Մեկնում է Տ. Գևորգ եպս Սարոյանը
Մեկնում է Տ. Գևորգ եպս Սարոյանը
Մենք բոլորս ուղևորներն ենք միևնույն նավի, որը սահում է կյանքի ծովի վրայով: Արդյոք նավաբեկության ժամանակ պատրա՞ստ ենք մեր մակույկն ընդունելու մարդկանց, ովքեր իրենց սեփական փրկօղակը չունեն: Արդյոք պատրա՞ստ ենք, մակույկի ծանրությունից խորտակման վտանգին ենթարկվելով հանդերձ, դեպի ափ գնալու համար ընկերակիցներ վերցնել հետներս:
Ընկերության մասին բաժակաճառեր ենք ասում, բարեկամության մասին գեղեցիկ ներբողներ ենք հնչեցնում, «Սեղանն է առատ»` երգում ենք և բաժակ բաժակի զարնելով` հավերժական ընկերություն խոստանում մեկս մյուսին: Բայց երբ սեղանը առատ չէ, ավելին` բոլորովին դատարկ է, իսկ շուրջը` ընկերոջ փոքրիկ զավակները հաց են նկարում, մենք որտե՞ղ ենք:
Երբ, Աստված մի՛ արասցե, կարիքի ճիրաններում խեղդվելով` հուսահատական մի քայլի գնա մեր մերձավորը, կհայտնվենք նորից ու կասենք. «Ախր ինչո՞ւ այդպես եղավ: Երանի թե մի բան ինձանից կախված լիներ. կանեի ամեն ինչ, միայն թե այս բանը տեղի չունենար»: Կասեինք և գուցե ինքներս էլ կհավատայինք մեր ասածին: Բայց ոչ թե մեկ, այլ շա՛տ բան է կախված մեզանից: Նկատենք ա՛յդ և ճիշտ ժամանակին ճիշտ տեղում լինենք: Լինենք ոչ թե այնքան, որքան հաճելի և հեշտ է մեզ, այլ այնքան, որքան անհրաժեշտ է մեր ընկերոջը:
«Սիրիր ընկերոջդ, ինչպես քո անձը» (Մատթ. 22։39). մեծագույն պատվիրանն է սա: «Ամբողջ մտքով, սրտով, հոգով ու զորությամբ» Աստծուն սիրողներն արդյո՞ք գործնականում կարողանում են ըստ պատշաճի արտահայտել իրենց սերը մարդո՛ւ հանդեպ:
Սերը միայն ժպիտ ու քաղցր խոսքեր չէ: Սերը պատասխանատվություն է և պարտականություն: Սերն աստվածանմանության մեր հատկորոշիչն է: Ի՜նչ հեշտ է սիրել, երբ դիմացինդ համակրելի է և երբևէ խնդիրներ չի ստեղծում քեզ համար: Որքա՜ն լավն է նա, ինչպե՜ս եմ ես սիրում նրան. որովհետև մշտապես, երբ կարիքը ունեմ, կողքիս է: Այդպես սիրել կարող ենք բոլորս: Քչերն են միայն, որ սիրում են ոչ թե հանուն իրենք իրենց, այլ հանուն սիրո առարկայի: Սիրում եմ, որովհետև այդ սերն անհրաժեշտ է քեզ: Որովհետև քո մեջ Քրիստոս է բնակվում: Իմ հացը կուլ չի գնում, երբ գիտեմ, որ Խաչյալ Տերը քաղցած ինձ է նայում: Առողջությունս խաթարվում է խղճի խայթով, երբ Քրիստոս տառապում է անբուժելի ցավից: Որքան էլ տաք հագնված լինեմ, սառը մի շունչ է սողոսկում մարմինս, երբ տեսնում եմ, որ աղքատ մի Ղազարոս ձյունն է կրում իբրև հագուստ: Այսպես ապրո՞ւմ ենք մենք: «Քաղցած էի, և ինձ ուտելիք տվիք, ծարավ էի, և ինձ ջուր տվիք` խմելու. օտար էի, և ինձ ձեր մեջ առաք, մերկ էի, և ինձ հագցրիք, հիվանդ էի և ինձ տեսնելու եկաք, բանտում էի, և այցի եկաք» (Մատթ., 25:35-36): Քրիստոս ասում է, որ յուրաքանչյուր մարդու հանդեպ հոգատարությունդ խնամք է նախ Իր` Աստծո Որդու հանդեպ:
Անցնում ենք մի մուրացիկի կողքով, հարյուր դրամ ենք դնում նրա գլխարկի մեջ, և, գոհացած մեր ազնիվ արարքից, շարունակում ճանապարհը: Ինչ խոսք, դա բարեպաշտ մարդու արարք է: Բայց բարեպաշտությունը նվազագույն շեմ չի հանդուրժում:
Եթե ամբողջապես լինենք Քրիստոսի ծառան, այդ դեպքում միայն կլինենք մեր անձերի Տերը:
Երբևէ մտածե՞լ ենք՝ ինչո՛ւ է նա` փողոցում կուչ եկած այդ կիսամերկ ծերուկը, այդտեղ անցկացնում իր օրը: Հարյուր դրամ նվիրելով` մեր առաքելությունը նրա կյանքում արդյոք ավարտվե՞ց: Ո՞վ, եթե ոչ մենք, պետք է մեզ աղերսանքով նայող մարդուն ավելին ընծայենք, քան ինքը խնդրում է: Ի՞նչ ունենք դրամից բացի, որ կարող ենք նվիրել նրան` թեկուզ փոքր-ինչ էլ ինքներս մեզ նեղություն պատճառելով: Իհարկե ժամանակ և հոգու ջերմություն: Չէ՞ որ Աստված Հավիտենությունից պոկել և մեզ` մարդկանցս է նվիրել ժամանակի մի երկար ու չընդհատվող շղթա: Այդ խորհրդավոր ու հրաշալի շղթայից մեկ օղակ ինչո՞ւ չտանք նրան, ում համար երբեք ոչ ոք ժամանակ չի ունենում: Նրա համար անտեսված լինելը այնքան սովորական է դարձել, որ երբ մոտենաս և գումարից բացի մեկ այլ օգնություն առաջարկես, գուցե վախենա` կարծելով` ուզում ես վնասել իրեն: Հոգատարություն պարտադրել թերևս պետք չէ, բայց առաջարկելը` պարտադիր է: Շտապում ենք չէ՞, շատ գործեր ունենք: Իսկ ի՞նչ կլիներ, եթե Աստված էլ մեզնից խնայեր հոգատարության իր ժամերը: Այն, ինչ ունենք, պարգև է Տիրոջից: Նոր բան չեմ ասում, և այս արևի տակ որևէ նոր բան էլ չկա ասելու: Եվ այդ ընծաների մի մասը վերադարձնել Աստծուն` ոչ թե մեծ մի բան է, այլ յուրաքանչյուրի պարտականությունը: Ինչ խոսք՝ նեղյալները շատ են, և մենք բոլորին նկատել կամ էլ օգնել չենք կարող: Բայց կարող ենք պահել «մեր բաժին երկինքը» և ոչ թե մեր բաժին երկնքի կեսը կամ դրանից էլ քիչ: Անենք այնքան, որքան առավելագույնս կպատի մեր ուժը:
Նրա՛ ընկերն ենք մենք, ում գահավիժելուց ոչ թե պետք է կանգնենք գլխավերևում ու կարծիքներ հայտնենք ընկնելու պատճառների ու հետևանքների մասին, այլ ձեռք մեկնենք` անգամ եթե նրա անկման ուժը կարող է կորացնել մեր մեջքը կամ ծալել մեր ծնկները:
Ես այսօր էլ չեմ մոռանում այն ծերուկին, որին տեսա տարիներ առաջ. մտավ ճաշարան, որտեղ ես ընթրում էի, և խոհարարից ուտելու բան խնդրեց: Նա երևի հաճախ էր այդպես վարվում` գումար չունենալով պատճառով, իսկ աշխատակցուհին բարկացավ և փորձեց նրան դուրս հրավիրել: Համառությունը ծերուկին ուղեկցեց դեպի սրահի խորքը, սեղաններից մեկի մոտ նստեց և հրաշքի էր սպասում: Ես շարունակում էի ընթրել, իսկ նա նայում էր. քաղցած մարդը, ում նույնպես, ինչպես ինձ և յուրաքանչյուրին, արարել է մեր Տերը: Եվ եթե ե՛ս չեմ նրա փոխարեն քաղցած ու ցնցոտիավոր, դա իմ արժանիքը չէ, այլ Նրա բարի կամքը, որ ստեղծել է ինձ այնպիսին, ինչպիսին ե՛մ: Այդ պահին մտածում էի` ահա, Քրիստոս է նայում ինձ. հիշեցի ավետարանական հատվածը` «Քաղցած էի և ինձ ուտելիք տվիք»:
Այնուհետև վեր կացա, վճարեցի ընթրիքիս գումարը և… դուրս եկա ճաշարանից:
...Ո՞ւմ էր հարկավոր սուրբգրային այդ տեղիի իմացությունս, եթե ես կյանքի չկոչեցի այն: Ցայսօր այդ մարդու աչքերով ինձ է նայում Քրիստոս, ում քաղցած թողեցի ճաշարանում` բազմատեսակ ուտեստների հարևանությամբ…
Այն դրամը, որով պետք է նրա համար որևէ ուտելիք գնած լինեի, ոզնու նման երկար ժամանակ գլորվում էր խղճիս տափաստանում:
Մաքուր խղճից ավելի մեծ հարստություն մարդը չի կարող ունենալ: Միջոցներ, ժամանակ ու ջանքեր, ինչ խոսք, անսահմանորեն ներդնել չենք կարող: Բայց Աստծուց ստացած մեր պարգևներից առավելագո՛ւյնը պետք է վերադարձնենք Տիրոջը, որին փառք Իր բոլոր բարիքների համար:
Տերը թող օգնի, որ բոլորս զգանք հանդարտ խղճով ապրելու բերկրանքը:
Տ.Եղիշե քհն. Նուրիջանյան
Վերին Արտաշատի Սբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ
Աստված Իր սիրով սովորեցնում է մեզ ճանաչել Իրեն:
Այս մասին գրում է նաև Հովհաննես առաքյալը․ «Սիրենք միմյանց, քանի որ սերն Աստծուց է, և ամեն ոք, ով սիրում է, Աստծուց է ծնված և ճանաչում է Աստծուն։ Իսկ նա, ով չի սիրում, չի ճանաչում Աստծուն, քանի որ Աստված սեր է» (Ա Հովհ․ 4։7-8)։
Սերը սահմանափակ չէ, այն տարբեր դիմագծեր ունի մեր կյանքում, սակայն սուրբ սիրո դրսևորումը, որ իր մեջ բացառում է չարությունը, պետք է կենսահաստատ մնա: Երբ քո հոգում ունենում ես սերը, սիրում ես մերձավորիդ, ապա Տերը բնակվում է այնտեղ, որտեղ դու կաս: Հավատի ու հույսի շղթան գլխավորում է սերը։ Սերը քրիստոնեական առաքինություններից մեծագույնն է: Եվ պատահական չէ, որ Վարդան Այգեկցին սիրո մասին իր խրատում գրում է. «Որդյակնե՛ր, այսուհետև ձեր մեջ սե՛րն ընդունեք, որովհետև սերն Աստծո անունն ու գործն է, քանի որ Նա սիրո պատճառով Իր անձը մահվան մատնեց մեզ համար և նույն սերն էլ հրամայեց մեր մեջ պահել խոնարհությամբ ու առանց նենգության»: Արդարև, բոլոր բարի գործերը Բարձրյալին են հասնում սիրո հաստատուն ներկայության միջոցով, քանզի Քրիստոս ասում է. «Սիրեցե՛ք միմյանց»: Ամեն ինչ սկսվում է սիրուց, որովհետև հենց նրա մեջ են ամփոփված այն արժեքները, որ մարդ պետք է կրի ամբողջ կյանքի ընթացքում։
