Լուրեր

«Արցախի քրիստոնյաների դեմ տեղի ունեցածը էթնիկ զտում է». Գևորգ եպս Սարոյանը՝ Վատիկանում


2024 թ. հունիսի 28


Մասյացոտնի թեմի առաջնորդ Տ. Գևորգ եպս Սարոյանը, որ այս օրերին Արևելյան Եկեղեցիների վերատեսչության վերատեսուչ Կարդինալ Կլաուդիո Գուջերոտտիի հրավերով գտնվում է Վատիկանում, մասնակցում էր Արևելյան Եկեղեցիների օգնության բարեսիրական հաստատությունների (ROACO) 97-րդ լիագումար ժողովին։ Ժողովում կարդացած իր զեկույցում նա անդրադարձել է արցախցի բռնագաղթյալ մեր հայրենակիցների խնդիրներին։ Սրբազան հայրը նաև հանդիպել ու առանձնազրույց է ունեցել Հռոմի պապ Ֆրանչիսկոսի հետ՝ նրան փոխանցելով ամբողջ աշխարհի հայության ողջույնները և  խնդրելով, որ աղոթի Արցախից տեղահանված մեր եղբայրների և քույրերի համար։

ROACO-ին ուղղված իր ճառում Ֆրանչիսկոս պապը շնորհակալական խոսքով նաև դիմել էր Գևորգ սրբազանին՝ մասնավորապես ասելով. «Այս օրերին Դուք կենտրոնացաք նաև Ղարաբաղի տարածաշրջանից տեղահանվածների մարդասիրական իրավիճակի վրա. շնորհակալություն այն ամենի համար, որ արվել է ու պիտի արվի տուժածներին օգնելու համար։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայ Առաքելական Եկեղեցու Նորին Գերազանցություն Գևորգ եպս Սարոյանին այս օրերին իր ներկայության համար։ Խնդրում եմ, որ տուն վերադառնալով՝ նա իմ եղբայրական ողջույնները փոխանցի Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ին և սիրելի հայ ժողովրդին»։

Ռադիո «Վատիկանի» հայկական բաժանմունքը հանդիպել և զրուցել է Գևորգ եպս Սարոյանի հետ ROACO-ի ժողովում նրա կարդացած զեկույցում հնչեցված, ինչպես նաև այլ խնդիրների շուրջ։ 

Սրբազան հայրը մասնավորապես ասել է, որ «քանի դեռ արցախցիները խնդիր ունեն, մենք պետք է աշխատենք», և «մեր երազը, իղձն ու հավատքը այն է, որ նրանք վերադառնան իրենց հայրենի հող, հարգվեն նրանց իրավունքները, և միջազգային  հանրությունը հասկանա, որ պատահածը մարդկության դեմ հանցագործություն է, 1915 թվականի ցեղասպանության շարունակությունը»։ 

«Տեղի ունեցած իրադարձությանը պետք է տրվի քաղաքական գնահատական  և քայլեր ձեռնարկվեն, որ արցախահայության իրավունքները պաշտպանված լինեն սեփական հողի վրա»,- հարցազրույցում նշել է Գևորգ սրբազանը՝ նաև դրական նկատելով  հարցի նկատմամբ Վատիկանի մոտեցումը, որը կարող է մտածել տալ, որ «Արցախի հայ քրիստոնյաները միայնակ չեն և Կաթոլիկ Եկեղեցին կիսում է նրանց ցավը»։

Գևորգ եպս Սարոյանը կարևոր է համարել, որ միջազգային հանրությունը, բարեկամ պետություններն ու Եկեղեցին հաստատեն, որ «Արցախի քրիստոնյաների դեմ տեղի ունեցածը էթնիկ զտում է»։

Այս մասին ավելին կարող եք կարդալ, նաև լսել Գևորգ սրբազանի հետ հարցազրույցը հետևյալ հղումով՝

https://www.vaticannews.va/hy/church/news/2024-06/hy-armeni-artsakh-hanno-subito-pulizia-etnica-saroyan.html


Հռոմի պապի հետ Գևորգ սրբազանի հանդիպման, ինչպես նաև ժողովին պապի ուղղած ճառի մասին ավելի մանրամասն կարդալ այստեղ՝ https://www.vaticannews.va/hy/pope/news/2024-06/hy-papa-roaco-artsakh-karabakh.html


Ⲿհանդիպումներ 

Հանդիպում Արցախի թեմի առաջնորդի հետ


2024 թ. հունիսի 20


Սիրելի արցախցի հայրենակիցներ,  

Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը  ծրագրում է առաջիկայում հանդիպումներ կազմակերպել Արցախից տեղահանված իր հավատացյալների հետ, ի մոտո ծանոթանալ նրանց հոգևոր և նյութական կարիքներին, նրանց՝ ապագայի նկատմամբ ունեցած հեռանկարներին և տեսլականին։ Շուտով նախատեսվում է Վրթանես սրբազանի այցը Մասյացոտնի թեմ՝ ուղեկցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սոցիալական ծառայության փոխտնօրեն Ազատուհի Սիմոնյանի։   

Արցախի թեմի առաջնորդության անունից սիրով հրավիրում ենք Մասյացոտնի թեմի տարածքում հաստատված արցախցի մեր ժողովրդին՝ մասնակցելու հանդիպումներին՝ ըստ հետևյալ ժամանակացույցի.  

❇️1. Հունիսի 26-ին՝ ժամը 11:00 – Արարատ գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցի,   

❇️2. Հունիսի 26-ին՝ ժամը 15:00 – Վեդի քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցի,   

❇️3. Հունիսի 27-ին՝ ժամը 11:00 – Արտաշատ քաղաքի Սուրբ Հովհաննես Ավետարանիչ առաջնորդանիստ մայր եկեղեցի,   

❇️4. Հունիսի 27-ին՝ ժամը 15:00 - Մասիս քաղաքի Սուրբ Թադեոս եկեղեցի։


Ⲿհայտարարություն

Էքս-ան-Պրովանսի պատվիրակությունն այցելեց հոգևոր կենտրոններ


2024 թ. հունիսի 8


Այցով Հայաստանում գտնող Պրովանս-Ալպեր-Կոտ դ'Ազուր ռեգիոնի փոխնախագահ, Էքս-ան-Պրովանս քաղաքի քաղաքապետ Սոֆի Ժուասենի գլխավորած պատվիրակությանը երեկ հյուրընկալեց Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը:

Ողջունելով հյուրերին` թեմակալ առաջնորդը հետաքրքրվեց, թե ինչպիսի՞ տպավորություններ ունեն Մասիս համայնքի մասին, այնուհետ ամփոփ ներկայացրեց Մասյացոտնի թեմը:

Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանն ի մասնավորի կարևորեց համայնք-եկեղեցի սերտ համագործակցությունը և հավելեց, որ Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը, ով շատ հավատավոր մարդ է, միշտ պատրաստակամ է և աջակցում է եկեղեցու կողմից նախաձեռնված ծրագրերին, կազմակերպվում են համատեղ միջոցառումներ:

Էքս-ան-Պրովանս քաղաքի քաղաքապետ Սոֆի Ժուասենը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և նշեց, որ շատ տպավորված են Մասիս համայնքով ու զարմացած, որ համայնքի բնակիչներն ունենալով բազմաթիվ հոգսեր, այդուհանդերձ, գրկաբաց են ընդունել բռնի տեղահանված արցախցիներին, նրանց ապաստան տվել, շրջապատել ջերմությամբ ու ուշադրությամբ:

Գևորգ Սրբազանը սիրով պատասխանեց հյուրերի բազմաթիվ ու տարաբնույթ հարցերին և հավելեց, որ ինչպես Մասիսի համայնքապետարանը, այնպես էլ Մասյացոտնի թեմն իրականացնում են տարբեր ծրագրեր, որպեսզի մեր հայրենակիցներն իրենց անտեսված ու մենակ չզգան:

Հանդիպումն անցավ ջերմ ու բարեկամական մթնոլորտում, և ստանալով Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի օրհնությունը՝ պատվիրակության անդամներն ուղևորվեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:

Ուղեկցությամբ Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ղազար քահանա Թորոսյանի` Էքս-ան-Պրովանսի ներկայացուցիչները  շրջեցին Մայր Աթոռի բակում ու հետաքրքրությամբ լսեցին ներկայացվող յուրաքանչյուր դրվագ ու պատմություն։

Հյուրերը դիտեցին նաև թանգարանում պահվող ու ցուցադրված բացառիկ իր ։

Պատվիրակության անդամների ճանաչողական այցն ամփոփվեց Խոր Վիրապ վանական համալիրում։

Նրանք ոչ միայն անթաքույց զարմանքով էին լսում հոգևոր կենտրոնին վերաբերող ամեն մի պատմություն, այլև ցանկություն հայտնեցին տեսնել այն վայրը, որտեղ տարիներ շարունակ փակված է եղել Գրիգոր Լուսավորիչը։

Չնայած օրը երեկոյանում էր` հյուրերը չէին ուզում հրաժեշտ տալ ու հեռանալ այնքան տպավորիչ ու գեղատեսիլ վայրից։

Իսկ հանդիպման ավարտին հույս հայտնեցին, որ փոխայցելությունները շարունակական կլինեն։


Ⲿհյուրընկալություն

ՀԱԵ Մասյացոտնի թեմը կդիմի ԿԳՄՍՆ-ին Աղջոց վանքն իրեն հանձնելու հարցով


2024 թ. հունիսի 3


Վերականգնող ճարտարապետ Գարեգին Կնյազյանը խնամքով, դեռեւս թղթի վրա, վերականգնել է միջնադարի ճարտարապետական գլուխգործոց  համարվող Աղջոց վանական համալիրը:  Գեղարդից 7 կմ դեպի հարավ արեւելք լեռան լանջին է գտնվում երբեմնի վեհաշուք այս վանքը, այն  ավերածություններից թեեւ խոնարհվել, բայց չի կորցրել իր վեհությունը: «Աղջոց համալիրը նշանավոր է նրանով, որ ըստ Հայ Առաքելական եկեղեցու սրբազան ավանդության, հիմնվել է  առաջին հայրապետի՝ Գրիգոր Լուսավորչի կողմից, հիմնվել է որպես կուսանաց վանք: Վայրն էլ ընտրվել է  այն տեղանքը, որտեղ նահատակվել է Հայաստանում 3-րդ դարի երկրորդ կեսին Քրիստոսի քարոզչության գործ կատարած անձանցից մեկը՝ Սուրբ Ստեփանոս քահանան»,- պատմեց պատմաբան Արմեն Մալխասյանը: Մասյացոտնի թեմի առաջնորդ Գեւորգ եպիսկոպոս Սարոյանն էլ պատմեց, որ Գեւորգ Ալիշանի պեղած տեղեկությունների համաձայն՝ վանքը պետք է, որ հիմնված լինի 4-րդ դարում: Ի սկզբանե, որպես սրբավայր է եղել, իսկ որպես վանք՝ ձեւավորվել 13-րդ դարում. ի պատիվ հռիփսիմյան կույսերի էլ անվանվել  է Աղջկոց, այսինքն՝ աղջիկների վանք....


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2024/06/03/1423881/


Ⲿեկեղեցաշինություն Ⲿսրբատեղի

Սբ Հովհաննես Կարապետի մասունքը բերվեց Մոշաղբյուրի Սբ Կարապետ վանք


2024 թ. մայիսի 30


Մայիսի 30-ին սուրբ Հովհաննես Կարապետի և Աթանագինես եպիսկոպոսի հիշատակության օրը մեծ հանդիսավորությամբ տոնախմբվեց Մասյացոտնի թեմի Մոշաղբյուրի Սուրբ Կարապետ վանքում:

Ընդառաջ Մասյացոտնի թեմի առաջնորդ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանի դիմումի, Վեհափառ Հայրապետի օրհնությամբ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից վանք էր բերվել սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքը՝ հավատացյալների երկրպագության համար:

Տոնի առիթով թեմի բոլոր համայնքներից հավատացյալներ, հոգևոր հայրերի առաջնորդությամբ, ուխտավորաբար եղան Մոշաղբյուրի Ս. Կարապետ վանքում և մասնակցեցին տոնական սուրբ Պատարագին։

Պատարագիչն էր Սուրբ Կարապետ վանքի վանահայր Տ. Արիստակես վարդապետ Այվազյանը։

Պատարագի ավարտից հետո կատարվեցին մատաղի օրհնության կարգ և հյուրասիրություն։

Թող սուրբ Հովհաննես Կարապետի բարեխոսությունը մշտապես ուղեկից լինի հավատավոր մեր ժողովրդին:


տոներ

Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպս Սարոյանի ուղերձը Հանրապետության տոնի առիթով


2024 թ. մայիսի 28


Սիրելի հայորդիներ,  

Շնորհավորում ենք ամենքիդ Հանրապետության տոնի առիթով: 

Մայիսյան հերոսամարտերից հետո Հայաստանի Հանրապետության հռչակումը արդյունքն էր մեր ժողովրդի դարավոր մաքառումների ու պայքարի։ Մեր ժողովուրդը մայիսի 28-ը տոնախմբում է մի ժամանակաշրջանում, երբ հայրենի մեր երկիրը կանգնած է բազում դժվարությունների և փորձությունների առաջ։  

Հանրապետության տոնը, որ քաջալերության, միասնության և համախմբումի խորհուրդն ունի, պիտի նորոգի Հայրենիքի հանդեպ մեր հավատարմության ուխտը և զորացնի ամենքիս՝ ամբողջական նվիրումով ծառայելու հայրենի մեր երկրին և միմյանց հանդեպ սիրով ու հոգատարությամբ հաղթահարելու բոլոր դժվարությունները։     

