Լուրեր

Տեղի ունեցավ սբ Ներսես Շնորհալու վախճանման 850-րդ տարելիցին նվիրված չորրորդ միջոցառումը Մասյացոտնի թեմում


2023 թ. դեկտեմբերի 27


Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի օրհնությամբ դեկտեմբերի 27-ին Վեդի համայնքի երաժշտական դպրոցի դահլիճում տեղի ունեցավ սուրբ Ներսես Շնորհալի Հայրապետի վախճանման 850-րդ տարելիցին նվիրված թեմական չորրորդ միջոցառումը։   

Միջոցառման ընթացքում «Սուրբ Ներսես Շնորհալու երաժշտական ժառանգությունը» թեմայով բանախոսությամբ հանդես եկավ Կատարինե Հովսեփյանը։ Միջոցառումն իրենց կատարումներով գեղեցկացրին Վեդու երաժշտական դպրոցի սաները։


միջոցառումներ

Սբ Հակոբ Մծբնա հայրապետի հիշատակության օրը Մասյացոտնի թեմում


2023 թ. դեկտեմբերի 16


Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է  սուրբ Հակոբ Մծբնա Հայրապետի հիշատակության օրը։

Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի դիմումին ընդառաջ` Վեհափառ Հայրապետի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Մասյացոտնի թեմ բերվեց սուրբ Հակոբ Մծբնա Հայրապետի մասունքը՝ հավատացյալների երկրպագության և բժշկության համար:

Սրբազան հոր հանդիսապետությամբ Պատարագ մատուցվեց Մրգավանի Սուրբ Հակոբ եկեղեցում։ Ուխտի սուրբ Պատարգներ մատուցվեցին նաև Ներքին Դվինի, Բուրաստանի և Արարատ գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցիներում։


Տ. Գևորգ եպս Սարոյանի խոսքը սուրբ Հակոբ Մծբնա Հայրապետի հիշատակության օրվա առիթով (Մրգավանի Սբ Հակոբ եկեղեցի)




տոներ

Սբ Հակոբ Մծբնա հայրապետի տոնը Մրգավանում (6։44 րոպեից)

Մասիսի Ռանչպար համայնքի արցախցի բռնագաղթյալների անվճար բուժզննում


2023 թ. դեկտեմբերի 16


Նախաձեռնությամբ և օրհնությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի՝ «Բեսթ Լայֆ» ԲԿ Դավիթաշեն մասնաճյուղի պրոֆեսիոնալ բժիշկներից կազմված թիմը դեկտեմբերի 16-ին անվճար բուժզննում տրամադրեց Մասիսի Ռանչպար համայնքի՝ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին: 

Բուժզննության ընթացքում անհաժեշտության դեպքում կատարվեցին նաև էխոսրտագրություն և էլեկտրասրտագրություն: Բժիշկների թիմը ներառում էր սրտաբան, թերապևտ, ներզատաբան, մանկաբույժ, քիթ-կոկորդ-ականջաբան, նյարդաբան և ակնաբույժ:

Ծրագիրը կիրականացվի նաև մյուս համայնքներում։

Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում Մասիս համայնքի ղեկավարությանը համագործակցելու համար։

Տեսնել ավելին այստեղ։


Ⲿմիջոցառումներ

Ներսես Շնորհալուն նվիրված երրորդ միջոցառումը Մասյացոտնի թեմում


2023 թ. դեկտեմբերի 15


Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի օրհնությամբ, այսօր՝ դեկտեմբերի 15-ին, Մասիս համայնքի մշակույթի տանը տեղի ունեցավ սուրբ Ներսես Շնորհալի Հայրապետի վախճանման 850-րդ տարելիցին նվիրված թեմական երրորդ միջոցառումը։   

Բանախոսությամբ հանդես եկավ միջնադարագետ, կոմիտասագետ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Մհեր Նավոյանը։  

Երեկոն հոգևոր երգերով հարստացրեց «Գեղարդ» երգեցիկ խումբը՝ ղեկավարությամբ Անահիտ Պապայանի։


Միջոցառման տեսանյութը


Ⲿմիջոցառումներ

Մխչյանի եկեղեցում բաժանվեց արցախցի բռնագաղթյալների համար հերթական օգնությունը


2023 թ. դեկտեմբերի 15


Այսօր Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի օրհնությամբ, Մխչյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պարգև քհն. Պալգևորգյանի նախաձեռնությամբ, եկեղեցում բաժանվեցին անկողնային պարագաներ, վերմակ ու բարձ՝ Արցախից տեղահանված և մեր համայնքներում (Մխչյան, Մրգավետ, Ջրաշեն) տեղակայված Արցախի մեր բոլոր հայրենակիցներին անխտիր։

Վերոհիշյալ պարագաները տրամադրվել են Շվեդիայի Հայ Առաքելական Եկեղեցու հավատավոր զավակների կողմից, որոնք դրամահավաք էին կազմակերպել այս նախաձեռնությունն իրականացնելու համար։

Շնորհակալություն բոլոր բարերարներին և աջակիցներին։ Թող Աստված օրհնի և խաղաղ կյանք պարգևի բոլորին։

Տեսնել ավելին այստեղ։


Ⲿմիջոցառումներ

Օծվեցին Դվինի Սբ Հարություն եկեղեցու զանգերը


2023 թ. դեկտեմբերի 12


Ս.թ. դեկտեմբերի 12-ին, ձեռամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի, օծվեցին Դվինի Սուրբ Հարություն եկեղեցու զանգերը:

Սրբազան հայրը խոսեց եկեղեցում զանգի գործառության և կարևորության մասին՝ գնահատանք հայտնելով զանգի բարերարին։

Օծման արարողությանը ներկա էին հոգևորականներ Մասյացոտնի թեմից և մի շարք հավատացյալներ։ 

