Լուրեր
Վերսկսվել են Հովտաշենի Սբ Բարթողոմեոս եկեղեցու շինարարական աշխատանքները
2024 թ. դեկտեմբերի 18
Օրհնությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի՝ օրեր առաջ վերսկսվեցին Հովտաշեն համայնքի Սբ Բարթողոմեոս եկեղեցու շինարարական աշխատանքները՝ համայնքի և մի խումբ նախանձախնդիր մարդկանց ջանքերով։
Բոլորիս անունից հայտնում ենք խորին շնորհակալություն և բյուր օրհնություններ խնդիրը բարձրաձայնողներին ու ֆինանսական աջակցություն ցուցաբերողներին։
Դրամահավաքը շարունակվում է։ Մասնակցել ցանկացողները կարող են դիմել Մասյացոտնի թեմին կապի հետևյալ միջոցներով․
✆ 0236 40088 (քարտուղարություն)
Ⲿեկեղեցաշինություն
Կատարվեց Սբ Վարդան մատուռի օծման արարողությունը
2024 թ. նոյեմբերի 20
Օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի ձեռամբ օծվեց սպարապետ Վազգեն Սարգսյանի անվան N զորամասի տարածքում գտնվող Սուրբ Վարդան մատուռը։
Օծման արարողությանը ներկա էին Արարատ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արսեն Հակոբյանը, համայնքի ղեկավարի խորհրդական Մուշեղ Հակոբյանը, զորամասի հրամանատարական կազմը, ուժային և համայնքային իշխանությունների ներկայացուցիչներ, հոգևոր սպասավորներ և այլք։
Ⲿեկեղեցաշինություն
Նոր նշանակումներ
2024 թ. նոյեմբերի 15
Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի տնօրինությամբ՝ թեմում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ՝ ըստ հետևյալի.
1. Տեր Անդրեաս քահանա Թավադյանը, ազատվելով Վեդիի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովվի պաշտոնից, ծառայության է նշանակվել Դալարի Սուրբ Աստվածածին եկեղեցում՝ որպես օգնական հոգևոր հովիվ։
2. Տեր Հովսեփ քահանա Սարգսյանը, ազատվելով Արտաշատի Սուրբ Հովհաննես Ավետարանիչ առաջնորդանիստ մայր եկեղեցու լուսարարապետի պաշտոնից, ծառայության է նշանակվել Վեդիի Սուրբ Աստվածածին եկեղեցում՝ որպես հոգևոր հովիվ։
3. Տեր Պողոս քահանա Միքայելյանը, ազատվելով Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցու լուսարարապետի պաշտոնից, ծառայության է նշանակվել Արտաշատի Սուրբ Հովհաննես Ավետարանիչ առաջնորդանիստ մայր եկեղեցում՝ որպես լուսարարապետ։
4. Տեր Զարեհ քահանա Աշուրյանը համատեղությամբ ժամանակավորապես ծառայության է նշանակվել Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցում՝ որպես լուսարարապետ։
Ⲿնշանակումներ
Օծվեց Ոսկետափի եկեղեցին
2024 թ. նոյեմբերի 11
Նոյեմբերի 10-ին կատարվեց Մասյացոտնի թեմի Վեդի համայնքի Ոսկետափ բնակավայրի Սբ Սահակ-Մեսրոպ նորակառույց եկեղեցու օծման արարողությունը ձեռամբ թեմի բարեխնամ առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի։ Սրբազան հայրն արարողության ժամանակ հանդես եկավ խոսքով, որը կարող եք լսել տեսանյութում։
Ⲿեկեղեցաշինություն
Տեղի ունեցավ աստվածաշնչային վիկտորինայի մրցութային եզրափակիչ հանդիպումը
2024 թ. հոկտեմբերի 19
Օրհնությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Գևորգ եպս. Սարոյանի և նախաձեռնությամբ Հայաստանի Աստվածաշնչային ընկերության՝ հոկտեմբերի 18-ին տեղի ունեցավ աստվածաշնչային վիկտորինայի մրցութային եզրափակիչ հանդիպումը։
Մի քանի ամսվա ընթացքում մրցույթի բոլոր հանդիպումներին մեծ ոգևորությամբ մասնակցեցին Մասյացոտնի թեմի կիրակնօրյա դպրոցների շուրջ 110 սաներ։
Վիկտորինայի ավարտին հաղթող թիմերն ու բոլոր մասնակիցները նվերներ ստացան Հայաստանի Աստվածաշնչային ընկերության կողմից։ Առաջին պատվավոր տեղը զբաղեցրին Արտաշատի Սբ Հովհաննես Ավետարանիչ առաջնորդանիստ մայր եկեղեցու «Շողակաթ» և Նորաշենի կիրակնօրյա դպրոցների թիմերը։ Շնորհակալություն ենք հայտնում Հայաստանի Աստվածաշնչային ընկերությանը, ՀԱԸ ծրագրերի բաժնի վարիչ տիկ. Մարինե Ղազարյանին և ամբողջ անձնակազմին, ինչպես նաև ուսուցիչներին՝ հետաքրքիր և արդյունաշատ մրցույթի համար։
Ⲿմիջոցառումներ
Թարգմանչաց տոնի ուխտագնացություն
2024 թ. հոկտեմբերի 13
Հոկտեմբերի 12-ին՝ Սրբոց Թարգմանչաց տոնին, օրհնությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանի, թեմի Կիրակնօրյա դպրոցների և Երիտասարդաց միությունների շուրջ 450 սաներ մեկնեցին ուխտագնացության դեպի Սաղմոսավանք, Հովհաննավանք և Մասիսի Սբ Թադեոս եկեղեցի:
Ուխտավորներին առաջնորդում էին Մասյացոտնի թեմի Կիրակնօրյա դպրոցների և Երիտասարդաց միությունների պատասխանատուներ Տ. Հովսեփ քհն. Սարգսյանը և Տ. Եղիշե քհն. Նուրիջանյանը, ինչպես նաև կիրակնօրյա դպրոցների ուսուցիչներ: Օրը հագեցած էր աղոթքներով, հոգևոր զրույցներով, ազգային ուրախ երգերով: Մասնավորապես ուխտավորները նախապես սերտած 90-րդ սաղմոսի խոսքերով միասնաբար աղոթք բարձրացրին առ Աստված՝ հայցելով Տիրոջ օրհնությունն ու օգնականությունը։
Հարյուրավոր երիտասարդների, երեխաների, ինչպես նաև ուսուցիչների միասնաբար անցկացրած անմոռանալի օրն առավել ամրապնդեց փոխադարձ ծանոթությունն ու կապը եկեղեցասիրաց միությունների անդամների միջև։
Ⲿմիջոցառումներ
Ղուկաս Ավետարանչի մասունքը կբերվի Արտաշատ
2024 թ. հոկտեմբերի 11
Սույն թվականի հոկտեմբերի 19-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշելու է Սուրբ Ավետարանիչների տոնը։ Այս օրը նաև Մասյացոտնի թեմի Արտաշատի Սբ Հովհաննես Ավետարանիչ առաջնորդանիստ մայր եկեղեցու ուխտի օրն է։
Տոնի առիթով, ընդառաջ Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի խնդրանքին՝ Վեհափառի Հայրապետի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից կբերվի սբ Ղուկաս Ավետարանչի մասունքը՝ հավատացյալների երկրպագության համար: Ժամը 11:00-ին կմատուցվի ուխտի սուրբ Պատարագ, որից հետո կիրակնօրյա դպրոցի սաները կներկայացնեն տոնի խորհուրդը և առաջնորդանիստ եկեղեցու պատմությունը:
Կլինի նաև մատաղի հյուրասիրություն եկեղեցու բարերար Հովիկ Աբրահամյանի ընտանիքի կողմից:
Հրավիրում ենք բոլորիդ՝ աղոթակից լինելու մեզ։