Մեր մաղթանքն է, որ Երկնավոր Տերը Իր Սուրբ Աջի հովանու ներքո խաղաղ պահի մեր Հայրենիքը և օրհնի, զորացնի և մխիթարություն պարգևի համայն մեր ժողովրդին այսօր և հավիտյան։


Ⲿուղերձ

Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպս Սարոյանի շնորհավորանքը Վերջին զանգի առիթով


2024 թ. մայիսի 24


Սիրելի շրջանավարտներ,  

Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում ձեզ՝ դպրոցական վերջին դասի առթիվ։ 

Այսօր ամենքդ կանգնած եք կյանքի նոր հանգրվանի առջև և Աստծո օրհնությամբ պիտի քայլեք դեպի իրագործումը ձեր իղձերի ու երազանքների: Մեր աղոթքն է, որ ձեր առջև բացվեն հաջողություններով ու ձեռքբերումներով լի ճանապարհներ, որպեսզի շարունակական կրթությամբ զորացած՝ նախանձախնդիր ջանքերով ու նվիրումով ձեր գիտելիքներն ու ներուժը ծառայեցնեք հայրենի մեր երկրի զորացմանն ու առաջընթացին։  

Թող ամենակարող Տերը օգնական լինի ձեզ, օրհնի ձեր կյանքի ուղին և պարգևի երջանկություն ու ամենայն բարիք: 

Մեր գնահատանքն ու շնորհավորանքն ենք հղում նաև կրթության գործի բոլոր մշակներին՝ սերունդերի կրթության և դաստիարակության անգնահատելի ծառայության համար՝ մաղթելով, որ Աստծո զորակցությամբ շարունակեք կրթել ազնիվ ու արժանավոր քաղաքացիներ՝ ի շահ մեր երկրի և ժողովրդի։


Ⲿուղերձ

Թեմ էր այցելել Շվեդիայի եկեղեցու պատվիրակությունը՝ արցախցի բռնագաղթյալների խնդիրներին ծանոթանալու նպատակով


2024 թ. մայիսի 7


Մայիսի 6-ին Մասյացոտնի թեմ էր այցելել Շվեդիայի եկեղեցու պատվիրակությունը Վեստերիսի եպիսկոպոս Միքայել Մոգրենի գլխավորությամբ և Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Սոցիալական ծառայության գրասենյակի տնօրեն Տ. Մարկոս քհն. Մանգասարյանի ուղեկցությամբ։ Պատվիրակությունը հանդիպում ունեցավ թեմի առաջնորդ Տ. Գևորգ եպս Սարոյանի հետ, որի ուղեկցությամբ այցելեց Մասիսի թ. 4 մանկապարտեզ, որտեղ ժամանակավոր հանգրվան են գտել արցախցի բռնագաղթյալների 17 ընտանիք՝ 44 հոգի։ Արցախցիները պատմեցին հյուրերին իրենց գաղթի ճանապարհի և ներկա կեցության դժվարությունների ու խնդիրների մասին։  Այնուհետև Շվեդիայի եկեղեցու պատվիրակությունը Գևորգ եպս Սարոյանի ուղեկցությամբ այցելեց Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանին, որը նույնպես անդրադարձավ արցախցի մեր հայրենակիցների խնդիրներին և նշեց, որ այս պահին Մասիսում բնակվում է 8600 բռնագաղթյալ։ Միքայել եպիսկոպոսը մտադիր է Շվեդիա վերադառնալուց հետո արցախցիների խնդիրների վերաբերյալ իրազեկել իր եկեղեցուն և Շվեդիայի հանրությանը՝ աջակցության ակնկալիքով։


Ⲿհյուրընկալություն

«Սահմանազատումն ու սահմանագծումը չի կարող լինել միակողմանի, դա ենթադրում է երկկողմանի զիջումներ». Գևորգ սրբազան


2024 թ. ապրիլի 29


Այսօր Մասյացոտնի թեմի առաջնորդ Տ. Գևորգ եպս Սարոյանը և Արագածոտնի թեմի առաջնորդ Տ. Մկրտիչ եպս Պռոշյանն այցելել էին Տավուշի մարզ՝ Կիրանց, որտեղ, ինչպես հայտնի է, արդեն ավելի քան 10 օր խաղաղ ընդվզման գործողություններ են կատարվում Ադրբեջանին միակողմանի տարածքային զիջումների դեմ։ «Առավոտ» լրատվական գործակալությունը Գևորգ սրբազանին խնդրել է պարզաբանել, թե որն է իր այցի հիմնական ուղերձը և ինչ դիրքորոշում ունի տեղի ունեցող գործընթացների մասին։

Սրբազանի հետ փոքրիկ հարցազրույցն այս թեմայով կարող եք կարդալ «Առավոտի» կայքում՝ հետևյալ հղմամբ՝ https://www.aravot.am/2024/04/29/1415735/



Կատարվեց Սբ Ներսես Շնորհալի եկեղեցու հիմնարկեքի արարողությունը


2024 թ. ապրիլի 29


Սուրբ Խաչի երևման տոնի օրը՝ ապրիլի 28-ին, Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի հանդիսապետությամբ կատարվեց Մասիս համայնքի Գեղանիստ բնակավայրում կառուցվելիք Սբ Ներսես Շնորհալի եկեղեցու հիմնարկեքի արարողությունը։ Ջրով ու գինով լվացվելուց հետո 16 քարերն օծվեցին սրբալույս մյուռոնով և տեղադրվեցին եկեղեցու հիմքերում: 

Եկեղեցին կառուցվում է համայնքի բնակիչների ջանքերով: Նրանցից շատերն ընդգրկված են շինարարական աշխատանքներում: Բարերարներն են Արթուր Խաչատրյանը և Էդգար Տոնականյանը: 

Սրբազան հայրն իր խոսքում շնորհակալություն հայտնեց եկեղեցու կառուցման աջակիցներին և շնորհավորեց համայնքի բնակիչներին՝ եկեղեցու կառուցման աշխատանքները մեկնարկելու առիթով։  

Արարողությանը մասնակցում էին Մասիսի տարածաշրջանի քահանա հայրերը, վարչական ղեկավարներ, հյուրեր և բազմաթիվ հավատացյալներ։


