Հրապարակախոսական
Արցախի բնակչության դեմ իրականացվող անթաքույց ցեղասպանությունը մարդկանց մեջ սպանում է հավատն արևմտյան արժեքների հանդեպ
Երբ հետևում ենք միջազգային քաղաքական կառույցների հայտարարություններին, հայտնի քաղաքական գործիչների ելույթներին/գրառումներին, և մասնավորապես լրատվամիջոցների քննարկումներին, տպավորություն է, թե ողջ աշխարհի մտահոգության առանցքում մարդն է և նրա իրավունքները: Իսկ այդ իրավունքների մեջ իր անխախտ տեղն ունի մարդու իրավունքներից ամենակենսականը՝ կյանքի/ապրելու իրավունքը: Թվում է, թե ողջ քաղաքակիրթ աշխարհի համար սա անսակարկելի ճշմարտություն է: Ավելին: Հատկապես ԱՄՆ-ն և Եվրոմիությունը, կարծես թե, աշխարհով մեկ մրցակցության մեջ են այս հարցում՝ ձգտելով զարգացող երկրներում էլ ներդնել մարդու իրավունքների պաշտպանության և զարգացման համապատասխան մեխանիզմներ, կառույցներ և պատասխանատվության ենթարկել երկրներին մարդու իրավունքների խախտման համար:
Մինչդեռ 1990 ականներից ընդամենը երկու տասնամյակ է մեզ բաժանում, երբ քաղաքակիրթ աշխարհի լուռ հայացքի ներքո Արևելյան Աֆրիկայում՝ Ռուանդայի Հանրապետությունում, հերթական անգամ իրագործվեց մարդկային ոճիրներից ամենասարսափելին՝ ցեղասպանությունը: Ժամանակ առ ժամանակ որոշ քաղաքական գործիչներ կամ ցեղասպանագետներ հիշում են Ռուանդայի արհավիրքը՝ «այլևս երբեք» ամերիկյան հայտնի կոչով: Սակայն, մարդու իրավունքների ջատագով երկրները և հատկապես միջազգային կառույցները շարունակում են անտեսել այն կարևոր փաստը, որ Ռուանդայում իրագործված ցեղասպանությունը ժամանակին չարժանացավ միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների համապատասխան արձագանքին:
1999 թ. Միացյալ Ազգերի Գլխավոր Քարտուղար Քոֆի Անանը քննադատության ենթարկեց զարգացած երկրների լրատվամիջոցները, որ հրաժարվել են լուսաբանել համաշխարհային իրադարձությունները: Վերջինիս նշած օրինակներից մեկը Ռուանդայի ցեղասպանությունն էր: Այս քննադատությամբ փաստվեց, որ մարդու իրավունքները լուսաբանվում և իրականացվում են «հետճշմարտություն» քաղաքականության տեխնոլոգիայի միջոցով: Տեխնոլոգիա, որը հնարավորություն է տալիս ցանցավորելով քաղաքական իսկությունը զուգահեռ ձեռնածել (manipulate) մարդու իրավունքները, մարդասիրությունը և կյանքի ու ինքնորոշման իրավունքները միաժամանակ: Այստեղից կարող ենք եզրակացնել, որ հիշյալ քննադատությունը, ըստ էության, վերաբերում էր ոչ այնքան բուն լրատվամիջոցներին, որքան դրանց սեփականատերերին, իսկ ավելի ստույգ՝ նրանց թիկունքին կանգնած քաղաքական խաղացողներին: Ոչ այնքան հեռավոր անցյալում Միացյալ Ազգերի Գլխավոր Քարտուղարը փաստեց, որ քաղաքականության մեջ չկան պատահականություններ, քաղաքականության մեջ կան միայն շահեր: Շահեր, որոնք ուղղված են իրենց անկախության և ազատության համար պայքարող ազգերի, ազգությունների և նույնիսկ սեփական քաղաքացիների դեմ....
Տ. Գևորգ եպս Սարոյան
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2023/09/22/1371266/
Բռնե՛նք փյունիկվելու պատվաբեր ուղին
Քո տապալվող գմբեթների հետ
Դարեր ու դարեր տառապել եմ ես.
Մոխիր եմ ծամել ու ծամել փոշի,
Ու փոշու միջից նորից թևել եմ.