Ⲿհայտարարություն
Հերթական ուխտագնացություն Սպիտակ վանք
2024 թ. հոկտեմբերի 7
Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի օրհնությամբ կայացավ հերթական ուխտագնացությունը դեպի Լանջանիստի Սպիտակ վանք:
Ուխտավորներն այս անգամ Դվինի, Բերդիկի, Նորաշենի, Հնաբերդի և Վերին Արտաշատի երիտասարդաց միություններն էին, որոնք եկել էին հոգևոր հովվի` Տեր Եղիշե քահանա Նուրիջանյանի առաջնորդությամբ:
Աղոթք արեցին խոնարհված սրբավայրում, ապա մեծ ոգևորությամբ մասնակցեցին պեղումների աշխատանքներին:
Օրը հագեցած էր նաև հոգևոր զրույցներով, ազգային պարերով, ուրախ խաղերով:
Անցկացվեց նաև վիկտորինա:
Ի դեպ, Սպիտակ վանքում ընթացող պեղումների արդյունքում օրեցօր ավելի հետաքրքիր բացահայտումներ են արվում:
Ⲿսրբատեղի Ⲿմիջոցառումներ
Սբ Պատարագ և ջրի օրհնություն
2024 թ. հոկտեմբերի 7
Հոկտեմբերի 6-ին՝ հավարտ սուրբ Պատարագի, Արտաշատի Սուրբ Հովհաննես Ավետարանիչ առաջնորդանիստ մայր եկեղեցում, հանդիսապետությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի, նորօրհնյալ սրբալույս Մյուռոնով կատարվեց ջրի օրհնություն։ Պատարագիչն էր Տ. Հովսեփ քհն. Սարգսյանը։ Օրհնության կարգից հետո Մյուռոնով օրհնված ջուրը բաժանվեց Պատարագին ներկա հավատացյալներին։
Երիտասարդաց միությունների ուխտագնացություն Լանջանիստի Սպիտակ վանք
2024 թ. սեպտեմբերի 22
Սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ Անկախության տոնի օրը, Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի օրհնությամբ թեմի երիտասարդաց միությունները ուխտավորաբար այցելեցին Լանջանիստի Սպիտակ վանք սրբատեղին։
Ուխտագնացության մասնակիցները՝ շուրջ 120 հոգի, Լանջանիստ գյուղի սկզբնամասից քայլեցին դեպի վանք, որտեղ մասնակցեցին սուրբ Պատարագին։ Երկար դարեր անց առաջին անգամ Պատարագ մատուցվեց պեղումների ընթացքում հայտնաբերված եկեղեցում։ Հավարտ Պատարագի՝ երիտասարդները ծանոթացան և մասնակցեցին վանքի պեղումների աշխատանքներին։ Երիտասարդ ուխտավորները մասնակցեցին նաև բանախոսության՝ «Եկեղեցին երիտասարդների կյանքում» թեմայով։
Ⲿսրբատեղի Ⲿմիջոցառումներ
Մասյացոտնի թեմի առաջնորդ Տ. Գևորգ եպս Սարոյանի շնորհավորական ուղերձը ՀՀ Անկախության տոնի առիթով
2024 թ. սեպտեմբերի 21
Սիրելի հայորդիներ,
Մասյացոտնի թեմի հոգևորականների և մեր անունից շնորհավորում ենք Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առիթով։
Մեր երկրի անկախությունը մեր նախնյաց համար դարավոր երազ է եղել, որն իրականություն է դարձել մեր ժողովրդի հարատև պայքարի գնով՝ լի դժվարություններով ու փորձություններով։
Մեր մաղթանքն ու աղոթքն է, որ երկնավոր մեր Տերը անվտանգ ու անխռով պահի մեր երկիրը, իմաստություն, սեր և համերաշխություն շնորհի մեր ողջ ժողովրդին, որպեսզի նվիրական ջանքերով զորացնենք սրբազան մեր Հայրենիքը։
Թող Աստծո շնորհը, սերը և խաղաղությունը լինեն ամենքիս հետ, այսօր և հավիտյանս:
Ⲿուղերձ
Սբ Գևորգի տոնին թեմ կբերվի սուրբի մասունքը
2024 թ. սեպտեմբերի 18
Սիրելի հայորդիներ,
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին սույն թվականի սեպտեմբերի 28-ին նշելու է սուրբ Գևորգ Զորավարի տոնը, և այդ առիթով Մասյացոտնի թեմի Սուրբ Գևորգ Զորավարի անունը կրող երեք եկեղեցիներում մատուցվելու է ուխտի սուրբ Պատարագ:
Մասյացոտնի թեմի առաջնորդ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանի դիմումին ընդառաջ` Վեհափառ Հայրապետի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Մասյացոտնի թեմ է բերվելու սուրբ Գևորգ Զորավարի մասունքը:
Ստորև ներկայացնում ենք սուրբ Պատարագների ժամանակացույցը։
Ժամը 10:00 – Մասիս քաղաքի Սուրբ Գևորգ եկեղեցի (մասունքը եկեղեցում կլինի ժամը 10:00-11:00)։
Ժամը 10:30 – Կանաչուտի Սուրբ Գևորգ եկեղեցի (մասունքը եկեղեցում կլինի ժամը 11:20-12:20)։
Ժամը 11:00 – Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցի (մասունքը եկեղեցում կլինի ժամը 12:30-15:30):
Հրավիրում ենք ձեզ ուխտավորաբար մասնակցելու հիշյալ եկեղեցիներում մատուցվող Պատարագներին:
Ⲿհայտարարություն
Հանդիպում Սբ Հովհաննես Ավետարանիչ եկեղեցու երիտասարդաց միության անդամների հետ
2024 թ. սեպտեմբերի 9
Սեպտեմբերի 8-ին Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանն ընդունեց Արտաշատի Սուրբ Հովհաննես Ավետարանիչ առաջնորդանիստ մայր եկեղեցու երիտասարդաց միության անդամներին։ Երիտասարդներին առաջնորդում էին եկեղեցու հոգևոր սպասավորներ Տեր Երվանդ քահանա Բաբայանը և Տեր Հովսեփ քահանա Սարգսյանը։
Սրբազան հայրը ողջունեց երիտասարդներին և գնահատանքով անդրադարձավ նրանց ներգրավվածությանը եկեղեցական կյանքի տարբեր ոլորտներում։ Երիտասարդները հնարավորություն ունեցան սրբազան հորն ուղղել իրենց հետաքրքրող հարցերը։
Հանդիպման ավարտին առաջնորդ սրբազանն իր հայրական օրհնությունը բաշխեց ներկա երիտասարդներին և հորդորեց առավել նախանձախնդիր և նվիրյալ ջանքերով շարունակել իրենց գործունեությունը՝ ի նպաստ մեր սուրբ Եկեղեցու։
Ⲿհանդիպումներ
Մասյացոտնի առաջնորդ Տ. Գևորգ եպս Սարոյանի ուղերձը Սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի օրվա առիթով
2024 թ. սեպտեմբերի 1
Սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի առիթով ջերմորեն շնորհավորում ենք բոլոր ուսուցիչներին, աշակերտներին, ուսանողներին և կրթության ոլորտի բոլոր ներկայացուցիչներին:
Վերստին բացվում են մեր բոլոր կրթական հաստատությունների դռները՝ իրենց լուսավոր հարկի տակ ընդունելու մեր սիրելի աշակերտներին և ուսանողներին և առաջնորդելու գիտելիքի ամբարման, հոգևոր և ազգային արժեքների ճանաչման ուղիներով։ «Մի թող իմաստությունը, և նա կպաշտպանի քեզ, սիրիր այն, և նա կպահպանի քեզ» (Առակներ 4:6). Սուրբգրային այս պատգամով մաղթում ենք, որ 2024-2025 թթ. ուսումնական տարին մեր սաների և կթության մշակների համար արգասավորվի բազում հաջողություններով ու ձեռքբերումներով՝ ի նպաստ հայրենի մեր երկրի զորացման և առաջընթացի։