Գևորգ եպս Սարոյանի խոսքը հիմնարկեքի առիթով


Ⲿեկեղեցաշինություն


Քայլերթ և բարեխոսական կարգ


2024  թ. ապրիլի 24


Օրհնությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Տ. Գևորգ եպս. Սարոյանի և համագործակցությամբ Արտաշատի համայնքապետարանի՝ ապրիլի 24-ին Արտաշատի  համայնքապետարանի մերձակա հրապարակից մեկնարկեց քայլերթ՝ դեպի Սուրբ Հովհաննես Ավետարանիչ առաջնորդանիստ մայր եկեղեցի՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի։ Եկեղեցում՝ Մեծ եղեռնի նահատակներին նվիրված խաչքարի մոտ, կատարվեց ծաղկեդրում, որից հետո հոգևորականները կատարեցին Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ՝ հայցելով հանուն հայրենիքի ու հավատքի նահատակված հայորդիների բարեխոսությունը մեր հայրենիքի ու հավատավոր ժողովրդի համար։ 

Միջոցառմանը մասնակցում էին Արարատի մարզպետ տիար Սեդրակ Թևոնյանը, Արտաշատի համայնքապետ տիար Կառլեն Մկրտչյանը, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի աշխատակիցներ, զինվորականներ, ուսուցիչներ և բազմաթիվ  հավատավոր հայորդիներ։


խաչերթ

Տ. Գևորգ եպս Սարոյանն ընդունեց Հայաստանում Ավստրալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գիրինգին և նրա պատվիրակությանը


2024 թ. ապրիլի 14


Ս.թ. ապրիլի 13-ին Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանն ընդունեց Հայաստանում Ավստրալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գիրինգին և նրա պատվիրակությանը, Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների գործակալության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ներկայացուցիչներին՝ ուղեկցությամբ Մասիս համայնքի ղեկավար տիար Դավիթ Համբարձումյանի։ 

Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ հայ ժողովրդի կյանքում Հայոց Եկեղեցու դերին ու նշանակությանը, ինչպես նաև այս օրերին Արցախից բռնի տեղահանված և Հայաստանում հաստատված արցախահայության խնդիրներին։ Սրբազան հայրն առանձնակի կարևորեց Եկեղեցու և համայնքի արդյունավետ համագործակցությունը, հատկապես արցախահայության աջակցությանն ուղղված ծրագրերում։  

Հանդիպման ավարտին սրբազան հայրն իր գնահատանքը փոխանցեց հյուրերին՝ Մասիս համայնք այցելելու և համայնքում ապրող արցախահայության խնդիրներին ծանոթանալու, ինչպես նաև մարդասիրական աջակցություն տրամադրելու համար։


հյուրընկալություն

«Քայլող Ավետարան» ծրագիրն արդեն Հովտաշեն և Նորամարգ համայնքներում է


2024 թ. ապրիլի 11


Օրհնությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի՝ ս.թ. ապրիլի 2-ից Հովտաշեն և Նորամարգ համայնքներում մեկնարկեցին Հայաստանի աստվածաշնչային ընկերության կողմից հովանավորվող «Քայլող ավետարան» կրթադաստիարակչական դասընթացն ու սրբանկարչության սիրողական ուսուցումը։

Ապրիլի 9-ին տեղի ունեցավ երկրորդ հանդիպումը Հովտաշեն համայնքում, որին մասնակցում էր «Առավոտ» թերթի խմբագիր պարոն Արամ Աբրահամյանը՝ կամավորական սկզբունքով դասընթացներին իր հոգևոր և մանկավարժական հմտություններով աջակցելու նպատակով։


Ⲿմիջոցառումներ

Գևորգ եպս Սարոյանի շնորհավորական ուղերձը Տիրամոր Ավետման և Մայրության ու գեղեցկության տոների առիթով


2024 թ. ապրիլի 7


Սիրելի մայրեր և քույրեր,  

Ջերմորեն շնորհավորում ենք ամենքիդ՝ Սուրբ Աստվածածնի Ավետման և Մայրության ու գեղեցկության տոների առիթով։  

Ավետման տոնը Սուրբ Աստվածածնի լուսեղեն օրինակն է հիշեցնում բոլոր կանանց ու մայրերին՝ աստվածային բարերար կամքը խոնարհաբար ընդունելու և Ավետարանի տիրավանդ պատգամներով ապրելու և գործելու համար: 

Սիրասուն մեր մայրերն ու քույրերը, հակառակ ամենատարբեր դժվարությունների ու փորձությունների, Սուրբ Աստվածածնի խոնարհությամբ և Աստծո հանդեպ հավատարմությամբ իրագործում են իրենց բացառիկ առաքելությունր՝ սերունդների դաստիարակության, ընտանեկան հարկը հոգատարությամբ ու ջերմությամբ զորացնելու ճանապարհին՝ կարևոր ներդրում ունենալով նաև եկեղեցական զանազան կառույցներում, հասարակական ու մշակութային տարբեր ոլորտներում։ 

Սիրելի մայրեր և քույրեր,  

Սուրբ Հարության բարի ավետիսով՝ վերստին շնորհավորում ենք ամենքիդ և Սուրբ Աստվածածնի գթառատ բարեխոսությունն ենք հայցում Տիրոջ առջև, որպեսզի Աստծո բյուր շնորհների ներքո ապրեք բարեպաշտ ու առաքինազարդ կյանքով, բարօրության ու երջանկության մեջ:


Ⲿտոներ Ⲿուղերձ

Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակի օրը Մխչյանի եկեղեցում


2024 թ. ապրիլի 7


Ս.թ. ապրիլի 6-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշեց սուրբ Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակության օրը, որը նաև Մխչյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու վերաօծման և ուխտի օրն է։

Ընդառաջ Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպս. Սարոյանի խնդրանքին, Վեհափառ Հայրապետի օրհնությամբ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի էր բերվել սրբի մասունքը՝ հավատացյալների երկրպագության համար։

Թեմի բոլոր համայնքներից հավատացյալներ, հոգևոր հայրերի առաջնորդությամբ, ուխտավորաբար եղան Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում և մասնակցեցին տոնական սուրբ Պատարագին. պատարգիչն էր եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Եփրեմ Հարությունյանը։

Պատարագի ավարտին կատարվեց մատաղի օրհնության կարգ ձեռամբ թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպս. Սարոյանի, որին հաջորդեց գեղարվեստական միջոցառում եկեղեցու բակում։


Ⲿտոներ

Ապրիլի 6-ին Մխչյանի Սբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի կբերվի սբ Հովհաննեսի մասունքը


2024 թ. ապրիլի 1


Սիրելի  հայորդիներ, 

Այս տարի Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին սբ Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակի օրը նշում է ապրիլի 6-ին: Այդ օրը նաև Մասյացոտնի թեմի Մխչյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու վերաօծման և ուխտի օրն է: Այդ առիթով, ընդառաջ թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի խնդրանքին, Վեհափառ Հայրապետի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից եկեղեցի կբերվի սբ Հովհաննես Մկրտչի մասունքը: Ուխտի սուրբ Պատարագը կմատուցվի ժամը 11:00-ին: 

Հավարտ սուրբ Պատարագի` եկեղեցու բակում տեղի կունենա տոնական միջոցառում:

Սիրով հրավիրում ենք ամենքիդ աղոթակից լինելու մեզ:


հայտարարություն

Տ. Գևորգ եպս Սարոյանի զատկական պատգամը


2024 թ. մարտի 31


Սիրելի բարեպաշտ հայորդիներ, քույրեր և եղբայրներ,

Ահավասիկ Մեծ Պահքի հոգևոր ճամփորդությունը և Ավագ Շաբաթվա խորհուրդն իրենց կարևոր հանգրվանին հասան՝ մեր Տիրոջ և Փրկչի Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարությանը: Եվ այսօր Հայաստանյայց Առաքելական սբ եկեղեցու բեմերից վերստին հնչում է հարության ավետիսը.