Հավարտ արարողության կատարվեց մատաղի օրհնության կարգ և եղավ հյուրասիրություն։


ծիսական

Աջակցություն Արցախից բռնի տեղահանված ընտանիքներին


2023 թ. դեկտեմբերի 9


Ս.թ. դեկտեմբերի 8-ին օրհնությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի՝  հումանիտար աջակցություն տրամադրվեց Արցախից բռնի տեղահանված և Մասիս համայնքում հաստատված շուրջ 50 արցախցի ընտանիքների։ Աջակցությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սոցիալական ծառայության գրասենյակի միջոցով Մասյացոտնի թեմին էր փոխանցվել Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի կողմից։

Թող Աստված օրհնի բոլոր նվիրատուներին և բարերարներին։


Ⲿմիջոցառումներ

ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի պատվիրակության այցը Մասյացոտնի թեմ


2023 թ. դեկտեմբերի 6


Ս.թ. դեկտեմբերի 6-ին Մասյացոտնի թեմի առաջնորդ Տ. Գևորգ եպս. Սարոյանը հյուրընկալեց ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի պատվիրակությանը՝ գլխավորությամբ արժանապատիվ Տեր Վազգեն քհն. Բոյաջյանի, Տեր Մեսրոպ քհն. Աշի և ուղեկցությամբ Մայր Աթոռի սոցիալական գրասենյակի տնօրեն արժանապատիվ Տեր Մարկոս քհն. Մանգասարյանի։ Սրբազան հոր առաջնորդությամբ ներկաներն այցելեցին  Մասիս համայնքի թիվ 4 մանկապարտեզում հաստատված արցախահայերին: 

Այցի ընթացքում, արցախահայերին տրամադրվող սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում, պատվիրակությունն արցախցի մանուկներին բաժանեց նվերներ։


Ⲿհանդիպումներ  հյուրընկալություն

Դվինի Սուրբ Հարություն եկեղեցու զանգերի օծում


2023 թ. դեկտեմբերի 6


Սիրելի հայորդիներ,

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ ս.թ. դեկտեմբերի 12-ին՝ ժամը 16:00-ին, ձեռամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի կօծվեն Դվինի Սուրբ Հարություն եկեղեցու զանգերը:

Հավարտ արարողության կկատարվի մատաղի օրհնության կարգ։ 

Բոլորիդ հրավիրում ենք մասնակից լինելու այս կարևոր իրադարձությանը:


Ⲿհայտարարություն

Ուխտի սբ Պատարագներ Մասյացոտնի թեմում սուրբ Հակոբ Մծբնա Հայրապետի տոնի առիթով


2023 թ. դեկտեմբերի 5


Սիրելի հայորդիներ,

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին սույն թվականի դեկտեմբերի 16-ին նշելու է սուրբ Հակոբ Մծբնա Հայրապետի տոնը, այդ առիթով Մասյացոտնի թեմի Սուրբ Հակոբի անունը կրող եկեղեցիներում մատուցվելու է ուխտի սուրբ Պատարագ:

Մասյացոտնի թեմի առաջնորդ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանի դիմումին ընդառաջ` Վեհափառ Հայրապետի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Մասյացոտնի թեմ է բերվելու սուրբ Հակոբ Մծբնա Հայրապետի մասունքը՝ հավատացյալների երկրպագության և բժշկության համար:

Ներկայացնում ենք սուրբ Պատարագների ժամանակացույցը և հրավիրում ամենքիդ ուխտավորաբար մասնակցելու հիշյալ եկեղեցիներում մատուցվող սուրբ Պատարագներին:


հայտարարություն

Հոգևոր-մշակութային միջոցառում Արարատի Սբ Ամենափրկիչ եկեղեցում


2023 թ. դեկտեմբերի 4


Մասյացոտնի թեմի առաջնորդ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանի օրհնությամբ՝ ս․թ․ դեկտեմբերի 3-ին Արարատի Սբ Ամենափրկիչ եկեղեցում տեղի ունեցավ սուրբ Ներսես Շնորհալի հայրապետի վախճանման 850-րդ տարելիցին նվիրված թեմական երկրորդ միջոցառումը։   

Միջոցառման ընթացքում բանախոսությամբ հանդես եկավ ԵՊԿ դասախոս, երաժշտագետ  Օլյա Նուրիջանյանը։ Հնչեցին Հայկ դպիր Մարտիրոսյանի՝ Շնորհալու տեքստերով երկու ստեղծագործություններ՝ նվագակցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ԳՀՃ դասախոս Կատարինե Հովսեփյանի։ 

Ելույթ ունեցան նաև Արարատ քաղաքի Ղ. Սարյանի անվան արվեստի դպրոցի սաները։ Իսկ վերջում եկեղեցասեր երիտասարդները հյուրերի համար ընթերցեցին Շնորհալու հանելուկներից։

Միջոցառմանը ներկա էին հոգևորականներ Մասյացոտնի թեմից և մի շարք հավատացյալներ։

Մյուս եկեղեցիներում կայանալիք միջոցառումների մասին կտեղեկացնենք հաջորդիվ։


Ⲿմիջոցառումներ

Սբ Ներսես Շնորհալու երաժշտական ժառանգությանը նվիրված միջոցառում թեմի առաջնորդանիստ եկեղեցում               


2023 թ. նոյեմբերի 26


Սբ Ներսես Շնորհալի հայրապետի վախճանման 850-րդ տարելից առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայրապետական սրբատառ կոնդակով հրավեր է հղել համայն մեր ժողովրդին՝ տարբեր միջոցառումներով նշանավորելու սբ Ներսես Շնորհալու անմար հիշատակը։  

Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի օրհնությամբ՝ ս․թ․ նոյեմբերի 26-ին Արտաշատի Սուրբ Հովհաննես Ավետարանիչ առաջնորդանիստ մայր եկեղեցում տեղի ունեցավ հոգևոր-մշակութային գեղեցիկ միջոցառում: Միջոցառումը սկսվեց Տերունական աղոթքով, որից հետո առաջնորդանիստ մայր եկեղեցու հոգևորականները միջոցառման մասնակիցներին փոխանցեցին Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպս Սարոյանի հայրական օրհնությունն ու բարեմաղթանքները: Այնուհետև բանախոսությամբ հանդես եկավ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս, երաժշտագետ Լիլիթ Մարտիրոսյանը՝ «Սուրբ Ներսես Շնորհալու երաժշտական ժառանգությունը» թեմայով։ Ապա հնչեցին հոգևոր երգեր, տաղեր, շարականներ։ Գեղեցիկ կատարումներով հանդես եկան առաջնորդանիստ մայր եկեղեցու երգչախումբը, մեներգչուհի Մարինա Զալինյանը՝ նվագակցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ԳՀՃ դասախոս Կատարինե Հովսեփյանի, ինչպես նաև ելույթ ունեցան «Շողակաթ» կիրակնօրյա դպրոցի սաները՝ ներկայացնելով սբ Ներսես Շնորհալի հայրապետի «Հավատով խոստովանիմ» աղոթքը։ Միջոցառմանը ներկա էին Մասյացոտնի թեմի հոգևորականներ, Խորվարթիայի կոնսերվատորիայի դասախոս, երաժշտագետ ու մեներգչուհի Էվա Կիրխմայեր Բիլիչը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս, արվեստագիտության թեկնածու Օլյա Նուրիջանյանը, ինչպես նաև ուսուցիչներ, Արտաշատ համայնքի հավատավոր հայորդիներ ու երեխաներ։ Միջոցառումը փակվեց աղոթքով և օրհնության խոսքով՝ հայցելով սբ Ներսես Շնորհալի հայրապետի բարեխոսությունը մեր ժողովրդի ու հայրենիքի համար։


Ⲿմիջոցառումներ

Ոսկետափի Սբ Սահակ-Մեսրոպ եկեղեցում մատուցվեց առաջին պատարագը             


2023 թ. նոյեմբերի 26


Այսօր Մասյացոտնի թեմում օրը տոնական էր: 

Օրհնությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի՝ Ոսկետափ համայնքի նորակառույց Սբ Սահակ-Մեսրոպ եկեղեցում, ձեռամբ Տ. Անդրեաս քահանա Թավադյանի, մատուցվեց եկեղեցու անդրանիկ Պատարագը։

Սուրբ Պատարագին ներկա էին Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպս Սարոյանը , Վեդիի խոշորացված համայնքի հոգևոր հովիվ Տ. Հովակիմ քահանա Հարությունյանը, Արարատի մարզի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, Վեդիի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը, ինչպես նաև եկեղեցու  բարերար տիար Համլետ Գորոյանը և այլ հավատավոր հայորդիներ։

Հավարտ Պատարագի կատարվեց մատաղի օրհնություն եւ հյուրասիրություն։


եկեղեցաշինություն

Սբ Թադեոս առաքյալի մասունքը կբերվի Մասիս               


2023 թ. նոյեմբերի 23


Սիրելի հայորդիներ,

Այս տարի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Սուրբ Թադեոս և սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնը նշում է դեկտեմբերի 2-ին: Հայաստանի առաջին լուսավորիչ առաքյալների տոնը սահմանված է նաև որպես Մասյացոտնի թեմի Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցու ուխտի օր:

 Այդ առիթով ժամը 11։00-ին կմատուցվի տոնական սուրբ Պատարագ։ 

Ուրախ ենք հայտնելու, որ ընդառաջ Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի դիմումի՝ Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ այդ օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Սուրբ Թադեոս եկեղեցի կբերվի սուրբ Թադեոս առաքյալի մասունքը: 

Պատարագի ավարտին կլինի նաև մատաղի հյուրասիրություն:

Սիրով հրավիրում ենք ամենքիդ մասնակցելու ուխտի սուրբ Պատարագին:


Ⲿտոներ  Ⲿհայտարարություն

Ուրախ ժամանց երեխաների համար՝ մուլտհերոսների մասնակցությամբ               


2023 թ. նոյեմբերի 12


Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի օրհնությամբ` այսօր սուրբ Պատարագից հետո, Արտաշատի Սուրբ Հովհաննես Ավետարանիչ առաջնորդանիստ մայր եկեղեցու բակում տեղի ունեցավ ուրախ միջոցառում՝ մեր փոքրիկների, հատկապես Արցախի մեր մանուկների համար: Վահե Գևորգյանի ղեկավարած մուլտհերոսների խումբը եկեղեցու երիտասարդաց միության անդամների հետ միասին կազմակերպեց փոքրիկների ուրախ ժամանցը:

Աստված օրհնի բոլոր աջակիցներին և մասնակիցներին:


Ⲿմիջոցառումներ

Հանդիպում ապագա կնքահայրերի հետ                


2023 թ. նոյեմբերի 10


Սույն թվականի նոյեմբերի 14-ին, օրհնությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի, Մասիս համայնքի եկեղեցիներում կկատարվեն Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների մկրտության արարողություններ։ Այս առիթով նոյեմբերի 10-ին Մասիս քաղաքի Սուրբ Թադեոս եկեղեցում տեղի ունեցավ Մասիս համայնքի քահանա հայրերի, 140 արցախահայերի և նրանց ապագա կնքահայրերի հանդիպումը: Հանդիպման ընթացքում քահանա հայրերը խոսեցին Մկրտության խորհրդի նշանակության մասին, որից հետո արցախահայերից յուրաքանչյուրը ծանոթացավ իր կնքահոր հետ։ 

Արցախահայերի մկրտության արարողությունները կկրեն շարունակական բնույթ։


Ⲿմիջոցառումներ

Նկարչության վարպետության դաս արցախցի փոքրիկների համար                


2023 թ. նոյեմբերի 3


Օրհնությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպս. Սարոյանի, Մասիս քաղաքում ապաստանած արցախցի երեխաների համար կազմակերպվել էր նկարչության վարպետության դաս։ Նախաձեռնությունն իրականացրել էր «Թովմասյան» բարեգործական հիմնադրամը։ Վարպետության դասն անցկացրին նախկինում Ստեփանակերտում գործող մանկական ստեղծագործական կենտրոնի ուսուցիչները և նկարիչներ Էլզա Եղիազարյանն ու Արմեն Հակոբջանյանը։