Եվ քո ցայգի պես հարատևել եմ...
Վահագն Դավթյան
Իսրայելացիներից երկու հազարամյակ պահանջվեց, որպեսզի քավեն իրենց մեղքերն Աստծո առաջ և վերադառնան իրենց երկիրն ու ստեղծեն իրենց պետականությունը։ Այդ երկու հազար տարիները նրանք անցան անասելի դժվարությունների, նվաստացումների, չարիքների ու մահերի միջով, ինչպես խոստացել էր նրանց անօրինություններից բարկացած Տերը. «Ձեր մեկ չորրորդ մասը համաճարակից է սպառվելու, մեկ չորրորդ մասը սովից է մեռնելու, մյուս չորրորդ մասը չորս հողմերին եմ ցրելու, իսկ մեկ չորրորդ մասն էլ սրից է ընկնելու.... և դուք ողբալի ու եղկելի եք լինելու, ծաղր ու ցուցանք՝ ձեր շուրջը եղող ազգերի մեջ (Եզեկ. Ե 12-13, 15)։ Սակայն ազգերի մեջ ձեզանից սրից ազատվածներ եմ թողնելու՝ օտար երկրներում ցիր ու ցան... (Զ 8)։ Ու ազգերի մեջ, ո՛ւր էլ որ գերված լինեն նրանք, ձեր ազատվածները պիտի հիշեն ինձ, որ երդվեցի վրեժխնդիր լինել շնացած ու իմ դեմ ապստամբած նրանց սրտին, պոռնկացած աչքերին՝ նրանց չար վարքի համար... Իսրայելի տան գարշելի գործերի ու չարիքների համար...(Զ 9, 11)»։ Սակայն, հրեաները ապավինելով Աստծո մեկ այլ խոստմանը, ուր ասում է. «Նրանց հավաքելու եմ ազգերի միջից, մեկտեղելու եմ նրանց ա՛յն երկրներից, ուր սփռել էի նրանց և նրանց եմ տալու Իսրայելի երկիրը...» (Եզեկ. ԺԱ 17), չհուսահատվեցին, այլ հավատով ու համառելով դիմացան, բռունցքվեցին ու ազգովի լծվեցին իրենց տեսլականի իրականացմանը՝ անկախ նրանից, թե նրանցից ով որտեղ և ինչ պայմաններում էր ապրում։
Հուսահատությունը Աստծուց հեռացում է նշանակում։ Մեր ժողովուրդն էլ երբեք չի հուսահատվել, չի կորցրել իր տեսլականին հասնելու նվիրական բաղձանքը, ավելին՝ մեր ժողովուրդը հաճախ է իրեն համեմատել առասպելական փյունիկի հետ, մի թռչունի, որ ամեն անգամ ինքնայրումի կրակների, մոխիրների միջից հարություն է առնում՝ շարունակելու իր կյանքի հավերժական ընթացքը։ Փյունիկը նաև մեր Տիրոջ աստվածային բնության խորհրդանիշն է՝ հավերժական ու հարատև։ Ի դեպ, ժամանակի ընթացքում փյունիկը դարձավ նաև մարդկային ոգու, ոգեղենության, վերածնության խորհրդանիշ՝ նյութական աշխարհի դեմ մշտապես տարվող պայքարում։ Մեր ժողովրդի անցած երկար ու ձիգ ճանապարհը հենց փյունիկվելու, գոյապայքարի, ամեն անգամ ավերակների վրա նորը կառուցելու անկոտրում կամքի հաստատումն է։ Այսօր, ընդունենք թե չընդունենք, մենք կրկին կրակների ու մոխիրների, ծանր ու ծանրագույն կորուստների, հուսահատության ու ընկճախտի, հոգեկան ու նաև ֆիզիկական կորուստների ու դեգերումների մեջ ենք, ուստի, մեր անցած ճանապարհի փորձառությունը հաշվի առնելով, պիտի փորձենք սկսել փյունիկվելու մեր գործընթացը։ Իսկ դրա համար նախ և առաջ ազգովի պիտի խորհենք, թե արդյոք պատրա՞ստ ենք «ինքնայրումի», ասել է թե՝ ինքնամաքրումի, պատրա՞ստ ենք նյութապաշտության կործանարար ախտից