Նախ և առաջ քրիստոնյան պետք է սիրի Աստծո ստեղծած աշխարհն ու իրեն շրջապատող մարդկանց։ Մարդասիրությունը չափազանց կարևոր է, հատկապես երբ սիրում ես չդատելով, քանզի միակ դատավորը Բարձրյալն է։ Աստված մեզ սիրում է ոչ թե նրա համար, որ մենք բարի ենք, օրինապահ կամ առաքինի, այլ̀ հենց այնպես, պարզապես սիրում է: Սերը հենց դա է, որ կա. հենց այնպես, առանց պատճառի, այլ ոչ թե ի պատասխան դիմացինի սիրո: Սերը ինչ-որ բանի հետևանք չէ, այն ամեն ինչի իմաստն է…
Սիրո անմնացորդ նվիրումից, հավատարմությունից, վստահությունից, քնքշությունից, ապահովությունից բացի կա մեկ այլ՝ շատ ավելի կարևոր հատկանիշ, որով սերն առանձնանում է․ սերը զոհաբերվող է։
Աստվածաշունչը մեզ սովորեցնում է, որ «․․․Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ Իր միածին Որդուն տվեց, որպեսզի ով Նրան հավատում է, չկորչի, այլ ընդունի հավիտենական կյանքը» (Հովհ․ 3։16)։ Քրիստոս այնքան սիրեց եկեղեցին՝ ժողովրդին, մարդկությանը, որ Իր կյանքը զոհաբերեց՝ հանուն նույն այդ մարդկության փրկության։ Եվ ուրեմն քրիստոնեական ընկալման համաձայն` կատարյալ սերն առանց զոհաբերության չի կարող լինել։ Քրիստոս Ինքն էլ ուսուցանում և ասում է․ «Ավելի մեծ սեր ոչ ոք չունի, քան այն, որ մեկն իր կյանքը տա իր բարեկամների համար» (Հովհ․ 15։13)։
Սիրող մարդիկ հավասարապես պարտավոր են գնալ զոհաբերությունների՝ հանուն իրենց սիրո։ «Սերը համբերող է, քաղցրաբարո է. սերը չի նախանձում, չի ամբարտավանանում, չի գոռոզանում, անվայել վարմունք չի ունենում, իրենը չի փնտրում, բարկությամբ չի գրգռվում, չար բան չի խորհում, անիրավության վրա չի ուրախանում, այլ ուրախանում է ճշմարտության վրա. ամեն բանի դիմանում է, ամեն բանի հավատում է, մշտապես հույս է տածում, ամեն բանի համբերում» (Ա Կոր. 13։4-7):
Եկե՛ք սիրելով ճանաչենք Աստծուն, հավատանք, հաստատ մնանք մեր դավանանքի մեջ, որովհետև՝ «Արդ, մնում են այս երեքը՝ հավատ, հույս, սեր, և սրանցից մեծագույնը Սերն է» (Ա Կոր. 13։13)։
Տ. Հովակիմ քհն. Հարությունյան
Իրական հրաշքն այն կլիներ, եթե մարդկությունը հրաշքի ակնկալությամբ չապրեր
«Գնա՛, և ինչպես հավատացիր, այնպես թող լինի քեզ»
(Մատթ. Ը 13)