Վարպետության դասին մասնակցեցին 40 երեխաներ, ովքեր նկարել են իրենց հայրենիքն ու երազանքները։

Երեխաների աշխատանքները նոյեմբերի 25-ին կներկայացվեն հատուկ ցուցահանդես-վաճառքին, որից ստացված ողջ հասույթը կուղղվի արցախցիների կարիքներին։


Ⲿմիջոցառումներ

Նոր տնօրինություններ                


2023 թ. նոյեմբերի 1


Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի տնօրինությամբ՝ սույն թվականի նոյեմբերի 1-ից Տեր Անդրեաս քահանա Թավադյանը ծառայության է նշանակվել Վեդիի Սուրբ Աստվածածին եկեղեցում՝ որպես օգնական հոգևոր հովիվ, և իր ծառայությունն է բերելու Վեդի համայնքի Ոսկետափ, Այգավան, Լուսառատ, Փոքր Վեդի և Տափերական բնակավայրերում:


***

Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի տնօրինությամբ՝ սույն թվականի նոյեմբերի 1-ից Կանաչուտի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հարություն քահանա Հակոբյանն ազատվել է նույն եկեղեցու հոգևոր հովվի պաշտոնից՝ շարունակելով իր ծառայությունը որպես Այնթապի հոգևոր հովիվ։ 

Նույն տնօրինությամբ՝ Տեր Բենիամին քահանա Ծատուրյանը նշանակվել է Կանաչուտի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ։


Ⲿնշանակումներ

Արցախցի մանուկներն այցելեցին Կոմիտասի անվան ինստիտուտ-թանգարան


2023 թ., հոկտեմբերի 30


Օրհնությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի՝ Արցախից բռնի տեղահանված և Մասիս համայնքում վերաբնակեցված մի խումբ փոքրիկներ իրենց ծնողների հետ և ուղեկցությամբ բարեշնորհ Աշոտ սրկ. Սարոյանի այցելեցին Կոմիտասի անվան ինստիտուտ-թանգարան: 

Երեխաներին դիմավորեց համերգային բաժնի ղեկավար Կատարինե Հովսեփյանը: 

Փոքրիկները եղան թանգարան-ինստիտուտում և ծանոթացան մեծանուն երաժիշտ Կոմիտաս վարդապետին առնչվող անձնկան իրերին և վավերագրերին: 

Փոքրիկները մասնակցեցին իրենց համար կազմակերպված   «Ողջույն ձեր նոր կյանքին» խորագրով համերգաշարի շրջանակում անցկացվող երաժշտական թերապիային, որի ընթացքում հանդես եկավ Դաունի համախտանիշով երեխաներից կազմված «Արևային զանգակներ» համույթը։

Շնորհակալություն թանգարան-ինստիտուտի տնօրենությանը ջերմ հյուրընկալության համար։


միջոցառումներ


Տոնախմբվեց Արտաշատի Սբ Հովհաննես Ավետարանիչ առաջնորդանիստ մայր եկեղեցու ուխտի օրը


2023 թ., հոկտեմբերի 21


Այսօր Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Սուրբ Ավետարանիչների տոնը։ Այս օրը նաև Մասյացոտնի թեմի Արտաշատի Սուրբ Հովհաննես Ավետարանիչ առաջնորդանիստ մայր եկեղեցու ուխտի օրն է։  

Տոնի առիթով, ընդառաջ Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի խնդրանքին, Վեհափառի Հայրապետի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից բերվել էր սուրբ Ղուկաս Ավետարանչի մասունքը՝ հավատացյալների երկրպագության համար: Ժամը 11:00-ին մատուցվեց ուխտի սուրբ Պատարագ` հանդիսապետությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի: Պատարագիչն էր Մոշաղբյուրի Սուրբ Կարապետ վանքի վանահայր Տեր Արիստակես վարդապետ Այվազյանը: Պատարագից հետո «Շողակաթ» կիրակնօրյա դպրոցի սաները ներկայացրին տոնի խորհուրդը և առաջնորդանիստ եկեղեցու պատմությունը: Այնուհետև ներկա հավատացյալներին բաշխվեց մատաղ։

Սուրբ Պատարագին և տոնական միջոցառմանը ներկա էին թեմի եկեղեցականները,  եկեղեցու բարերար տիար Հովիկ Աբրահամյանը, Արտաշատ համայնքի ղեկավար տիար Կառլեն Մկրտչյանը, ուսուցիչներ, զինվորներ և հավատացյալներ տարբեր համայնքներից:

Թող սուրբ Ավետարանիչների բարեխոսությունը ուղեկից լինի հավատավոր մեր ժողովրդին:


տոներ միջոցառումներ


Արցախցի մեր հայրենակիցների մկրտություն


2023 թ. հոկտեմբերի 11


Արցախցի մեր հայորդիներից բոլոր նրանք, ովքեր դեռևս մկրտված չեն, կարող են դիմել իրենց բնակավայրի պատասխանատու հոգևորականին, ով սիրով կիրականացնի սուրբ Մկրտության արարողությունը։  

Ողջունելի պիտի լինի, եթե հայաստանաբնակ մեր բարեպաշտ հայորդիներն ստանձնեն կնքահայրության պատասխանատու պարտականությունները: 

Ստորև ներկայացնում ենք Մասյացոտնի թեմի եկեղեցականների ցանկը՝ ըստ բնակավայրերի։

Արտաշատ խոշորացված համայնք

Արտաշատ քաղաք

Արտաշատի Սբ Հովհաննես Ավետարանիչ եկեղեցի, Տ. Երվանդ քհն. Բաբայան հեռ. 094 364606, Տ. Հովսեփ քհն. Սարգսյան հեռ. 093 193371

Մրգավան, Ոստան բնակավայրեր

Մրգավանի Սբ Հակոբ եկեղեցի, Տ. Միքայել քհն. Նուրիջանյան, հեռ. 093 452461

Բյուրավան, Նշավան, Բուրաստան, Մասիս, Արաքսավան, Դիմիտրով բնակավայրեր

Բյուրավանի Սբ Գրիգոր Լուսավորիչ  եկեղեցի, Տեր Տիրան քահանա Նահապետյան, հեռ. 077 843263