Քրիստոս յարեաւ ի մեռելոց, ձեզ եւ մեզ մեծ աւետիս:

Եկեղեցու հայրերը հարության խորհրդի կարևորությունը շեշտելու համար է, որ սահմանել են Մեծ պահքի շրջանը: Սա նշանակում է, որ սբ հարության խորհրդին մերձենալու, նրա վերափոխիչ ներգործությունը մեր կյանքում զգալու համար՝ հատուկ պիտի նախապատրաստվենք դրան: Ապաշխարությունը, ինքնաքննությունն ու անդրադարձը պիտի օգնեն մեզ հաղորդ դառնալու այն հոգևոր իրողությանը, որ Քրիստոսի հարության խորհրդի միջոցով փոխանցվում է եկեղեցուն, Քրիստոսի անունով ժողովվածներիս բազմությանը: Սա բացատրում է, թե ինչու են եկեղեցու հետևորդները յուրահատուկ սպասումով նախապատրաստում իրենց անձերը սբ Հարության խորհրդին՝ ամեն անգամ հոգևոր կյանքի նոր իրողություններ բացահայտելով իրենց համար և եկեղեցու կյանքում:

Սիրելի քույրեր և եղբայրներ, 

Հայտնի է, որ քրիստոսասեր ազգը հայոց մեծ ցնծությամբ և ոգևորությամբ է նշում մեր Տիրոջ և Փրկչի Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության տոնը. զատկական սեղաններ, երգ ու պար, մատաղի արարողություն: Այդ օրը, որպես կանոն եկեղեցիները լի են մարդկանցով. ամենուր տոնական տրամադրություն է, թե՛ բակերում և թե՛ ընտանեկան հարկերից ներս: Այս ամենը, իհարկե, տպավորիչ է և ոգևորիչ, սակայն, այն արտաքին կողմն է հարության տոնի: Օրվա խորհուրդը մինչդեռ մեզ պատգամում է, որ իր խաչելությամբ, մահվամբ, և հարությամբ Քրիստոս ազատում է մեզ մեղքի և մահվան իշխանությունից, դարձնում հավիտենական կյանքի ժառանգորդներ:  

Ի՞նչ է սա նշանակում: Ոմանց համար գուցե թե դժվարըմբռնելի հնչի վերոհիշյալ միտքը, ոմանց համար էլ թերևս ավելին չէ այն, քան Քրիստոսի հարության խորհրդի դասական ձևակերպում: Պարզ լինելու համար կբացատրեմ ասվածը: Մեր Տիրոջ և Փրկչի Հիսուս Քրիստոսի հարության խորհուրդը մեզ պատգամում է, որ եթե հավատանք դրան, ապա այն հիմնովին կվերափոխի մեր կյանքը, ոչ միայն կօգնի հաղթահարել տարբեր մեղքերից ունեցած մեր կախվածությունները, այլև՝ ազատագրվել անորոշության և մահվան վախից, հասկանալ, որ մահվամբ չի ավարտվում մեր կյանք, այլ այն շարունակվում է մարդկային աչքին անտեսանելի մեկ այլ իրականության մեջ: Արդ, հավատալ Քրիստոսի հարությանը՝ նշանակում է հավատալ Քրիստոսին, քայլել նրա հետքերով և վստահ լինել չարի և բարու, ճշտի և սխալի հարցում: Ահավասիկ, սրանով են Քրիստոսի հետևորդները, եկեղեցու անդամները տարբերվում մյուսներից:

Սբ Հարության խորհուրդը, սակայն, երբեք հասանելի չի լինի ինձ, իմ անձի և կյանքի վրա այն չի ունենա որևէ ներգործություն, եթե ես չեմ ձգտում ավետարանական պատգամների համաձայն ապրել իմ կյանքը, եթե իմ հավատքը չեմ կիսում եկեղեցու մյուս անդամների հետ և վերջապես եթե այդ հավատքը որևէ մեկի կյանքը չի փոխում, չի նպաստում նրա հոգու փրկությանը: Այլ խոսքով՝ Քրիստոսի հարությունը իրողություն է դառնում ինձ համար միայն այն ժամանակ, երբ ես իմ ողջ մտքով և հոգով եմ ձգտում լինել քրիստոնյա, երբ ես գիտակցում եմ, թե ինչու եմ ընտրել քրիստոնյա լինելու ուղին:

Սիրելի հայորդիներ, 

Եկեղեցին չի բաժանում իր հետևորդներին լավերի և վատերի, արդարների և մեղավորների. եկեղեցին հարատև աղոթում է իր զավակների համար: Եկեղեցին կոչված է ավետարանի ուղերձը հասցնել մարդկանց մտքին և սրտին, և այդպիսով փոխել նրանց կյանքը, վերափոխել աշխարհը, դարձնել այն ավելի լավը: Այլ խոսքով՝ եկեղեցին քարոզում է, եկեղեցին հորդորում է, եկեղեցին հրավիրում է, հրավիրում է առանց պարտադրելու… Եկեղեցու առաքելությունն է նաև հիշեցնել սբ Երրորդության անունով բոլոր մկրտվածներին, որ քրիստոնյա լինելու համար բավարար չէ միայն երբեմն եկեղեցի այցելել, մոմ վառել, կամ թե առիթի դեպքում մատաղ անել: Հոգևոր կյանքը հարատև զարգացում, չընդհատվող աճ է ենթադրում: Այդ աճը հնարավոր է խթանել ինչպես մեղքի, մոլությունների, գայթակղությունների և փորձությունների դեմ պայքարելու միջոցով, այնպես էլ դիմացինի հանդեպ կարեկցող, ներող, համբերատար լինելու ճանապարհով, այլև՝ մշտպես աղոթքի մեջ հարատևելու ձգտումով: Վերջապես սբ. եկեղեցին հենց այդ հոգևոր աճի համար է սահմանել յոթ խորհուրդներից մեկը՝ ապաշխարհության խորհուրդը: Եկեղեցու անդամ լինելու կամ առհասարակ եկեղեցու մեջ լինելու ցուցիչ է հենց ապաշխարության խորհուրդը: Արդյո՞ք մենք խորությամբ ենք գիտակցում սա, և արդյո՞ք համապատասխանաբար ենք դիմում ապաշխարության խորհրդին: Այս հարցի պատասխանը պիտի գտնի յուրաքանչյուրն իր համար։