Հիսուս Քրիստոս մարդկության փրկագործության առաքելության ընթացքում բազմաթիվ հրաշքներ գործեց: Այդ հրաշքներն անկյալ տիեզերքի աստվածադիր օրենքների խախտում չէին, այլ Աստծո սիրո, զորության ու նախախնամության դրսևորում: Դրանք այն զորեղ ու գերբնական երևույթներն էին, որոնց հաղորդակիցն ու մասնակիցն էր դառնում հենց ինքը՝ մարդը՝ հանդիսանալով այդ հրաշքների առանցքն ու կրողը: Անցնելով մարդկային մտքի, տրամաբանության ու ըմբռնման սահմանագիծը՝ հրաշքներն աստվածհայտնության ու աստվածային փրկագործության յուրահատուկ դրսևորումներ էին: Հիսուս Քրիստոսի` շուրջ 2000 և ավելի տարիներ առաջ մարդկության մեջ կատարած հրաշքներն այսօր էլ աշխարհին ասելիք ունեն: Մարդկությունը շարունակում է իր կյանքն ապրել աչքերի համար տեսանելի հրաշքներ փնտրելով։ Մեր Տիրոջ զարմանահրաշ գործերը, սակայն, մարդկային բնությանը բնորոշ հետաքրքրասիրությունը բավարարելու նպատակ չէին հետապնդում: Հիսուս Քրիստոսի յուրաքանչյուր արարքի հետևում փրկագործական խորիմաստ ու հեռատես ծրագիր էր թաքնված: Մարդկային սահմանափակ միտքն անընդունակ է չափելու Աստծո սիրո և ողորմության խորությունն ու անհունությունը, այդուհանդերձ հրաշքները՝ որպես աստվածային սիրո և ողորմության դրսևորում, բոլորի վրա չէին տարածվում. հրաշագործությունները պատահական ողորմության արարքներ չէին: Հիսուս Քրիստոս աստվածային իմաստությամբ հրաշքներին մասնակից էր դարձնում նրանց, որոնց համար դրանք նոր՝ ճշմարիտ կյանքի սկիզբն էին ազդարարելու: Դրանով հրաշքները գալիս էին ծառայելու Տիրոջ փրկագործական ծրագրին: Աստվածային ամենատեսությամբ մարդկության պատմության մեծագույն Ուսուցիչը շատ լավ գիտեր, որ մարդկային հետաքրքրությունը բավարարող հրաշքը չպիտի արժևորվեր և ծառայեր իր նպատակին, քանզի հրաշքների վրա հիմնված հավատքը նորանոր հրաշքներ էր պահանջելու՝ մնալով անհաստատ ու անկայուն: Այս ճանապարհով Աստված մարդուն հեռու էր պահում հրաշքների կախյալ անհրաժեշտությունից, որպեսզի նա հրաշքներ տեսնելու մշտատև ակնկալությամբ չապրեր:
Քրիստոնեության պատմությունը լի է զարմանահրաշ սքանչելիքներով ու մեծամեծ հրաշքներով, որոնք տրվել են քրիստոնյաներին որպես հավատքի վկայություններ, որպես Աստծո զորավոր ներկայություն նրանց կյանքում: Հրաշքները եղել են, կան և կլինեն որպես աստվածահաճո ընթացքի վարձատրություն: Բայց Տերն աշխարհ է եկել ոչ թե ամենուր հրաշքներ գործելու, այլ մարդուն ցույց տալու դրանց արժանանալու ճանապարհը։ Հիսուս Քրիստոսի հրաշքների, մասնավորապես՝ հրաշք-բժշկությունների առանցքը մարդու մեծագույն թուլությունը՝ մեղքը մատնացույց անելն էր: Հաճախ հենց մեղքերի ներումով էր մարդը հրաշքով բժշկվում։ Մարդու ուշադրությունը սևեռելով ու կենտրոնացնելով մեղքի գիտակցության վրա՝ Հիսուս Քրիստոս բացահայտում էր հրաշքի էության ընկալման աներևակայելի գաղտնիքը՝ մեծագույն հրաշքն այն կլիներ, որ հրաշք գործելու անհրաժեշտություն չլիներ:
Տ. Հովսեփ քհն. Սարգսյան
Մանրանկարը՝ Թորոս Ռոսլինի
Երբ կը խօսինք նախանձի մասին, կը մտաբերենք այն հանգամանքը, թէ ինչպէ՛ս մարդիկ իրենց նախանձի պատճառով շատ սխալներ կը գործեն ու կ'իյնան սատանային լարած թակարդին մէջ։
Նախանձ բառը երբ կը ստուգաբանենք, կը նկատենք, որ բառի մէջ շեշտը կը դրուի նախ անձը դասելուն վրայ։ Ուրեմն, մարդ երբ իր անձը կը համարէ առաջնային ու կարեւորագոյն, ինքնաբերաբար կը սկսի արհամարհել ու անարգել Աստուծոյ պատկերով ու նմանութեամբ ստեղծուած մարդ արարածը։
Նախանձը նախ եւ առաջ կը վնասէ նոյնինքն նախանձող մարդը, որովհետեւ իր եսասիրութիւնը թոյլ չի տար իրեն տեսնելու իր շուրջը եւ գնահատելու ու արժեւորելու զինք շրջապատող մարդիկը։ Այս եսասիրութիւնը մարդուն մէջ կը սերմանուի սատանային կողմէ, որովհետեւ այդ սերմին ճամբով կրնայ նաեւ մարդուն մէջ աճեցնել այլ հունտեր, որոնք յետագային կը դառնան այդ մարդուն կործանման պատճառը, եւ այդ կորուստը երբեմն կ'ըլլայ անդառնալի ու յաւիտենական։
Նախանձը եթէ նայինք նաեւ քրիստոնէական պրիսմակէն, պիտի նշմարենք, որ նախանձը նաեւ կը համարուի Հայ Առաքելական Եկեղեցւոյ եօթը մահացու մեղքերէն մէկը։ Մահացու կը կոչուի, որովհետեւ մարդը կ'առաջնորդէ մահուան։ Մահացու, որովհետեւ մարդը իր մէջ գոյութիւն ունեցող թունաւոր մաղձը կը թափէ այլ մարդու վրայ, որուն կործանման ու երբեմն ալ մահուան պատճառ կ'ըլլայ, զուտ այն առումով, որ նախանձող մարդը անգիտակցաբար կը գործէ մեղքեր, որոնք ո՛չ թէ աններելի են Աստուծոյ համար, այլ անդառնալի եւ անսրբագրելի են ի՛ր իսկ անձին համար։
Իւրաքանչիւր մեղքի վարձատրութիւնը մահ է (հմմտ. Հռոմ. 6:23), իսկ այս եւ այլ մեղքեր եկեղեցւոյ կողմէ դասուեր են մահացու մեղքերու շարքին, պարզ այն պատճառով, որ միւս՝ ոչ մահացու մեղքերը մարդ կը գործէ իր տկար բնութիւն ունենալուն պատճառով, իսկ նախանձով լեցուած մարդը նոյնիսկ կ'ուրանայ զԱստուած եւ Արուսեակ հրեշտակապետի նման կը յանդգնի Աստուծոյ փառքն ու պատիւը խլել եւ երբ իր նպատակին չի հասնիր, կը գործէ տարատեսակ ու բազմապիսի մեղքեր, որոնց հետեւանքը կ'ըլլայ ո՛չ թէ պարզապէս իր նմանին վնասներ պատճառելը, այլեւ ու մանաւանդ՝ ի՛ր իսկ անձը յաւիտենական գեհենի դատապարտելը։
Նախանձը մարդուն գործած բազմաթիւ ու վնասաբեր մեղքերուն ելակէտը կը հանդիսանայ շատ անգամ։ Հետեւաբար, հեռու մնանք նախանձին վնասաբեր հետեւանքներէն՝ մեր անձը պահելով չարէն ու չարիքէն, նախանձէն ու ատելութենէն, ոխէն ու քինախնդրութենէն, որպէսզի մենք մեզ կատարելապէս մաքրենք՝ Աստուծոյ երկիւղովը ապրելով։
Տ. Պարգեւ քհն. Պալգէորգեան