Վերին Արտաշատ, Նորաշեն, Բերդիկ Ներքին Դվին, Վերին Դվին, Հնաբերդ, Այգեստան բնակավայրեր

Վերին Արտաշատի Սբ Աստվածածին եկեղեցի և Ներքին Դվինի Սբ Հարություն եկեղեցի, Տեր Եղիշե քահանա Նուրիջանյան, հեռ. 093 049219

Դալար, Բերքանուշ, Բաղրամյան, Ազատավան բնակավայրեր

Դալարի Սբ Աստվածածին եկեղեցի, Տեր Եփրեմ քահանա Հարությունյան, հեռ. 093 313199

Արևշատ, Աբովյան, Դիտակ, Լանջազատ, Բարձրաշեն բնակավայրեր

Արևշատի Սբ Աստվածածին եկեղեցի, Տեր Մխիթար քահանա Ալոյան, հեռ. 094 160330

Շահումյան, Այգեզարդ, Այգեպատ, Քաղցրաշեն, Նարեկ բնակավայրեր

Շահումյանի Սբ Աստվածածին եկեղեցի, Տեր Դերենիկ քահանա Միքայելյան, հեռ. 093 418138

Մխչյան, Մրգավետ, Հովտաշեն, Ջրաշեն բնակավայրեր

Մխչյանի Սբ Հովհաննես եկեղեցի, Տեր Պարգև քահանա Պալգևորգյան, հեռ. 094 870949

Կանաչուտ, Դեղձուտ, Այնթապ, Գետազատ, Մրգանուշ, Վարդաշեն բնակավայրեր

Կանաչուտի Սբ Գևորգ եկեղեցի, Գետազատի Սբ Դավիթ եկեղեցի, Տեր Հարություն քահանա Հակոբյան, հեռ. 093 014017

Վեդի խոշորացված համայնք

Վեդի քաղաք և Վանաշեն, Դաշտաքար, Սիսավան, Գոռավան, Արալեզ, Նոր Կյանք, Նոր ուղի, Գինեվետ, Փոքր Վեդի, Լուսառատ, Տափերական, Լուսաշող, Լանջանիստ, Շաղափ, Եղեգնավան, Այգավան, Ուրցաձոր, Ոսկետափ բնակավայրեր

Վեդիի Սբ Աստվածածին  եկեղեցի, Տեր Հովակիմ քահանա Հարությունյան, հեռ. 077 474798, Տեր Դավիթ քահանա Կյուրեղյան, հեռ. 093 009198

Արարատ խոշորացված համայնք

Արարատ քաղաք և Արարատ, Ավշար, Նոյակերտ, Սուրենավան, Արմաշ, Երասխ բնակավայրեր

Արարատ քաղաքի Սբ Ամենափրկիչ եկեղեցի և Արարատ բնակավայրի Սուրբ Հակոբ եկեղեցի, Տեր Պողոս քահանա Միքայելյան, հեռ. 077 311880, Տեր Արծրուն քահանա Միքայելյան, հեռ. 094 362826

Զանգակատուն, Վարդաշատ, Պարույր Սևակ, Ուրցալանջ, Լանջառ բնակավայրեր

Վարդաշատի Սբ Աստվածածին եկեղեցի, Տեր Արտաշես քահանա Հակոբյան, հեռ. 093 366988

Մասիս խոշորացված համայնք

Մասիս քաղաք

Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցի, Տեր Եզնիկ քահանա Մարդիրյան, հեռ. 077 807015, Տեր Զահեհ քահանա Աշուրյան, հեռ. 098 460015

Մասիս կայարան և Սիս, Ռանչպար, Նորամարգ, Հովտաշեն բնակավայրեր

Մասիսի Սուրբ Գևորգ եկեղեցի, Տեր Թաթուլ քահանա Գասպարյան, հեռ. 093 905775

Արգավանդ, Գեղանիստ, Ազատաշեն, Արբաթ, Խաչփար բնակավայրեր

Արգավանդի Սբ Սարգիս եկեղեցի, Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյան, հեռ. 093 203701

Մարմարաշեն,  Ջրահովիտ, Արևաբույր, Նոր Խարբերդ, Նոր Կյուրին բնակավայրեր

Մարմարաշենի Սբ Գևորգ եկեղեցի, Տեր Ղազար քահանա Թորոսյան, հեռ. 098 103709

Նորաբաց, Դարակերտ, Ղուկասավան, Գետափնյա, Դարբնիկ, Հայանիստ, Հովտաշատ, Սիփանիկ բնակավայրեր

Նորաբացի Սբ Աստվածածին եկեղեցի, Տեր Մարտիրոս ավագ քահանա Ավետիսյան, հեռ. 095 242410, Տեր Թեոդիկ քահանա Չեթինգայա, հեռ. 077 564143

Դաշտավան, Զորակ, Նիզամի, Սայաթ-Նովա բնակավայրեր

Դաշտավանի Սբ Աստվածածին եկեղեցի, Տեր Աբրահամ քահանա Մարտիրոսյան, հեռ. 077 380553


միջոցառումներ


Մասյացոտնի թեմը շարունակում է Արցախից բռնի տեղահանված հայորդիներին աջակցություն տրամադրելու ծրագրերը 


2023 թ. հոկտեմբերի 6


Մասյացոտնի թեմը, աջակցությամբ նախանձախնդիր անհատների, կազմակերպությունների, շարունակում է աջակցության տարբեր ծրագրեր իրականացնել ՀՀ Արարատի մարզի տարածքում հաստատված արցախցի մեր քույրերի և եղբայրների համար: Կոչ ենք անում մեր հավատացյալներին և տնտեսվարողներին, կազմակերպություններին՝ ներգրավվել աջակցության ծրագրերում կամ ինքնուրույն նախաձեռնել նմանօրինակ ծրագրեր, որոնք պիտի նպաստեն մարզում բնակություն հաստատած 15 000-ից ավելի արցախցիների առաջնային կարիքների բավարարմանը և բնականոն կյանքին վերադառնալուն։ 

