի՛ր, որպեսզի մեղքի խաբեությունից չվախենալով և մաքուր հոգով ու մարմնով արժանի լինեմ Քեզանից միշտ գոհանալու և Քեզ Քո Հոր և Սուրբ Հոգու հետ փառք մատուցելու այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից․ ամեն։ 

Սբ Սարգսի աղոթքը

(Սբ Սարգսի վարքից)


Աստվա՛ծ, ինձ օգնությա՛ն հասիր․ Տե՛ր, փութա՛ ընկերակցել ինձ։ Աստված և Հա՛յր մեր Տեր Հիսուս Քրիստոսի, տո՛ւր զորություն իմ հոգուն և համբերություն՝ իմ մարմնին։ Որպեսզի հաղթեմ սատանային, և նրա մեքենայությունները չհաղթեն ինձ։


Սբ Մարդայրի աղոթքն ընտանիքի պահպանության համար

(Սբ Եվստրատիոսյան վկաների  վարքից)


Դու, որ Հայրդ ես որբերի և Տերը բոլոր հուսացածների, Քո ամենազոր աջով պահի՛ր  խաղաղությամբ և ճշմարիտ հավատի մեջ իմ երեխաներին, նաև իմ կնոջը (ամուսնուն), որ հանդիսադիր եղավ ինձ իմ այս երանավետ կոչման մեջ, որին հրավիրվեցի Քեզնից։ Ուղարկի՛ր խաղաղության Քո հրեշտակին՝ առաջնորդելու ինձ դեպի բարին, և թողությո՛ւն շնորհիր իմ հանցանքներին, որ չարի պատրանքներով եմ գործել։ Քանզի Քեզ համար հնարավոր է ամեն ինչ, և օրհնյալ է Քո անունը հավիտյանս. ամեն։

Ննջեցյալների համար

Սիմեոն Երևանցի կաթողիկոս


Ո՛վ բազմագութ Աստված, աղաչում և խնդրում եմ Քեզ մեր ազգի բոլոր հին ու նոր, հավատով և հույսով ի Քեզ ննջածների համար: Մանավանդ Քեզ մոտ ննջող իմ մարմնավոր և հոգևոր ծնողների, եղբայրների, քույրերի, ազգականների, սիրելիների, բարեկամների, հոգևոր վարդապետների, բարու մեջ կրթող ների և ուսուցիչների, մեր բոլոր աշխատավորների և երախտավորների համար։ Քո գալստյան մեծ օրը նրանց հիշի՛ր ողորմությամբ և թողությո՛ւն շնորհիր նրանց բոլոր մեղքերին ու սխալներին, Քո աջակողմյան դասի սրբերի հե՛տ դասիր ու թույլ տուր լսել Քո երանավետ խոսքը, թե` «Եկե՛ք, Իմ Հո՛ր օրհնածներ»: Եվ ըստ մեր հանդեպ կատարած նրանց երախտիքների` մեկի փոխարեն բյուրապատի՛կ հատուցիր նրանց հոգիներին, իսկ մեզ նրանց պարտքերից անպա՛րտ դարձրու: Եվ Քեզ փա՜ռք հավիտյանս հավիտենից. ամեն:

Աղոթք առ Սուրբ Հոգին (գրաբար)


Սբ Գրիգոր Նարեկացի, Հոգեգալստյան տաղից


Հոգի՛ Աստուծոյ, Հոգի՛ զօրութեան, Հոգի՛ հեզութեան, Հոգի՛ գիտութեան, Հոգի՛ խորհրդոյ և հանճարոյ։ Մի՛ իմոյ և զիս մի՛ դատապարտեր՝ զՔոյ ձեռին շինեալ տաճարս։ Յիս օթևանեա՛, Քո կամելդ գործ է կատարեալ։ Կամեցո՛ղ բարեաց, բարեգործեա՛ յիս՝ ի բազմամեղս՝ երգել երգենից պատիւ միշտ Էականիդ՝ կամաւ Քով, և զիս վերանորոգեա՛ ի փառս։ Ամէն։

Աղոթք առ Սուրբ Հոգին (աշխարհաբար)


Հոգի՛ Աստծո, Հոգի՛ զորության, Հոգի՛ հեզության, Հոգի՛ գիտության, Հոգի՛ խորհրդի և հանճարի։ Մի՛ դատապարտիր իմն ու ինձ՝ Քո ձեռքի շինած տաճարը։ Օթևանի՛ր իմ մեջ, Քո կամենալն [արդեն իսկ] կատարված գործ է։ Կամեցո՛ղ բարիքների, բարեգործի՛ր բազմամեղիս մեջ, որ երգով պատվեմ միշտ Էականիդ՝ Քո կամքով, և ինձ վերանորոգի՛ր փառքով։ Ամեն։ 

Աղօթք առ Քրիստոս

(միջնադարյան ձեռագրից, «Բանք ճշմարտութեան սբ հօրն Յովհաննու Աստուածաբանի, զոր ասացեալ է վասն միանձանց և անապատականաց, զոր ազդեաց ի նմա Հոգին Սուրբ» գործից)


Քրիստոս Աստուա՛ծ մեր, աղբի՛ւր անմահութեան, սերմանեա՛ առ մեզ զսերմն բարութեան Քոյ և ցօղեա՛ ի մեզ զցօղ ողորմութեան և դիեցո՛ զմեզ ըստ կամաց Քոց առնել զգործս արժանի տէրութեանդ Քոյ։ Եւ Քեզ փա՜ռք յաւիտեանս. ամէն։

Աղոթք առ Քրիստոս (աշխարհաբար)


Քրիստոս Աստվա՛ծ մեր, աղբյո՛ւր անմահության, գցի՛ր մեր մեջ Քո բարութեան սերմը, ցողի՛ր մեզ վրա ողորմությանդ ցողը և սնուցի՛ր մեզ՝ ըստ Քո կամքի կատարելու Քո տերությանն արժանի գործեր։ Եվ Քեզ փա՜ռք հավիտյանս. ամեն։

Աղոթք առ Քրիստոս (Սուրբ Հոգու շնորհների խնդրանք)

(միջնադարյան ձեռագրից, «Բանք ճշմարտութեան սբ հօրն Յովհաննու Աստուածաբանի, զոր ասացեալ է վասն միանձանց և անապատականաց, զոր ազդեաց ի նմա Հոգին Սուրբ» գործից)


Լո՛յս ի Լուսոյ, լուսաւորի՛չ աշխարհի, որ երևեցար ի փրկութիւն մեզ, յայտնել զծածկեալ խորհուրդս աշխարհին, բղխեա՛ ի սիրտս մեր զշնորհս Հոգւոյդ Սրբոյ, զի լուսով Քով լուսաւորիմք և ի Քեզ ապաւինիմք։

Աղոթք առ Քրիստոս (Սուրբ Հոգու շնորհների խնդրանք) (աշխարհաբար)


Լո՛ւյս Լույսից, լուսավորի՛չ աշխարհի, որ հայտնվեցիր մեզ փրկելու և ծածկված խորհուրդները աշխարհին հայտնելու, բխեցրո՛ւ մեր սրտի մեջ Սուրբ Հոգուդ շնորհները, քանզի Քո լույսով ենք լուսավորվում և Քեզ ապավինում։