Սիրելի բարեպաշտ հայորդիներ,

​Ուստի, որպեսզի սբ Հարության խորհուրդը հասանելի դառնա մեր մտքին, մենք պետք է հավատքի կյանքով ապրենք, եկեղեցու՝ իբրև Քրիստոսի անունով ժողովվածների հետ մեր հաղորդությունը, մեր միությունը պետք է գործուն լինի: Այլ խոսքով՝ չլինենք քրիստոնյա մեզ հարմար միջավայրում, մեր ընտրած տիրույթում, այլ լինենք քրիստոնյա եկեղեցու կյանքում, համայնքում, հայրենի մեր երկրում և առհասարակ աշխարհում, ուր առաքված է եկեղեցին: Հետևաբար, եկեք երբեք չխուսափենք, չթերանանք քննել մեր անձերը և հասկանալ, թե մեր ընթացքը որքանով է համապատասխանում ավետարանի ոգուն և եկեղեցու վարդապետությանը, որքանով է անկեղծ մեր հավատքը, որքանով է քրիստոնյա լինելու մեր նախընտրած ձևը համապատասխանում քրիստոնեության բովանդակությանը: Արդ՝ այսօր իմ մաղթանքն է, որ Քրիստոսի հրաշափառ հարությունը ներշնչման առիթ ծառայի յուրաքանչյուրիս համար՝ հոգևոր կյանքի մեջ աճելու, մեր հավատքի գործերով վերափոխելու մեր միջավայրը, մեր քույրերին և եղբայրներին, դարձնելու նրանց միմյանց սիրող, ներող և հանդուրժող ի շինություն մեր եկեղեցու և ի պայծառություն ազգին հայոց այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից: Ամեն: 

Քրիստոս յարեաւ ի մեռելոց, ձեզ եւ մեզ մեծ աւետիս:


Ⲿտոներ Ⲿուղերձ

Առաջին Սբ Մանե եկեղեցին Հայաստանում՝ շուտով Նոր Կյուրին համանքում


2024 թ. մարտի 17


Շուտով Նոր Կյուրինի վարչական շրջանը նույնպես կունենա աղոթատեղի, որը կօծվի Հայոց Եկեղեցու նշանավոր սրբերից մեկի՝ սբ Մանե կույսի անունով: Եկեղեցու կառուցման աշխատանքները մեկնարկել են դեռևս 1990-ական թվականներին` ազատամարտիկների նախաձեռնությամբ։ 

Մասյացոտնի թեմի առաջնորդ Տ. Գևորգ եպս Սարոյանի օրհնությամբ և Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի նախաձեռնությամբ օրեր առաջ սկսվեց եկեղեցին ավարտուն տեսքի բերելու կարևոր առաջադրանքի իրականացումը: Այսօր թեմակալ առաջնորդը, պրն Համբարձումյանը, վարչական շրջանի հոգևոր հովիվ Տ. Ղազար քհն. Թորոսյանը, Նոր Կյուրինի վարչական ղեկավար Մյասնիկ Գրիգորյանը, Նոր Խարբերդի վարչական ղեկավար Կամո Կակոյանը, Մարմարաշենի վարչական ղեկավար Տիգրան Զաքարյանը և մի խումբ բնակիչներ ծանոթացան եկեղեցում իրականացվող շինաշխատանքներին։ Մոտ ապագայում եկեղեցու զանգերը կհնչեն նաև Նոր Կյուրինում։ Իսկ Սբ Մանեն Հայաստանում կլինի այս սրբի անունը կրող առաջին եկեղեցին:


Ⲿեկեղեցաշինություն

Նոր տնօրինություններ


2024 թ. մարտի 11


Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի տնօրինությամբ՝ թեմում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ՝ ըստ հետևյալի։

1. Տեր Հովակիմ քահանա Հարությունյանն ազատվում է Վեդիի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովվի պաշտոնից՝ շարունակելով իր ծառայությունը Արարատ գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցում՝ որպես հոգևոր հովիվ։ 

2. Տեր Միքայել քահանա Նուրիջանյանը, ազատվելով Մրգավանի Սուրբ Հակոբ եկեղեցու հոգևոր հովվի պաշտոնից, ծառայության է նշանակվում Վեդիի Սուրբ Աստվածածին եկեղեցում՝ որպես հոգևոր հովիվ։ 

3. Տեր Անդրեաս քահանա Թավադյանը, ազատվելով Վեդիի Սուրբ Աստվածածին եկեղեցու օգնական հոգևոր հովվի պաշտոնից, ծառայության է նշանակվում Մրգավանի Սուրբ Հակոբ եկեղեցում՝ որպես հոգևոր հովիվ։ 

4. Տեր Մխիթար քահանա Ալոյանը, ազատվելով Արևշատի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովվի պաշտոնից, ծառայության է նշանակվում Շահումյանի Սուրբ Աստվածածին եկեղեցում՝ որպես հոգևոր հովիվ։ 

5. Տեր Դերենիկ քահանա Միքայելյանը, ազատվելով Շահումյանի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովվի պաշտոնից, ծառայության է նշանակվում Արևշատի Սուրբ Աստվածածին եկեղեցում՝ որպես հոգևոր հովիվ։ 

6. Վեդիի Սուրբ Աստվածածին եկեղեցու հովվությունից առանձնացվում են Ոսկետափ, Այգավան, Լուսառատ, Փոքր Վեդի և Տափերական բնակավայրերը, և ստեղծվում է Ոսկետափի Սուրբ Սահակ-Մեսրոպ եկեղեցու հովվություն՝ ներառելով վերոնշյալ բնակավայրերը։ 

7. Տեր Արտաշես քահանա Հակոբյանը համատեղությամբ ծառայության է նշանակվում Ոսկետափի Սուրբ Սահակ-Մեսրոպ եկեղեցում՝ որպես հոգևոր հովիվ։


Ⲿնշանակումներ

Նոր նշանակումներ


2024 թ. փետրվարի 14


Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ։

1. Տեր Զարեհ քահանա Աշուրյանը, ազատվելով Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցու լուսարարապետի պաշտոնից, ծառայության է նշանակվել Դալարի Սուրբ Աստվածածին եկեղեցում որպես հոգևոր հովիվ։

2. Տեր Եփրեմ քահանա Հարությունյանը, ազատվելով Դալարի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովվի պաշտոնից, ծառայության է նշանակվել Մխչյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում որպես հոգևոր հովիվ։

3. Տեր Պարգև քահանա Պալգևորգյանը կշարունակի իր ծառայությունը Մխչյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում որպես օգնական հոգևոր հովիվ։