Ստորև ներկայացնում ենք այն ծրագրերը, որոնք իրականացվել են թեմի եկեղեցականների կողմից և կարող են շարունակվել Ձեր գործուն մասնակցությամբ: 

📌 Տրամադրվել են՝ 

▪️ պատրաստի տաք սնունդ, 

▪️  չոր սննդի փաթեթներ, 

▪️ հագուստ, 

▪️  հիգիենայի պարագաներ, 

▪️  անկողնային պարագաներ, 

▪️ վառելիք՝ տրանսպորտային միջոցների համար, 

▪️ տան գույք և կենցաղային տեխնիկա: 

📌 Օգնել ենք գտնել կեցավայրեր։

▪️ Ուղեկցել են հաշվառման կենտրոններ։  

▪️ Ապահովել են տրանսպորտային միջոցներով, իրերի տեղափոխություններ: 

📌  Կազմակերպվել են նաև այցելություններ ընտանիքներին, հոգևոր զրույցներ, եկեղեցական խորհրդակատարություններ և այլն: 

Աշխատանքներ են տարվում նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կալկաթայի հայոց մարդասիրական ճեմարանում Արցախի դպրոցականների ուսումնառությունը շարունակելու ուղղությամբ:


Սիրելի հայորդիներ, 

Ովքեր կցանկանան միանալ Մասյացոտնի թեմի կողմից իրականացվող ծրագրերին, կարող են կապ հաստատել իրենց տարածքի եկեղեցականների հետ կամ դիմել թեմի առաջնորդարան հետևյալ հեռախոսահամարներով. 

✆  0236 40088 - Քարտուղարություն

✆  077 807015 - Տեր Եզնիկ քահանա Մարդիրյան

✆  098 460015 - Տեր Զարեհ քահանա Աշուրյան


միջոցառումներ


Սբ Գևորգի տոնը Մասյացոտնի թեմում


2023 թ. սեպտեմբերի 30


Սուրբ Գևորգ Զորավարի տոնի առիթով, Մասյացոտնի թեմի առաջնորդ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանի դիմումին ընդառաջ` Վեհափառ Հայրապետի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Մասյացոտնի թեմ բերվեց Սուրբ Գևորգ Զորավարի մասունքը:

Գևորգ Սրբազանի հանդիսապետությամբ Պատարագ մատուցվեց Մասիսի Սուրբ Գևորգ եկեղեցում։ Սրբազան Հայրը սրբի մասունքով օրհնեց  և իր պատգամն ուղղեց ուխտավորներին։

Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տեր Զատիկ վարդապետ Պապիկյանը։

Հավարտ Պատարագի եկեղեցու բակում հանդես եկան Մասիս կայարանի 6-րդ հիմնական դպրոցի սաները։ Վերջում հավատացյալներին բաշխվեց մատաղ։

Սուրբ Գևորգի մասունքը տարվեց նաև Կանաչուտի և Մարմարաշենի` Սուրբ Գևորգի անունը կրող եկեղեցիներ:


տոներ


Խաչվերացի տոնական սուրբ Պատարագ 


2023 թ. սեպտեմբերի 17


Ս․թ․ սեպտեմբերի 17-ին, հանդիսապետությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի, Արտաշատի Սուրբ Հովհաննես Ավետարանիչ առաջնորդանիստ եկեղեցում մատուցվեց Խաչվերացի տոնական սուրբ Պատարագ։

Երեկոյան եկեղեցու բակում հավատացյալների մասնակցությամբ տեղի ունեցավ Խաչի թափոր և կատարվեց Անդաստանի կարգ։

Թող Տերը Իր սուրբ Խաչի հովանու ներքո խաղաղության մեջ պահի ու պահպանի մեր հայրենիքը և համայն մեր ժողովրդին։


տոներ

Խաչի թափոր Արտաշատ քաղաքում  


2023 թ. սեպտեմբերի 15


Սիրելի հայորդիներ,

Այս տարի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Խաչվերացի տոնը նշելու է սեպտեմբերի 17-ին։

Տոնի առիթով Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի օրհնությամբ Արտաշատի Սուրբ Հովհաննես Ավետարանիչ առաջնորդանիստ մայր եկեղեցին կազմակերպելու է միասնական ԽԱՉԻ ԹԱՓՈՐ, որը տեղի կունենա Խաչվերացի նախատոնակին՝ սեպտեմբերի 16-ին, ժամը 18։00-ին։ Հանդիսավոր խաչի թափորը միասնական աղոթքներով կմեկնարկի Արտաշատի քաղաքապետարանի առջևից և կավարտվի Սուրբ Հովհաննես Ավետարանիչ առաջնորդանիստ մայր եկեղեցու բակում։  Խաչի թափորի ավարտին եկեղեցու բակում տեղի կունենա գեղարվեստական միջոցառում։

 Սիրով հրավիրում ենք բոլոր հայորդիներին՝ մասնակցելու խաչի թափորին և միասնաբար աղոթելու մեր հայրենիքի խաղաղության ու անսասանության համար։


հայտարարություն

Նոր նշանակումներ  


2023 թ. օգոստոսի 29


Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի տնօրինությամբ՝ թեմում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ.