բարձրանալու ոգու ու ոգեղենի լուսավոր սանդղակներով։ Այդ ճանապարհը հեշտ չէ, այդ ճանապարհը բարդ է ու աշխատատար, այդ ճանապարհը յուրաքանչյուրից՝ պաշտոնյայից մինչև շարքային, գիտնականից մինչև շինական, տարեցից մինչև մանուկ, այրերից մինչև տիկնայք պահանջում է լինել խիստ հանձնառու, նվիրյալ ու, եթե կուզեք, մահապարտ, այո՛, մահապարտ ոչ միայն ռազմի դաշտում, այլև առօրյա կյանքում, արարքներում, մտորումներում, երկիրը, հողը, ջուրը, ծառն ու ծաղիկն անմնացորդ ու անձնուրաց սիրելու և վերջապես ամենակարևորը՝ հայրենակցին, դրկիցին, գործընկերոջն անկեղծորեն օգնելու, փայփայելու, աջակցելու, իր «հացից» բաժին հանելու աստվածահաճո գործերում։ Ուզածդ կրակ սկսվում է կայծից։ Թող այսօր այդ մաքրող, սրբագործող կայծը մենք լինենք՝ մեր սերունդը, մեր նոր «տնկին» ու «սածիլը»։ Այս ապականված աշխարհում հանդգնենք կրկին դառնալու փյունիկվելու մաքրագործ կրակը, ինչպես դա արեցին մեր լուսավոր նախնիները՝ Տրդատ Մեծն ու Գրիգոր Լուսավորիչը 301 թվականին՝ ձեռնոց նետելով ողջ հեթանոս աշխարհին, և աշխարհը հետևեց մեզ։ Դա մեր առաջին փյունիկումն էր՝ քաղաքակրթական մեր կողմնորոշումը, ինքնության մեր հիմնաքարը։ Այո՛, քրիստոնեությունը մեզ համար միայն հավատի խնդիր չէր, քրիստոնեությունը մեզ համար կողմնորոշում էր՝ բարոյահոգեբանական, հոգեմտավոր, մշակութային, աշխարհայացքային։
Շատ ժողովուրդներ առ այսօր էլ իրենց գրավոր խոսքը շարադրում են հիմնականում լատիներենից փոխառված կամ փոքր-ինչ ձևափոխված տառանիշերով։ Մեր հայրերն էլ ժամանակին օգտվել են հունարեն ու ասորերեն այբուբեններից և դեռևս կարող էին օգտվել, սակայն... կրկին մեր խորագետ, իմաստուն և հեռատես հայրերը՝ Վռամշապուհ արքան, սուրբ Սահակ Պարթև կաթողիկոսը, հանճարեղ վարդապետ Մեսրոպ Մաշտոցը, Բագրատունիների, Մամիկոնյանների, Արծրունիների, Սյունիների նախարարաց տները, ազգային, քաղաքական ու հոգևոր միասնականության անուրանալի օրինակ դրսևորելով, սատար կանգնեցին այդ աներևակայելի, մեր ինքնության ամենաբախտորոշ գաղափարի իրականացմանը, որը դարձավ մեր ինքնության, մեր փյունիկվելու երկրորդ մարտահրավերը՝ և այն էլ ինչպիսի՜։ Հայոց պատմության փառավոր էջերից մեկը եղել և դեռևս մնում է Ավարայրի ճակատամարտը։ Քրիստոնեության ընդունումից անցել էր ընդամենը 150 տարի, սակայն հայոց համար այդ տարիները հավերժականի շունչ ու ոգով լցվեցին, քանզի այն չափազանց հարազատ էր մեր ժողովրդի՝ հազարամյակների ընթացքում ամբարած հոգեմտավոր կառույցին, նրա աշխարհճանաչողության տրամաբանությանը, տիեզերականի ընկալմանը։ Մեկ օր տևած ճակատամարտը զրադաշտական մեր հարևանին ստիպեց հասկանալ, որ հայոց հնչեցրած «ո՛չ»-ը՝ հանուն հավատի և հայրենիքի, չճեղքվող ապառաժ է, ոգեղենության անսպառ էներգիա, մահն արհամարհող ապրելու կամք, ոչ թե պարզապես ապրելու, այլ որպես լույսի որդիներ ապրելու