4. Տեր Պողոս քահանա Միքայելյանը, ազատվելով Արարատ գյուղի Սուրբ Հակոբ և Արարատ քաղաքի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցիների հոգևոր հովվի պաշտոնից, ծառայության է նշանակվել Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցում որպես լուսարարապետ։

5. Տեր Արծրուն քահանա Միքայելյանը, ազատվելով Արարատ գյուղի Սուրբ Հակոբ և Արարատ քաղաքի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցիների օգնական հոգևոր հովվի պաշտոնից, ծառայության է նշանակվել Արարատ քաղաքի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում որպես հոգևոր հովիվ։

6. Տեր Հովակիմ քահանա Հարությունյանը համատեղությամբ ծառայության է նշանակվել Արարատ գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցում որպես հոգևոր հովիվ։

Տնօրինությունը ուժի մեջ է մտնում ս.թ. փետրվարի 16-ից։


նշանակումներ

Տյառնընդառաջի նախատոնակ և նորապսակների օրհնություն Սբ Հովհաննես Ավետարանիչ առաջնորդանիստ եկեղեցում


2024 թ. փետրվարի 14


Փետրվարի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Տյառնընդառաջի տոնը, որը խորհրդանշում է 40-օրյա մանուկ Հիսուսի ընծայումը տաճարին։ Տյառնընդառաջի տոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հռչակվել է նորապսակների օրհնության օր։ 

Փետրվարի 13-ին Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի օրհնությամբ՝ Արտաշատի Սուրբ Հովհաննես Ավետարանիչ առաջնորդանիստ մայր եկեղեցում  տոնի սկիզբն ազդարարվեց աղոթքով ու ողջույնի խոսքով։ Այնուհետև սուրբգրային պատմություններով, ազգային-եկեղեցական ավանդությունների ու շարականների մատուցմամբ եկեղեցու «Շողակաթ» կիրակնօրյա դպրոցի երեխաները ներկայացրին տոնի խորհուրդը։ Տյառնընդառաջի նախատոնակից հետո եկեղեցու հոգևորականները կատարեցին նորապսակների օրհնության կարգ, որից հետո տոնական միջոցառումները շարունակվեցին եկեղեցու բակում՝ ազգային սովորություններին համահունչ։ Եկեղեցու բակում հավաքված նորապսակներին շնորհավորեց ու ջերմ բարեմաղթանքներ հղեց Արտաշատի համայնքապետ տիար Կառլեն Մկրտչյանը, ապա բոլոր նորապսակներին հանձնեց նվերներ և «Նարեկ» աղոթագրքեր։

Նորապսակների ու բազմաթիվ հավատացյալների մասնակցությամբ՝ Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի ձեռամբ վառվեց Տյառնընդառաջի խարույկը:

Տյառնընդառաջի ազգային-ժողովրդական միջոցառումը կազմակերպվել էր Արտաշատի համայնքապետարանի աջակցությամբ, ինչի առիթով շնորհակալություն ենք հայտնում բոլոր կազմակերպիչներին և մասնակիցներին։


տոներ

2024 թ. Մեծ պահքի շրջանի միասնական ժամերգությունների ժամանակացույցը 


2024 թ. փետրվարի 8


Մեծ պահքի շրջանի յուրաքանչյուր ուրբաթ՝ ժամը 17։00-ին, Մասյացոտնի թեմի եկեղեցիներից մեկում կկատարվի միասնական ժամերգություն՝ Մասյացոտնի թեմի առաջնորդ Տ. Գևորգ եպս Սարոյանի հանդիսապետությամբ և թեմի բոլոր եկեղեցականների մասնակցությամբ։

Ստորև ներկայացնում ենք ժամերգությունների ժամանակացույցը։

Փետրվարի 16 - Արտաշատի Սուրբ Հովհաննես Ավետարանիչ առաջնորդանիստ մայր եկեղեցի

Փետրվարի 23 - Դալարի Սուրբ Աստվածածին եկեղեցի

Մարտի 1 - Նորաբացի Սուրբ Աստվածածին եկեղեցի

Մարտի 8 - Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցի

Մարտի 15 - Վեդիի Սուրբ Աստվածածին եկեղեցի

Մարտի 22 - Արարատ գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցի


հայտարարություններ

Աջակցություն Արցախից բռնի տեղահանված ընտանիքների 


2024 թ. փետրվարի 4


Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի օրհնությամբ՝ շարունակվում են Արցախից բռնի տեղահանված և թեմի տարածքում հաստատված մեր հայրենակիցների հոգևոր խնամքն ու աջակցության ծրագրերը։ 

Սույն թվականի փետրվարի 4-ին Հայ Եկեղեցու սպասավորները հերթական անգամ այցելեցին Մասիս քաղաքի մանկապարտեզում և գրադարանում ապաստանած արցախցի մեր հայրենակիցներին։ Աղոթքից և հոգևոր զրույցից հետո շուրջ 50 ընտանիքների տրամադրվեցին դրամական աջակցության քարտեր՝ սնունդ և առաջին անհրաժեշտության պարագաներ գնելու համար:  

Ծրագիրն իրականացվեց Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հոգևոր տեսուչ Տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանի նախաձեռնությամբ և L’OEUVRE  D’ ORIENT բարեգործական կազմակերպության անմիջական աջակցությամբ։ 

Թող Աստված օրհնի բոլոր աջակիցներին և բարերարներին։


Ⲿմիջոցառումներ

Սուրբ Սարգիս Զորավարի տոնը Մասյացոտնի թեմում 


2024 թ. հունվարի 27


Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին այսօր՝ հունվարի 27-ին, նշում է սուրբ Սարգիս Զորավարի տոնը։

Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի օրհնությամբ՝ Արգավանդ, Գետազատ  և Ոստան համայնքների Սուրբ Սարգիս եկեղեցիներում մատուցվեցին Պատարագներ, որոնց ավարտին կատարվեց երիտասարդների օրհնության կարգ։

Պատարագիչներն էին Տ. Արիստակես վրդ. Այվազյանը, Տ. Բենիամին քհն. Ծատուրյանը, Տ. Միքայել քհն. Նուրիջանյանը։