1. Տեր Մխիթար քահանա Ալոյանն ազատվել է Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցու հոգևոր հովվի պաշտոնից և ծառայության է նշանակվել Արևշատի Սուրբ Աստվածածին եկեղեցում՝ որպես հոգևոր հովիվ:

2. Տեր Եզնիկ քահանա Մարդիրյանն ազատվել է Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցու օգնական հոգևոր հովվի պաշտոնից և ծառայության է նշանակվել նույն եկեղեցում՝ որպես հոգևոր հովիվ:

3. Տեր Զարեհ քահանա Աշուրյանն ազատվել է Արարատի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հոգևոր հովվի պաշտոնից և ժամանակավորապես ծառայության է նշանակվել Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցում՝ որպես լուսարարապետ:

4. Արարատ գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պողոս քահանա Միքայելյանը համատեղությամբ ծառայության է նշանակվել Արարատ քաղաքի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում՝ որպես հոգևոր հովիվ:

5. Տեր Արծրուն քահանա Միքայելյանը ծառայության է նշանակվել Արարատ գյուղի Սուրբ Հակոբ և Արարատ քաղաքի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցիներում՝ որպես օգնական հոգևոր հովիվ:

Տնօրինությունն ուժի մեջ է մտնելու ս.թ. սեպտեմբերի 1-ից:


նշանակումներ

Այց Մասիս քաղաքի Մանկապատանեկան կենտրոն 


2023 թ. օգոստոսի 29


Ուսումնական տարվա բացման առիթով, ընդառաջ Մասիս քաղաքի Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի  տնօրինության դիմումի այսօր Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի կողմից  կենտրոնի հիսուն սաների բաշխվեցին պայուսակներ, ևս հիսուն սաների գրենական պիտույքներ, իսկ ուսուցիչներին` հոգևոր նշանակությամբ նվերներ:

Թող Աստված օրհնի բոլոր աշակերտներին և կրթության մշակներին:


Մրցույթի հրավեր


2023 թ. օգոստոսի 22


Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի օրհնությամբ կյանքի է կոչվում հոգևոր ինտելեկտուալ մրցույթների մի շարք, որոնցից մեկն է «Ես եմ, մի՛ վախեցեք» մտախաղը՝ թեմական ծրագրերից հերթականը, որին մասնակցում են պատանիներ և երիտասարդներ Մասյացոտնի թեմի կիրակնօրյա դպրոցներից, երիտասարդաց միություններից, ինչպես նաև միջնակարգ դպրոցներից։ 

Մրցույթի նպատակն է` նպաստել Սուրբ Գրքի ընթերցանությանը, համախմբել պատանիներին Եկեղեցու և Աստծո խոսքի շուրջ, ստեղծել տարբեր համայնքների պատանիների շփման և հաղորդակցության միջավայր։


Ուրախ ենք տեղեկացնելու, որ մրցույթի աշնանային փուլը տեղի կունենա հոկտեմբերի 27֊ին` ժամը 17։30֊ին։

Մասնակցության հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 10֊ը ներառյալ։

Խաղի հարցերը լինելու են Պողոս առաքյալի` Հռոմեացիներին ուղղված թղթից և Հայաստանի ազգային հերոսներից (Մովսես Գորգիսյան, Թաթուլ Կրպեյան, Գեղազնիկ Միքայելյան)։

 Յուրաքանչյուր թիմ պետք է բաղկացած լինի հինգ հոգուց, ունենա անուն և ավագ։

Հաղթողները, ինչպես նաև բոլոր մասնակից թիմերը պարգևատրվելու են պատվոգրերով։


Սիրով սպասում ենք մասնակցության հայտերին։

Մասնակցության համար կարող եք կապ հաստատել Տեր Եղիշե քահանա Նուրիջանյանի հետ։


հայտարարություն

Վերափոխման տոնի սուրբ Պատարագ ձեռամբ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի 


2023 թ. օգոստոսի 13


Այսօր՝ օգոստոսի 13-ին, Սբ Աստվածածնի Վերափոխման տոնի առիթով Նորաբացի Սբ Աստվածածին եկեղեցում տոնական սուրբ Պատարագ մատուցեց Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը: 

Հավարտ սուրբ Պատարագի` կատարվեց Խաղողօրհնեքի կարգ, ապա եկեղեցու բակում տեղի ունեցավ գեղարվեստական միջոցառում և հյուրասիրություն։

Շնորհակալություն ենք հայտնում Նորաբացի վարչական ղեկավարին և Սբ Աստվածածին եկեղեցու սարկավագներին իրենց ցուցաբերած աջակցության համար։



տոներ

Սրբապատկերների օծում և եկեղեցական հանդերձների ու պարագաների օրհնության կարգ


2023 թ. օգոստոսի 11


Այսօր՝ օգոստոսի 11-ին, Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի ձեռամբ կատարվեց Նորաբացի Սուրբ Աստվածածին եկեղեցու սրբապատկերների օծում և եկեղեցական հանդերձների ու պարագաների օրհնության կարգ։ 


Սրբազան Հայրն իր օրհնությունն ու գնահատանքը բերեց արարողությանը ներկա բարերար հայորդիներին, որոնց անմիջական ջանքերով պատրաստվել են եկեղեցական պարագաներն ու սրբապատկերները:



Սուրբ Պատարագ ձեռամբ Գևորգ եպս Սարոյանի


2023 թ. օգոստոսի 9


Սիրելի հայորդիներ,


Այս տարի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը նշում է օգոստոսի 13-ին: Այդ օրը նաև Նորաբացի Սբ Աստվածածին եկեղեցու ուխտի օրն է։ Ուրախ ենք տեղեկացնելու, որ տոնական սուրբ Պատարագը կմատուցի Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը: Հավարտ սուրբ Պատարագի` կկատարվի Խաղողօրհնեքի կարգ, ապա եկեղեցու բակում տեղի կունենա գեղարվեստական միջոցառում և հյուրասիրություն։

Պատարագի սկիզբը՝ ժամը 11:00-ին։

Սիրով հրավիրում ենք ամենքիդ մասնակցելու սուրբ Պատարագին և տոնական միջոցառմանը։



հայտարարություն


Նորաբացի Սբ Աստվածածին եկեղեցում կկատարվի սրբապատկերների օծում


2023 թ. օգոստոսի 4


Սիրելի հայորդիներ, ուրախությամբ տեղեկացնում ենք, որ ս.թ. օգոստոսի 11-ին՝ ժամը 16:00-ին, Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի ձեռամբ կկատարվեն Նորաբացի Սուրբ Աստվածածին եկեղեցու սրբապատկերների օծում և եկեղեցական հանդերձների ու պարագաների օրհնության կարգ։