Թող Բարձրյալն Աստված Իր Սուրբ Աջի հովանու ներքո խաղաղության մեջ պահի ու պահպանի մեր հայրենիքը և հավատավոր մեր ողջ ժողովրդին։
Ⲿուղերձ
Ռումին Ուղղափառ Եկեղեցու պատվիրակությունը հյուրընկալվեց Մասյացոտնի թեմում
2024 թ. հուլիսի 27
Ս.թ. հուլիսի 24-ին Մասյացոտնի թեմի առաջնորդ Տ. Գևորգ եպս. Սարոյանը հյուրընկալեց Ռումին Ուղղափառ Եկեղեցու սոցիալական բաժնի պատասխանատու Չիպրիան քահանա Իոն Լոնիտային և ֆինանսական բաժնի պատասխանատու Ջորջե քահանա Ալեքսանդրու Լեպադատուին՝ ուղեկցությամբ Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Տաթև եպիսկոպոս Հակոբյանի։ Սրբազան հոր առաջնորդությամբ՝ պատվիրակությունը այցելեց հանրային նշանակություն ունեցող համայնքապատկան շինություններում ապաստանած արցախահայերին։ Ռումին Եկեղեցու ներկայացուցիչները ծանոթացան արցախահայերի առջև ծառացած մարտահրավերներին, որպեսզի առաջիկայում, Հայ Եկեղեցու հետ գործակցաբար, ծրագրեր մշակեն ի նպաստ հայրենազրկված արցախահայերի սոցիալական կացության բարելավման և առկա խնդիրների հաղթահարման։
Ⲿհյուրընկալություն
Կայացավ աստվածաշնչային վիկտորինայի առաջին փուլի մրցութային վերջին հանդիպումը
2024 թ. հուլիսի 16
Օրհնությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Գևորգ եպս. Սարոյանի և նախաձեռնությամբ Հայաստանի Աստվածաշնչային ընկերության՝ հուլիսի 16-ին տեղի ունեցավ աստվածաշնչային վիկտորինայի առաջին փուլի մրցութային վերջին հանդիպումը։
Մրցույթի բոլոր երեք հանդիպումներին մասնակցեցին Մասյացոտնի թեմի կիրակնօրյա դպրոցների շուրջ 110 սաներ։
Վիկտորինայի ավարտին բոլոր մասնակիցներին նվերներ հանձնեցին Գերմանիայի Աստվածաշնչային ընկերությունից ժամանած աշխատակիցներ պրն Հորսթ Շոյրենբրանդը (միջազգային ծրագրերի տնօրեն) և տկն Սիլկե Գաբրիշը (միջազգային ծրագրերի մենեջեր)։ Շնորհակալություն ենք հայտնում Հայաստանի Աստվածաշնչային ընկերությանը, ՀԱԸ ծրագրերի բաժնի վարիչ տըն Մարինե Ղազարյանին և ուսուցիչներին՝ հետաքրքիր և արդյունաշատ մրցույթի համար։
Ⲿմիջոցառումներ
Մասիսի Սբ Թադեոս եկեղեցի էր բերվել սուրբ Թադեոսի մասունքը
2024 թ. հուլիսի 13
Այսօր Հայ Առաքելական Եկեղեցին նշում է սուրբ Թադեոս առաքյալի և սուրբ Սանդուխտ կույսի հիշատակության օրը:
Ընդառաջ Մասյացոտնի թեմի առաջնորդ Տ. Գևորգ եպս. Սարոյանի դիմումի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ այսօր Մասիսի Սբ Թադեոս եկեղեցի էր բերվել սուրբ Թադեոսի մասունքը հավատացյալների երկրպագության համար:
Տոնի առթիվ Սբ Թադեոս եկեղեցում մատուցվեց սբ Պատարագ՝ ձեռամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան, «Իզմիրլյան» ԲԿ-ի հոգևոր տեսուչ Հոգեշնորհ Տեր Հովհաննես աբեղա Թորգոմյանի: Պատարագին ներկա էին Մայր Աթոռի միաբան հայրեր, թեմի քահանաներ և բազմաթիվ ուխտավորներ:
Ⲿտոներ
Արտաշատի Սբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու կազմակերպած հոգևոր բակային ճամբարը
2024 թ. հուլիսի 6
Արդեն ավանդույթ է դարձել, որ մեր թեմի զանազան հովվություններում ամառային արձակուրդի օրերին անցկացվում են հոգևոր բակային ճամբարներ։ Այս անգամ Արտաշատի Սբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու բակում անցկացված մեկշաբաթյա ճամբարին անդրադարձել է «Շողակաթ» հեռուստաընկերությունը «Եկեղեցական կյանք» հաղորդաշարում։
Ճամբարն իրականացվում է եկեղեցու բարերարների, հոգևորականների, իսկ այս տարի՝ նաև «Ուորլդ Վիժըն» կազմակերպության աջակցությամբ։ Ճամբարի պատասխանատուներն են Հովսեփ քհն. Սարգսյանն ու Երվանդ քհն. Բաբայանը, կազմակերպիչները՝ եկեղեցու երիտասարդաց միության անդամները։ Այս տարի ճամբարին մասնակցեց 200 երեխա, որոնցից 60-ը արցախցի տեղահանված ընտանիքների երեխաներ են։
Ճամբարի օրերին երեխաները սովորում են աղոթքներ, հոգևոր երգեր, տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ ունենում օգտաշատ զրույցներ ու քննարկումներ, խաղում տարբեր խաղեր, մասնակցում մրցույթների, իսկ ամեն օրն ավարտվում է պաղպաղակով հյուրասիրությամբ։ Այս տարի երեխաները զրույցների միջոցով ծանոթացան մեդիագրագիտությանը, տեղեկատվական անվտանգությանը, ինչպես նաև առաջին բուժօգնությանը։
Ճամբարի 5-րդ օրը երեխաները հանդիպեցին նաև թեմի առաջնորդ Գևորգ եպս Սարոյանին։ Նա երեխաների հետ աղոթեց, ապա բաժանեց աղոթագրքույկներ։
Ավելի մանրամասն տեղեկությունների համար դիտեք «Շողակաթի» հաղորդումը։
Ⲿմիջոցառումներ
Համաթեմական ուխտագնացություն Սպիտակ վանք
2024 թ. հուլիսի 6
Օրհնությամբ և հանդիսապետությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպս Սարոյանի, ս․թ․ հուլիսի 6-ին թեմի բոլոր եկեղեցիների երգչախմբերի անդամները և խորանի խոնարհ սպասավորները, իրենց հոգևոր հովիվների ուղեկցությամբ ուխտավորաբար ներկա գտնվեցին Լանջանիստ գյուղի Սպիտակ վանքում մատուցվող սուրբ Պատարագին։ Պատարագիչն էր Մրգավանի Սուրբ Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Միքայել քհն․ Նուրիջանյանը։
Պատարագի ավարտին կատարվեց հիվանդաց կարգ և մատաղի օրհնություն։ Ուխտավորները աղոթեցին նաև սրբավայրի վերակառուցման և մեր երկրի խաղաղության համար:
Ⲿսրբատեղի
Սուրբ Կարապետի վերազարթոնք
2024 թ. հուլիսի 2
Ուրախ ենք տեղեկացնելու, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ` մեկնարկել են Մոշաղբյուրի Սուրբ Կարապետ վանքի վերականգնման աշխատանքները։
Սրբավայրը վերանորոգվում է եկեղեցասեր ազնիվ հայորդիների հովանավորությամբ:
Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյան
Առաջնորդ Մասյացոտնի թեմի
———
Սրբավայրի վերականգնման աշխատանքներին կարող եք հետևել տելեգրամյան հարթակում՝
հայերեն՝ https://t.me/surbkarapet
ռուսերեն՝ https://t.me/surbkarapetrussian
Ⲿսրբատեղի Ⲿեկեղեցաշինություն