ժայռածին կամք։ Մեկ օր տևած այս պատերազմը Պարսկաստանի պատմության մեջ նույնիսկ հպանցիկ արձանագրում չունեցավ, սակայն մեզ համար այն եղավ դարերի մեջ հային Հայ պահելու, արժանապատիվ ապրելու դպրոց ու դարբնոց։ Քրիստոնեության ընդունում, գրերի գյուտ և Ավարայր... Երեք իրադարձություն, ինքնության երեք հիմնաքար, և երեքն էլ տեղի ունեցան հոգևոր ու աշխարհիկ իշխանությունների, երևելիների ու ողջ ժողովրդի ազգային կատարյալ միասնականության, համաձայնության դրսևորման շնորհիվ։ Մենք թեպետ «փոքր ածու» ենք, բայց մեզ տրված է մի զորություն, որ բռունցքվելու դեպքում դառնում ենք անհաղթելի։ Այդ մասին քաջ գիտեր նաև հայ մեծ բանաստեղծ, հայ մեծ «մահապարտ» Եղիշե Չարենցը, երբ հրամանի պես պատգամում էր. «Ո՛վ հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»։ Ուրեմն՝ եկեք մի կողմ դնենք մեր «սևն ու սպիտակը», «նախկիններն ու ներկաները», զանազան ու զարմանազան պիտակավորումները, միմյանց ոչնչացնելու, արհամարհելու, ոտնատակ տալու անփառունակ պահվածքը և լծվենք բռունցքվելու գործին, այս ամոթալի վիճակից վերստին հառնելու որպես առաքինի, բարոյապես կայուն, բարեկիրթ, գիտական ու մշակութային ահռելի ժառանգություն ու ներուժ ունեցող, հերոսական ժողովուրդ։ Այսօր այնպիսի վիճակ է մեր երկրում, որ մեզ այլևս օտար թշնամի հարկավոր չէ, մեր մեծագույն թշնամին հենց մենք ենք՝ մեր անխոհեմությամբ, անհեռատեսությամբ, անհանդուրժողականությամբ։ Արդեն իսկ բզկտված, հուսահատության գիրկն ընկած մեր ժողովրդին ոչ թե վերստին բզկտել է պետք՝ նրան մասնատելով բազում կուսակցությունների, խմբավորումների, գաղափարազուրկ «գաղափարախոսությունների», սոսկ անձնական նկրտումների միջև, այլ համախմբում, համախմբում վասն մեկ կենսական ու հույժ կարևոր նպատակի՝ հայրենիքի վերաշինության, հզորացման տեսլականի։ Հայոց հարգարժան այրե՛ր ու տիկնա՛յք, վասն ձեր պատվամոլության մի՛ ոչնչացրեք մեր ազգային, քաղաքական ու հոգևոր հաստատությունները, մի՛ ջարդեք ազգի և երկրի ողնաշարը, մեր զավակների ապագան մի՛ դարձրեք ծաղր ու ծանակի առարկա ոչ միայն թշնամու, այլև ողջ մարդկության համար։ Ես ամաչում եմ, շատ եմ ամաչում մեր այս վիճակից, իսկ դո՞ւք... Պատմությունը դաժան է, պատմությունը ոչ մեկին չի ներում։ Եթե այսօր չսթափվենք, պատմությունը մեր սերնդին ու մեր երկիրը կհիշի որպես ազգային արժեքներից ու նպատակներից զուրկ նյութապաշտների, թալանչիների, անբարոյականների, տգետների, լավագույն դեպքում՝ առուծախով զբաղվող մի հանրության, որն իր գոյությունը քարշ էր տալիս «պնակալեզի» նվաստացուցիչ սկզբունքով։ Ուստի եկե՛ք այսօր՝ հենց այս պահից, սկսենք մեր վերարթնացումի, վերազարթոնքի, վերամիավորումի գործընթացը, վերստին բռնենք մերազնյա ու մեզապատկան փյունիկվելու դժվարին, բայց հույժ պատվաբեր ուղին։ Թո՛ղ Աստված լինի մեզ օգնական։
Աստղիկ Ստամբոլցյան