Հրավիրում ենք բոլորին՝ մասնակցելու եկեղեցական այս կարևոր արարողությանը։





հայտարարություն


Մասյացոտնի թեմում կանցկացվի փառատոն՝ նվիրված Ներսես Շնորհալու ննջման 850-րդ տարելիցին


2023 թ. հուլիսի 27


Սիրելի հայորդիներ,

Այս տարի սուրբ Ներսես Շնորհալի հայրապետի ննջման 850-րդ տարելիցն է։

Այդ առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական սրբատառ կոնդակով հրավեր է հղել համայն հայ ժողովրդին՝ գիտաժողովներով, հրատարակություններով և այլ հանդիսություններով նշանավորելու հայոց առաքելապատիվ հայրապետ սուրբ Ներսէս Շնորհալու անմար անունը։ Սիրով տեղեկացնում ենք, որ ընդունելով Վեհափառ Հայրապետի հրավերը՝ Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի օրհնությամբ ս.թ. հոկտեմբեր ամսին թեմում կանցկացվի տարբեր հանդիսություններով փառատոն՝ նվիրված երանաշնորհ սուրբ Ներսէս Հայրապետի ննջման 850-րդ տարելիցին։ Մանրամասները կներկայացվեն առաջիկայում։

Հայտագրման կամ այլ հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ +374(55)701686։



հայտարարություն


Սուրբ Թադեոս առաքյալի և Սանդուխտ կույսի հիշատակության օրը Մասյացոտնի թեմում


2023 թ. հուլիսի 22


Այսօր՝ հուլիսի 22-ին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Թադեոս առաքյալի և Սանդուխտ կույսի հիշատակության օրը։ Օրհնությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Տ. Գևորգ եպս Սարոյանի, օրվա առիթով սուրբ Պատարագ մատուցվեց Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցում ձեռամբ Մարսելի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Կոմիտաս քհն. Տիգրանյանի։ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Հայրապետի օրհնությամբ, ընդառաջ Սրբազան Հոր դիմումի, եկեղեցի էր բերվել Հիսուսի Խաչափայտի մասունքը։ 

Հավարտ սուրբ Պատարագի կատարվեց մատաղի օրհնության կարգ և հյուրասիրություն։



տոն


Հայտարարություն


2023 թ. հուլիսի 18


Մասիս քաղաքի Սուրբ Թադեոս եկեղեցի կբերվի Հիսուս Քրիստոսի խաչափայտի մասունքը

Սիրելի հավատացյալներ, հուլիսի 22-ին սուրբ Թադեոս Առաքյալի և Սանդուխտ կույսի հիշատակության օրն է: Ընդառաջ Մասյացոտնի թեմի առաջնորդ Տ. Գևորգ եպս Սարոյանի դիմումի, Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ այդ օրը Սուրբ Թադեոս եկեղեցի է բերվելու Տիրոջ կենարար Խաչափայտի մասունքը: Տոնի առթիվ սուրբ Պատարագ է մատուցվելու Մասիս քաղաքի Սուրբ Թադեոս եկեղեցում, ժամը 11:00-ին՝ ձեռամբ Մարսել քաղաքի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Կոմիտաս քհն. Տիգրանյանի: Հավարտ սուրբ Պատարագի կկատարվի մատաղօրհնություն:

Սիրով սպասում ենք ամենքիդ։



հայտարարություն


Նոր տնօրինություն


2023 թ. հուլիսի 3


Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի տնօրինությամբ՝ սույն թվականի հուլիսի 1-ից Տեր Հովսեփ քահանա  Սարգսյանը ազատվել է Արևշատի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովվի պաշտոնից՝ շարունակելով իր ծառայությունը Արտաշատի Սուրբ Հովհաննես  Ավետարանիչ առաջնորդանիստ մայր եկեղեցում՝ որպես լուսարարապետ։ Առաջնորդի մեկ այլ տնօրինությամբ՝ Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր  Մխիթար քահանա Ալոյանը համատեղությամբ ծառայության է նշանակվել Արևշատի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում՝ որպես այցելու հոգևոր հովիվ: 

Արևշատի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հովվության տարածքում հոգևոր, ծիսական և եկեղեցական հարցերով անհրաժեշտ է դիմել Տեր Մխիթար քահանա Ալոյանին։



նշանակումներ


Հյուրեր Արևելքի ասորական եկեղեցուց


2023 թ. հուլիսի 2


Հուլիսի 2-ին Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանն  ընդունեց Արեւելքի ասորական եկեղեցու Իրանի, Հայաստանի և Վրաստանի թեմերի առաջնորդ Մար Նարսայ Բենիամին եպիսկոպոսին և Հայաստանում Արեւելքի ասորական եկեղեցու հոգևոր հայր Տեր Նիկոդեմոս քորեպիսկոպոս Յուխանաևին:

Սրբազան հայրը, ողջունելով հյուրերին, իր ուրախությունը հայտնեց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Արևելքի ասորական եկեղեցու միջև փոխհարաբերությունների ամրապնդման համար։ Սրբազան հայրը մասնավորապես նշեց, որ ասորական համայնքները Մասյացոտնի թեմում կարևոր ներկայություն ունեն:

Մար Նարսայ Բենիամին եպիսկոպոսն իր հերթին երախտագիտություն հայտնեց առաջնորդ սրբազան հորը ջերմ ընդունելության համար և բարձր գնահատեց Հայ և Արևելքի ասորական եկեղեցիների դարավոր բարեկամությունը։  Արևելքի ասորական եկեղեցու եպիսկոպոսը նաև շնորհակալություն հայտնեց Գևորգ սրբազանին ասորական համայնքի նկատմամբ հոգատար ու բարյացակամ վերաբերմունքի համար։ Եվս մեկ անգամ ողջունելով Ասորական եկեղեցու եպիսկոպոսի այցը Մասյացոտնի թեմ՝ սրբազան հայրը շնորհավորեց նրան վերջերս Հայաստանում հոգևոր  ծառայության կոչման առիթով՝ մաղթելով հոգևոր արդյունավոր առաքելություն։


հանդիպումներ Ⲿհյուրընկալություն