տոներ

Ամանորյա միջոցառումներ արցախցի մեր հայրենակիցների համար


2024 թ. հունվարի 14


Հունվարի 13-ին, օրհնությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Գևորգ եպս. Սարոյանի, Արտաշատի Սբ Հովհաննես Ավետարանիչ առաջնորդանիստ մայր եկեղեցու հոգևորականները երիտասարդաց միության անդամների հետ միասին այցելեցին Արցախի մի շարք ընտանիքների։ Շնորհաշատ երգիչների, Ձմեռ պապի ու երիտասարդների մասնակցությամբ այցելություններն Ամանորի և  Սուրբ Ծննդյան տոներին նպատակ ունեին ջերմություն և խնդություն փոխանցել արցախցի երեխաներին։  Այցելություններն անցան տոնական երգ ու պարի ջերմ մթնոլորտում, որոնց ընթացքում Ձմեռ պապը նվերներ բաժանեց երեխաներին, այնուհետև կատարվեցին Սուրբ Ծննդյան տնօրհնեքի արարողություններ։ Աստվածահաճո այս հրաշալի նախաձեռնությանը մեծապես աջակցելու համար մեր շնորհակալությունն ենք հայտնում Արտաշատի համայնքապետարանին և «Հիմք» բարեգործական հիմնադրամին։ Ծրագրի կազմակերպչական աշխատանքներին նպաստ բերելու համար մեր գնահատանքն ու օրհնությունն ենք բերում Արտաշատի թիվ 5-րդ մանկապարտեզի տնօրինությանը, Լյուդվիգ Պողոսյանին, տաղանդավոր երգիչներ Տիգրան և Վարդան Թադևոսյաններին ու եկեղեցու երիտասարդաց միության անդամներին։ Աստված օրհնի բոլոր մանուկներին։

Իսկ Ոստան համայնքում բնակվող արցախցի փոքրիկները և կիրակնօրյա դպրոցի սաները համայնքի Սբ Սարգիս եկեղեցում ստացան Սբ Ծննդյան նվերներ՝ «Աշակերտի Աստվածաշունչ» և «Թեմատիկ Աստվածաշունչ երեխաների համար» գրքերը և քաղցրավենիքի տուփեր: 

Թող Տերն օրհնի և ավելիով վարձատրի նվիրատուներին:


Ⲿմիջոցառումներ

Սբ Սարգսի տոնի կապակցությամբ կբերվի սուրբի մասունքը Մասյացոտնի թեմ


2024 թ. հունվարի 12


Սիրելի հավատացյալներ,

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին սույն թվականի հունվարի 27-ին նշում է սուրբ Սարգիս Զորավարի տոնը։

Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի օրհնությամբ՝  Ոստան, Գետազատ  և Արգավանդ համայնքների Սուրբ Սարգիս եկեղեցիներում կմատուցվեն Պատարագներ, որոնց ավարտին կկատարվի երիտասարդների օրհնության կարգ։

Բոլորիդ սիրով հրավիրում ենք մասնակցելու սուրբ Պատարագին․ սկիզբը՝ 10:30:  

 

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ և Մասյացոտնի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի օրհնությամբ՝  սուրբ Սարգսի մասունքը վերոնշյալ եկեղեցիներ կբերվի հունվարի 28֊ին՝ կիրակի օրը։

Մասունքը եկեղեցիներում կզետեղվի հետևյալ ժամանակացույցով։

Ոստանի Սուրբ Սարգիս եկեղեցի ֊ 9։30֊12։00

Գետազատի Սուրբ Սարգիս եկեղեցի ֊ 12։30֊14։30

Արգավանդի Սուրբ Սարգիս ֊ 15։00֊17։00։


հայտարարություն

Սուրբ Ծննդյան ընթրիք արցախցի բռնագաղթյալների համար


2024 թ. հունվարի 6


Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի օրհնությամբ՝ հունվարի 6-ին Սուրբ Ծննդյան տոնի առիթով կազմակերպվեց տոնին նվիրված ընթրիք՝ Արցախից բռնի տեղահանված և Մասիս քաղաքի համայնքային շինություններում ապաստանած ընտանիքների համար (շուրջ 100 հոգի)։ Սուրբ Ծննդյան խորհրդին նվիրված ավանդական ուտեստները պատրաստվել էին արցախցի ընտանքիների կողմից՝ արցախյան սովորություններին համահունչ։ Տոնական ընթրիքը բացվեց առաջնորդ սրբազան հոր աղոթքով, ապա Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցու հոգևորականները ընթրիքի մասնակիցներին փոխանցեցին մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան ավետիսը՝ մաղթելով Տիրոջ զորակցությունն ու պահպանությունը։ Հոգևոր հայրերը հորդորեցին որպես քրիստոնյաներ ամուր մնալ հավատքի մեջ՝ պահպանելով հույսը և Արցախ վերադարձի տեսիլքը։  

Թող Աստված օրհնի Արցախի մեր հայրենակիցներին, միջոցառման կազմակերպիչներին և բոլոր աջակիցներին։


Ⲿտոներ Ⲿմիջոցառումներ

Մասյացոտնի թեմի առաջնորդ Տ. Գևորգ եպս Սարոյանի ուղերձը Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոների առիթով


2024 թ. հունվարի 5


Սիրելի հայորդիներ,  

Մասյացոտնի թեմի եկեղեցականների և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում ենք Ձեզ և Ձեր ընտանյաց անդամներին՝ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոների առիթով: 

Մեր երկրի հարատև խաղաղության, բարօր կյանքի ու առաջընթացի հույսով ու լավատեսությամբ ենք դիմավորում Մանուկ Հիսուսի Սուրբ Ծնունդը՝ փորձելով հաղթահարել անցնող տարիների ծանրագույն դժվարություններն ու կորուստները։ 

Սուրբ Ծննդյան շնորհառատ խորհրդով նորոգված՝ բերկրաշատ այս տոնին մեր հայցն ենք ուղղում առ մարդացյալ Փրկիչ, որ բարեխնամ Իր հովանավորության ներքո արգասավորվեն ամենքիդ հայրենանվեր ու եկեղեցասեր ջանքերը՝ ի խնդիր մեր երկրի շինության և առաջընթացի։  

Մեր զորակցությունն ենք հայտնում Արցախից բռնի տեղահանված մեր քույրերին և եղբայրներին և խնդրում Տիրոջ օգնականությունն ու Սուրբ Հոգու մխիթարությունը բոլոր վշտացյալ հոգիներին։ 

Վերստին շնորհավորելով ամենքիդ՝ առ Բարձրյալն Աստված աղոթքով մաղթում ենք, որ Տերը օրհնի և Սուրբ Ծննդյան շնորհներով զարդարի ընտանեկան ձեր հարկերը՝ պարգևելով քաջառողջ ու արևշատ կյանքի երկար տարիներ, աննվազ երջանկություն և բյուր բարիք։


Ⲿտոներ Ⲿուղերձ

Նռնօրհնեք Արտաշատի Սբ Հովհաննես Ավետարանիչ առաջնորդանիստ եկեղեցում


2024 թ. հունվարի 1


Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի հանդիսապետությամբ` տարեմուտի գիշերը` ժամը 24:00-ին, Արտաշատի Սուրբ Հովհաննես Ավետարանիչ առաջնորդանիստ մայր եկեղեցում կատարվեց Նռնօրհնեքի արարողություն:

Թող Աստված խաղաղության մեջ պահի մեր ժողովրդին և հայրենիքը և օրհնյալ տարի շնորհի ամենքիս:


Տ. Գևորգ եպս Սարոյանի շնորհավորական խոսքը տարեմուտի գիշերը 


տոներ